Հայաստանում ազգայնականության արժեվորման խնդիր կա

Երբ քրիստոնյա երկրները սատարում են մեր երկիրը շրջափակող մահմեդական Թուրքիային ու ԱդրբեջանինՀամաշխարհային աշխարհաքաղաքական տարաբնույթ գործընթացները վաղուց եւ՛ ուղղակի եւ՛ անուղղակի ազդում են հայության (նաեւ՝ սփյուռքահայության) ու Հայաստանի հոգեւոր-հավատամքային, լեզվա-մշակութային, իրավական-բարոյահոգեբանական, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ ոլորտներին: Երբեմն այդ ներգործությունը եղել է թելադրող ու աղետալի, որից հետո հայ ազգը նույնիսկ հարյուրամյակներ շարունակ պայքարել է իր անկախ պետականությունը վերակերտելու, արտաքին ու ներքին ազգային քաղաքականություն վարելու, սեփական արժեքային համակարգը վերականգնելու համար…

Համաշխարհային կլանող համապարփակեցման գործընթացներին եւ ռազմա-քաղաքական ներխուժումներին դիմակայելու, միջազգային ամենատարբեր կառույցներում հայության շահերն ու Հայաստանի քաղաքական վարկը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ձեւավորել ոչ միայն ազատ, անկախ ու միացյալ Հայաստան, այլեւ՝ զուգահեռ կերտել հոգեւոր Հայաստան՝ հայահոգի հայրենիք: Միայն այս դեպքում է հնարավոր որպես մեկ ամբողջություն առաջնորդվել ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով՝ ազգի ու հայրենիքի միասնությունը, անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ:
Սրանով սկզբունքորեն պետք է շահագրգռված լինեն եւ՛ Հայաստանի իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ սփյուռքահայությունը, մի խոսքով` համայն հայությունը: Սա պիտի լինի համահայկական շահերից բխող մեր ռազմավարությունը…
Հայ ազգայնական ուժերը, որոնք առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների եւ միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարախոսա-իմաստասիրական սկզբունքների պահպանման գործում, պիտի նախաձեռնեն այս հույժ կարեւոր ու վերանորոգչական, ազգապահպան գործը: Ազգայնականներն իրական հնարավորություն ունեն (խոր արմատներ ունենալով ազգում) ազնիվ, անկաշկանդ քաղաքականությամբ առաջնորդվելու եւ շատ արագ հզոր հասարակական-քաղաքական ուժ դառնալու համար: Թերեւս ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարվի հանրության մեջ սպրդած ապազգային անլիարժեքության (թերարժեքության) բարդույթը, ինչպես նաեւ հարյուրամյակներ պետականություն չունենալու հանգամանքը, վերականգնվի մեր խեղաթյուրված ազգային-բարոյական նկարագիրն ու արժանապատվությունը…
Հայ ազգայնական ուժերի որդեգրած քաղաքականությունը արտաքին ու ներքին հարաբերություններում պետք է լինի պատմա-քաղաքական, հոգեւոր-հավատամքային, պետք է առաջնահերթ նպաստի ազգային ինքնության՝ ինքնագիտակցության վերահաստատմանը, ազգային արժանապատվության ու մտածողության վերականգնմանը, հայրենիքի ամբողջականության (ներկայումս՝ Արցախի, հետագայում՝ Ջավախքի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի խնդիրները) գաղափարների կարեւորմանը, որն էլ կամրագրի ազգայնական քաղաքականության հիմնական առաքելությունը՝ Հայ Տեսակի եւ Հայոց Բնօրրանի արարչաստեղծական գաղափարաբանությունը:
