2010թ. մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:
Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի՝ Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:
– լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար:
Հիշեցնում ենք՝
– ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,
– ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար:
Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝
– անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին ,
– դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Գորիսի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե
01. 06. 2010
Հայաստանում չե՞ն կարողանում թեստ կազմել
«Հայաստանում թե միասնական, թե ավարտական քննությունների թեստերը կազմում են այնպիսի մարդիկ, ովքեր թեստեր կազմելու համար այն վերապատրաստումները չեն անցել, որոնք մենք ենք անցել»,- ասել է Երեւանի պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լիդա Սահակյանը:
«Մեզ պետությունը վճարում է, որպեսզի մասնակցենք թեստեր կազմելու վերապատրաստման դասընթացների, սակայն հանկարծ ստացվում է այնպես, որ թեստերն այլ մարդիկ են կազմում, նույնը վերաբերում է նաեւ ուղեցույցներին: Դա ճիշտ չէ, այն մարդիկ, ովքեր զբաղվում են թեստեր կազմելով, գոնե պետք է մեզ հետ խորհրդակցեն»,- հայտնել է Լ. Սահակյանը: Նրա ասելով, այսօր Հայաստանում չեն տիրապետում ճիշտ թեստ կազմելու հմտությանը, եթե թեստերը կազմվում են այնպես, որ ընդամենը ընտրվի ճիշտ կամ սխալ պատասխան, ապա մեր բոլոր գիտությունները հետընթաց կունենան: Թեստերը պետք է անպայման տրամաբանական լինեն, որպեսզի ստուգեն երեխայի տրամաբանությունը: Թեստային առաջադրանքը պետք է բովանդակություն ունենա, որից էլ կբխի պատասխանի ընտրությունը: «Հայաստանում թեստ կազմելու արվեստը դեռ լավ չեն յուրացրել, սակայն հուսով եմ, որ գնալով կտիրապետեն թեստեր կազմելու արվեստին»,- նշել է դոկտոր-պրոֆեսորը:
Իսկ Երեւանի պետական համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ, անգլերենի թեստային առաջադրանքների ձեռնարկների հեղինակ Ելենա Երզնկյանն ասել է, որ եթե մենք Հայաստանում ցանկանում ենք զարգացնել թեստագրությունը, ապա բացի այսօրվա փակ թեստերից, պետք է ունենանք նաեւ բաց թեստեր, որտեղ երեխան ոչ միայն մի քանի հարցերից կընտրի ճիշտ պատասխանը, այլեւ, նամանավանդ լեզուների դեպքում, կմեկնաբանի կամ կհիմնավորի, թե ինչու է ընտրել այդ պատասխանը:
ՀՀ-ում IEP միջազգային կրթական գործընկերության նախագահ, ԵՊԼՀ մանկավարժության եւ մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նինա Տատկալոյի խոսքով, ճիշտ կամ սխալ պատասխանը ընտրելով, մանավանդ, լեզուներից քննություն չի կարելի հանձնել: «Այժմ մենք պետք է մտածենք փոփոխել թեստերի կառուցվածքը եւ բովանդակությունը»,- ասել է նա:
Կարեն Բալյան
Հ.Գ. – «Հայկական Ժամանակ» օրաթերթի 22-ամյա լրագրող Անի Գեւորգյանը հունիսի 3-ին, ժամը 18:00-ի սահմաններում ազատ արձակվեց: Հատուկ քննչական ծառայությունը, իբրեւ խափանման միջոց, ընտրեց հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը:
Անիին ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ հոդվածի 1-ին մաս): Նա բերման է ենթարկվել ընդդիմության 15 անդամների հետ մայիսի 31-ին Երեւանի Ազատության հրապարակի մերձակայքից` իր լրագրողական պարտականությունները կատարելիս:
Նույն խափանման միջոցը ընտրվեց նաեւ նրա եղբոր` Սարգսի նկատմամբ, որը ձերբակալվել էր նույն օրը, սակայն խուլիգանության կասկածանքով:
Գիտելիքի ընտրությունն էլ է «մոդայով»
Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկեցին պետական ավարտական եւ փոխադրման քննությունները, որոնք կավարտվեն հունիսի 23-ին:
Հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանում կանցկացվեն գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում՝ ավարտական-փոխադրման, իսկ 11-րդ դասարանում՝ պետական-ավարտական քննություններ:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում 9-րդ դասարանի ավարտական փոխադրման քննություններ կհանձնի 11.499 աշակերտ, իսկ 11-րդի պետական ավարտական քննություններ՝ 9.519 շրջանավարտ:
Դիմորդները պակասել են
Երեւանի 2 եւ ՀՀ մարզերի, ինչպես նաեւ՝ ԼՂՀ 15 քննական կենտրոններում մոտ 2.604 դիմորդներ միասնական քննություններ հանձնեցին կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից: Գիտելիքի եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանի կարծիքով՝ դիմորդների փոքրաքանակ լինելը պայմանավորված է այն բանով, որ վերոնշյալ առարկաներով հնարավոր չէ ընդունվել «մոդայիկ ֆակուլտետներ», բացի այդ, նախորդ տարիների համեմատ այս տարի նվազել է նաեւ դիմորդների ընդհանուր թիվը: Նախորդ տարի կար շուրջ 19 հազ. դիմորդ, իսկ այս տարի՝ մոտ 17 հազ.: Քննասենյակները հսկվում էին տեսախցիկներով, տեղադրված էին խլացուցիչներ, որոնք մեխանիկորեն արգելակում էին բջջային հեռախոսների աշխատանքը: Քննության հենց սկզբից բոլոր դիմորդներն իրենց հեռախոսները հանձնում են հանձնաժողովին, իսկ քննությունների ընթացքին հետեւում էին նաեւ ԳԹԿ-ի դիտորդներ: Գնահատականները կլինեն 2 օրվա ընթացքում, իսկ բողոքարկել հնարավոր է հրապարակումից հետո 1 օրում:
Անի Մարության
Հատուկ տիպի մանկապարտեզ գրեթե չկա
Կառավարությունը նախաձեռնել է հատուկ տիպի մանկատների եւ հաստատությունների բեռնաթափման երկարաժամկետ ծրագիր: Այս մասին հայտնել են «Փրկություն» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեչոյանը:
«Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պաշտպանությունն առաջին հերթին սկսվում է սեփական ընտանիքից: Ցավոք այսօր մեր հանրապետությունում հատուկ տիպի մանկապարտեզ գրեթե չկա,- իր մտահոգությունն է հայտնել Ա. Աբրահամյանը եւ հավելել, որ,- կան ուսումնարնաններ, որոնք հիմնականում ուսուցանում են թեթեւ ու միջին աստիճանի մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին, այսինքն խորը եւ ծանր խնդիրներ ունեցող երեխաների հետդպրոցական կրթությունը գրեթե չի շարունակվում»:
Իսկ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ երխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Հ. Խեչոյանը նշեց, որ միայն կրթական խնդիրներով չեն սահմանափակվում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հարցերը, այլեւ` առողջապահական, սոցիալական, իրավունքների պաշտպանության: «Ընթանում են քննարկումներ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության ու ԿԳ նախարարությունների հետ, թե հաստատություններից որոնց փակումն է նպատակահարմար, որ մասը կարող է վերակազմակերպվել այլընտրանքային ծառայություններ մատուցող հաստատությունների»,- ասել է Հ. Խեչոյանը:
Հատուկ տիպի հաստատությունների, մանկատների բեռնաթափմամբ նպատակ է դրված, որ երեխան ապրի ընտանիքում: Ըստ Ա. Աբրահամյանի, իրենք ներկայացնում են ցերեկային խմանքի այլընտրաքյին ծառայություն, «որը կարող է դառնալ մոդել եւ տարածվել հանրապետության մարզերում էլ, ինչը կօգնի երեխային ապրելու ընտանիքում»:
Հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 179.257 հաշմանդամ, որոնցից մինչեւ 18 տարեկանը՝ 8.358, վերջիններից շուրջ 20%-ը վարքի եւ հոգեկան շեղումներ ունեցողներ են համարվում:
Կարեն Բալյան
Ռուբեն Հախվերդյանը լեզվի մասին
Հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի համար ասել է. «Ռուսական դպրոցների առկայությունը Հայաստանում մեզ վրա ունեցել է ավերիչ ներգործություն: Նույնիսկ հիմա մենք մեծ տարբերություն ենք զգում ռուսախոս հայերի եւ մեր միջեւ: Հասկանո՞ւմ եք, ուրիշ է, երբ հայը ռուսերեն է խոսում Ռուսաստանում կամ այլուր, բայց սեփական երկրում ապրել ու խոսել ռուսերեն, պարզապես անգրագիտություն է: Լեզուն մեր պաշտպանական շերտն է, եւ եթե դա էլ կորցնենք, կկորցնենք ամեն ինչ: Քանի որ մնացած ամեն բան արդեն վաճառված էր, հերթը հասավ լեզվին, որն ուզում են դնել աճուրդի: Գիտեք, թող խաղեր չտան, թե օտարալեզու դպրոցների բացման նախագիծ են մշակել: Դա ռուսական էքսպանսիայի շարունակությունն է Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանն առանց հայերի, այս դեպքում` առանց հայերենի»:
Ցավոք, այսօրինակ «էքսպանսիա» կատարվում է եւ ռուսերենի, եւ անգլերենի, եւ ֆրանսերենի, եւ այլ լեզուների կողմից…
ԿԳ նախարարը հրավիրվե՞լ էր, թե՞ ոչ
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության առիթով Թեքեյան մշակութային միությունում կազմակերպվել էր. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խորագրով համաժողով: Մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ ԿԳՆ հաղորդագրության` նախարարն իր պատրաստակամությունն էր հայտնել մասնակցել համաժողովին, լսել մասնակիցների տեսակետները, ինչպես նաեւ արտահայտել ՀՀ կառավարության մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ, առավել եւս, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ինչպես բազմիցս հայտարարվել է, նշված թեմայով հանրային քննարկումների նախաձեռնողն է եղել:
Հետեւաբար, նախարարի` համաժողովին մասնակցելու նպատակը նաեւ կառուցողական քննարկման ծավալումն էր: «Մինչդեռ տարօրինակ է, որ համաժողովի նախաձեռնող խումբը հայտնել էր. «Համաժողովը բաց է բոլոր հյուրերի մասնակցության համար, սակայն համաժողովի կազմակերպիչները նպատակահարմար չեն գտնում պաշտոնական տեսակետը եւս մեկ անգամ հնչեցնելը»»: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել միշտ մասնակցել կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր հարցի հրապարակային քննարկմանը, սակայն, մեր կողմից հավելենք` գուցե մինչեւ որոշումներ կայացնե՞լը կատարվեն այդ հանրային քննարկումները:
Պետական դրոշի օր
Պարզվում է՝ ՀՀ պետական դրոշին նվիրված մի կայք կա Հայաստանում, եւ այդ կայքում նաեւ այսպիսի մի առաջարկ կա.
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել է հունիսի 15-ը նշել որպես պետական դրոշի տոն` նպատակ ունենալով հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական դրոշը: Տոնին մասնակցելու են հիմնականում դպրոցականներ, ուսանողներ, առհասարակ երիտասարդներ եւ այլք:
Սեփ. լրատվություն
Հաղորդագրություն
Մայիսի 30–ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնության «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը: Ժողովին մասնակցոում էին քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ: Մտքերի փոխանակման ընթացքում կարեւորվեց նոր որակի առաջնորդող խմբի ստեղծման անհրաժեշտությունը: Վերջինս պետք է խարխսված լինի պետականության վերականգման գործում հայակենտրոնության եւ սոցիալ-արդարականության սկզբունքների վրա, ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնած խորհրդաժողովում նշվեց, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի համագործակցության դաշտը, ինչպես եւ առավել լայն բազմակարծություն եւ քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:
Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար, իբրեւ նոր Հայաստանի կայացման եւ հայկական պետականության զարգացման ուղենիշ:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնության մամուլի ծառայություն
Մամլո հաղորդագրություն
