Հուդա-քրիստոնեական դասագիրք և Հայոց հավատին հետամուտ

Հակոբ Սանասարյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հայոց եկեղեցու պատմությու՞ն, թե՞ հուդայականության եւ սիոնիզմի ձեռնարկ» գիրքը: Գրքի առաջին հրատարակության սպառումից հետո անմիջապես երկրորդ հրատարակումն է եղել:
Գրքի հեղինակը մտահոգված է, որ «ՀՀ հանրակրթական դպրոցի 4-10-րդ դասարաններում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի անվան տակ իրականում քարոզվում են հուդայական եւ քրիստոնեական կրոններ»: Այդ մտահոգությունը Հ. Սանասարյանը ներկայացնում է հանգամանալից մեջբերումներով եւ դրանց վերլուծություններով:

Իսկ վերլուծություններից հետո, ամփոփման բաժնում Հ. Սանասարյանը նշում է, որ «դասագրքի հեղինակները մի յուրահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով են շարադրում հրեա ժողովրդի պատմությունը եւ, ընդհանրապես, Իսրայելի մշակույթին վերաբերող նյութերը, երբեմն էլ հօգուտ հրեա ժողովրդի, աստվածաշնչյան հորինվածքները ձեւափոխելով ու գունազարդելով: Փաստորեն, հայ մանուկներին փորձում են դարձնել հուդայականության զինվորներ, այսինքն՝ զինվորներ, որոնք կերտում են սեփական կորուստը… Հայոց ազգային հավատը ոչնչացվեց ավելի քան 1700 տարի առաջ, իսկ դրան փոխարինած օտար ու քայքայիչ գաղափարախոսությունը մարմնավորող կառույցն առ այսօր կոչվում է Հայոց եկեղեցի: Այժմ էլ փորձում են նույն ճակատագրին արժանացնել Հայոց դպրոցին. անվամբ… Հայոց, սակայն իրականում ապազգային…»: Այնուհետեւ հեղինակը պետական պատասխանատու այրերին եւ մտահոգ մարդկանց կոչ է անում. «Դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում դասավանդվող այս առարկան պետք է ենթարկվի մանկավարժության տրամաբանությանն ու ոգուն: Իսկ իրական մանկավարժությունը կոչված է մարդուն հասու դարձնել կյանքի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ էթնիկական առանձնահատկության պահպանումը, այն դեպքում, երբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչ գիտական գիտելիքներ է մատուցում»: Ըստ հեղինակի, այդ առարկայի դասավանդումը եւ ապա դասագրքերը գիտական ու հասարակական համակողմանի քննարկման նյութ պետք է դարձնել, «թե չէ ինչ հիմնավորմամբ ու իրավունքով, մի քանի անհատների (անկախ նրանց գրաված դիրքից) ցանկությամբ, դպրոց է մտնում հակամանկավարժական եւ մարդու միտքը խեղող այդ առարկան»:
Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ի էջերում մի քանի անգամ արդեն իսկ ներկայացվել են հիշյալ դասագրքերից մեջբերումներ ու վերլուծություններ:

Անի Մարության

Հայոց հավատին հետամուտ

ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի նախաձեռնությամբ դեռ ամիսներ առաջ սկսվել էր հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց: Ինչպես տեղակացանք հայ արիականների գրասենյակից, ե՛ւ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) ե՛ւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) պատասխանատուները շարունակում են այդ աշխատանքները:
Մայրաքաղաքում արդեն կան քրմերի թեկնածուներ, ովքեր մի քանի ծեսեր են անցկացրել (Գառնիում, Էրեբունիում, Կարմիր Բլուրում…) եւ հանգամանորեն նախապատրաստվում են Հայոց հավատի հոգեւոր ոլորտում:
Իսկ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ընդլայնված վերջին նիստում քննարկվել են ՀՀ մարզերում, (Աբովյանում, Չարենցավանում, Կապանում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում), Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում (մասնավորապես՝ Վրաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Ռուսաստանում, Լիբանանում եւ այլն) քրմերի թեկնածուների առաջադրման եւ հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման հարցերը:
Ինչպես ՀԱՀ Խորհրդի, այնպես էլ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի անդամներն անդրադարձել են Երեւանում Արիական Գլխավոր Տաճարի կառուցման նախաձեռնության ընթացքին:
Հայոց հավատի վերահաստատման կարեւորագույն նախաձեռնություններից բացի, քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ… Կարեւորվել է Իրանի, Ռուսաստանի (առհասարակ՝ սլավոնական ուղղության), Հնդկաստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդումը, օս-ալանների, տաջիկների, արաբական որոշ երկրներում բնակվող, նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների արիների հետ հարաբերությունների ամրապնդումը:
Արծարծվել է նաեւ Երեւանում Համաարիական Համաժողով անցկացնելու հարցը:
Հայ արիներն ու հայ ազգայնականները վճռական են տրամադրված նաեւ Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքյան հատվածի իրական հայ ազգայնականության համագործակցության հաստատման առումով, որից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ հայ ազգայնականների համահայկական համախմբման մասին: Քննարկվել է նաեւ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ հարաբերությունների հարցը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 17 (148), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։