Անհերքելի է, որ հզոր հայոց պետության վերականգնման եւ հայ ազգի բարգավաճման համար անհրաժեշտ է վարել անկախ քաղաքականություն եւ ստեղծել զարգացած տնտեսություն, սակայն, անժխտելի է նաեւ, որ դրան հասնելու նախապայմանը սեփական Ակունքներից սնվելն ու ազգային գաղափարախոսությամբ, հավատամքով առաջնորդվելն է: Այս առումով կործանարար են մեր իշխանությունների ու եկեղեցու որդեգրած հարմարվողական օտարաշունչ կրոնական-գաղափարախոսական ուղղվածությունը, լեզվակրթական-մշակութային քաղաքականությունը, տնտեսության մեջ արդյունաբերության անտեսումը, ինչն էլ իր հերթին պատճառ է դառնում օտարածին մտածելակերպի ձեւավորման, ազգի մասնատման, ներազգային, հատկապես՝ հավատամքային հակամարտությունների դրսեւորման, այլոց հայակուլ քաղաքականության ամրապնդման եւ սոցիալ-տնտեսական սնանկության համար:
Կարելի է, իհարկե, որդեգրել ապազգային գաղափարախոսություն, կրոն եւ մաս կազմել ինչ-որ կայսրության, դրա բազմաքանակ ու անդեմ ժողովրդի եւ այդպես երեւալ «հզոր», դառնալ մի «մեծ» կրոնի կամ գաղափարի հետեւորդ: Սակայն, մի օր արհեստական գոյակցության ու դրա «կառուցած» անիրական քաղաքականության անխուսափելի փլուզումից հետո այդ ամենը կարժեզրկվի եւ «ձեռքբերումը» կլինի լքյալի, անօգնականի կարգավիճակը: Մենք մի ակնառու փորձ ունենք՝ Խորհրդային Միությունը: Հիմա էլ եվրաարժեքների ու եվրաքաղաքականության (մեծ հաշվով՝ գլոբալիզացիայի) կցորդն ենք դարձել ու մի օր էլ դրա փլուզման «տակ ենք ընկնելու»…
Ազգայնական քաղաքականության խնդիրն է վերլուծել ինչպես քաղաքական-տնտեսական, այնպես էլ գաղափարախոսական, հոգեւոր-կրոնական, մշակութային իրավիճակը, ամրագրել պատմական ազգային ակունքները, որոնց վրա կարելի է կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությունը, կրոնը, ավելի ճիշտ՝ հավատը, դրանցից բխող արտաքին ու ներքին քաղաքականությունը եւ սոցիալ-տնտեսական համակարգը:
Ցավոք, ցայսօր Հայաստանում ամբողջական (հասկանալ՝ բոլորի կողմից ընդունելի), հայության համապարփակ շահերը ներառող միասնական ազգային կրոն-հավատ, գաղափարախոսություն եւ դրանք իրացնող քաղաքականություն ձեւավորված չէ (չնայած ազգային հավատ եւ գաղափարախոսություն վաղուց գոյություն ունեն), եւ այս բացակայությունն, ինքնըստինքյան, խթանում է օտարածին, փոխառած եւ այդ ընթացքում խեղաթյուրված գաղափարախոսությունների, կրոնահավատքային եւ այլ բարոյախոսությունների ներխուժումն ու տարածումը: Այն ավելի կատաղի բնույթ է ստանում՝ ամենատարբեր կրոնական աղանդների, միասեռական «փոքրամասնությունների» եւ մոլագարական այլ խմբավորումների ձեւավորմամբ, որը կատարվում է «քաղաքակիրթ պետությունների» վարակիչ օրինակի նմանակությամբ…
