Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորված… Արի հայերն իրատես են եւ… հոգետես… Մարմնական մահը հոգու նոր ծնունդ է… Արարող ուժը նաեւ ավերող է…

Հայկական տեսանկյուն.-
Արի հայերն իրատես են եւ… հոգետես
«Աստված մեծ է՝ կհասնի», այսօր ասում են շատերն ու իրենց բանն ու գործը Աստծո վրա թողած՝ անցնում են հաջորդ խնդիրների «լուծմանը»՝ ավելի ճիշտ՝ հերթագրմանը: Շատ հեշտ է մարդկային գործերն ու հոգսերը Աստծո վրա թողնելը եւ հետո թե՝ «Չէ՜, վերեւն Աստված չկա», երբ սպասելուց հոգնած իբր համոզվում են, որ Աստված «զլանում» է կատարել Իր վրա թողնված գործը…
Իրականում Աստծո-Աստվածների վրա իրենց գործերը հաճախ բարդում են եւ՛ հոգեւոր ու աշխարհիկ կյանքի հավատավոր մարդիկ` կարծելով, թե Աստված պետք է վարձահատույց լինի Իրեն հավատալու համար, եւ՛ այդ բնագավառների անհավատները, ովքեր աստվածայինն ընկալում են բացառապես սեփական շահերի պաշտպանության տեսանկյունից: Կան չէ՞ երեխաներ, ովքեր ծնողների երեսին լկտիորեն շպրտում են. «Չէիք կարում պահեիք՝ չբերեիք»: Կան նաեւ մարդիկ, ովքեր նույն մտածելակերպն ունեն Աստծո-Աստվածների նկատմամբ՝ իրենց առոք-փառոք պահելու առումով…

Տարբերություն չկա. թե՛ այսպիսի երեխաները, թե՛ մեծահասակները հեռու են Ծնող-Արարող հասկացությունն ընկալելուց եւ իրենց տրված կյանքի գինը (դրանով այլ կյանքերի իմաստավորումը) չհասկանալով՝ հետմահու որեւէ ցածրակարգ Տիեզերաաշխարհում հանգրվանում են նույն այդ անմիտ հոգեկյանքով… Ահա՛ սրանց վերջը…
Իսկ հայ-արիական կեցակարգում հստակ է. «Զգայարաններդ բանեցրու՝ զգալու եւ ո՛չ ցանկանալու համար», եւ արիադավան հայն ապրում է արեւավառ կյանքով` պատրաստ կիսելու իր ունեցածն ու կարողությունները՝ հանուն ազգային նպատակների, միասին՝ իր Աստվածների հետ: «Տու՛ր ինչպես Արեւը, որ Արիները դրանից զորանան, չարիները՝ մոխրանան». այսպես են ապրում արի մարդիկ եւ պահանջների մեջ չափավոր են ու համեստ՝ «Տու՛ր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ»:
Արի հայերի համար կյանքն առավելապես գործունեության ասպարեզ է եւ այն տրված է սահմանափակ ժամանակով. «Ընտրի՛ր ինչ որ բան եւ այն անվանի՛ր սկիզբ, այնուհետեւ գիտակցի՛ր հետագա յուրաքանչյուր գործողությունդ». ասում են նրանք, ովքեր նաեւ գործով հավատարիմ են իրենց Առաքելությանը՝ «Քայլի՛ր քո արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու»:
Արի հայերն ապրում են եւ՛ «արտաքին ձայնի» եւ՛ «ներքին ձայնի» համադրությամբ, նրանց համար երկրային եւ երկնային կյանքերը գենետիկ-ծինաբանական զգացողությամբ են՝ «Փնտրի՛ր եւ ականատես կլինես «հրաշքների»». ասում են արիները եւ ոչ միայն ներաշխարհ-հոգեաշխարհում են տեսնում այդ «հրաշքները»… Բայց եւ աչալուրջ են անձնական կյանքում. «Զանազանի՛ր պատրանքը իրականությունից»:

Մարմնական մահը հոգու նոր ծնունդ է
Հավերժության մեջ ծնունդ-կյանք-մահ երրորդությունը անբեկանելի իրողություն է: Այդ շղթան գործում է անկախ որեւէ բնածին արարածի կամքից ու ցանկությունից, այն Արարչակարգի հիմնասյուններից է: Դա մարդկային արդի ուղեղով գիտակցել հնարավոր չէ (իրականում հնարավոր է), խորապես զգալ է պետք եւ այն կդառնա տեսողական…
Մարդն էլ անքակտելի երրորդություն է՝ բաղկացած Մարմնից, Բանականությունից եւ Ոգուց-Հոգուց: Որտեղ նահանջում է ոգեղենությունը, այնտեղ իմաստազրկվում է բանականությունը:
Որտեղ իմաստազրկվում է բանականությունը, այնտեղ տկարանում է մարմինը: Երրորդություն-մարդ որակը նախապայման է Գերագույն Էության ընկալման՝ Տիեզերաճանաճողության:
Արի հայերն ասում են. «Ազատվի՛ր մահվան երկյուղից ու կլինես իսկապե՛ս ազատ եւ անպարտ»: Նրանց համար մահը թշնամի չէ՛, այն մարտահրավեր է, արժանի հակառակորդ եւ «Մահը տրված է մարդուն ա՛յն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու եւ տրվելու համար»: Մեռի՛ր այնպես, որ մահդ էլ ծառայի ազգիդ ու հայրենիքիդ. այսպես են ապրում արի հայերը եւ կյանքը սիրում են այնքան, որ գիտակցում են դրա շարունակականությունը. «Վաղվա գործդ արա՛ այսօր, հաջորդ կյանքին նախապատրաստվի՛ր ա՛յս կյանքում: Դրանից կշահեն եւ՛ Ընտանիքդ, եւ՛ Ազգդ, եւ՛ Մոլորակդ, եւ՛ Տիեզերքդ»:
Հոգեւոր արին չի կարող ապրել ճղճիմ եւ աննպատակ, մուրալով ու աղքատության մեջ, դա արի հայի հավատին հարիր չէ, ինչպես ոմանք են ապրում նվաստ եւ ոչ զորավոր՝ «Երկնային արքայության» սպասումով (իհարկե, խոսքը իրապես հավատավորների մասին է, ոչ հավատի հաշվին գռփող-հարստացածների):
Արի հայն ապրում է արքաների աստվածահաղորդ հոգեբանությամբ, քանզի անհատականություն է (սակայն՝ ոչ եսակենտրոն կարգի), եւ ասում է. «Եթե ձգտում ես «Երկնային արքայության», ապա ապրի՛ր արքայավայել՝ ինչպես բարեպաշտ եւ իմաստուն արքաները, եւ ո՛չ որպես տգետ ստրուկ, քանզի՝ ինչ ցանես, այն էլ կհնձես»:
Պետք է ապրել նաեւ մեկ այլ երրորդության գիտակցումով՝ անցյալ-ներկա-ապագա, որպեսզի Առաքելությունը լինի գիտակցված, ոչ թե միայն բնազդական: «Հիշի՛ր, որ կարողանաս ապրել եւ ապրի՛ր այնպես, որ քեզ հիշեն». ասում են արի հայերը:

Արարող ուժը նաեւ ավերող է
Տիեզերքն ամփոփված է մտքի մեջ, միտքը սփռված է Տեզերքով մեկ, տիրապետի՛ր մտքիդ: Հետեւի՛ր մտքիդ ընթացքին, այլապես նա կպատժի քեզ, քանզի ով իշխում է մտքին՝ նա նրա բարեկամն է, ով չի իշխում՝ միտքը դառնում է նրա մեծագույն թշնամին: Այսպես են ապրել հոգեւոր իմաստնությամբ արի հայերը եւ կարողացել են զգալ, նույնիսկ խոսել ու տեսնել Աստվածներին…
Արի հայերը իրենց Աստվածների Դեմքն ու Էությունն են կրում Երկրում: Բայց ինչքան աստվածասեր են եղել արի հայերը, այնքան էլ Նրանց պես հպարտ են ու հզոր, քանզի պատգամում են. «Մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո առաջ»:
Հայ Աստվածները չեն կարող հավատալ նվաստ եւ ողորմացող «հավատավորին», քանզի դրանք թուլակամ դրսեւորումներ են՝ անհարիր արի հային, ով ամեն տեղ փնտրում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ… «Մի՛ մոլորվիր Աստծո երեւակայական դրսեւորումներով, այլ գիտակցի՛ր Աստվածայինի արտահայտամիջոցները. ջրի մեջ՝ մաքրագործությունը, հողի մեջ՝ բերրիությունը, օդի մեջ՝ թթվածինը, հրի մեջ՝ ջերմությունը, եթերի մեջ՝ լույսի անսպառությունը, արարածի մեջ՝ առաքելությունը, պսակի մեջ՝ ընտանիքը, սեռայինի մեջ՝ ուշիմ երեխաներ ունենալը, կյանքի մեջ՝ երջանկությունը, հյուրընկալության մեջ՝ օթեւանը, ցերեկվա մեջ՝ արարումը, գիշերվա մեջ՝ քունը, գաղտնիքի մեջ՝ լռությունը…»: Հոգեւոր արին ասում է. «Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ…»:
Արի հայերը «Տիեզերական Մարմինը» գնահատում են այնպես, ինչպես սեփականը. «Հիշի՛ր, որ քո մարմինն էլ Տիեզերք է (իր տիրոջ եզերքը). իր մեջ ունի բազմաթիվ կյանքեր ու մարմիններ: Դու՛ ես նրանց Արարիչը եւ սիրի՛ր այդ Մարմին-Տիեզերքը, ինչպես քո Արարիչն է սիրում քեզ եւ քո Տիեզերքը»: Ամեն բնածին բանում կա Տիեզերական Գեն… Ինչպես մոմը լույս չի տալիս առանց այրվելու, այնպես էլ մարմինն անշարժ է առանց Կենաց սկզբունքի: Մարմնում եղած Կենաց Սկզբունքը ոչ մի ձեւով ենթակա չէ ոչնչացման: Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Ոգու Առաքելության իրականացմանն նախապայման է:
…Այս ամենը կարող է լինել նաեւ տեսողական, քանի որ «նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները)»:
Վերադառնանք հոդվածի ամենասկզբին՝ մարդ-Աստված հարաբերություններին եւ մի պարզ ճշմարտություն արձանագրենք: Մարդը դեռ իրապես չի ընկալում Աստվածների զորությունն ու ուժը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Աստվածներն անմիջականորեն չեն կարող օգնել մարդուն, նույնիսկ ամենահավատավոր, քանզի Նրանց որեւէ անմիջական միջամտություն կարող է աղետալի-անցանկալի ավարտ ունենալ մոտակա մի հսկա տարածքի վրա… ընդհուպ այն մարդու (մարդկանց), ում հակված են օգնելու Աստվածները… Արարող ուժը նաեւ ավերող է: Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորված… Իսկ ամենամեծ օգնությունը, որ կարող են ցուցաբերել Աստվածները, Տիեզերական «բարի» եւ «չար» արձագանքների՝ «աջակցության» եւ «պատիժների» Երկիր իջնելուն օժանդակելը կամ կասեցնելն է… Ինչն էլ մարդուն (մարդկանց) դրական կամ բացասական դաշտում գործելու՝ հաղթելու կամ պարտվելու հնարավորություններ է տալիս… Իհարկե, կան էլի բաներ…
Սա ծավալուն եւ հատկապես հոգետեսողական թեմա է… Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության Հոգեւոր Անեզրության մեջ: Գերիմաստության Հոգեւոր Անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է:
Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:
Առաքելությունը Հավերժի Բանալին է:
…Իսկ մեր կյանքում (ու բոլորի բոլոր կյանքերում) ոչինչ պատահական չէ՛ եւ անհետեւանք չի՛ ավարտվում…   

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։