Իշխանությունը վերազգային «կատեգորիա» չէ

ՀՀ իշխանությունները փորձում են տրամաբանական ավարտին հասցնել արտաքին քաղաքականությունում նորովի որդեգրած բազմաբեւեռ կեցվածքը, սակայն, ինչպեսեւ սպասվում էր, դա այնքան էլ հեշտ չի տրվում: Հատկապես հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը նոր մոտեցումներ է պահանջում եվրոպական, ամերիկյան ու ռուսաստանյան ուղղությունների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային պետությունների՝ Իրանի, արաբական երկրների ու Վրաստանի հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական «Շպիգել»-ին հարցազրույց է տվել վերջերս եւ ասել, որ թուրքական իշխանությունները հայտարարություններ են անում, թե թուրքերը չէին կարող ցեղասպանություն իրագործել եւ թե թուրքական պատմությունն «արեւի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են հանդես գալիս, որ կատարվածը ցեղասպանություն որակվի: Սակայն, ըստ ՀՀ նախագահի, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

Իսկ Անկարան փորձում է ոչ միայն որոշել, այլ արդեն հանդես է գալիս նոր սպառնալիքներով: Վարչապետ Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ: Ս. Սարգսյանը նշել է. «Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն»:
Պաշտոնական Երեւանի տեսակետն այն է, որ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: «Ամերիկան, Եվրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ցեղասպանությունից անցել է 95 տարի, սակայն դրա ճանաչումը Հայաստանի համար մնում է կարեւորագույն հարց: «Սա պատմական արդարության եւ մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է»,- ասել է ՀՀ նախագահը: Գերմանական պարբերականին հետաքրքրել է` «Դուք Արարատը հե՞տ եք ուզում» եւ հարց է ուղղել «Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան» անհասանելիության մասին: Ս. Սարգսյանը նշել է, որ Արարատը մեզնից ոչ ոք չի կարող խլել, «Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր 2 ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ սակայն հետեւյալը, երբեք Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց»:
Լրատվամիջոցը հարցրել է. «Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարեւաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը», արծարծվել է նաեւ Արցախ-ԼՂՀ-ի հարցը, ինչին ՀՀ նախագահը պատասխանել է. «Մենք ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում… Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ-ի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռեւս համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը»: Ս. Սարգսյանը հարց է բխեցրել` ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ, իսկ Արցախը չպետք է ունենա նույն իրավունքները, «մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես հովանավոր: Դա արդարացի չենք համարում»:
Այսպես ՀՀ նախագահը եւս մեկ անգամ հավաստել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդրի կարգավորման հետ: Մնում է հուսալ, որ հատկապես Արեւմուտքն իր ճնշումների «տոպրակը» այս անգամ տեղին կգործածի՝ եւ Հայաստանը զերծ կմնա անիմաստ պարտադրանքներից…
Իսկ ընդդիմություն հայտարարված ուժերից՝ Հայ Ազգային Կոնգրեսը օրերս հերթական երթ-հանրահավաքն իրականացրեց Երեւանում: Քաղբանտարկյալների հագուստներով‘երիտասարդների երթը զարմանք էր առաջացրել Երեւանի կենտրոնական փողոցներում: Իսկ դրա իմաստը ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրն է, ըստ կազմակերպիչների, մասնավորապես դեռեւս քաղբանտարկյալների առկայությունը, մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտումը: Հանրահավաքին մասնակցեցին նաեւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի իրավապաշտպանները: Այսպես միջազգային ուժերը «նոր» մոտեցում եւ երանգ են հաղորդում լեւոնտերպետրոսյանականների ընդդիմադիր կողմին՝ կարծելով, թե ամեն բան կարելի է սկսել նորից եւ ՀՀ-ում կրկին ունենալ «միջազգային հանրության» կողմից կառավարելի ընդդիմություն: Հասկանալի է՝ խոսքը գունավոր իշխանափոխության արդեն մեկ անգամ ձախողված փորձի կրկնության հեռանկարին է վերաբերում: ՀՀ 1-ին նախագահը ասել է, որ հավաքի նպատակն է մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովի ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբանտարկյալների առկայության աղաղակող փաստի, ժողովրդավարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա:
