Հայաստանը եւ հարեւանները տարածաշրջանային ծավալումներում – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայկական տեսանկյուն
Հայաստանը եւ հարեւանները` տարածաշրջանային ծավալումներում
Մենք մեր մտահոգությունը տարածաշրջանային վերաձեւումների առումով վաղուց ենք հայտնել, եւ այժմ կարծես դրանք իրականացման մի նոր փուլում են: «Մեծ Մերձավոր Արեւելք»-ի եւ հետո «Նոր Մերձավոր Արեւելք»-ի ձեւավորման Արեւմուտքի ռազմավարական ծրագրերը քննարկվել են աշխարհի գրեթե բոլոր լուրջ երկրների պետական, քաղաքական ու հանրային շրջանակներում: Վերջերս քննարկման նյութ է դարձել նաեւ «խաղաղ եւ կայուն Կովկասյան տարածաշրջան» թուրքական առաջարկը: Այդ քննարկումների ընթացքում էլ առաջանում են նոր տեսակետներ, որոնք այս կամ այն իրավիճակից ելնելով ներառնվում են նշյալ ծրագրերում:

Մերձավորարեւելյան խնդրում արաբական աշխարհի հետ հարցերը քիչ թե շատ կարգավորելուց հետո, Արեւմուտքը հետեւողականորեն աշխատում է Իրանի ջլատման ուղղությամբ: Փաստորեն, Պաղեստինի հարցերով մտահոգ արաբական պետությունները, որոնք ժամանակին առճակատվում էին Իսրայելի հետ, հիմա Արեւմուտքի (ուստիեւ՝ Իսրայելի) դաշնակիցներն են: Դրանցից Հորդանանը, կորցնելով իր տարածքի մի մասը, այդ թվում՝ Երեւսաղեմը, հանկարծ ու դարձել է չեզոք երկիր արաբա-իսրայելական (հատկապես՝ պաղեստինյան) հակամարտությունում: Իրաքը, բռնի իշխանափոխությունից հետո, կանգնել էր մասնատման շեմին եւ միայն Արեւմուտքի պայմաններին հնազանդ լինելով կարողացավ պահպանել տարածքային ամբողջականությունը, եւ հիմա այս երկիրն էլ խնդիր չունի Իսրայելի հետ… Սաուդյան Արաբիան, որ «ամենա»իսլամական եւ «ամենա»արաբական երկիրն է համարում իրեն, նույնպես Արեւմուտքի շահերն է հետապնդում Արաբական թերակղզում: Եգիպտոսը մի կերպ իրեն վերադարձնելով Սինայի թերակղզին իսրայելական բռնազավթումից, այդուհետ նույնպես հայացքն ուղղել է Արեւմուտք: Եմենն ու Օմանը, Քաթարն ու Բահրեյնը, Քուվեյթն ու ԱՄԷ-ն եւս աջակից են Արեւմուտքին, եւ հատկապես Քուվեյթն ու Արաբական էմիրաթները, ինչպեսեւ Իրաքը խնդիրներ ունեն նաեւ Իրանի հետ, ինչը նույնպես օգտագործվում է անգլո-ամերիկա-իսրայելական ծրագրերում:
Եվ այսպես, երեւակվում է, որ Իսրայել-Պաղեստին հակամարտությունում արաբական «համերաշխություն» ասվածը Արաբական թերակղզում չի գործում, իսկ Արաբական լիգայի (Ասիայի եւ Աֆրիկայի ավելի քան 20 արաբական երկրների) ամենատարբեր բանաձեւներն ու վճիռներն ավելի շատ բարոյական աջակցության բնույթ են կրում, քան՝ գործնական: Իրականում Պաղեստինի կողքին (որի հարցը իրապես համաարաբական բնույթ է կրում) արաբական երկրներից կանգնած են Սիրիան եւ Լիբանանը, որոնք դժվարանում են հակակշռել անգլո-ամերիկա-իսրայելական ճնշումներին, չնայած ամեն կերպ փորձում են դիմակայել եւ հաճախ հաջողում են:
Հիմա առավել քան հասկանալի են Եգիպտոսի, հետո Իրաքի փորձերը համաարաբական իրական համերաշխության հասնելու եւ նույնիսկ մի մեծ ու ընդհանուր արաբական երկիր կազմավորելու համար:
1950-ականների վերջերին Եգիպտոսի ղեկավարի՝ Ջամալ Աբդել Նասերի նախաձեռնությամբ միավորվեցին Եգիպտոսն ու Սիրիան, որպես դաշնային (ֆեդերատիվ) պետություն՝ Արաբական Միացյալ Հանրապետություն: Եվ սա պետք է սկիզբ դառնար համաարաբական միասնության համար, սակայն միավորումը կարճ տեւեց: 1970-ականների կեսերին Կահիրեն նորից նախաձեռնեց համաարաբական պետության ձեւավորումը, եւ 1974թ. ստեղծվեց Արաբական Հանրապետության Միությունը (եգիպտոս (նախագահ՝ Անվար Սադաթ), Սիրիա (նախագահ՝ Հաֆեզ Ասադ), Լիբիա (նախագահ՝ Մուամմար Քադդաֆի))՝ արդեն համադաշնային (կոնֆեդերատիվ) պետության կարգավիճակով: Այս նախաձեռնությունը նույնպես կարճ տեւեց՝ շուրջ 1 տարի:
Նման նպատակ ուներ նաեւ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը, ով համաարաբական միասնությունը տեսնում էր հատկապես Իսրայելի ոչնչացմամբ: Եվ հենց նա էլ փորձեց Իսրայելի գործոնի վերացման հետ զուգահեռ արաբական աշխարհում չեզոքացնել նաեւ Իրանի դերը, որի ազդեցությունը առ այսօր էլ մեծ է նաեւ պաղեստինցիների խնդրում: Իրանը Պաղեստինի հարցում միշտ էլ ավելի մեծ շահագրգռվածություն է ցուցաբերել, քան՝ արաբական երկրները, ուստի Բաղդադը առճակատվելով Իսրայելի հետ, նույնիսկ մերթ ընդ մերթ ռմբահարելով այդ երկրի տարածքը, 2000-ականների սկզբներին երկարատեւ պատերազմի մեջ մտավ նաեւ Իրանի հետ: Իրաքի նախագահը կարծում էր, թե արաբական «սլաքներն» ուղղելով Իսրայելի եւ Իրանի կողմերը՝ կկարողանա համախմբել ամբողջ արաբական աշխարհը, ինչն էլ միասնական պետություն ստեղծելու հիմք կծառայի: Սակայն, տարիներ առաջ Արեւմուտքը՝ ամերիկյան նախաձեռնությամբ 2-րդ անգամ ռազմական ուժով գրոհեց Իրաքը, որը նաեւ հյուծվել էր իրաքա-իրանյան պատերազմից, եւ Սադամ Հուսեյնին բաժին հասավ կախաղանի պարանը… Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու էր նախագահ Սադամը իր վերջին խոսքում անգլիացիներին, ամերիկացիներին եւ հրեաներին մահ գոչելով՝ մեկտեղել նաեւ պարսիկների անունը: Հիմա պետք է որ պարզ լինի:
Եվ ահա, ամփոփելով համաարաբական պատմության այս փոքրիկ դրվագները, նշենք, որ այսօր չկա որեւէ (արաբական) երկիր կամ ուժ, որը կարողանա նորից առաջ քաշել համաարաբական երկիր ունենալու ծրագիրն ու քաղաքականությունը: Եվ սա լավագույնս օգտագործվում է Արեւմուտքի ու Իսրայելի կողմից:
Այս հանգամանքը տարածաշրջանում նպաստավոր է դարձրել նաեւ Իրանի դիրքերը եւ՛ արաբական (շուրջ 20 երկիր) եւ՛ իսլամական (շուրջ 80 երկիր) աշխարհներում: Եվ այս պայմաններում շատ դժվար է Իրանի հետ առճակատվելը, ինչը հասկանում է նաեւ Արեւմուտքը, որը խուսափում է հատկապես իսլամական աշխարհի հետ ընդհարվելուց:
…Եվ հանկարծ այս պատմության մեջ խառնվում է Թուրքիան (այստեղ առավելապես կարեւոր դեր ունեցավ վարչապետ Թայիփ Էրդողանը, քան նախագահ Աբդուլա Գյուլը): Իսկ թուրքերը պետք էր խառնվեին, քանի որ Արեւմուտքը մեծացրել է ճնշումներն Անկարայի վրա՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները տապալելու համար: Անկարան նաեւ աշխուժացման փորձեր է անում համաթուրանական ճակատում, ինչը նույնպես չի ոգեւորում Արեւմուտքին (նաեւ՝ Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին եւ այլն)… Սա իհարկե, համաարաբական ծրագիր չէ՝ ավելի քան 20 երկրներ ներառող (Իրաք, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Բահրեյն, ԱՄԷ, Օման, Եմեն, Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ալժիր, Մարոկկո, Մալի, Արեւմտյան Սահարա, Սուդան եւ այլն), բայց 6 պետություն է ներառում սկզբնական փուլում (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), որոնք տարածքով նույնպես փոքր չեն, իսկ դիրքով ավելի ռազմավարական նշանակություն ունեն (չհաշված բնական հարստությունները): Եվ Արեւմուտքին հակադրվելու եւ դիմակայաելու «իրանական» փորձված ձեւը որոշեցին կիրառել նաեւ Անկարան ու Բաքուն:
Վերջերս Պաղեստին հումանիտար օգնություն տանելու պատրվակով էլ բախում եղավ թուրքա-միջազգային հումանիտար անձնակազմի եւ իսրայելական զինուժի միջեւ, ու Անկարան արագորեն իրեն հայտարարեց պաղեստինցիների պաշտպան, իսկ Իսրայելին՝ բռնակալ պետություն: Այն Իսրայելին, ում հետ ռազմավարական գործընկեր է տասնյակ տարիներ եւ որի շահերը հաճախ պաշտպանել է հենց իսրայելա-արաբական հակամարտությունում:
Այսպիսով, ակնկալվում էր հօգուտ Թուրքիայի ստանալ արաբական եւ իսլամական աշխարհների երկրների հետագա աջակցությունը Արեւմուտքի հնարավոր նոր ճնշումների դեպքում, ինչն էլ հաջողվեց… գոնե այս փուլում:
Հիմա Արեւմուտքը Իսրայելին պաշտպանելու համար հերթական անգամ պետք է գնա զիջումների, այսպես է կարծում Անկարան, ինչն էլ թուրքերը կփորձեն պարտադրել Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում: Իսկ դա կարող է վտանգավոր եւ վնասարար լինել հատկապես հայերիս համար, ինչպես հայ-թուրքական հորջորջվող հարաբերությունների ձեւավորման առումով, այնպես էլ արցախյան խնդրում եւ տարածաշրջանային քաղաքական-տնտեսական տարաբնույթ հարցերում:
Մենք չենք կարողանալու առանձին-առանձին սկսել հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններ, քանի որ Անկարան ու Բաքուն միշտ էլ գործելու են միասին:
Ուստի, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, Արեւմտյան Հայաստանի տարածքների, Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն սահմանների բացման հարցերը միշտ էլ շաղկապվելու են Արցախ-ԼՂՀ-ի ու ազատագրված (նաեւ դեռ ազատագրվելիք) տարածքների, հարյուր հազարավոր հայ փախստականների ու գաղթականների եւ նմանատիպ այլ խնդիրների հետ:
Օրերս հրապարակված Հայ Արիական Միաբանության հայտարարության մեջ նշել ենք, որ համաթուրանական քաղաքականությամբ իրենց թյուրքական սերունդների ժառանգորդ համարող ներկայիս Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի իշխանությունները փորձում են «թուրքացնել» եվրոպական Բոսնիա-Հերցեգովինայից (Ստամբուլով, Ղրիմի թաթարներով, Չեչնիայով, միջինասիական պետություններով) մինչեւ չինական Ույղուրստան ու ռուսաստանյան Սախա-Յակուտիա հորիզոնական, ինչպեսեւ՝ իրաքյան Բաղդադից (Հայաստանով, Իրանի Ադրբեջաններով, Վրաստանով, Կովկասով) մինչեւ ռուսաստանյան Բաշկորտոստան եւ Թաթարստան ուղղահայաց ուղղությունները…
Եվ այս նպատակին հասնելու համար, համաթուրանական քաղաքականության առաջին եւ հիմնական հարվածն ուղղված է Հայաստանի ու Արցախի հանրապետություններին եւ թյուրքական երկրները «տեղեկատվական պատերազմով» վերստին կասկածի տակ են դնում ոչ միայն Արցախի հայապատկան լինելու եւ միջազգային սկզբունքներով անկախանալու խնդիրը, այլեւ համաթուրքական համաժողովում (ի դեպ՝ Նախիջեւանում կայացած) կասկածի տակ են առել Հայաստանի Հանրապետության Սյունիքի (Զանգեզուրի) եւ այլ մարզերի տարածքների հայապատկան լինելու հարցը (Բաքուն արդեն անթաքույց ակնարկներ է անում նաեւ Իրանի 2 Ադրբեջանների մասով): Իզուր չէ, որ թուրք ղեկավարները Հայաստանը համարում են «անիծյալ սեպ» համաթուրքական ծրագրի «սրտում»…
