Բնազանցությունից դեպի բնախոսություն – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն

Բնազանցությունից դեպի բնախոսություն

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդամենը մի քանի հազարամյակ է, ինչ որդեգրել եւ առաջնորդվում է «Մարդադիր օրենքներ»-ի թելադրանքով (առավել ճշգրիտ՝ «մարդակեր օրենքներ»-ի, քանզի իրական «Մարդադիր»-ը հեռու չէ «Աստվածային»-ից), արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական ու լրատվական-տեղեկատվական համակարգերով, ինչպես եւ զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, դարձնել անքննելի` միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր Օրենքներ»-ը թղթին գրվելով եւ ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ օրինաչափորեն գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը… Եվ (ան)Մարդկային այս «օրինաստեղծ» անամոթությանն այստեղ էլ շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգեւոր-բարոյական ներկայությունը…

Երկնային Սրբազան Իշխանության՝ Տիեզերակարգի հետեւորդները դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (մարդատյաց) օրենքներ»-ի հետեւորդների հետ, եւ սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, նաեւ՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ: Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները պարզապես չեն ճանաչում արհեստածին ու հակաբնական, «հողայնացված» մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը եւ շարունակում են համառորեն ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված Տիեզերակարգը՝ Արարչադիր Օրենսդրությունը: Նրանք բնախոսությունը հստակորեն տարբերում են բնազանցությունից……
Մարդկային այս տեսակը յուրաքանչյուր ազգում, այդ թվում՝ նաեւ հայերիս մեջ, բուն ազգայնական էությամբ, մտածողությամբ, հոգեբանությամբ, բարոյականությամբ ու կացութաձեւով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգում միջուկ-սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, էությամբ առաջնորդվողների, ապազգայինին դիմադրողների եւ ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգեւոր-մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:
Անհանդուրժողականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենում դա ամրագրված է ի ծնե-ի բնե եւ հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը ձեւավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունն է: Հայ ազգայնականների երկրային անիշխանական եւ երկնային իշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական Ոգե-Գաղափարական շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, տիեզերաբնույթ հատկությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինեն ամենակատարյալը եւ բնականը՝ ռիթմիկ զարգացողը եւ հավերժականը:
Այսինքն՝ մենք չենք կարող ապրել միայն մոլորակային (այն էլ՝ ապականված) օրենքներով եւ այլեւս պիտի քայլենք բնազանցությունից բնախոսություն… Չի կարող Բնական-Տիեզերական Օրենքները զանց առած (բնազանցորեն) մարդն ապրել Բարու (եւ երկնային եւ երկրային) տիրույթում, ուստի՝ Չարի (եւ երկնային եւ երկրային) տիրույթում հայտնված մարդկության համար դեռ անհասկանալի է Բնական-Տիեզերական Օրենքներին համահունչ (բնախոսորեն) ապրելու անհրաժեշտությունը՝ իր հավերժելու նախապայմանը… Հենց Չարի տիրույթում էլ մարդկությունը պարբերաբար մտածում է սպասվող  «կործանումների» եւ «աստվածային պատիժների» մասին…
Հայկական նշյալ անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու եւ այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների, վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականությունում: Ցայժմ անիշխանական դրսեւորումները երեւակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, հայ վրիժառուների, պետական եւ այլ գործիչների կյանքի ու գործունեության միջոցով: Նրանք են, որ Ազգի-Ցեղի ներքին շարժիչ ուժն են եղել եւ, մեծն Նժդեհի բնորոշմամբ, Ցեղը (Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը) կրել են իրենց մեջ, եղել են ցեղակրոններ:
Հայ Արիական Միաբանության գաղափարախոսության առանցքը հիմնված է հենց նման անիշխանական-բնախոսական գաղափարների հիմնարար սկզբունքներին: Հայ-արիականությունն ինքն արդեն իսկ տիեզերաիմաստ երեւույթ է եւ հակադիր է հողածնային մարդատյաց-մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական-անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացություններին, մարդկային, ազգային ու համատիեզերական հա
մադրելի օրինաչափություններին, ուստի անկասելի է շարունակական Բնախոսական-Բնապաշտական ընթացքը, եւ բոլոր ձեւախեղումները ժամանակավոր երեւույթներ են` խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից…   