Բայց, իհարկե Լ. Տեր-Պետրոսյանը չէր կարող շրջանցել քաղաքական հարցերը, քանզի նպատակը հենց դա էր: «Քոչարյանա-սերժական վարչախումբը ձախողված է բոլոր առումներով՝ թե՛ արժեքային, թե՛ տնտեսական, եւ թե՛ ազգային: Միայն մեկ բնագավառում է նա տպավորիչ հաջողության հասել, այն է՝ սեփական ժողովրդին թալանելու գործում, եւ այժմ բացառապես տառապում է հափշտակածը պահպանելու սեւեռուն մտահոգությամբ: Ավազակապետությունն ունի խուճապահար լինելու 2 ակնհայտ պատճառ. առաջին՝ տնտեսական վիճակի բարելավման լիակատար անկարողությունն ու սոցիալական դժգոհության ահագնացող վտանգի գիտակցումը, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդրի աղետալի հանգուցալուծման վերահաս իրողությունը»:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նա ասել է, որ հարցը կախված է «բացառապես Ղարաբաղի խնդրի լուծումից կամ, ավելի ճիշտ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում էական տեղաշարժի արձանագրումից: Իսկ էական տեղաշարժ հասկացության տակ, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ 5 շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Այսինքն, հայկական կողմը կատարում է միանգամայն շոշափելի, կարելի է ասել, նյութական զիջում` դրա դիմաց ստանալով միայն դատարկ ու չերաշխավորված խոստումներ, եթե, իհարկե, հաշվի չառնենք հաղորդակցության ուղիների մասնակի ապաշրջափակումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Որպես հայկական կողմին արվող գրեթե համարժեք փոխհատուցում, շատ է խոսվում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակի մասին, բայց թե ինչ բովանդակություն է դա ենթադրում, ոչ ոք չի բացատրում: Թերեւս բացատրելու կարիք էլ չկա, քանի որ միջանկյալ կարգավիճակի էությունն, ըստ երեւույթին, պարզապես կայանալու է նրանում, որ Ղարաբաղի չճանաչված իշխանություններն այսուհետեւ ճանաչված են համարվելու: Տարածքների վերադարձի շուրջ միջնորդական առաքելության ներսում ձեւավորված կոնսենսուսի պարագան, անշուշտ, չի
բացառում համանախագահ երկրների միջեւ տարաձայնությունների գոյությունը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ: Ավելին, հիմքեր կան պնդելու, որ այդ հարցում կան մտադրությունների լուրջ տարբերություններ, որոնց մասին հավանաբար կխոսեմ մի այլ, ավելի պատեհ առիթով»:
Ու Լ. Տեր-Պետրոսյանը կարծում է, թե Ս. Սարգսյանը կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը` բոլոր կանխատեսելի բացասական հետեւանքներով: Եվ ՀԱԿ-ը կարծում է, որ դրությունը թեկուզ մասնակիորեն շտկելու այլ ճանապարհ գոյություն չունի:
Իհարկե ՀՀ 1-ին նախագահը չէր կարող չխոսել ՀՀ 2-րդ նախագահի մասին, քանի որ Ռ. Քոչարյանը կարող է նոր եւ ավելի ազդեցիկ ընդդիմություն դառնալ, ազգային բեւեռ ձեւավորելով, ինչը չկարողացավ անել ինքը՝ Լ. Տեր-Պետրոսյանը: Ով կարծում է, թե «կարող է հարց ծագել, թե Ռ. Քոչարյանի ինչին է պետք նորից նախագահ դառնալ: Իհարկե, պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Ս. Սարգսյանը գոնե մինչեւ նախագահական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին: Այդ վստահությունը նա չունի եւ սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի «տանիքը», որն ստեղծելու համար նույնիսկ 10 մարդու արյան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռքբերած հսկայական կարողությունը, որի մասին վերջերս ծավալուն հրապարակում եղավ մոսկովյան մամուլում, այլեւ կկանգնի արդարադատության առջեւ: Այդ սարսափը նա տենդագին փորձում է փոխանցել նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին` նրանց ներշնչելով մոտավորապես հետեւյալը. «Արա, չե՞ք ջոկում, որ էս անճարակը հեսա վլաստը կորցնելու ա: Գալու ա Լեւոնն ու սաղիս հերն անիծի, ունեցած-չունեցածներս