Հայկական տեսանկյուն


Դիակիզումն էլ ծես է հայ արիադավանների համար

Որոշ ժամանակ առաջ հրապարակայնորեն քննարկվում էր «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի նախագիծը: Թե ԱԺ պատգամավորների որ մասն էր այդտեղ ինչ-որ շահեր հետապնդում եւ որ մասը` մեկ այլ նպատակով առաջարկում այդ նախագիծը, գուցե իսկապես հաշվի էր առնվում մեր պետության փոքր տարածքը, կամ գուցե մի մասի նպատակներն էլ հավատամքային էին ու գաղափարական, սակայն, այդ թեման լռեց առժամանակ: Սակայն, մեզ համար՝ հայ-արիականներիս, այս խնդիրը միշտ հրատապ է՝ հատկապես հոգեւոր-գաղափարախոսական տեսանկյունից:


Նախապես ասեմ, որ արիադավան (կամ ինչպես մեզ որակել են՝ հեթանոս) հայերի համար սա հիրավի սրբազան թեմա է, եւ մենք միանշանակ կողմ ենք դիակիզմանը՝ մեր հավատքի ու ծիսակարգի պահանջներին հետեւելով: Դրա վառ օրինակը արդեն երկնային կյանքով ապրող Քրմապետ տիար Սլակ Կակոսյանի դիակիզումն էր տարիներ առաջ, երբ նա հեռացավ այս կյանքից: Նրա մասունքներն ըստ հեթանոսական ծիսակարգի հանձնվեցին բնության 4 տարրերին՝ կրակին, ջրին, հողին, օդին, իսկ հոգին համբարձվեց՝ հանձնվելով եթերին` ստանալով Հայ Աստվածների օրհնությունը:
Հայ-Արիացու երկրային հոգին վերածվում է երկնային ոգու եւ շարունակում է իր ծառայությունը Ազգին ու Հայրենիքին՝ արդեն նաեւ Հոգեւոր Հայրենիքին, որը Հայ-Արիացին կրում է իր մեջ երկրային կյանքի ընթացքում:
Հայ-Արիացին երկնի ու երկրի երկունքի ծնունդն է (Վահագն Աստծո հայտնի հրե ծննդի ձոնը այդ իրողության պատկերավոր ներկայացումն է), նա արեւորդի է՝ արորդի: Ուստի մեզ՝ հայ-արիականներիս, խորթ է «հող էիր՝ հող դարձիր»-ը, մենք «հուր էիր՝ հուր դարձիր»-ի հետեւորդներն ենք, ու դիակիզումը հանգստություն է բերում եւ՛ մեր մարմնին, եւ՛ մեր հոգուն:
Մենք չենք ցանկանում, որ մեր մարմինը, որը «ժամանակավոր տուն՝ հանգրվան» է եղել մեր հոգու գործունեության համար, դառնա հողի տակ սողացող ճիճուների ու տարբեր միջատների կեր, դա մեր հրե-վեհ հոգիների համար ստորացուցիչ է: Ես չեմ վիրավորում նրանց, ովքեր ուզում են մահից հետո հող դառնալ, դա իրենց խնդիրն է` «հողածնի խորհուրդը» գուցե… իսկ մեզ համար այդ արարողությունն անընդունելի ու նվաստացուցիչ է: Ուստի, ոչ ոք իրավունք չունի բռնանալ մեր հավատքի ու ծիսակարգի վրա, ինչպես մենք ենք շատ հանգիստ վերաբերվում «հողեղեն» թաղումներին:
Մեր քրիստոնյա ազգակիցները թող շարունակեն իրենց «հողեղեն» թաղումները, բայց կրկնում եմ, իրավունք չունեն բռնանալ մեր հավատալիքների ու պատկերացումների վրա, որոնք, ի դեպ, ավելի հեռավոր ժամանակներից են գալիս, քան՝ քրիստոնեական ավանդույթները, այդ թվում՝ թաղման ծեսերը: Մեզ հաճախ են ասում, թե թաղումը՝ հողին հանձնելը, մեր պապերից եկած ավանդույթ ու ծիսակարգ է: Հարց եմ տալիս, եթե այդքան ավանդապաշտ ենք, ապա ինչու՞ չենք հետեւում մեր այդ պապերի պապերի ավանդույթին ու ծիսակարգին, որոնք ոչ թե 1700 տարվա պատմություն ունեն, այլ՝ գոնե պատմականորեն ապացուցված 5-10 հազար տարվա (հաստատ՝ ավելի, ինչը դեռ կբացահայտվի):
