Գիտնականների հետազոտությունները հանգեցրել են այն եզրահանգման, որ մրցումների բրոնզե մեդալակիրներն ավելի երջանիկ են լինում, քան արծաթե մրցանակակիրները: Նման ենթադրություններ կատարելու տեղիք է տվել օլիմպիական խաղերի մրցանակակիրների լուսանկարների եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունները: Այդ աշխատանքներին մասնակցել են մի քանի գիտնականներ, ովքեր գնահատել են արծաթե եւ բրոնզե մեդալակիրների դիմագծերի արտահայտությունները՝ պարզելու, թե ով ավելի երջանիկ տեսք ունի:
Մարզական փառատոններ
Ամեն տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերվող մարզական փառատոններն այս անգամ կմեկնարկեն մայիսի 8-ից: Դրանք տեղի կունենան ՀՀ բոլոր մարզերի 22 քաղաքներում եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Մարզերի եւ քաղաքների ղեկավարներն արդեն ներկայացրել են այդ փառատոնների ժամանակացույցը եւ ծրագրերը: ՀՀ քաղաքներում կանցկացվեն մարզական զանգվածային միջոցառումներ, ցուցադրական ելույթներով հանդես կգան մարզադպրոցների սաները, տեղի կունենան մրցումներ 7 մարզաձեւերից (յուրաքանչյուր մարզ ինքն է որոշում, թե ինչ ձեւերից է մրցումներ անցկացնելու):
Առաջինը մարզական փառատոնը կկայանա Կոտայքի մարզում` մայիսի 8-9-ը: Ապա նման միջոցառումեր են նախատեսված Արագածոտնի (15-16 մայիս), Արարատի (21-22 մայիս), Արմավիրի (28-29 մայիս), Գեղարքունիքի (5-6 հունիս), Լոռու (12-13 հունիս), Շիրակի (19-20 հունիս) մարզերում: Սեպտեմբերին մարզական փառատոններ կանցկացվեն արդեն Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում եւ Ստեփանակերտում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չի նախատեսել այդպիսի փառատոններ հանրապետության մայրաքաղաք Երեւանում` ըստ երեւույթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանում մարզական կյանքը միշտ եռուն է:
Բարձրաստիճան ընդունելություն Արցախում
Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի, Եվրոպայի եւ միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկներին ու նրանց մարզիչներին: Բ. Սահակյանը շնորհավորել է Արցախի մարզիկներին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ եւս նրանք բարձր կպահեն մեր երկրի մարզական պատիվը եւ արժանիորեն կշարունակեն ու կավելացնեն մեր ժողովրդի հաղթանակները:
Հանդիպման վերջում ԼՂՀ նախագահը դրամական պարգեւներ է հանձնել հաղթանակած մարզիկներին ու նրանց մարզիչներին եւ նշել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են աջակցել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը՝ դրանով իսկ խթանելով այդ բնագավառներում ավելի բարձր արդյունքների հասնելու գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մնացին նույն խմբում
Երեւանում ավարտվեց թենիսի 2010թ «Ֆեդերացիայի գավաթի» եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի կանանց հավաքականն անհաջող հանդես եկավ եւ չկարողացան նվաճել 1-ին խմբի ուղեգիր: Մեր թիմն իր խմբում պարտություններ կրեց Նորվեգիայի (1:2), Ֆինլանդիայի (1:2) ու Վրաստանի (0:2) հավաքականներից եւ զբացեցրեց վերջին 4-րդ տեղը:
Անցումային խաղում Հայաստանի հավաքականը մրցեց զուգահեռ խմբում նախավերջին տեղը գրաված ՀԱՀ-ի թիմի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով` այսպիոսվ պահպանելով իր տեղը 2-րդ խմբում:
Ոսկե մասնակցություն
Սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթող ճանաչվեց Վրաստանի Բաթում քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Մրցաշարին, մեր թիմից բացի, մասնակցել են նաեւ Թուրքիայի, Կիպրոսի եւ Վրաստանի պատանեկան թիմերը: Մեր ընտրանին խմբային մրցաշարում հաղթեց Վրաստանի առաջին (3:1) եւ Թուրքիայի թիմերին (3:0), իսկ եզրափակիչում հայ պատանի թենիսիստները 3:1 հաշվով հաղթեցին Վրաստանի 2-րդ հավաքականին եւ հռչակվեցին չեմպիոն:
Անհատական պայքարում ՀՀ պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը` հաղթելով Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի ներկայացուցիչներին, նույնպես գրավել է առաջին տեղը: Ընդհանուր առմամբ Հայաստանի սեղանի թենիսիստները անհատակա
ն մրցապայքարում նվաճեցին 1-ական ոսկե եւ բրոնզե մեդալ:
Լիլիթը բարելավեց խաղը
ՌԴ-ի Նալչիկ քաղաքում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրի մրցաշարում 9-րդ փուլից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 1,5 միավորով առայժմ եզրափակում է աղյուսակը: Մրցաշարը 7 միավորով գլխավորում է ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան:
Հաշիվը հավասար է
ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 8-րդ փուլում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) նախընտրեց սլանովական պաշտպանության տարբերակը: Նա արագ փոխանակեց ծանր խաղաքարերը եւ փորձեց պարզեցնել իրավիճակը, սակայն սպիտակներով խաղացող Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) հաջողվեց զինվոր շահել եւ ստանալ նյութական առավելություն, իսկ Անանդը 4-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց, ինչը Թոփալովին հնարավորություն տվեց նոր վտանգավոր գրոհ կազմակերպել եւ հաղթել: Մրցախաղի հաշիվը հավասար է՝ 4:4:
Ազգային առաջնությունում
Տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 7-րդ փուլի նշանակված 2 հանդիպումներ: «Հրազդան» մարզադաշտում հանդիպեցին «Կիլիկիա»-ն ու «Փյունիկ»-ը: 3:0 հաշվով հաղթեց ՀՀ չեմպիոնը, եւ «Փյունիկ»-ը վաստակեց 17 միավոր ու կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Իսկ «Հանրապետական» մարզադաշտում «Բանանց»-ը հյուրընկալեց առաջնության ետնապահ «Շիրակ»-ին եւ հաղթեց խոշոր՝ 5:1 հաշվով:
Մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի՝ «Փյունիկ»՝ 16, «Միկա»՝ 15, «Բանանց»՝ 14, «Ուլիս»՝ 13, «Իմպուլս»՝ 7, «Կիլիկիա»՝ 6, «Գանձասար»՝ 3 եւ «Շիրակ»՝ 0 միավոր:
Հայաստանի առաջին խմբի առաջնությունում
5-րդ փուլի շրջանակներում կայացել է մեկ հանդիպում` Կապանի «Գանձասար-2»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 խաղաց «Իմպուլս-2»-ի հետ: «Փյունիկ-2»-«Արարատ» խաղը հետաձգվել է:
Մրցաշարային աղյուսակը մայիսի 6-ի դրությամբ
N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1. Արարատ 4 4 0 0 9-1 12
2. Գանձասար-2 5 2 1 2 5-5 7
3. Բանանց-2 3 2 0 1 4-4 6
4. Շիրակ-2 4 2 0 2 7-3 6
5. Շենգավիթ 3 1 1 1 3-4 4
6. Փյունիկ-3 4 1 1 2 4-7 4
7. Փյունիկ-2 2 1 0 1 4-4 3
8. Միկա-2 3 1 0 2 4-7 3
9. Իմպուլս-2 4 0 1 3 4-9 1
Ռմբարկուներն են`
Գեւորգ Կարապետյան (Արարատ) – 4 գնդակ
Արման Մարգարյան (Շիրակ-2) – 2
Արսեն Փիլոյան (Փյունիկ-3) – 2
Խորեն Մանուչարյան (Փյունիկ-2) – 2
Հենզել Վարդանյան (Արարատ) – 2
Հայկազ Օհանյան (Իմպուլս-2) – 2
Արթուր Գրիգորյան (Միկա-2) – 2
Մարտուն Հակոբյան (Գանձասար-2) – 2
Հայրապետ Ավագյան (Գանձասար-2) – 2
Աղվան Դավոյան (Շիրակ-2) – 2
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.