XX դարասկզբից մինչեւ 90-ականների ժամանակաշրջանը որոշակիորեն խաթարված էր մեր անհատի բնատուր ձեռներեցությունը: Անկախացման առաջին 10 եւ ավելի տարիների դժվարին, բայց գլխավորը, առավել ազատ պայմաններում ի հայտ եկան գործարարության որակները: Ի դեպ, ազատությունը նորանկախ երկրի համար անխուսափելիորեն նաեւ ընթացիկ սխալներ էլ է ենթադրում, քանզի միայն գաղութային միավորը վրիպելու իրավունք չունի, երբ նրան իրավունք չի տրված ինքնուրույնաբար մտածելու:
90-ականների կեսերից հետո, անցումային շրջանին հատուկ խութերով նավարկող Հայաստանի 3-րդ հանրապետությանը վիճակված էր վարելու այդժամ ապրողների՝ տնտեսական նախկին պասիվ մտածողությունից ձերբազատվելու քաղաքականություն:
Կանոնավոր բանակի եւ դեմ առ դեմ կռվելու արդար պայքարի հնարավորության բացակայությամբ, էլ ո՞վ եթե ոչ մտավորականները պիտի ղեկավարեին ազատության պայքարի ժողովրդական զանգվածների տարբեր շերտերից կազմված կամավորների քաջարի եւ հմուտ գործողությունները` դրսեւորելով այդ ընթացքում ստեղծագործական ու ռազմական արվեստի համադրման անուրանալի տաղանդ:
Եվ չնայած այս ամենին, մութ ու երկար պատմությամբ բացատրվող հանգամանքներով պայմանավորված, դիմադրությունների ամբողջական հաղթական ավարտ հնարավոր չէր ակնկալել, թերեւս գլխավոր մի պատճառաբանությամբ՝ մեծ տարածքի վրա թշնամու նենգ մարտավարությամբ սեղմված օղակների մեջ առնված սահմանազատված գավառներում իրարից անջատ-անջատ, դեմ առ դեմ պայքարում հայերի տարած ոչ միաժամանակյա հաղթանակները չծառայեցին վերջնական նպատակին:
Ազատամարտերի տեղայնորեն օղակ առ օղակ բոցավառված օջախների, միասնական շղթա չկազմելու ցավալի իրողությունն ոչ միայն անգամ չմթագնեց աշխարհազորայինների ինքնապաշտպանության հերոսականությունը, այլ մեկ անգամ եւս լույս սփռեց այն ճշմարտության վրա, որ թուրքը ազնիվ, արդար կռվում արժանի հակառակորդ չի եղել երբեք, որ նրա,- եթե կարելի է ռազմական անվանել,- «ունակությունները» լրիվ հիմնված են խաբերության ու խարդախության վրա:
Այդպիսով, ոչնչացնելով բնիկ ժողովրդին, թշնամու գլխավոր նպատակն է եղել առաջին հերթին տիրանալու հայի ձեռքով ծաղկուն տնտեսակարգերի շնորհիվ արարված բոլոր-բոլոր բարիքներին՝ անշարժ-շարժական, ֆինանսա-տնտեսական խնայողությունները եւ այն ամենը, ինչին թուրքը աչք էր տնկել դարերով: Այնպես որ, հայերից ազատվելը միջոցն էր, իսկ նպատակը՝ տիրանալ հայության տարածքին եւ ունեցվածքին: Ոճիրի տեսակները վշտակերպ ներգործությամբ իրենց հերթագայության փոխտեղմամբ նույնանում են` ընդամենը լինելով գործած մեղքի տարբեր երեսները:
Վերջնահաշվով հայը ամոթալիորեն եղեռնագործվեց, խաբվելու (նաեւ սեփական խարդախներից) պատճառով: Անհատը, ընտանիքը, երբեմն նաեւ ժողովուրդը մասամբ ենթակա են խաբեության, սակայն ազգի սերուցք մտավորականությունը չպետք է խաբվեր արյունռուշտ բերաններով կեղծ ժպիտներին: Ամենավիրավորականը քաղաքական դաշտում խաբեության հետեւանքով կրած պարտությունների փաստն է: Ցավը տարիների հետ հուշի է վերածվում, իսկ վիրավորվածությունը՝ ո՛չ: 1,5-3 միլիոն նահատակների հիշատակը հիշեցնում է դա ամեն օր:
Ցավի եւ վիրավորանքի մեկտեղված զգացումը ֆիզիկապես ու հոգեպես կործանարար կլինեին, եթե պատմական Հայաստանի ազգագավառներում չծագեին ինքնապաշտպանական քաջարի եւ արիասիրտ ազատամարտերը` բորբոքված Հայր Արայի, Վահագնի, Միհրի ու մեր այլ Աստվածների` հակառակորդին չխնայելու հայարիական, խրոխտ գաղափարներով:
Հայոց հերոսական կռվամարտերի շնորհիվ խիզախման, ստեղծագործելու եւ գործարարության ջիղը հրաշագործ շարունակականությամբ թեւածեց տարիների միջով եւ վերազարթոնքի, անկախության տարիներին բարբառեց հայ մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում: Այս
տեղ վերընթացի դանդաղեցմանը կամա-ակամա կարող ենք նպաստել եւ մենք, եթե կուրորեն ընդունենք տարբեր տեսանելի արտերկրյա նորոգիչ-ներդրողների անհանդուրժելի տարաբնույթ պայմանները:
Դիտարկելով մեր ներկա գործելակերպը` նկատում ենք, որ մեր խաբված լինելու «ավանդույթը» ժամանակ ու սահման չի ճանաչում: Խաբեությունն էլ մի յաթաղան է, որ այսօր էլ դեռ կախված է մեր գլխին: Թուրքին նորից խաբվելու՝ սահմանը հաստատ ոչ մեզ համար բացելու վտանգն է այսօր նորից: Բայց XX դարի սկզբի մեղքը ընդունե՞լ են, որ դեռ սահմանն էլ՝ այն էլ մեր հորդորներով բացվի…
Խիզախորեն գործելու դեպքում մեզ հետ են նաեւ Հայոց զորավոր Ոգիները: Հայերիս համար պաշտպանական հզորագույն միջոց է գոնե Նժդեհի ժառանգությունն ուսումնասիրելը եւ այնտեղից երկրի քաղաքատնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու ելքի բանալին գտնելը: Նժդեհ պետք է կարդան նախագահից մինչեւ հովիվը, երեխայից մինչեւ զառամյալ: Պետք է կարդալ եւ ոչ թե մի քանի մեջբերումներ անգիր անել ու շահարկել… Լիարժեք դեռ չենք գիտակցում, որ Արարիչը մեզ «Արիության Ավետարանով» Նժդեհ է պարգեւել եւ նույնիսկ հիմա, երբ նա միայն հոգեպես է մեր կողքին, էլի հիշեցնում է իր ժողովրդին. «…Վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնության պիտի փութա իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդե»…
Հայ ժողովրդի ինքնատիպ գոյության գլխավոր նախապայմաններից մեկը՝ մշակույթի եւ գրականության կենարար շողերը, ստեղծագործական խիզախման ու տաղանդի շնորհիվ երբեք չնվազելով, մշտապես լուսավորել են հայ մարդու դարերի փորձություններով անցնող ճանապարհը:
Ահա թե ինչու դարասկզբյան Գողգոթայի ժամանակ թուրքերը ազգը գլխատելու համար առաջին հարվածը հասցրին մտավորականությանը: Թուրքերը լավ գիտեին, որ իրարից կտրված հայ աշխարհազորայինների ինքնապաշտպանական ազատամարտերը, կանոնավոր զորքի բացակայությամբ, ղեկավարելու են մտավորականության ներկայացուցիչները:
Վանի մարտերում էլ ղեկավարները ոչ զինվորական զենք կրողներն էին՝ Փ. Թերլեմեզյանը, Ս. Մանուկյանը, Հ. Կոսոյանը եւ այլք: Մեկը՝ վրձինը, երկրորդը՝ գրիչը, երրորդները՝ մուրճն ու բրիչը, մյուսները՝ գիրքն ու դասագիրքը… հրացանով փոխարինած, պայքարի էին ելել քաղաքի բնակչության հետ հավասար:
Բազմաշերտ, աշխույժ կյանքով լի քաղաքի արհեստագործական խավը (ժամանակակից բառով՝ գործարարները) վճռական կռվից առաջ, կտրված լինելով արտաքին աշխարհից, սոսկ սեփական սուղ միջոցներով ինչպես հարկն է նախապատրաստվել էին սպասվող հարձակմանը` վերամասնագիտանալով ստեղծել էին թշնամուն հակահարված տալու արժանի զենք ու զինամթերք, նույնիսկ երեք հրանոթ: Նախապատրաստական աշխատանքներն ընդգրկել էին բոլոր ոլորտները:
Չնայած ազատամարտի մասնակիցների քաջությանը, Վանի պաշտպանների դիմադրությունը կոտրվեց եւ թուրքերը գրավեցին քաղաքը:
Որովհետեւ… բացակայում էր միասնական կամքն ու պայքարը, գործելու, խիզախելու մղումը:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.



