ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղավ Մոսկվայում եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ս. Սարգսյանը ՌԴ մայրաքաղաք մեկնեց կարճատեւ արձակուրդից, որն անցկացրեց Եվրոպայում: ՀՀ եւ ՌԴ նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են միջազգային ու տարածաջրջանային հարցերի օրակարգային հարցեր:
Դ. Մեդվեդեւը նշել է, որ այսպիսի հանդիպումները կարեւոր են «երկու երկրների միջեւ առկա վստահության ամրապնդման եւ փոխըմբռնման պահպանման հարցում, ինչպես նաեւ համահունչ է երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ոգուն, ինչը միշտ բնորոշ է եղել եւ այդպիսին էլ կմնա մեր երկու պետությունների միջեւ հարաբերություններում»:
ՀՀ նախագահը դեռ լիովին չի ներկայացրել ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումների արդյունքները, բայց կարծում ենք այդ հանդիպումներում քննարկվել են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հիմնախնդիրները:
Կարեն Բալյան
Հավաքվել են Մոսկվայում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամբողջ կազմով հավաքվել են Մոսկվայում՝ քննարկելու արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր, հայտնել է ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ այս հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել ուղիղ բանակցությունների հերթական փուլի մասին:
Ռուս եւ ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն մինչ այդ Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական զլմ-ները տեղեկացրել են, որ համանախագահները Բաքվում ընդգծել են, թե Ի. Ալիեւի հետ հանդիպումը կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում: Համանախագահները կարծում են, որ մադրիդյան նոր առաջարկների վերաբերյալ կան որոշակի դրույթներ, որոնց ուղղությամբ կողմերը դեռեւս պետք է հասնեն համաձայնության, եւ համանախագահները հենց այդ ուղղությամբ էլ աշխատելու են: Ռուս նոր համանախագահը մոտ օրերս այցելելու է Հայաստան:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 15 (146), 2010թ.



