«Սասունցի Դավիթ»-ի և «Մոսկվա»-ի ամառային դահլիճի մասին

Կաղնու փոխարեն` ուռենու քաղաքականություն.
Թե ում նյարդերին ազդեց «Սասունցի Դավիթ»-ը

Այս տարի ՀՀ-ի կինոէկրաններին ցուցադրվեց «Սասունցի Դավիթ»-ը: Իսկապես հրաշալի մուլտֆիլմ:
Բայց հայտնվեց մեկը, որ սառը ջուր լցրեց այդ ստեղծագործությունից ոգեւորվածների գլխին:
Ցնցուղից առաջ այդ ինչ-որ մեկը ստիպեց լուրեր տարածել, թե «Սասունցի Դավիթ» անիմացիոն ֆիլմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել` միջազգային կինոփառատոնների ճնշմանը տեղի տալով: Սակայն ի՞նչ փառատոնի մասին է խոսքը, երբ «Սասունցի Դավիթ»-ը ՀՀ-ի սահմաններից դեռ չի էլ հասցրել դուրս գալ. սա` ըստ մուլտֆիլմի պրոդյուսեր, ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի:
Մանրամասները կարեւոր չեն: Ամեն ինչ պարզ է. երբ գրաքննություն է կատարվում ու պատճառ է բերվում միջազգայինի գործոնը, ուրեմն իրականում ինքնագրաքննություն է եղել:
Այն էլ` խի՛ստ ինքնագրաքննություն:


Ուղղորդվա՛ծ ինքնագրաքննություն: Եթե լսենք ֆիլմի գլխավոր նկարիչ Վարդան Զաքարյանին, հաստատ պարզ կդառնա, թե ով է այդ ինչ-որ մեկը, որ… դրդել է «ինքնագրաքննության»:
Իրականությունն  այն է, որ, ըստ նկարիչի, ֆիլմի ճակատագրի համար պատասխանատու անձերը որոշել են ապահովագրել իրենց ու խորհուրդ են տվել ֆիլմի վերջնական տարբերակից հանել այն կտորները, որտեղ ներկայացված են հեթանոսական շրջանի հայկական հուշարձան-քանդակները: Որովհետեւ ենթադրվել է, որ դրանց պատկերավոր ցուցադրումը կարող է խոչընդոտել ֆիլմի միջազգային ընթացքը` դիտվելով որպես քաղաքական հավակնություններ: Աղմուկը մեկնարկել է արծվի ու առյուծի քարակերտ արձանները պարունակող կադրերից, որոնք պատկերում են Ծովինարի ծնունդի պատմությունը:
- Ոչ մի միջազգային հանձնաժողով էլ չի եղել, մեզ ասել են` փոխեք կադրերը, մենք փոխել ենք: Չգիտեմ ինչի՞ց, բայց վախեցել են: Եվ մենք ստիպված եղանք այդ հրաշալի կադրերը փոխարինել խաչքարերով, վառվող մոմերով ու ուռենիով»,- ասում է Վ. Զաքարյանը (ընդգծումներն իմն են,-Ա.Մ.):
Ահա ճշմարտությունը, եզրակացությունը թողնում եմ ընթերցողին: Սիրում եմ մտածող ընթերցողի:
Իսկ նա հաստատ կգտնի այդ ինչ-որ մեկին, կամ… խմբին, կամ… հաստատությանը:…
Մուլտֆիլմը դիտած ընկերներիցս մեկը ոգեւորվել էր. «Վերջապես հզոր, պնդոտ մի ֆիլմ հանեցինք: Էնպես լավ էր, ոնց որ կաղնու վրա նստած լինեի»: Հիմա Մոսկվայում է ընկերս: Զանգահարեցի, ասում եմ. «Կաղնին տակիցդ կտրել են, տեղն ուռենի դրել, իջիր, որ չասեն քաղաքական հավակնություններդ շուտ-շուտ փոխում ես…»:
Այդ ինչ-որ մեկին ուզում եմ ասել. իսկապե՛ս զզվեցնում եք: Դրա համար է, որ հարգանքի չեք արժանացել: Հզոր արծիվն ու առյուծը հնազանդ գառով, հզոր կաղնին` կքած ուռենիով, հզոր կրակը` պուճուրիկ մոմով փոխարինել տալը ընտրություն չի թողնում. Բնության օրենքն է` մորթվող գառ ոչ ոք չի ուզում լինել…
Իսկ թե ուզող էլ կա, ուրեմն` թքած գառի վրա էլ: Գառից, մեկ է. լա՛վ խաշլամա են սարքում, ու համտեսելիս` աղոթքի փոխարեն հաստա՛տ փառաբանումներ են հնչում:
Մնում է «մտածել»` Սասունցի Դավիթը քաղաքական ի՞նչ հավակնություններից ելնելով պիտի կաղնին թողած դեպի ուռենին վազի…

Արմենուհի Մելքոնյան

Ինչու՞ է համառում կառավարությունը

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղում եկեղեցի (այս անգամ` Պողոս-Պետրոսի) կառուցելու առումով: Ե՛վ մասնագետները՝ ճարտարապետները, ե՛ւ հասարակ քաղաքացիները ընդվզեցին այդպիսի անհեթեթ որոշման դեմ: Ի վերջո հայտնի դարձավ, որ այդ որոշումը կայացվել է Հայ առաքելական եկեղեցու խնդրանքով, ինչն առավել սրեց հակամարտության մի անկյունը, երբ հայ արիադավան-հեթանոսներն էլ հայտարարեցին թե՝ եթե Էջմիածինը ցանկանում է ամառային դահլիճի տեղում վերականգնել երբեմնի եղած եկեղեցին, ապա իրենք էլ կարող են պահանջել, որ Էջմիածնում եւ այլուր արիական-հեթանոսական տաճարների վրա կառուցված եկեղեցիները քանդվեն եւ վերականգնվեն նախկին տաճարները…
Թվում էր` եւ իշխանությունները եւ եկեղեցականները խաղաղվեցին… բայց զարմանալի է, քանզի հանրության տարբեր շերտերի, հատկապես մտավորականների միաձայն ընդվզումից հետո, դեռ քննարկվում է մեծ աղմուկ հանած ամառային դահլիճի հարցը: Օրերս Հանրային խորհրդի լիագումար նիստում կրկին քննարկվել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի խնդիրը, եւ կարեւորվել է դահլիճի պահպանումը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պիտի քանդվի եւ հողը եկեղեցու օգտին օտարվի: Հիմա հանրության կարծիքը հաշվի կառնվի՞… Թե՞ միայն եկեղեցու…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։