Մենք կարեւորում ենք, որ ինչպես հոգին, այնպես էլ մարմինը պիտի վեր հանվի՝ գնա դեպի լույս՝ եթերանա ու ձուլվի բնությանը, այլ ոչ թե թաղվի ու հանձնվի հողի տակ սպասող խավարին……
Մենք մեր պաշտպանությունն ենք հայտնել օրենքի նախագծի հեղինակներին այս տեսանկյունից ու պատրաստ ենք ավելի մանրամասն հիմնավորել դա անհրաժեշտության դեպքում: Մենք՝ հայ ազգայնականներս, հայ-արիներս տեր ենք մեր պատմության բոլոր ժամանակահատվածներին (նաեւ՝ քրիստոնեական ու համայնավարական), բայց մեր պաշտամունքը հենված է մեր արմատից, ծագումից բխող հավատքի ու ծիսակարգի վրա: Եթե «մեր պապեր» հասկացությունը դեպի հիմք չի տանում, ապա մեր այլ ազգակիցներն էլ կասեն, թե մեր պապերը կոմունիստ էին ու աթեիստ, ի՞նչ աղոթքի ու ծեսի մասին է խոսքը (եւ եղել են նման դեպքեր), եւ այսպես շարունակ, ուստի մենք, պաշտպանելով մեր պատմության անքակտելիությունը, առաջարկում ենք գնալ դեպի սկիզբ: Ովքեր չեն ցանկանում, իրենց գործն է, ուրեմն՝ թող մեր ավանդույթն ու իրավունքն էլ չոտնահարեն: Չբռնանան բնության 4 տարրերին համաձուլվելու մեր կամքին:
Դիմում ենք նաեւ օրենքի նախագծի հեղինակներին՝ շարունակել նախաձեռնած գործը` այն հասցնելու օրենքի մակարդակի:
Դիակիզումը բխում է մեր հավատքից, եւ այն  ներառում է նաեւ արարողակարգ՝ ծիսակարգ, ուստի նախագծի հեղինակներին առաջարկում ենք, որպեսզի օրենքի մեջ կամ ենթաօրենսդրորեն մի կետ-հավելված ներառվի՝ ըստ հավատքի (արիադավան-հեթանոս) ու կամավորության սկզբունքի ծիսակարգով դիակիզվելու համար: Իմիջիայլոց, գուցե ծիսակարգի ցանկություն ունենան նաեւ մեր քրիստոնյա ազգակիցները՝ այլ հոգեւոր ծեսով, դա էլ անձնական մոտեցման խնդիր է:
Նրանց, ում համար դիակիզումը պարզապես թաղման արարողություն է, դիակիզարանում կարող են կիզվել ընդհանուր կարգով, նույնիսկ միասնական այրումով, ինչպես արվում է արտասահմանյան մի շարք երկրներում, բայց նրանց նկատմամբ, ում համար դիակիզումը սրբազան ծես է, որից հետո մասունքները պիտի խառնվեն բնության 4 տարրերին ու, ըստ ցանկության, հանձնվեն մահացածի օջախին, չի կարող կիրառվել ընդհանուր կարգ, որի հետեւանքով անդառնալիորեն կխառնվեն կիզվողների մասունքները, եւ անիմաստ կդառնա հետագա ծիսակարգն ու սրբազան մասունքների պահպանումը օջախում:
Հնում հարյուրավոր տարիներ շարունակ լրացվել են այդ մասունքները ցեղի նահատակներով ու սերնդեսերունդ պահպանվել են ընտանեկան աճյունասափորի մեջ: Սա իր մեջ նախնյաց հավատքի ու գենետիկ (նաեւ էներգետիկ) մեծ հզորություն է պարունակել ու ջերմացրել է հայոց օջախները, ապահովել է անցյալ-ներկա-ապագա խորհրդանշանական կապը…
Մենք ակնկալում ենք, որ այս հարցը լուրջ ուշադրության կարժանանա եւ անհրաժեշտություն կառաջանա շուտափույթ դիակիզման օրենք ընդունելու առումով. իհարկե, հաշվի առնելով ինչպես ընդհանուրի, այնպես էլ մասնավորի շահերն ու արժանապատվությունը:
Ոմանք կարծում են, թե դիակիզման մասին մեր մոտեցումներում առկա են հինդուիստական եւ բուդդայական տարրեր: Հաճախ դատողություններ են արվում հոգու աննյութ, ոչ հրե լինելու, մահվանից հետո ազատագրման պահի ու երկրային կյանքում նրա շարունակականության մասին: Ոմանք պնդում են նաեւ, թե հեթանոս հայերն ու նրանց առաջնորդները թաղվել են հողում ու չեն այրվել, որպես օրինակ բերվում են Արա Գեղեցիկի ու Արտաշես թագավորի թաղման պատմությունները: Նույնիսկ «երեսով են տալիս» մեզ, թե Հայոց ռազմի ու զորության Աստված «Վահագնի ծնունդը» սերնդեսերունդ փոխանցվել է քրիստոնյա հեղինակ (հետաքրքիր է, որ ոչ թե հա՛յ, այլ՝ քրիստոնյա…) Մովսես Խորենացու կողմից:
Սակայն քրիստոնեական «համառությամբ» մի համոզմունք են փորձում ձեւավորել, որ հեթանոս հայերը չեն ունեցել դիակիզման սովորույթ, եւ նրանց հարազատ է եղել «հող էիր՝ հող դարձիրը», եւ մենք հայ-արիականներս, բռնանում ենք հայ հեթանոսների պատկերացումների ու հավատալիքների վրա…(՞՞՞):
Այսինքն՝ հայ-արիներն ու նրանց քրմերը դե՞մ են իրենք իրենց, թե՞ կարծիք կա, որ մենք անտեղյակ, ծայրահեղական հեթանոսներ ենք (ինչպես օտարների, հակահայերի համար՝ ծայրահեղ ազգայնականներ)…
Բավ չէ, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը հանդես է գալիս իբրեւ ամենայն հայոց կաթողիկոս, ստացվում է նաեւ՝ արիադավանների՝ հեթանոսների (՞՞՞), ովքեր հայությունը կազմողների մի մասն են այսօր (իսկ առհասարակ՝ Հայոց արմատից են գալիս), հիմա էլ մեզ՝ հեթանոսներիս (հեթանոս-էթնոս-ազգ)՝ ազգայիններիս, փորձում են զրկել մեր անունից հանդես գալու ամենապարզ իրավունքից… Հակաքրիստոնեական չէ՞:
Ինչպես հուդա-քրիստոնեական կրոնն է ջանում գլոբալացնել մարդկությունը (դարձնել հլու-կամակատար «հոգեւոր» հանրություն), քրիստոնեական էկումենիզմն է փորձում գլոբալացնել ազգերին (ձուլելով դարձնել մեկ ու միադեմ համաշխարհային «անդեմ» ազգ), այդպես էլ առաքելական եկեղեցին է ամեն ջանք գործադրում՝ գլոբալացնելու հայությանը («դարձնելով» կրոնից «ծնված» ազգ, ինչպես ասենք քրդերը՝ իսլամից, եւ այլն)… Այստեղից էլ հստակեցվում է ներքին ու արտաքին հոգեւոր հարձակումների պատճառը Հայոց հավատի վրա:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 14 (145), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։