ձեռքներիցս խլի: Մի բան արեք, սրանից պրծնենք, թե չէ կորած ենք»: Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները, որոնցից մեկն, ըստ լուրերի, օրերս տեղի է ունեցել Դուբայում, արձագանք կգտնի հայոց երեւելիների նուրբ հոգիներում, որովհետեւ նախ՝ նրանք «նաղդը» թողած «նիսիայի» ետեւից չեն ընկնի, եւ երկրորդ՝ նրանք շատ լավ գիտեն, որ որքան էլ պետական գործերում անճարակ, բայց գողական հարաբերություններում Սարգսյանը Քոչարյանին «ծալած», «փաթթած» ու «ոլորած» ունի: Կներեք, որ ստիպված եմ խոսել «վերխուշկեքի» դասական լատիներենով, քանի որ նրանք ուրիշ լեզու, այդ թվում Հայաստանի պետականը, չգիտեն: Մի խոսքով, Քոչարյանի «դվիժենիների» պատճառը ոչ թե Ղարաբաղի ու Հայաստանի համար ստեղծված ծանր կացությունից ելք գտնելու մտահոգությունն է, այլ սեփական կաշվի ու հարստության փրկությունը: Նա թքած ունի թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի վրա»:
Եվ սա ասում է մի մարդ, ով նորանկախ Հայաստանում սկիզբ դրեց ալան-թալանի քաղաքականությանը, ապազգային աղբի ներթափանցմանը, վանոյական կիսագողական-օլիգարխիկ կլանի ձեւավորմանը… Արցախի ու ազատագրված տարածքների վերադարձի հարցի շահարկմանը, հայ-թուրքական կապերի բարելավմանը, «փաթթած» ու «դվիժենիների» պատրաստ «սուտի ախպերության» պետական մարմիններում ներթափանցմանը……
Մի բան կա, որ նրան մղում է այսպիսի որակումների, դա ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների` Լ. Տեր-Պետրոսյանին եւ իր թիմին պատասխանատվության չկանչելու հարցն է (իհարկե, միջազգային «ախպերության» հանգամանքը չհաշված): Իսկ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը գուցե դա չարեցին նախադեպից խուսափելու համար, ինչն էլ շարունակական է դարձնում իշխանափոխությունը իշխանահափշտակության վերածելու գործընթացը……
Իսկ վերջերս իշխանությունից ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն էլ փորձում է առավել ազգային հարցադրումներով առաջ անցնել ՀԱԿ-ից` միակ (կամ իսկական որակվող) ընդդիմադիր դառնալու համար: Ի վերջո այս ուժին էլ հենց կապում են Ռ. Քոչարյանի հետ: Այսպես` ՀՀ 3-րդ նախագահը իշխանություն է, իսկ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները` ընդդիմություններ: Ահա իրականությունը, որը ծիծաղելի կլիներ, եթե շատ տխուր չհնչեր…
ՀՀ կառավարության վարքագիծը որոշակիորեն հանգեցնելու է բացասական ռիսկերի. տարբեր ոլորտներում կառավարության քաղաքականության վերաբերյալ ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ն ակնկալում է, որ ներքին խնդիրների արծարծմամբ կարող է հավակնել ընդդիմադիր բեւեռի առանցքի կարգավիճակի, իսկ արտաքին քաղաքականության հարցերի միջոցով կդառնա նաեւ սփյուռքահայերի ընդդիմադիր կենտրոնը: ՀՅԴ-ն կարող է նույնիսկ պահանջել կառավարության հրաժարականը: «Մենք, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի հետ եղել ենք կոալիցիայի մեջ նախորդ 10 տարիների ընթացքում, եւ թե լավը, թե վատը մատնանշել ենք: Բայց ամենեւին հետ նայելու ցանկություն չունենք. անհրաժեշտ է առաջ նայել եւ գտնել նոր քաղաքական, ազգային, պետական գործչի, որը ի վիճակի է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,- Ա. Մինասյանը հասկացնում է, թե իրենք քոչարյանական թեւ չեն, չեն պայքարում որեւէ կոնկրետ մարդու դեմ, կամ մարդու համար, պայքարում են ՀՀ բնակիչների, հայ ժողովրդի համար: «Կա ընդդիմախոսների մի բանակ, որ չի հանդուրժում քաղաքական դաշտում այլախոհություն` իրենցից բացի, եւ պատրաստ է հոշոտել նրան, ով կփորձի այդ հարթության մեջ հանդես գալ»,- ՀԱԿ-ին նկատի ունենալով` հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Ահա այս վիճակում ՀՀ բոլոր նախագահները փորձում են լուծել իշխանության եւ ընդդիմության առջեւ ծառացած խնդիրները, որոնք հաճախ անձնավորվում եւ շահադիտական ձեւեր են ընդունում: Հուսանք` այս հակամարտությունը լրջորեն չի վտանգի մեր ազգի նպատակների իրականացումը, ներազգային խնդիրների կարգավորումը եւ ազգային ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 13 (144), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։