Հարյուրամյակներ շարունակ հատկապես քրիստոնեությունն են փորձում ներկայացնել որպես ազգային կրոն եւ գաղափարախոսություն. «Էլ ի՞նչ հայ ես, եթե քրիստոնյա չես»,- կարծես կրոնն է հային ստեղծել… Սակայն, քրիստոնեության ավելի քան 1700-ամյա ժամանակաշրջանը չկարողացավ ջնջել տասնյակ հազարամյակների պատմություն ունեցող հայոց նախաքրիստոնեական ու նաեւ՝ նախահեթանոսական՝ հայ-արիական փառահեղ անցյալը, եւ այդ կրոնն այն ակունքը չէ, որից պետք է սնվի արդի հայ ազգային գաղափարախոսությունը: Բազմահազարամյա հայոց պատմությունն անքակտելի է եւ, խախտելով դարերի օրգանական կապը, մենք կտրատում ենք մեր հնամյա պատմության «մարմինը»: Մեր անցյալի մի մասն են ինչպես 1700-ամյա քրիստոնեությունը, այնպես էլ 70-ամյա համայնավարական ժամանակաշրջանը: Մենք անտեսել չենք կարող մեր արարման պահից սկսած բոլոր ժամանակաշրջաններից եւ ոչ մեկը, առավել եւս նախաքրիստոնեական եւ նախահեթանոսական ժամանակները, դրանք բոլորն էլ հետք են թողել՝ լավ կամ վատ, եւ բոլորն էլ մերն են…
Պետք է մեկ անգամ եւս նշել, որ ինչպես դարեր առաջ մեր պետականության գոյատեւման համար որեւէ աջակցություն չենք ստացել քրիստոնյա Հռոմից, Հունաստանից, Բյուզանդիայից… այնպես էլ ներկայումս չենք ստանում եւ չենք ստանալու քրիստոնյա Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից… Ընդհակառակը, քրիստոնյա Հայաստանը նրանց համար խաղաթուղթ է՝ այլադավան պետությունների հետ իրենց պետական շահի պաշտպանության ռազմավարությունում: Քրիստոնյա պետություններն առանց «քրիստոնեական ամոթխածության եւ ճշմարտասիրության» համագործակցում, ավելին՝ նպաստում են կրոնակից Հայաստանը շրջափակող մահմեդական պետությունների ծրագրերի իրականացմանը: Իսկ նրանց ցուցադրական բարեգործությունները ծառայում են մեկ նպատակի՝ մահմեդական Մերձավոր Արեւեւելքում եւ հարակից տարածքներում Հայաստանը պահպանել եւ օգտագործել որպես սպառնալիք կամ պատժիչ մահակ (աջքի առաջ ունենանք Իսրայելի օրինակը), որն անհրաժեշտության դեպքում կարող է պետք չգալ եւ փոխարինվել: Պատմությունն էլ ունի ասվածը փաստող բազում օրինակներ: Իսկ ահա, հակառակ պահվածքն ենք տեսնում մահմեդական երկրների համերաշխության առումով: Այդ երկրները, անկախ ամեն ինչից, հանդես են գալիս ի պաշտպանություն մահմեդական Ադրբեջանի կամ Թուրքիայի…
Ազգայնական գաղափարախոսությունը պետք է հենվի ոչ թե հայոց պատմության մի հատվածի, այն էլ՝ պարտադրանքով լեցուն մի արարի, այլ պետք է սնվի ամբողջ պատմության ընթացքում ձեռք բերած իմաստությամբ, արժեքներով, ավանդույթներով՝ կարեւորելով հայրենիք-բնօրրան հասկացությունը եւ այն վերատիրելու գաղափարաբանությունը:
Ինչպես նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո հայ ժողովրդի «որդեգրած» բոլոր կրոնական-գաղափարական-քաղաքական ուսմունքներն ու դավանանքները պետք է ծառայեն համահայկական գերնպատակին՝ Հայաստանի եւ հայ ազգի պաշտպանությանը, անվտանգությանը, միասնությանն ու բարգավաճմանը: Ներկայիս բոլոր քաղաքական ուժերն իրենց գաղափարախոսություններով պետք է կայուն քաղաքական պաշտպանական թաղանթ դառնան եւ, համագործակցելով տարբեր պետությունների նմանատիպ եւ այլ ուժերի հետ, առավելագույնս ծառայեն ազգին ու հայրենիքին:
…Ի՞նչն է խանգարում ազգայնական ուժերին վերջնականապես կայացնել այդքան անհրաժեշտ եւ անխուսափելի համախմբումը:
1. Այդ խնդիրը դնել հաստատակամորեն, նաեւ պետականորեն ու հետեւողականորեն դեռեւս չի հաջողվում, եւ բոլոր փորձերն ու բանակցությունները կամավոր դրսեւորումների արդյունք են, որոնց պարբերականությունը, ընթացքը շատ է հեռու ցանկալիից:
2. Ազգայնականների մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական խմբավորման հետ եւ իր խնդիրները փորձում է կարգավորել տվյալ պահին ավելի ազդեցիկ ուժերի միջոցով:
3. Ազգայնականությամբ (նացիոնալիզմ), մեղմ ասած, առանձնապես ոգեւորված չեն աշխարհի «ժողովրդավար տիրակալները», եւ հայ ազգայնականներից շատերն ուղղակի նախընտրում են գործել ընդհատակում, ոչ բացահայտ:
4. Ազգայնական ուժերը դեռեւս «ուսումնասիրում» են միմյանց եւ գաղափարախոսական ճշգրտումների ու մարտավարական ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում են:
5. Ազգայնական հռչակված ուժերի մեջ քիչ չեն նաեւ պատեհապաշտներն ու ներդրվածները:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի արագացվի ազգայնական միասնական քաղաքական հատվածի ձեւավորումը, որպեսզի ազգայնականներն ազատվեն անհիմն, միտումնավոր «փակցված» բազմապիսի պիտակներից եւ այս կամ այն տեղական եւ օտարերկրյա ներդրված գործակալներից:
Ամենաառաջինը` պետք է հանրությանը հաստատապես մատուցել ազգայնականության ծագումը, էությունն ու նպատակները: Հանրությունն իրականում անտեղյակ է եւ չի տարբերակում ցեղակրոնությունը ազգային եսամոլական, այլամերժական ու նվաճողական գաղափարների փնջից՝ ֆաշիզմից, ցեղապաշտությունը՝ ցեղամոլությունից (ռասիզմ), ազգայնականությունը (նացիոնալիզմ)՝ ազգայնամոլությունից (շովինիզմ), եւ արիականությունը՝ կրոնական գաղափարախոսությունից: Իսկ հայկականությունը՝ հայահավատ կենսակերպը, տարակուսանք, ավելին՝ հակազդեցություն է առաջացնում շատ հայերի մեջ. ներարկված ապազգային «թույնը» եւ թերարժեքության բարդույթը սպանել են հոգեւոր հզոր հային…
Հանուն համաշխարհային ժողովրդավարության (ինչպես մասոնա-բոլշեւիկյան տարիներին՝ համաշխարհային հեղափոխության)՝ ազգային ամենասուրբ զգացումները, ավանդույթներն ու սովորույթները, պատմական արժեքները միտումնավոր նույնացվում են մեծապետական եւ անձնապաշտական նկրտումների, դրսեւորումների հետ, ինչն էլ իր հերթին իրական ժողովրդավարությունը (դեմոկրատիա) վերածում է ամբոխավարական անսահմանափակ իշխանության (դիկտատուրա) կամ ծայրահեղական ժողովրդավարության (գրեթե անարխիա):
Ինչպես ժողովրդավարությունը, այնպես էլ դրա վերոնշյալ «աղանդները» առաջնորդվում են մի գաղափարախոսությամբ, որտեղ «իշխում եւ թագավորում» է անձը, եւ անհատը բացահայտորեն շատ իրավունքներ ունի, քան ժողովուրդը (էլ չենք ասում՝ ազգը):

Ազգայնական դաշտը խեղում են քաղաքական «շիզոֆրենիկները»

Ժողովրդավարությունը շղարշ է, անձի իրավունքների բացարձակեցումը հանգեցնում է անհատավարության, ոչ թե՝ ժողովրդավարության: Ժողովուրդը մի աներեւույթ զանգվածի տպավորություն է թողնում, որի լծակները (ժողովրդական, հասարակական) գործածվում են որպես ճնշման միջոց մի խումբ իշխանավորների համար, եւ «օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթը չի իրականացվում…
