«Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ»

Հայ-թուրքական հարաբերությունների «թուրքավարի» լուծու՞մ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամերիկյան հանդիպումների հիմնական առանցքը եղել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: ՀՀ նախագահը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ս. Սարգսյանը շուրջ 1 ժամ 20 րոպե բանակցել է Թուրքիայի վարչապետի հետ, ապա ավելի ուշ, շուրջ 45 րոպե զրուցել է ԱՄՆ նախագահի հետ: Բ. Օբաման ընդգծել է ՀՀ նախագահի ջանքերը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված` նշելով, որ «դա բխում է հայ ժողովրդի շահերից»:


Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ, ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռ. Թ. Էրդողանը նշել է, որ «հաստատակամ են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում, որոնց նպատակը Հայաստանի հետ հարաբերությունները բնականոն դարձնելը եւ տարածաշրջանում խաղաղություն ապահովելն է: Մենք տեր ենք արձանագրությունների վերաբերյալ մեր տված խոստմանը, բայց դրանք խորհրդարանում վավերացնելու համար քաղաքական բարենպաստ մթնոլորտ պետք է լինի»: Չնայած այն հանգամանքին, որ թուրք պաշտոնյան բազմիցս փորձել է հրապարակավ «շաղկապել» հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ Հայոց ցեղասպանության ու Արցախ-ԼՂՀ-ի հարցերը, Վաշինգտոնում նա դիվանագիտորեն նշել է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կապվում ղարաբաղյան հարցի հետ: Մեր նպատակը տարածաշրջանի կայունությունն է»:
Ս. Սարգսյան – Ռ. Թ. Էրդողան հանդիպման ավարտից հետո որեւէ հայտարարություն լրագրողների համար չի արվել: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն եւ նրա առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Ամերիկյան «CNN» հեռուստաընկերության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետն ասել է, որ փորձում են անել հնարավորը, որպեսզի ամերիկացի օրենսդիրներն այլեւս չքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 252 բանաձեւը: Նա ասել է, թե Թուրքիան չի ընդունում Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությունը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ նախագահն իր այս տարվա ուղերձում «ցեղասպանություն» բառը չի արտասանի. «Մինչ օրս ամերիկացի ոչ մի առաջնորդ չի արտաբերել այդ բառը»: Սակայն, Թուրքիայի վարչապետը ստել է, քանի որ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. արդեն արտասանել է «ցեղասպանություն» բառը:
Վաշինգտոնում հանդիպել են նաեւ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ ասել է, թե իրենք պահպանում են առկա խաղաղությունը, բայց, չնայած արտաքին ճնշումներին, Անկարան որոշ հարցերում զիջումների գնալ չի կարող: Նա փորձել է բացատրել ամերիկյան վարչակազմին, որ «առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել: Եթե բոլոր կողմերն իրենց վրա պատասխանատվություն վերցնելով ջանքեր գործադրեն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ, Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները կվավերացնի մոտ ապագայում: Սա ոչ միայն կմոտեցնի երկու երկրներին, այլ նաեւ ճանապարհ կհարթի դեպի ապագա, խաղաղություն, բարգավաճում եւ համագործակցություն»:
Եվ այսպես, Թուրքիայի վարչապետը դիվանագիտորեն իբր շրջանցել է նախապայմանների պահը, սակայն եւ՛ Էրդողանը եւ՛ Դավիթօղլուն խոսել են նախապայմանների «լեզվով», ինչը հերթական անգամ հավաստում է, որ թուրքերը չեն կարող վստահելի լինել:
«Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քնքըլօղլուն էլ «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում
ասել է, թե «Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան 2-որդ հանդիպումը Անկարան կարեւորել է կողմերի միջեւ վստահության թարմացման տեսակետից»` ավելացնելով, որ Թուրքիան հավատարիմ է փաստաթղթերին, սակայն նա էլ «խաղեր տալով» ամփոփել է իր միտքը, որ «Անկարան չի կարող անտեսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»: Թուրքական զլմ-ների համոզմամբ, հայ-թուրքական գործընթացում առաջխաղացման հեռանկարներն այս իրավիճակում շատ փոքր են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպումից հետո այցելել է Վաշինգտոնի Ազգային մայր տաճար եւ ծաղկեպսակ է դրել նախագահ Վուդրո Ուիլսոնի գերեզմանին: Այցելության ժամանակ Ս. Սարգսյանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Թուրքիայի վարչապետի հետ իր հանդիպումը: Մասնավորապես ասել է. «Հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ
հստակ՝ Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափով քննության առարկա դարձնել ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաեւ այս քննությունը»:

ՀՀ նախագահը հանդիպել է նաեւ Հայ դատի Ամերիկյան հանձնախմբի անդամներին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։