Հայ բասկետբոլիստուհիները` կիսաեզրափակիչում
Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարի նախնական փուլը, որին մասնակցեցին 7 երկրների հավաքականներ:
Մեր ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել էր 1-ին ենթախմբում, որտեղ մրցակիցներն էին Մոլդովայի, Անդորայի եւ Ջիբլարթարի ընտրանիները: 2-րդ ենթախմբում ընդգրկված էին Շոտլանդիայի, Մալթայի եւ Ուելսի հավաքականները:
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը ստեղծվել է 1988թ. այն նպատակով, որ բասկետբոլի մրցաշարեր անցկացվեն փոքր երկրներում: Այդ դիվիզիոնի մշտական անդամներ են համարվում Անդորրան, Ջիբլարթարը, Մալթան, Սան Մարինոն եւ Մոնակոն: Մնացած մասնակիցներին հրավիրում է ՖԻԲԱ-ն: Սան Մարինոն ու Մոնակոն այժմ չունեն կանանց հավաքական, ուստի այդ երկրները չմասնակցեցին այս առաջնությանը: ՖԻԲԱ-ն հրավեր էր ուղարկել նաեւ անցած տարվա մրցաշարին մասնակցած Ադրբեջանի հավաքականին, սակայն վերջինս հրաժարվել է հանդես գալ Երեւանում:
Արծաթե եւ բրոնզե մեդալներ
Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունը: ՀՀ պատվիրակներից 4 մարզիկներ, հաղթահարելով առաջին արգելքները, մտել էին կիսաեզրափակիչ եւ շարունակում էին պայքարը:
Թեթեւ քաշային Հենրիկ Մոկոյանը հաղթելով Դանիլ Շամսուդինովին (Ռուսաստան), մտավ եզրափակիչ, բայց այստեղ մեր մարզիկը տանուլ տվեց ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկի հետ մարտը եւ արժանացավ արծաթե մեդալի: 50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը նույնպես նվաճեց եզրափակիչի ուղեգիր, բայց կրկին պարտվեց վճռորոշ մենամարտում՝ զիջելով անգլիացի Թոմաս Ուորդին:
Իսկ ահա 57 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը անհաջող հանդես եկան եւ պարտություն կրեցին կիսաեզրափակիչում: Նրանք արժանացան բրոնզե մեդալների:
Քիքբոքսինգում ունենք մրցանակակիրներ
Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գառնիկ Հայրապետյան օրերս հայտնեց, որ աշխարհի առաջնությանը մասնակցել են 10 հայաստանցի մարզիկներ, որոնցից 3-ը նվաճել են ոսկե, 2-ը` արծաթե եւ 3-ը` բրոնզե մեդալներ:
Մասնակիցներից 4-ը մեծահասակներ են, որոնցից 2-ը նվաճել են ոսկե, 1-ը` արծաթե եւ 1-ը` բրոնզե մեդալներ:
Մեծ շախմատ Ջերմուկում
Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան-պրի»-ի 6-րդ փուլից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4,5 միավոր եւ 2-րդ հորիզոնականում է: Աղյուսակը շարունակում է գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն՝ 5,5 միավորով: Մեր մյուս շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 3 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:
Ութնյակը հայտնի է
Հարավաֆրիկյան հանրապետությունում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց նաեւ 1/8 եզրափակիչ փուլը: Այդպիսով, հայտնի են այն 8 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը ՖԻՖԱ-ի ոսկե գավաթի համար:
1/4 եզրափակիչ
2 հուլիսի
Հոլանդիա – Բրազիլիա,
Ուրուգվայ – Գանա:
3 հուլիսի
Արգենտինա – Գերմանիա,
Պարագվայ – Իսպանիա:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.



