Թուրքերը խաղամոլներ են


Իսկ խաղամոլները մի օր հաստատ «քաշվում» են

Մենք հայկական ատոմային էլկայանի խնդրին բազմիցս անդրադարձել ենք: Վերջին թողարկումում էլ խոսելով նոր միջուկային էներգաբլոկ կառուցելուց, ընդգծել էինք, թե Թուրքիան ՀԱԷԿ-ի կառուցմանը մասնակցել չի կարող: Պատճառը բավականին պարզ է. միջուկային էներգաբլոկ կառուցում են բնագավառում տարիների մասնագիտական, այն էլ՝ հաջողված մասնագիտական փորձ ունեցողները: Թուրքիան կարող է միայն ֆինանսական մասնակցություն ունենալ, այն էլ՝ դժվար, քանզի առայժմ Թուրքիան իր գլխի ճարը չի կարողանում տեսնել: Ուզում է ատոմային էներգաբլոկ ունենալ, բայց դպրոց չունի, մասնագետներ չունի, փորձագետներ` նույնպես, ու ամեն ինչ ու բոլորին պետք է դրսից հրավիրի: Ու խնդրի լուծում է գտել. որոշել է խոչընդոտել հայկական ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը:


Թուրքիայի մեջլիսի պատգամավորները անհիմն աղմուկ էին բարձրացրել, թե անհանգստանում են, որովհետեւ ՀԱԷԿ-ն անվտանգ չէ, թե իբր Իգդիրից 20 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ատոմակայանը գործում է սեյսմավտանգ գոտում եւ սպառնում է Թուրքիայի արեւելյան շրջաններին: Նշել են նաեւ, թե ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (անգլերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԵ) դասակարգման՝ անվտանգության տեսանկյունից ՀԱԷԿ-ը նախավերջինն է աշխարհի 146 ատոմակայանների շարքում:
Այլեւս չեմ ուզում մեր մասնագետներին դիմել, որ պատասխանեն Թուրքիայի զազրախոսություններին: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է՝ մեջլիսի պատգամավորները կամ չեն հասկանում, թե ինչ են խոսում, կամ էլ՝ դիտմամբ են այդ կարգի լուրեր տարածում: Այս դեպքում, սակայն, առաջին տարբերակին եմ հակված: Չէ որ թուրքերը ատոմակայան չունեն եւ չգիտեն, թե ինչ ասել է միջուկային էներգետիկա, ինչ կազմակերպություն է ՄԱԳԱՏԵ-ն եւ ինչ գործունեություն է ծավալում, նաեւ չգիտեն, որ ճիշտ է, միջուկային էներգետիկան մեծ քաղաքականություն է, բայց` ոչ խաղաքարտ: Մի առիթով ասել եմ՝ թուրքերը խաղամոլներ են, իսկ խաղամոլները մի օր հաստատ լա՜վ քաշվում են:
Առայժմ թեթեւ կքաշվեն, երբ հանկարծ «հայտնաբերեն», որ  ՄԱԳԱՏԵ-ի որեւէ փաստաթղթում ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին ոչ մի փաստ չկա («Լուսանցք»-ը անդրադարձել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ ՄԱԳԱՏԵ-ի մասնագիտական եզրակացություններին, այդ իսկ պատճառով հիմա դրանք չի կրկնի): Ավելին՝ համաձայն Միջուկային անվտանգության կոնվենցիայի պահանջների՝ Հայաստանը երեք տարին մեկ անգամ ՄԱԳԱՏԵ-ին է ներկայացնում «Միջուկային անվտանգության մասին ազգային հաշվետվությունը», որը բաց է ՄԱԳԱՏԵ-ի անդամ բոլոր երկրների համար:
Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա 2009թ. միջազգային փորձագետների մասնակցությամբ կատարվել են ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ հետազոտություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ անհանգստության որեւէ առիթ չկա: Սա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պատասխանն է թուրքերին: Ի դեպ, ՀԱԷԿ-ի շրջակայքում, 50 կմ շառավղով, Հայաստանի բնակչության թիվը 2,145մլն է, իսկ Թուրքիայինը՝ 126 հազար: Մեկնաբանություններն ավելորդ են:
Հավելենք միայն, որ ՀՀ-ի ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված հարցերը գտնվում են Հայաստանի նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում, իսկ այդ խորհրդում ընդգրկված են աշխարհի լավագույն մասնագետներ: Հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները մշտապես համակարգվում են ՄԱԳԱՏԵ-ի կողմից:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։