Ժողովրդավարության ներդրումը նշված ձեւով ողբալի է դարձնում ազգի վիճակը, քանզի ազգայինը ամենուր ծայրահեղականի կամ հետադիմականի անվամբ մերժվում եւ հալածվում է: Ազգերի ինքնորոշման իրավունքը փշրվում է՝ զարկվելով մերօրյա զավթարարների հռչակած, այսպես կոչված տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքին, եւ ազգերն իրականում զրկված են իրենց հիմնական, կենսական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից (ինքնորոշվել, իրենց բնորոշմամբ, նշանակում է ուղղակի ձեռք բերել մշակութային կամ կրոնական-հավատամքային անկախություն): Այս ամենի հովանավորը՝ ՄԱԿ-ը, դարձել է մի քանի հզոր տերությունների խաղերի թատերաբեմ, որտեղ բազմաքանակ ազգերը մշտապես գրում են դերեր՝ փոքրաքանակ ազգերի եւ թույլ, դեռեւս ինքնահաստատման ճանապարհին գտնվող պետությունների համար՝ ցինիկորեն տնօրինելով նրանց ճակատագրերը՝ համապարփակեցման (գլոբալիզացիա) ներդրմամբ: «Ուժն ու արդարությունն են ծնում իրավունք» կարգախոսից «ժողովրդավարա (սիրա)բար» դուրս է շպրտվել «արդարություն» բառը, եւ աշխարհում իշխում է բիրտ ուժը: Իսկ ժողովրդավարությունն այս պարագայում ազդեցիկ ու «անմեղ» միջոց է խոսքի, հավատքի ու խղճի ազատության անվան տակ ներխուժելու որեւէ պետության տարածք՝ հակազգային քարոզներով մասնատելով ու բարոյալքելով նրա բնակիչներին՝ պայման ստեղծելով այդ երկրի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործերին «հիմնավոր» կերպով միջամտելու համար: Այս տեսանկյունից ամենաարդար ազգային-ազատագրական կամ ինքնապաշտպանական պայքարն անգամ կարող է «վերածվել» ծայրահեղականների, կամ հեղափոխականների (հեղաշրջում անողների իմաստով) շարժման, իսկ տվյալ ազգի նվիրյալները, ովքեր սրբազան պայքարի են դուրս եկել իրենց ազգի եւ երկրի ազատության համար, կարող են գրչի մի հարվածով, ՄԱԿ-ի ընդամենը մի որոշմամբ դառնալ ո՛չ միայն իրենց ազգի, այլեւ՝ մոլորակի եւ մարդկության թշնամիները…
Եվ զարմանալի չէ, թե մարդու իրավունքներն ինչու են այդքան անսահմանափակ: Այդպիսով ժողովրդավարությունն աննկատ թելադրում է անհատին՝ առաջնորդվել սեփական «ես»-ի բավարարման պահանջներով՝ անմարդկային եւ անբարոյական ազատությունների շահարկմամբ, ինչի հետեւանքով բնական մարդկային ու ազգային դիմագիծը կորցնելով՝ հանգում է անասնական, ավելին՝ հակաբնական եւ ինքնակործան պահվածքի ու վիճակի…
Առավել վտանգավոր է, երբ ժողովրդավարները ցուցադրաբար հանդես են գալիս իբրեւ ազգային-ժողովրդավարներ. այս պարագայում հայտնվում է քաղաքական մի խառնուրդ, որը «գենետիկ» շեղման, երկվության մեջ գտնվելով՝ ինքնաբերաբար ընդարձակում է քաղաքական «շիզոֆրենիկների դաշտը», որը խեղում է եւ՛ ժողովրդավարությունը, եւ՛ ազգայնականությունը: Ամեն ինչից կարծեցյալ ամենալավն ընտրելը հանգեցնում է ոչ թե նոր լավ ձեւի ստեղծմանը, այլ՝ լավ «հիբրիդի» առաջացմանը, որը թվացյալ օգտակար լինելով տվյալ պահին, այնուամենայնիվ «անպտուղ» է եւ, հետագայում, բնականորեն ընթացքի մեջ մտնելով՝ դառնում է հակազդեցության, հակաբնական միջամտության պարարտ հող…
