Հայաստանը մարդարարության օրրան և արիականության կենտրոն

Վերին Նավեր դամբարանադաշտում բացվել են արդեն շուրջ 60 դամբարանաբլուրներ, իսկ բուն պեղումները դեռ ընթանում են: Աշտարակի տարածաշրջանում ավելի քան 100 հա տարածք զբաղեցնող դամբարանադաշտը հայտնաբերվել է դեռեւս 35 տարի առաջ:
Դեռ 1976թ. «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը այստեղ իրականացրել էր հնագիտական աշխատանքներ, եւ բացվել էին հարակից տեղանքների մի շարք դամբարանադաշտեր՝ Ագարակի հնավայր, Աղթամիրի ամրոց, Աղցքի արքայական դամբարան ու նաեւ Ներքին Նավեր հնավայր, որտեղ էլ հայտնաբերվել է հին արիական ծեսի հետ առնչվող հսկա տաճարական համալիր: «Սա չի կարող պատահականություն լինել: Հավանաբար, այս տարածքը եղել է սրբազան մի տեղ, որը հետագայում դարձել է Ոստան Հայոց: Այստեղ եղել է Արշակունիների ոստանը, որտեղ արքայական տոհմի անդամներն են ապրել, եւ հենց այստեղ էլ կատարվել է նրանց թաղումը»,- հայտնում է «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Արշավախմբի ղեկավարը նշում է, որ պեղումն արվում է ոչ թե հնագիտական նյութ ձեռք բերելու համար, այլ որպեսզի բացահայտվեն հնագույն քաղաքակրթություններն ու ձեւավորվեն պատմական լուրջ վերակազմություններ: Իսկ հիմնական վերակազմություններից մեկն, ըստ նրա, այն էր, որ առանձնացվեց Հարավային Կովկասում ամենահնագույն մշակույթներից մեկը՝ միջին բրոնզե դարի Կարմիրբերդյան մշակույթը: Հ. Սիմոնյանը դամբարանադաշտի մի մասն էլ առանձնացնում է՝ վերագրելով այն ուշ բրոնզե դարին. «Սա հիմնականում կարելի է ասել արքայական դամբարաններ են եւ թվագրվում են Քրիստոսից առաջ 15-14-րդ դարերին»,-ասում է եւ ավելացնում, որ բացված դամբարանները հիմնականում կողոպտված են, սակայն նույնիսկ թալանից հետո հայտնաբերված գտածոները ցույց են տալիս, թե ինչ ճոխ ու շքեղ թաղումներ են այստեղ եղել:
«Հայտնաբերվել են ոսկեգույն արծվի բրոնզե արձանիկ, նաեւ իշխանության խորհրդանշան հանդիսացող բազմաթիվ գտածոներ, այս թվում՝ զոհաբերված առյուծի ատամներ: Կան նաեւ մարդկային զոհաբերություններ՝ հատկապես զոհաբերվել են պատանիներ, նաեւ թիկնապահի զոհաբերություններ են եղել՝ այդ ժամանակվա ամենաուժեղ շրջանի 35-45 տարեկան տղամարդիկ: Կա հսկայական քանակի կենդանիների զոհաբերություն, հատկապես ցուլեր, ձիեր, խոզեր, ոչխարներ, հայտնաբերվել են նաեւ գիշատիչների մորթիներ՝ առյուծի, հովազի, լուսանի, գայլերի, աղվեսների, շների»,- ասում է կենտրոնի տնօրենը: Ըստ նրա՝ անկասկած այստեղ ապրողները եղել են հնդեվրոպացիներ (իմա՝ արիացիներ՝–հեղ.), եւ դրա վառ ապացույցը հնդեվրոպական մտածողության հետ կապված ցուլերի եւ ձիերի զոհաբերությունն է, ապա նաեւ այն, որ դամբարանները փորված են տուֆակերտ ժայռի մեջ, այսինքն` հնդեվրոպական մտածելակերպի համաձայն՝ ամեն ինչ արվել է, որ դին չդիպչեր սուրբ հողին` այն չպղծելու համար:
«Ես այստեղ կատարել եմ մի հստակ դիտարկում, որ դամբարանները կողմնորոշել են արեւածագով, իսկ դա ցույց է տալիս քրմական ձեւավորված դասի մասին, ուստիեւ բավական բարդ աստղագիտական գիտելիքների մասին»,- ասել է հնագետը եւ շարունակել, որ բոլոր դամբարանները անհատական են, այսինքն` նախատեսված են մեկ անձի համար: Հուղարկավորել են կանոնակարգված հատուկ ծեսով. կանանց թաղել են ձախ կողքի վրա, տղամարդկանց աջ՝ կծկված դիրքով:
Գտածոները հիմնականում տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ աշնանը ցուցադրություն կկազմակերպվի:
Իսկ ահա 2 տարի առաջ գտած հնագույն կոշիկի մասին հայ հնագետները հայտարարել էին միայն 2 ամիս առաջ, երբ պաշտոնապես ստացվեցին հետազոտության արդյունքները: «Քանի որ պեղումների մի մասի ֆինանսավորումը «National Geographic»-ի կողմից է, կար պայման, որ կարեւոր հայտնագործությունների մասին աշխարհում հայտարարեն իրենք, բայց մենք առաջինը տեղեկացրինք հայ հանրությանը»,-հայտնել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Իսկ աշխարհի ամենահին կոշիկը գտել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, hնագետ Դիանա Զարդարյանը 2008թ. սեպտեմբերի 16-ին: Այդ օրը Արենիի քարանձավ է մտել մի տարօրինակ կանխազգացումով, հետո նա դարձավ այն առաջին մարդը, ով ձեռքը վերցրեց աշխարհի ամենահին ոտնամանը:
Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Արենի-1 կամ «Թռչունների քարայր» կոչվող քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում էին դեռ 2007թ. ամռանը: Միասին աշխատում էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ամերիկյան եւ իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբերը:
3 տարիների ընթացքում հնագետները քարանձավի՝ ներս տանող լանջում, մուտքի մոտ եւ հենց ներսում պեղել-գտել են պղնձե քարեդարի ժամանակահատվածի բազմաթիվ շերտեր, մ.թ.ա. 4200-3500թթ. բազմաթիվ գտածոներ՝ չորացված մրգեր, բուսական մնացորդներ, տեքստիլ, ամանեղեն, գինու կարասներ: Դրանք, շն
որհիվ քարանձավի միկրոկլիմայի, եղել են հիանալի վիճակում: Պեղումների սկզբից էլ պարզ էր, որ գործ ունեն շատ հազվադեպ հուշարձանի հետ: Սեպտեմբերի կեսերին հնագետների ղեկավարած 5 հոգանոց խումբը ինչպես միշտ մաքրում էր քարանձավի մուտքի կավե հատակը (պայմանականորեն կոչվում էր բնակելի մաս), ու հենց այդ առավոտ է կանխազգացումով մտնում քարանձավ Դ. Զարդարյանը: Հնագետները հատակում նախ հայտնաբերում են մեծ քանակությամբ եղեգն, հետո մոտ 45 սմ շառավղով հմտորեն մշակված փոս, որը ներսից պատված էր բարձրորակ դեղին կավով: Դրանում խաչաձեւ դրված են լինում այծի կոտոշներ, մոտ 50 սմ շառավղով 1/3-ի չափով կոտրված գլխիվայր դրված մի մեծ նարնջագույն աման: «Դրա տակ էլ հենց դրված էր այս ոտնամանը: Առաջին րոպեներին չէի կարողանում մի բառ ասել: Շոկի մեջ էի, քանի որ այդ պահին իրականանում էր իմ երազանքը»,- հիշում է երիտասարդ հնագետը:

Հայտնաբերված կոշիկը օվալաձեւ է, կարված կովի կաշվի ամբողջական կտորից: Հետեւի եւ առջեւի մասերում այն հատուկ քուղերով կապվել է ոտքին: Ըստ գիտնականների, այն կարվել է հենց ոտքին: Դրա երկարությունը 24,5 սմ է եւ համապատասխանում է ներկայիս 37 համարին: Ներսից կոշիկը պատված է խոտով, ըստ երեւույթին՝ ձեւը չկորցնելու համար:
Հնագետները կոշիկի քուղերի նմուշները անմիջապես ուղարկել են Կալիֆորնիայի եւ Օքսֆորդի 2 տարբեր համալսարաններ՝ հետազոտության եւ 1 տարի հետո ստացվել են ռադիոածխածնային անալիզի ապշեցնող արդյունքները. հայ հնագետների հայտնաբերված կոշիկը 5.637-5.387 տարեկան է, ավելի հին` քան եգիպտական բուրգերը: «Շատ ենք հպարտանում, որ այն հայտնաբերվեց հենց Հայաստանում, հիմա դրա նմուշները պետք է ուղարկենք ԴՆԹ հետազոտության»,- ասել է Դ. Զարդարյանը:
Ի դեպ, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում ասում են, որ այժմ իրենց շատ գտածոներ հետազոտման գործընթացում են եւ չի բացառվում, որ առաջիկայում ավելի զարմանահրաշ տեղեկություններ տրվեն…
  Այո՛, երբ  հանրահայտ գիտնական Պարիս Հերունին խոսում էր 7.500 տարվա վաղեմություն ունեցող Քարահունջի աստղադիտարանի (ուրեմնեւ՝ առնվազն մի քանի անգամ ավել ժամանակահատված ապրած-ձեւավորված ու զարգացած ազգի՝ մոտ 40.000 տարվա) մասին, երբ հայ արիները հենվելով մարդկության հնագույն ձեռագրերի (Վեդաների եւ այլ նմանատիպ գրվածքների) կամ տարաբնույթ հնագույն գտածոների տասնյակ հազարավոր տարիների պատմության (նաեւ հենց Վեդաներում առկա՝ միլիոնավոր տարիներ առաջ դեռ հայտնի մարդկային տեսակների) մասին… մեր շատ ազգակիցներ միայն քրիստոնեաբար ժպտում եւ ծիծաղում էին եւ են: Դե իհարկե, ոնց կարող է «Բիբլիա-Աստվածաշունչ»-ը ստվերում մնալ… Իսկ օտարները նախանձից եւ ատելությունից դրդված էին ուրանում այդ ամենը (չհասկանալով, որ իրենց չտեսնելը ոչ մի ազդեցություն չունի Տիեզերական փուլերի պարբերականության հետ)… Բայց գալիս են արդարադատության, ճշմարտության եւ վերականգնումի ժամանակները, եւ ինչպես մի հոդվածում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր ասել՝ «Տիեզերական Գարուն է այլեւս, շուտով էլ կարիք չի լինի վիճելու, թե որ ազգն է ավելի հին` 4.000-4.500 տարեկան հու՞յնը, թե՞ եգիպտացին, 5.000 տարեկան հրեա՞ն, թե՞ 5.500-6.000 տարեկան հայը (նաեւ՝ 12.000 կամ 40.000 տարեթվեր կան նշած)… Շուտով հարյուր հազարավոր-միլիոնավոր տարիների բացահայտումները ծիծաղելի են դարձնելու միմյանցից 500-1000 տարվա վաղեմության «կռիվները»: Հայկական-Արարատյան լեռնաշխարհի եւ Հայ տեսակի արարչական ծագումն ու առաքելությունը դեռ կզգան բոլորը: Արարատյան Աշխարհը մարդկության մարմնական ու հոգեւոր փրկության մի նոր հանգրվան է դառնալու: Դեռ բոլորն են երազելու եւ ձգտելու մեր Աստվածների օրհնանքին, դեռ ինչքան են փառք տալու Նրանց…»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։