Իսկ նշված անիշխանականությունը անհրաժեշտ է ընկալել իբրեւ բնապաշտություն՝ բնակրոնություն՝ բնությունը (ՏիեզերաԳենը) կրելու ունակություն (հետեւելով ցեղակրոնության՝ Ցեղը (Գենը) կրելու նժդեհյան մեկնությանը)…
Ազգայնականությունը արդի քաղաքականությունում այն տիրույթն է, որտեղ յուրաքանչյուր ազգային երեւույթ ամրագրված եւ վերարտադրված է արմատականորեն՝ հենված գենետիկ ակունքին:
Ուստի, հաճախ է հարց առաջանում՝ եթե կա ազգային պետություն, մշակույթ եւ այլն, ապա ինչի՞ համար է ազգայնականությունը: Ազգայինի առկայության դեպքում ո՞րն է ազգայնականության գոյության իմաստը:
Նախ՝ մենք դեռ չունենք ազգային պետություն, մշակույթ, կեցակարգ եւ որեւէ բան (Հայաստանի Հանրապետությունը ապազգային եւ միջազգային ինչ-որ պետական կառույց է ոչ ազգային սահմանադրությամբ)… բայց եթե դրանք լինեին էլ եւ մենք ապրեինք ազգային պետությունում, ապա միեւնույնն է` միշտ արմատական սկզբունքային մոտեցումն անհրաժեշտություն է լինում՝ հետզհետե չճահճանալու (աստվածասերից կռապաշտի չվերածվելու) կամ օտարասեր (օտար աստվածներ պաշտող) չդառնալու համար…
Այստեղ է, որ առանց գիտակցելու բնախոսությունը վերածվում է բնազանցության: Եվ այդպես էլ եղավ հզոր հայկական թագավորությունների հետ, երբ ազգային զորավոր ու ընդարձակ երկիր ունեցող մեր թագավորները մերժեցին ազգայնական (հայ արմատական) մտածելակերպը (կարծելով թե այլեւս անպարտելի են եւ ազգայինը «նեղ» թվաց ոմանց) եւ տրվելով կայսերապաշտական-միջազգային (ինտերնացիոնալ) կեցակարգին (եւ ամենաահավորը՝ հավատը դարձավ ինտերնացիոնալիստական, երբ խառնեցին այս ու այն ազգերի աստվածներին միմյանց)՝ կործանվեցին ու կործանեցին հայոց հզոր հայրենիքն ու հավատը…
Այժմ էլ հաճախ անհրաժեշտ է լինում հստակեցնել ազգայինի եւ ազգայնականի տարբերությունը, որպեսզի մեկը չհամարվի դրական եւ ընդունելի, իսկ մյուսը՝ բացասական ու անընդունելի: Հայ ազգայնականությունը այն բնական ազգապաշտությունն է, առանց որի չգոյատեւեցին հզոր հայկական թագավորությունները եւ, առավել եւս, ներկայում չեն կարող գոյատեւել ո՛չ մեր ազգը եւ ո՛չ էլ մարդկությանն անհրաժեշտ ազգային ներդաշնակ բազմազանությունը:
Այսօրվա ազգային մարդը հիմնականում նման է մի ազգասերի, ով իրապես սիրում է իր ազգը, հայրենիքը եւ շատ ավանդույթներ: Նա հայրենասեր է:
Սակայն, կյանքը ցույց է տալիս, որ ազգն ու հայրենիքը սիրելը դեռ բավարար պայման չի լինում ազգի եւ հայրենիքի համար ապրելու եւ մեռնելու համար…
Իսկ դա նախանշում է, որ առավել պետք է ազգապաշտ եւ հայրենապաշտ լինել, հայրենասեր լինելու փոխարեն՝ հայրենատեր լինել… Սփյուռքից (իմա՝ հեռվից) էլ կարելի է սիրել հայրենիքը եւ ազգային շատ արժեքներ, բայց դրանք պահել-պահպանել է պետք եւ այն էլ հայրենիքում, ազգային միջավայրում եւ հանուն այդ սրբազան միջավայրի…
Հայկական բնախոսական-անիշխանության հրաշալի գործ է նաեւ Գարեգին Նժդեհի ստեղծած ցեղակրոն գաղափարախոսությունը, իմաստասիրությունը:
Ցեղը Նժդեհի համար բարձրագույն եւ հիմնական երկրային արժեք է եւ Ցեղի Գենը մեր երկրային Աստվածն է՝ մեր Աստվածների շառավիղը:
Ուստի՝ ցեղակրոնությունը վերադարձնում է բնախոսական հայոց հավատը եւ ցեղակրոնները երդվում են մեր զորության եւ ռազմի Վահագն Աստծո աջի վրա, այլ՝ ոչ թե օտարածին Քրիստոսի կամ օտարի աստված Եհովայի…
Այսինքն, ոչ թե կրոնն է ծնում Ցեղը (Տեսակը), այլ Ցեղը՝ կրոնը-հավատը: Ոչ թե Ցեղն է ծառայում կրոն-հավատին, այլ կրոն-հավատը` Ցեղին… Ցեղի Աստվածներին…
Ուստի, միայն ազգայնական իշխանությունները կկազմակերպեն իրապես ազգային, իրավական եւ հավատին հենված պետություն, որի գաղափարները կառաջադրեն ու կիրագործեն դրանք իրապես կրող գաղափարակիրները:
Այլապես լավագույն գաղափարն էլ է դատապարտված, եթե այն քարոզում են ազգային դիմակով էությամբ ապազգայինները, հայի (նաեւ հայի բարեկամի) անվան տակ թաքնված օտար (կամ խառնարյուն) գեներն ու ծախու օտարահպատակները:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։