Ազգային-ժողովրդավարները փորձում են արհեստականորեն միացնել երկու տարբեր համակարգեր, որոնք բացահայտորեն հակադիր են: Ժողովրդավարական համակարգի ստեղծած սանձարձակ անհատը երբեք չի կարող գոյատեւել ազգային համակարգի պահպանողական միջավայրում, որտեղ հակառակ ժողովրդավարական սկզբունքների՝ գործում են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի, ազգայնականության որդեգրած սրբազան իշխանության (հիերարխիա) բնական կանոնները, եւ այստեղ ազգի իրավունքներն օրինաչափորեն վեր են անհատին տրված իրավասություններից: Անժխտելի է, որ ազգի շահը՝ ինքնատիպության պահպանման եւ այդպիսով հարատեւման խնդիրը, չի կարող ստորադասվել անհատի քմահաճույքներին, ներմուծված բարոյազուրկ ազատություններին, ու «ոսկե միջին» այս պարագայում գոյություն չունի. ամեն մի փոքր շեղումն անգամ խեղաթյուրում է այդ յուրօրինակ եւ ոչ համադրելի համակարգերը…
Նման մի օրինակ էլ կա հավատի ոլորտում. առաջացել են քրիստոնյա-հեթանոսների կամ հեթանոս-քրիստոնեավարների մի քանի խմբեր, որոնք էլ ազգային-ժողովրդավարների պես «մուտացիա» են իրականացնում հոգեւոր-հավատքի բնագավառում… Սրանք կարծում են, թե հայոց հին հավատը կարող է վերազարթնել Հայ առաքելական եկեղեցու օժանդակությամբ, այսինքն՝ Եհովան պիտի աջակցի Հայր Արային… Ինչպես ասում են՝ ծիծաղելի կլիներ, եթե շատ տխուր չլիներ:
Բոլոր ազգերն էլ ունեն ինքնություն, առաքելություն ու բնօրրան, եւ դրանց պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը նրանց առաջնային գործն է: Ինքնատիպ ազգայինը, օրինակելի մարդկայինը միշտ էլ համադրելի են, եւ այդպես են ստեղծվում համազգային ու համամարդկային արժեքները: Համամարդկային հանդեսում յուրաքանչյուր ազգ պետք է ներկայանա իր սեփական եսով, իսկ միջազգային ասպարեզում՝ իր ուրույն մշակույթով, արվեստով, գիտությամբ, արհեստներով, ավանդույթներով եւ այլ արժեքներով: Այսպես ձեւավորվում է համաշխարհային քաղաքակրթությունը, եւ եթե ազգերը հրաժարվեն իրենց ինքնատիպությունից, ինքնուրույնությունից ու շարժվեն կեղծ համամարդկայինով, ապա այն, հետզհետե սպառվելով, կոչնչանա, քանզի կզրկվի իրեն սնող ազգերի յուրօրինակ եւ մշտադալար արմատներից: Եթե համամարդկայինը սեփականացվի որեւէ ազգի կողմից, ապա տվյալ ազգը ստիպված է լինելու փոփոխել իր դիմակը, քանզի քաղաքակրթությունը զարգացող շարունակական երեւույթ է: Այս պարագայում հայ ազգայնականի ճիշտը սեփական ազգային ավանդույթներն ու արժեքները, կենսաձեւը ժամանակին համահունչ դարձնելն է (ոչ թե օտարինը ընդօրինակելը), որը, սակայն, չի ակնկալում որեւէ էական, սկզբունքային շեղում հայարիական ներցեղային օրենքներից ու բարոյականությունից, եւ սա է Հայ Տեսակի գոյատեւման, զարգացման ու հարատեւման գրավականը…
