Ներքին լուրեր

Կրթալեզվական խնդիրներ… ուսանողություն, բանակ` տարբե՞ր թիմերում
Վերջերս հաճախակի են դարձել կրթական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները: Դրանք լինում են նաեւ ինտերնետային սոցիալական-տեղեկատվական ցանցերում, որն էլ առիթ էր դարձել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար՝ հանդիպման հրավիրել «բլոգերներին»:
Առաջին հարցը վերաբերում էր «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությանը, որը բուռն արձագանք է ստացել հանրության տարբեր շերտերում: Այսօր էլ շատերին է անհանգստացնում մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությունն ու անաղարտության պահպանումը, ինչը ոտնահարվում է ամենուր, բոլոր ոլորտներում: Հաջորդ խնդիրը վերաբերում էր հատուկ դպրոցներին: Մասնակիցներն անդրադարձան նաեւ ուսումնարանների ու քոլեջների խնդրին:

 Ուսումնարաններում եւ քոլեջներում այս ուսումնական տարվա ընդունելության ժամանակ որոշակի մասնագիտությունների գծով գոյացած լուրջ մրցույթը, ըստ նախարարի, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ ավագ դպրոցների բարեփոխումներով, արհեստներ տիրապետելով եւ աշխատաշուկայում պահանջված լինելով, ինչպես նաեւ Եվրամիության աջակցությամբ ՀՀ մարզերում ու Երեւանում գործող 12 բազմագործառութային քոլեջներով:
Մասնակիցներին հետաքրքրում էին նաեւ օրերս նախարար Ա. Աշոտյանի՝ Վրաստան այցի հետ կապված մանրամասներ, որոնք բուռն քննարկման նյութ էին դարձել հատկապես ինտերնետային սոցիալական ցանցերում:
Նախարարը նշեց, որ մինչ այցելությունը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ջավախքահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ջավախքահայության հիմնախնդիրներով զբաղվող պատգամավորների հետ ու քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման եղանակները:
Երկու հիմնական նպատակ ընդգծեց նախարարը՝ նախապայմաններ ստեղծել հայապահպանության համար եւ նպաստել ջավախքահայության ինտեգրմանը վրացական հասարակություն, որոնց ուղղությամբ էլ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ վրացական կողմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ նախադպրոցական կրթության, դասագրքերի որակի եւ էլեկտոնային դասագրքերի ստեղծման, ավագ դպրոցների, լիցենզիայի գործողությունը կասեցված ոչ պետական դպրոցների, մագիստրատուրայի ու ասպիրատուրայի վերաբերյալ հարցեր:

* * *
Ուսանողները վերջերս պարբերաբար դուրս են գալու երթի, ուսանողական հավաքներ են կազմակերպում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը: Օրերս բուհերի ուսանողները նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «…Այդ կրճատումը ուղված է ՀՀ ԶՈւ համալրմանը, քանի որ մի քանի հարյուր ասպիրանտուրա եւ մագիստրատուրա չանցածները չեն ավելացնի բանակում ծառայողների քանակը նույնիսկ կես տոկոսով (առավել եւս, որ 1991 եւ 1992 թթ. ծնված տղաների թիվը ավելի է, քան դրանց նախորդող տարիներին): Փոխարենը, մենք համոզված ենք, որ չընդհատելով ուսման պրոցեսը եւ դառնալով բարձրակարգ մասնագետներ, նրանց օգտակարությունը Հայաստանին կլինի ավելի նշանակալի եւ պահանջված, ծառայելով բարեկեցության ու կենսամակարդակի աճին…»:
Թե ինչ լուծում կգտնի կառավարությունը, դեռ կտեսնենք, սակայն գիտությունը եւ, առավելեւս, բանակը, չպետք է տուժեն:

Նարե Մշեցյան

Թատրո՞ն, թե՞ ստիպված քայլ
Երեկ կառավարության նիստի ավարտին, երբ արդեն սպառված էին օրակարգային հարցերը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարությունների հնարավորություն տվեց: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը օգտվեց առիթից եւ վարչապետի ուշադրությունը հրավիրեց մի խնդրի:
«Վերջին շրջանում նկատում ենք, որ հատկապես կուսակցական նկատառումներով պաշտոնի անձնագրերի վերաբերյալ փոփոխությունների, լրացումների առաջարկներ գերատեսչություններից, ստանում ենք շատ սուբյեկտիվ, շատ կամայական: Այսինքն` առաջարկներ ենք ստացել, որ հաշվապահական հաշվառման բաժնի աշխատակցի աշխատանքային բնութագրում գրենք, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել նաեւ աշխարհագրության մասնագետը… Մեր կուսակցությունները կարծես աշխատանքի բորսաներ են դառնում: Ինձ թույլ եմ տալիս ասել, որ շատ քաղաքացիական ծառայողների դարձրել են այնպիսին, ովքեր ամեն մի գրպանում մի կուսակցության տոմս են պահում… Պաշտոնյաները նրա համար չեն, որ քամահրանքով վերաբերվեն օրենքին ու կարգին: Ես, որպես քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, անկախ մարմնի ղեկավար, պահանջում եմ վերջ տալ այս կամայական եւ սուբյեկտիվ մոտեցումներին, որոնք ահագնանում են հատկապե
ս վերջին շրջանում£ Խոսքս ուղղում եմ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչ նախարարներին: Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ է կատարվում, թե ինչպիսի թեկնածուներ են առաջարկում ձեզ, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք անցկացնել»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը աջակցություն հայտնեց Մ. Բադալյանին. «Հայտնում ենք ձեզ մեր աջակցությունը` ձեր առաքելությունը ամբողջությամբ կատարելու գործում»: Մնում է հասկանալ` այս ամենը թատրո՞ն էր, թե՞ ստիպված քայլ: Դե, մեր կուսակցականները արդեն շա՜տ էին զզվեցրել Մ. Բադալյանին…

Աստղինե Քարամյան

Գնանկում չի՞ լինի
Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների նվազում դեռեւս չի ակնկալվում: 2010թ. կպահպանվի գների ու գործարքների թվի աճի միտումը:
Այսպիսի կանխատեսումներ է ներկայացրել կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը:
Ըստ նրա, տարեցտարի մարզերում անշարժ գույքի շուկան աշխուժանում է: Եթե 2001թ. մարզերում ընդհանուր գործարքների թվի 49,8%-ն էր վերաբերում անշարժ գույքի շուկային, ապա 2004թ., այդ թիվն արդեն 58,2% էր, իսկ այս տարի՝ 68,8%:
Մայրաքաղաքում բնակարանների գներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ աճել են 2,6%-ով, իսկ մարզերում՝ 1,5%-ով:

Գոհար Վանեսյան

1 միլիոն միլիոնատեր
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում ապրում է մոտ 1 մլն. միլիոնատեր, ովքեր նույնիսկ այս ճգնաժամի պայմաններում չդադարեցին կյանքը վայելել եւ շարունակեցին իրենց «շրջապատել լյուքս դասի իրերով, որոնց վարժված էին»,- տեղեկացրել է «Դնի. ռու» կայքը: Իրականացված հետազոտությունները  բացահայտել են, որ Ռուսաստանում ապրում է 990 հազ. մարդ, որոնց կարողությունը գնահատվում է 1-13 մլն. ռուբլի:
Դեռ փետրվարին հրապարակվել էր ռուս միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ ձեռնարակատերերի մի մասը չէր էլ տուժել ճգնաժամից՝ դեռ ավելին՝ մեծացրել էր իր կուտակած կարողությունը:
Նշենք, որ անցած տարի ցուցակում ընդգրկվածների ընդհանուր կապիտալը կրկնապատկվել է՝ հասնելով 139,3 մլրդ. դոլարի, իսկ մի տարի առաջ այն կազմում էր ընդամենը 75,9 մլրդ.:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։