Հայ-թուրքական աննկատ դիմակայություն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը երեկ հրավիրել էր խորհրդակցություն: Ըստ թուրքական զլմ-ների՝ նիստի ժամանակ քննարկվել են իրաքյան ընտրությունների եւ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին առնչվող հարցեր:
Իսկ ահա, թուրք ընդդիմադիրները Ահմեդ Դավութօղլուից պահանջել են հետ կանչել արձանագրությունները: Թուրքական մեջլիսում, մինչեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հերթական քննարկման մեկնարկը, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական կոչված արձանագրություններին: ԱԳ նախարար Դավութօղլուն խորհրդարանական ամբիոնից պարզաբանումներ է հնչեցրել, որ կարգավորման գործընթացը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավարտված չէ, շարունակվելու է: Բայց ընդդիմադիր ուժերը կտրուկ հակազդեցություն են ցուցաբերել՝ քննադատելով պաշտոնական Անկարային այդ արձանագրությունների տակ ստորագրելու համար, պահանջել են անհապաղ խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:

Ընդդիմադիրների համոզմամբ՝ Երեւանի հետ կարգավորման գործընթացն արդեն իսկ տապալված է, եւ քանի դեռ հայերը չեն վերադարձրել «գրավյալե տարածքները եւ չեն հրաժարվել Ցեղասպանության հարցի միջազգայնացումից, արձանագրությունների վավերացման անհրաժեշտության մասին խոսք չի կարող լինել».- հայտարարել են ընդդիմադիր գործիչները: Ավելին՝ նրանց կարծիքով. «ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը կտրուկ է: Այդքանից հետո դեռ խոսում ենք արձանագրությունների՝ մեր կողմից վավերացնելու մասի՞ն: Արձանագրությունների ստորագրումից 1 տարի անցել է, հայկական զինուժը նույնիսկ մեկ գյուղից դուրս չի եկել…»,- այսպես ադրբեջանավարի նեղսրտել են թուրք ընդդիմադիրները:
Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին պարզաբանումներ է տվել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Քննարկվել են հայ-թուրքական կոչված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, համապատասխան պարզաբանումներ են տրվել նաեւ այդ առնչությամբ:
Հայկական կողմի դիրքորոշմանը ըմբռնումով է վերաբերվել նաեւ Վաշինգտոնը: «Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության ու հաշտության տեսլականի ուղղությամբ», – հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նկատի է ունեցել Ս. Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների քննարկումն իր ԱԺում: Այդ հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Երեւանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն՝ մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու: Ֆ. Գորդոնի հայտարարությունում հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըմբռնումով են մոտեցել նաեւ պաշտոնական Մոսկվան եւ Փարիզը (նաեւ Բրյուսելը՝ Եվրոպան):
Իսկ թուրքական զլմ-ները աղմկում են, թե Երեւանը հաշվարկել էր, որ ճնշումների միջոցով Անկարային կստիպի ճանաչել ցեղասպանությունը եւ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին դիրքորոշումը հենց այդ նպատակով է: Բայց զլմ-ները նաեւ պնդում են, թե Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի սառեցումն ունի հետնաբեմ, որտեղ էլ գործադրվող ճնշումների ավելացում կա՝ կապված Հայաստանի ակնկալիքների չիրականացման հետ: Թուրքերը կարծում են բանակցության սեղանի շուրջ նստելու գլխավոր պատճառը Հայաստանի համար իր տնտեսական հարցերը լուծելու ցանկությունն էր: Սակայն մերձեցման քաղաքականությոuնից այլ սպասելիք եւս կար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տարաձայնություն ստեղծել ու դա ծառայեցնել հօգուտ Հայաստանի:
Բայց ՀՀ իշխող քաղաքական ուժերը հայտարարում են, թե հնարավորություն է տալիս թուրքերին մեկ անգամ եւս կողմնորոշվելու եւ եթե Թուրքիան շարունակի իր նախապայմանների առաջադրումը, ապա հայկական կողմը ազատ կլինի առնվազն համարժեք վերաբերմունք ցուցաբերելու:
Հայ-թուրքական այս թոհուբոհում որոշ հասարակական ուժերի քաղաքացիական նախաձեռնությունն էլ կփորձի խթանել հայ-թուրքական հարաբերությունների հաջորդ փուլը: Որոշ հ/կ-ներ մինչ հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների մեկնարկը, արդեն իսկ համագործակցում էին թուրքական հ/կ-ների հետ եւ մեծ փորձ ունեն այս ոլորտում եւ համատեղ կփորձեն հայ-թուրքական հարաբերություններն օժանդակել, որ փակուղի չմտնեն:
Հայտնի արձանագրությունները ՀՀ ԱԺ-ի քառօրյա նիստերի օրակարգից են դուրս եկել, բայց մեծ օրակարգում շարունակում են մնալ, այսինքն՝ կարող են դեռ քննարկվել Աժ-ում: Ուստի՝ շատ ընդդիմադիրներ արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը ձեւական քայլ են համարում, որն ամենեւին չի վերացրել գործընթացում առկա վտանգները. Նրանք կարծում են, որ իշխանությունների շահերից է բխում, եթե արձանագրությունները դուրս գան ԱԺ-ի օրակարգից: Իսկ լավագույն լուծում համարում են այս արձանագրությունները աղբարկղ նետելը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե յուրաքանչյուր օրինագիծ մնում է մեծ օրակարգում 3 նստաշրջան, ապա քննարկման է դրվում մեխանիկորեն:
Այսինքն, 1 տարի անց, 2011թ. աշնանը հայ-թուրքական արձանագրությունները կարող են քննարկվել խորհրդարանում, եթե դրանք չհանվեն մեծ օրակարգից:

Հայկ Թորգոմյան

Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմանով

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ի սկզբանե դեմ է եղել հայ-թուրքական կոչված (իրականում՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն) արձանագրությունների ստորագրմանը եւ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կամ չեն ստորագրվում արձանագրությունները, կամ ստորագրվում են հայկական կողմի պահանջատիրական նախապայմաններով:
Մենք մասնակցել ենք նաեւ այդ արձանագրություններին «Ո՛չ» ասող ուժերի համատեղ պայքարին, որոնցից որոշները նույնիսկ կողմ են եղել արձանագրությունների փոփոխման (ոչ թե նախապայմաններ առաջադրելու) տարբերակին, սակայն ՀԱՄ-ը այստեղ էլ մնացել է իր սկզբունքային դիրքորոշմանը:
Ուստի՝ Հայ Արիական Միաբանության կառույցները ողջունում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ իշխող քաղաքական ուժերի հայտարարությունները՝ հիշյալ արձանագրությունների գործընթացը «սառեցնելու» մասին:
Կարեւորում ենք նաեւ, որ ՀՀ նախագահն իր հայաստանյան եւ սփյուռքյան ելույթներում, նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ հստակորեն տարանջատել է Արցախ-ԼՂՀ-ի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հայ-թուրքական կոչված արձանագրությունների գործընթացից:
Այս օրերին հետեւելով ՀՀ նախագահի, իշխող քաղաքական ուժերի եւ ընդդիմադիր ու այլ կազմակերպությունների հաղորդագրություններին եւ մեկնաբանություններին, նկատում ենք հաստատակամություն՝ հայկական կողմի ապրիլի 22-ի (մինչեւ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը) դիրքորոշումը ամրապնդելու առումով:
Այս ամենը գնահատելով ըստ արժանավույն, այնուամենայնիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կոչ ենք անում «հետ կանչել» այդ արձանագրությունների տակ դրած հայկական կողմի ստորագրությունը եւ միջազգային հանրությանը հիմնավոր պատճառներ ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանները պարզապես բացելու եւ միջազգային նպատակներով օգտագործելու համար: Վստահ ենք՝ այսօր դրա հիմքերը կան:
Իսկ հայ-թուրքական իրական հարաբերությունները պետք է միանշանակ ձեւավորվեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման եւ Հայոց հայրենիքի վերատիրման նախապայմաններով:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Երեւան – 28.04.2010թ.

«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.