Ազգայնական գաղափարախոսություններն ու ուսմունքները, հայկական ծագումնաբանությունից բխող այլ գաղափարները հանգեցնում են մի եզրակացության, որ դրանք բոլորն էլ՝ ցեղակրոնությունը, ցեղապաշտությունը, ազգայնականությունը, արիականությունը եւ այլն, սնվում են նույն արմատ-ակունքից, հենված՝ նույն ներցեղային օրենքների ու բարոյականության հիմքին, ձգտում են նույն բնօրրանի՝ հայ ցեղի հայրենիքի եւ արիական ցեղի նախահայրենիքի վերատիրմանն ու պաշտպանությանը, եւ, ի վերջո, այս բոլոր գաղափարախոսությունները «ներծծվելու» են Հայկականության մեջ, քանզի հիմնվում են համահայկական համակարգի նախապատմությանն ու հիմնադրույթներին: Այս առումով, եթե հայկականությունը կարելի է համարել մեր՝ հայ տեսակի ազգային ներքին քաղաքականություն, ապա արիականությունը (համաարիականությունը) զուգորդվում, համադրվում է մեր արտաքին քաղաքականության հետ, քանզի սրանք հիմնականում նույն ՀԱՄԱԿԱՐԳ-ն են, լրացմամբ, որ արիականությունն անդրադառնում է նաեւ ամբողջ արիական տեսակին՝ մեզ արյունակից ազգերին նույնպես: Ինչպես այս երկու աշխարհայացքները, այնպես էլ վերը թվարկած գաղափարախոսությունները ոչ թե հակադրվում են միմյանց, այլ ծառայում են նույն նպատակին՝ եւ՛ ներազգային, եւ՛ արտաազգային հարաբերություններում: Եվ Հայկականությունն է լինելու այն միասնական ազգային համակարգը, որը հետագայում որդեգրելու են բոլոր Հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք…
Մի կարեւոր հանգամանք եւս. պետություն կարող է ստեղծվել ինչպես բազմազգ հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում այդ անկախ պետությունը ազգերի համար ինքնապաշտպանության, բարգավաճման եւ հարատեւման միջոց է, սակայն, ոչ երբեք՝ գրավական: Հանրահայտ է, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետեւել տարբեր դավանանքների, բայց լինել միմիայն մեկ Գենի կրող: Այս առումով անկախ պետականության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ազգային անկախ պետության (նույնն է, թե ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը:
«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում՝ դրա պակասից»,- ասում է Նժդեհը: Այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար, առավել հայրենասեր պետք է լինեն, քան բազմաքանակները. համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ազգային ոգու չգոյությունից կամ անբավարարությունից: Այստեղ տեղին է նշել, որ ազգի սոցիալ-տնտեսական բարգավաճումն ու պետության հզորացումը նույնպես կախված է տվյալ իշխանությունների ազգային՝ հայ լինելու բնույթից, եւ ահա թե ինչու են ազգայնականները ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր բնօրրան-հայրենիքում: Պետությունը պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի մեկ ազգի, այլապես բախումներն անխուսափելի են, վկա` աշխարհում տիրող խառնաշփոթը: Մարդկային տեսակները տարբերվում են էությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ գործադրել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին: Հայաստանը Հայի Հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի Հայկական լինի՝ ծառայելով միմիայն Հայության շահերին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 24, 25 (155, 156), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։