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտարարում է «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիայի անցկացման մասին:
Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ Ռուսաստանի հայ համայնքի ազգային արժեքային համակարգը վտանգված է` ազգային մշակույթի անճանաչության պատճառով: Փորձը ցույց է տալիս, որ մեր` ճակատագրի բերումով Ռուսաստանում բնակվող հայրենակիցները գրեթե ծանոթ չեն Հայաստանի եւ Արցախի պատմական ժառանգությանը: Հենց այդ բացը մասնակիորեն լրացնելու նպատակով Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հունիսի 21-ից 27-ը նախաձեռնել է «Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիան, որը 15 ռուսաստանաբնակ հայերին հնարավորություն կտա ծանոթանալու իրենց պապերի հայրենիքին:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հրատարակվում է 1996 թվականից: Այսօրվա դրությամբ թերթի տպաքանակը կազմում է 17.000 օրինակ: Թերթը հրատարակվում է ռուսերեն լեզվով` հայերեն ներդիրով: «Երկրամասը» հանդիսանում է Մամուլի համառուսական կոնգրեսի հիմնադիրներից մեկը (2001թ.): Նույն թվականին թերթը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ լրագրողների համառուսական ֆորում» մրցույթում: Թերթի ինտերնետ-կայքը 2000թ. ճանաչվել է Ռուսաստանի լավագույն էթնիկ ինֆորմացիոն աղբյուրը: 2002թ. թերթը ճանաչվել է Ռուսաստանի հարավային մասի լավագույն էթնիկ պարբերական:
«Մեկ շաբաթ Հայրենիքում» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Ռուսաստանի հայերի «Երկրամասե թերթի խմբագրություն Կրասնոդարում (007 918) 026-24-46 հեռախոսահամարով: Էլեկտրոնային հասցե` info@yerkramas.org:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրություն
02.06.2010թ., Կրասնոդար
Մամլո հաղորդագրություն
«Ժառանգության» հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի
քննարկումը ԱԺ հանձնաժողովում
3 հունիսի 2010թ., ք. Երեւան: Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների (Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Ստյոպա Սաֆարյան) հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Քանի որ նախորդ նիստերում վերստին բազմիցս ներկայացվել էր օրենքի նախագծի բովանդակությունը, իր ելույթում Սաֆարյանը սոսկ անդրադարձավ ներկայումս ԼՂՀ-ի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին: «ԼՂՀ-ի եւ ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ վերջին շրջանում արվող հայտարարություններն ու միջազգային կառույցներում ընդունվող բանաձեւերը, եւ զեկույցները միգուցե չլինեին, կամ մեզ այդկերպ նետված ձեռնոց չլիներ, եթե ժամանակին օրինագծի քննարկումը ոչ թե հետաձգեինք կամ հապաղեինք, այլ առնվազն ընդգրկեինք Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում: Կարծում եմ դա կանխարգելիչ նշանակություն կունենար կամ կպարտադրեր մեր եւ Արցախի անվտանգության առանցքային հարցով նման լեզվով ու ձեւակերպումներով արտահայտվողների համար: Պաշտոնական Վաշինգթոնը, Բրյուսելը, Փարիզը եւ թե Մոսկվան իրենց խոսքն ասում են այդ ձեւակերպումներով եւ լեզվով: Իսկ մենք լռում ենք, դրանից բխող բոլոր վտանգավոր հետեւություններով, որ արվում են այդ մայրաքաղաքներում ու Բաքվում մեր դիրքորոշման կապակցությամբ: Եթե մենք կարող ենք հակահայկական բնույթի հայ-թուրքական արձանագրությունները ներառել ու պահել Ազգային ժողովի օրակարգում, ապա անհասկանալի է, թե ինչու ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չենք ներառում: Դա անելը ոչ միայն պատվաբեր ու պետականաշահ է, այլեւ` քաղաքականապես նպատակահարմար: Մենք ակնկալում ենք դրական եզրակացություն»,-եզրափակեց Սաֆարյանը:
Օրինագծի վերաբերյալ արտահայտվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Տիկին Ալավերդյանը ընդգծեց, որ, հաշվի առնելով Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2216 բանաձեւը, ստեղծված իրավիճակը առավել քան հարկադրում է օր առաջ Հայաստանի կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, որոնցից մեկը կարող է հանդիսանալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծի Ազգային ժողովի մեծ օրակարգ ընդգրկելը: «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Հայաստանի ու Արցախի նկատմամբ բացասական վերաբերմունքի վերջին կաթիլն է: Մեր ներկայացրած օրենքի նախագիծը Ազգային ժողովի մեծ օրակարգ ընդգրկելը կարող է Հայաստանի կողմից համարժեք պատասխան լինել: Միջազգային մի շարք պաշտոնյաների հետ մեր ունեցած հանդիպումները ցույց են տվել, որ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վերջին ընտրությունները անցել են ազատ եւ ժողովրդավարական պայմաններում, եւ որ այդ ընտրությունները օրինակելի են տարածաշրջանի համար»: Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ խմբակցության պատգամավորները չեն պնդում ներկայացված օրինագիծը Ազգային ժողովի առաջիկա քառօրյայում ընդգրկելու կամ քվեարկելու հարցում. «թող այդ հարցը Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու եւ քվեարկելու պահը որոշվի հետագայում` Ազգային ժողովի մեծամասնության հետ քաղաքական բանակցությունների արդյունքում»,- առաջարկեց Ալավերդյանը` նույնպես հորդորելով հանձնձանժողովի անդամներին դրական եզրակացություն տալ:
Օրինագծի վերաբերյալ տեսակետ արտահայտեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը, գնահատելով հարցի կարեւորությունը, հանձնաժողովի նիստին մասնակցում է ներկայանալի կազմով` ի դեմս «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի: Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց հիշեցնել. «Վաղ 90-ականներին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու նախաձեռնողների թվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը` թե իբրեւ արտգործանախարար, թե հետագայում իբրեւ հանրային ու քաղաքական գործիչ: Նրա այս հետեւողական դիրքորոշումը հետագայում դարձավ նաեւ կուսակցության քաղաքական գծի ու ռազմավարության անքակտելի բաղկացուցիչը եւ այսօր էլ «Ժառանգությունը» ոչ միայն հավատարիմ է մնում իր քաղաքական գծին, այլեւ համոզված է, որ մեծապես նպաստում է հայկական երկու պետությունների կայացմանը: Իսկ կապված քաղաքական մեծամասնության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի ոչ նպատակահարմարության վերաբերյալ հաճախ բերվող պատճառաբանություններին` ի պատասխան` Մարտիրոսյանը հավելեց. «Հայաստանի իշխանությունները եւ՛ 1992 թվականին, եւ՛ 1994 թվականին, եւ՛ հետագայում նպատակահարմար չգտան Արցախի անկախության ճանաչումը»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ընդդիմությունն այս քայլով հնարավորություն է տալիս քաղաքական մեծամասնությանը վերանայել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
Օրինագծի քննարկումը հետաձգելու հնարավորության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հարցին հիմնական զեկուցող Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» չի եղել դրա հետաձգումների կողմնակից եւ այժմ էլ չէ: Նա տեղեկացրեց, որ նախկին հետաձգումների առաջարկները մեկ նպատակ են ունեցել` ժամանակի ընթացքում հասնել առնվազն հարցը նստաշրջանի օրակարգում ներառելու շուրջ քաղաքական համաձայնությունների ձեռքբերման, ինչը, ցավոք, չի ստացվել մինչեւ օրս: Քաղաքական կոալիցիայի անունից ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանն էլ հայտարարեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում ոչ միայն օրինագծի ընդունումը, այլեւ դրա ներառումը մեծ օրակարգում:
Քվեարկության արդյունքում 2 կողմ («Ժառանգություն»-ից Ստյոպա Սաֆարյանը եւ ՀՅԴ-ից` Վահան Հովհաննիսյանը), 5 դեմ (ՀՀԿ-ից` Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը եւ Շիրակ Թորոսյանը, ԲՀԿ-ից` Էռնեստ Սողոմոնյանը, անկախ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը) եւ 1 ձեռնպահ (ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը) ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չտրվեց:
Հունիսի 4-ին «Ժառանգություն» խմբակցությունն իր հերթական նիստում կքննարկի օրինագծի քննարկումն արտահերթ ճանաչելու հարցը: Որոշում ընդունելու դեպքում` այն կներկայավի Ազգային ժողովի նախագահին աշնանային նստաշրջանի քառօրյա նիստերից մեկի ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն արտահերթ ընթացակարգով քննարկման դնելու համար:
Հայտարարվում է է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ
Կաղանդ պապի կերպարին կենդանություն տալու համար հայտարարվել է «Կաղանդ պապի հեքիաթը» ստեղծագործական մրցույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանաչստան» ՀԿ նախագահ, Ձմեռային փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ Ռաֆֆի Նիզիբլյանը: Նա նշեց, որ Կաղանդ պապը Ամանորի ծիսական խորհուրդը մարմնավորող կերպար է: Նրա խոսքով, «Կաղանդ պապի հեքիաթըե մրցույթը 2009 թվականին Կաղանդ պապի վերհանված կերպարի զարգացման համար նախապատրաստական փուլն է եւ այն կազմում է «Ձմեռային փառատոն Հայաստան 2010»-ի բաղկացուցիչ մասը: Անցած տարի` ազգագրական աղբյուրների հիման վրա, նկարների մրցույթով ստեղծվել է Կաղանդ պապի արտաքինը:
Ռ. Նիզիբլյանը տեղեկացրեց, որ մրցույթին աշխատանքները պետք է ներկայացնեն մինչեւ հունիսի 30-ը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները`առանց տարիքային սահմանափակման: Իսկ մրցութի ամփոփումը կլինի հուլիսի 7-ին: «Կանաչստան» ՀԿ անդամ Հասմիկ Կարապետյանը նշեց, որ մրցույթին ներկայացվող ստեղծագործություները` հեքիաթները, պետք է լինեն տպագիր 2-6 էջի սահմաններում: Հեքիաթում պետք է ներառել հետեւյալ բոլոր հերոսներին` Կաղանդ պապ, խլվլիկներ Երա եւ Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, այս բոլոր հերոսներին պետք է ներկայացնել իրենց արալեզների հետ: Նրա խոսքով, մասնակիցները կարող են նաեւ ներակայացնել 1 կամ 2 նոր հերոս: Հ. Կարապետյանը նշեց, որ այս բոլոր հերոսները վերցված են հայ իրականությունից: «Նրանք որոշակի արժեքներ կրողներ են եւ ունեն որոշակի հատկանիշներ: Նրանք` որպես Կաղանդ պապի ուղեկիցներ, նախապատրաստվում են Ամանորի տոնին եւ տոնում են այն: Հեքիաթում կերպարները պետք է բացահայտվեն իրենց գործողություններում եւ խոսքում: Հեքիաթում պետք է ստեղծվի տոնական միջավայր: Այս հեքիաթը պետք է նպաստի Ամանորի ծիսական խորհուրդների փոխանցմանը եւ արժեւորմանը»,- ասել է նա:
Ռ. Նիզիբլյանը նշեց, որ «Կաղանդ պապի հեքիաթը» մրցույթը կամփոփվի ժյուրիի կողմից: Մրցույթի աշխատանքները կքննարկվեն հետեւյալ դասակարգումներով` մինչեւ 15 տարեկան երեխաների եւ պատանիների աշխատանքներ, սիրողական ստեղծագործողներ եւ մասնագետ սցենարիսներ կամ գրողներ: Մրցույթի հաղթողների համար յուրաքանչյուր դասակարգման համար սահմանված է 1 մրցանակ, իսկ լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Լօլօ» մանկական ամսագրում:
«Հետագայում լավագույն աշխատանքները կամբողջացվեն մեկ ընդհանուր հեքիաթի մեջ, որն էլ կշրջանառվի, իսկ ժամանակի ընթացքում հեքիաթը կնկարազարդվի եւ կթատերականացվի»,- ասել է Ռ. Նիզիբլյանը: Նրա խոսքով, այս մրցույթի նպատակն է թատերականացված ներկայացնել կերպարներ, որոնք իրական արժեքների կրողներ են եւ այսօրվա հայ իրականության մեջ պահանջված, ինչպես նաեւ ստեղծել Ամանորի տոնին հատուկ տոնական միջավայր, աշխուժացնել արդիական հեքիաթների ստեղծման գործընթացը: Հայաստանում Ձմեռային փառատոնը իրականացվում է 2007թ.-ից:
«Եկավ քրիստոնեական տեսքի»…
Երբ ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ քննարկվում էր ԶԼՄ-ներին վերաբերող եւ զրպարտանքը ապաքրեականացնող օրենքների նախագծերի փաթեթը, օրինագծերի համահեղինակ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը նկատեց, որ առաջինից երկրորդ ընթերցում բավականին շտկվել էր նախագիծը, քանի որ ստեղծված աշխատանքային խումբը բավականին լուրջ աշխատանք էչ տարել, դրան նպաստել են նաեւ խորհրդարանական լսումները: Նա կարեւորեց մասնավորապես այն փոփոխությունը, որի համաձայն, տարածած տեղեկությունը չի համարվում վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Այս փոփոխությունը ողջունել էր նաեւ ԲՀԿ պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը, ով նկատել էր, որ այս տեսքով օրինագիծն այլեւս տարընթերցումների տեղիք չի տալիս:
Իսկ ահա, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին ունենալով որոշ վերապահումներ, ասել էր. թե, «օրինագիծը եկել է քրիստոնեական տեսքի»…
Իսկ իշխանության ներկայացուցիչ, եվրաարժեքնեչրի կրող Դավիթ Հարությունյանը հայտնել էր, թե «որքան ավելի լայն ու անորոշ են լրատվության շրջանակները, այնքան ավելի նեղ են պաշտպանության միջոցները, եւ որքան ավելի նեղ շրջանակը, այնքան ավելի լայն պաշտպանության միջոցները»…
Հետաքրքիր է` սա էլ կապ ունի՞ քրիստոնեական տեսքի» հետ…
Եթերն ազատել աղբից
Հանրային հեռուսաընկերության եթերում խոշոր ծրագրեր են իրականացվելու, ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ հավելեց, որ իրենց նպատակն է եթերն ազատել աղբից:
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Արմեն Ամիրյանն իր հերթին հայտնել է, որ իրենք հանրությանը խոստանում են շատ հետաքրքիր հեռուստաեթերով համեմված ամառ: «Ունենալու ենք հավակնոտ ու մեծ ծրագրեր, ցուցադրվելու են հանրության բոլոր շերտերի պահանջները բավարարող հեռուստածրագրեր»,- նշել են «եթերային» պաշտոնյաները:
Տիգրան Մեծի «պատասխանը» Սերժ Սարգսյանին
Տիգրան Մեծ արքան սպառիչ պատասխան է տալիս «Կարծում եք, Աղդա՞մն էլ է հայկական տարածք», ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտի արտահայտությանը:
Այդ պատասխանները Տիգրան Մեծը տալիս է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Տիգրանակերտ» ֆիլմում, որի հետ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ հուլիսի 4-ին, 5-ին եւ 6-ին` ժամը 18.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց Արցախում` Աղդամից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա հնագետ Համլետ Պետրոսյանը հայտնաբերեց Տիգրանակերտի ավերակները: «Մեծ արքան հողի տակից եւ ժամանակի խավարից պահպանում է Հայաստանի սահմանները: Ֆիլմի նյարդն այն միտքն է, որ Տիգրան արքան հենց 2006թ, շուրջ 2000 տարի անց Տիգրանակերտը դուրս բերեց հողի տակից եւ դրանով սահմանեց իր երկիրը, որը մենք պարտավոր ենք պահպանել»,- ասել է Տիգրան Խզմալյանը:
Իսկ այս տարի լրանում է Տիգրան Մեծ արքայի 2150 ամյակը: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն Արցախում իրականացվող Տիգրանակերտի պեղումները, այլեւ` արխիային կադրեր, հնագետ Համլետ Պետրոսյանը ներկայացնում է Տիգրան Մեծի ժամանակահատվածը, նրա կյանքը, գործունեությունը: «Մեր երկիրն այս վիճակում է, որովհետեւ մենք պատրաստ ենք միլիոններ ծախսել` թոզ փչելու, օդ կրակելու համար: Մեզանից հարկված գումարները մեր բյուջեից հատկացվում են մեզ թունավորելու, զոմբիացնելու համար գործող հեռուստաալիքներին, սակայն Տիգրան Մեծին նվիրված վավերագրական ֆիլմը աջակցության չարժանացավ»,- ասել է կինոռեժիսորը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.