Ցավոք, այս վտանգավոր քաղաքական գիծը թուրք-ադրբեջանական դաշինքը կարողացել է առաջ տանել նաեւ իսլամական երկրների համաժողովում, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում պաշտոնական Երեւանի ռազմա-քաղաքական ուղին տարածաշրջանում:  Այդ համաժողովում ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ղրղզստանը իրենց դաշնակից Հայաստանին աջակցելու փոխարեն աջակցել են Թուրքիային եւ Ադրբեջանին… Ճնշող միջավայրն այնքան ազդեցիկ է եղել, որ Հայաստանի հարցը կրոնական (քրիստոնեություն-մահմեդականություն) տեսանկյունից քննարկելուն միշտ դեմ լինող մեր հարեւան Իրանը նույնպես չի ընդդիմացել այդ վճռին (ավելին՝ ադրբեջանցիները փորձում են այդ հանգամանքից օգտվելով ապատեղեկատվությամբ «ապահովել» հնարավոր ջիհադի կոչը, տարածելով, որ ԻԻՀ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին իբր «ագրեսոր Հայաստանի եւ անջատողական հայկական ուժերի» դեմ կոչով է հանդես եկել… ինչը սակայն հերքվել է պաշտոնական Թեհրանի կողմից)…
Իսրայելի դեմ գործողություններով եւ Պաղեստինին աջակցելով Թուրքիան պարզապես փորձում է Իրանից խլել իսլամական (նաեւ արաբական) աշխարհի առաջնայնությունը, որին Թեհրանը հասել է ոչ միայն իսլամական հեղափոխության շնորհիվ, այլեւ` նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակասիոնիստական կեցվածքով), ուստի՝ համաթուրքական եւ համաարաբական նկրտումներին հակակշռելու համար անհրաժեշտ է լրջորեն նախաձեռնել համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորմումը, ինչը ձեռնտու կլինի նաեւ Իրանին: Համաքրիստոնեական որեւէ ձեռնարկում երբեւէ չի եղել, որպեսզի հակակշռում լինի հակահայ դրսեւորումներին, չի էլ լինելու: Մի բացառություն կարող է լինել, եթե իրապես ծավալվի թուրք-հրեական հակամարտությունը, ապա էկումենիկ շարժման քրիստոնեական եկեղեցիները հանուն հրեականության պաշտպանության կաջակցեն Հայաստանին: Այս առումով հետաքրքիր ծավալումներ կան նաեւ բուն Իսրայելում, հակաթուրքական հանրահավաքներում իսրայելցիները արդեն խոսում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, հայտնում են, որ իրենք էլ նավերով օգնություններ կարող են տանել Թուրքիայի հայերին ու քրդերին… եւ եթե թուրքերը կարծում են, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, ապա Անկարան էլ հայաստանի մայրաքաղաքն է… Ինչեւէ, ոգեւորվելն այստեղ անտեղի է դեռեւս, քանի որ Թուրքիան ու Իսրայելը մեկ անգամ չէ, որ տարաձայնություններ ունեցել են ու հարթել են, երբ այսպես կոչված «միջազգային հանրությանը» հասկացրել են, որ պետք է հարգվեն իրենց տեսակետները…
Իսկ համաարիական տարածաշրջանային (հետո էլ համաշխարհային) ռազմա-քաղաքական դաշինքը համագործակցության եւ համերաշխության լուրջ խթան կդառնա Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի ու Մերձավոր Արեւելքի այն երկրների ու ազգերի համար (անկախ կրոնական դավանանքից), որոնք ստեղծվել (արարվել) եւ ապրում են բնիկության իրավունքով: Այդ իրավունքի հիման վրա էլ համաարիական դաշինքը կքննարկի նշյալ տարածաշրջանների բնիկների ու եկվորների (բռնի ներխուժածների) կեցվածքն ու իրավունքները:
Երեւանը պետք է արագորեն դարձնել համաարիականության (նաեւ համահայկականության) կենտրոն եւ պետք է համայն հայության ներքին կյանքում լրջորեն ներառել արիադավանության (հայ արիադավանության-հեթանոսության) վերազարթոնքի հարցը:
Այս առումով էր, որ կարճ ժամանակ առաջ Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հայտարարեցին Երեւանում Արիական Գլխավոր Տաճար կառուցելու նախաձեռնության մասին:
Առաջ է քաշվել նաեւ ազգային միասնությունը հավատով վերականգնելու՝ հուդա-քրիստոնեության փոխարեն արիա-քրիստոնեական անցումային տարբերակը՝ քրիստոնյա հայերի հավատադարձի անցավ անցումը ապահովելու համար:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 22 (153), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։