Տարածաշրջանի ապօրինի զավակը

Թյուրքերը երբեք չեն հանգստանա, նրանց պետք է հանգստացնել… «զոռով»

Ադրբեջանական պանթուրքիզմ

Ըստ իրանական «Արաննյուզ. իռ»-ի, «Բաքվի անարժան կառավարության կողմից հրատարակված գրքերում Իրանի հյուսիսային նահանգները համարվում են ադրբեջանական… Ներկայիս շինծու Ադրբեջանի Հանրապետություն պետությունը ստեղծվել է 1918թ. պանթյուրքական գաղափարախոսության պարագլուխ Մոհամմադ Ամին Ռասուլզադեի գլխավորությամբ օսմանյան զորքերի կողմից իրանական տարածքներ ներխուժման արդյունքում»:
Նշվում է, որ դեռեւս Ադրբեջանի Հանրապետության 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, ելնելով պանթյուրքական գաղափարախոսությունից, հայտարարել էր. «Մենք Իրանի մասնատմամբ եւ «Մեծ Ազերբայջանի» ստեղծմամբ հիմնելու ենք Մեծ Թուրանը՝ Թուրքիայից մինչեւ Չինաստանն ընկած հատվածը»:

Ադրբեջանի կառավարության կողմից հրատարակված գրքերում Իլհամ Ալիեւը հռչակվում է «աշխարհի ազերիների» նախագահ, իսկ «քարտեզներում Իրանի թյուրքախոս իրանցի ազերիներով բնակեցված նահանգները (Արդեբիլ, Արեւելյան Ազերբայջան, Արեւմտյան Ազերբայջան) համարվում են Ադրբեջանի տարածքներ»,- նշված է «Արաննյուզ.իռ»-ի հոդվածում:
Այս կայքը դեռ հունիսի 22-ին, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիրանական քարոզչությանը, գրել էր. «Մեկ դար առաջ Արաքսի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, այդպիսի անունով տարածք չի եղել, «Ազերբայջան» անունը վերցված է
Իրանի համանուն նահանգի անունից»:
Այսպես իրանցիներն էլ են հավաստում Ադրբեջանի անօրինական գոյության փաստը, այս «պետության» արհեստական եւ շինծու լինելը, ինչի մասին հաճախ եւ նույնպես փաստարկված գրվել է «Լուսանցք»-ում եւ այլ զլմ-ներում:

Հակաիրանական կրքեր

Հակահայկական քարոզչությամբ եւ ստահոդ տեղեկատվությամբ չբավարարվելով` պաշտոնական Բաքուն աշխուժացել է նաեւ հակաիրանական ճակատում:
Ըստ երեւույթին` «մեծ եղբայր» Թուրքիան Ադրբեջանին պատվիրել է առավելագույնս մասնակցել պանթյուրքական քարոզչությանը` Անկարա-Թել Ավիվ արհեստական հակասություններից նոր օգուտներ ստանալով: Իսլամական աշխարհում Իրանի դերը նվազեցնելու համար հակահայկական քարոզչությանը ավելացնել հակաիրանականը:
Հիշեցնենք, որ «Իսլամակամ կոնֆերանս» կազմակերպության երկրները վերջերս հակահայկական բանաձեւ էին ընդունել Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբերյալ եւ ահա, այժմ էլ իրանական տարածքների խնդիր են բարձրացնում:
Ադրբեջանական «ANS» հեռուստաընկերությունը վերջին շրջանում իր գործունեությամբ միջամտում է Իրանի ներքին գործերին, իրականացնում է հակաիրանական քարոզչություն. կեղծ տեղեկություններ տարածելով՝ տարբեր էթնիկ խմբավորումների շրջանում հակասություններ եւ անկայունություն է առաջացնում: Այդ մասին հայտնում է իրանական «Աթինյուզ. քոմ» կայքը:
«Վերջերս Ադրբեջանի Հանրապետության մի շարք հեռուստաալիքներ հեռարձակել են միանգամայն դատապարտելի հաղորդումներ, որը Իրանի հյուսիսային նահանգներում (Արեւմտյան Ազերբայջան, Արեւելյան Ազերբայջան) ապրող էթնիկ խմբավորումների շրջանում անհանգստությունների պատճառ է հանդիսացել, ավելին՝ հակաիրանական քարոզչության գործընթացը գնալով մեծանում է»,- նշված է կայքի հաղորդագրությունում:
Այստեղ նաեւ ասվում է, թե «Ադրբեջանի որոշ հեռուստաալիքներ դադարեցրել են իրանական սերիալների հեռարձակումը, որի փոխարեն հեռարձակում են անբարո ֆիլմեր, որոնք էլ սահմանակից Արեւելյան Ազերբայջան նահանգի մի շարք քաղաքներում հնարավոր է սովորական անտենաների միջոցով դիտել»:
Վերջերս նաեւ իրանցի քաղաքական փորձագետ Սաադօլլահ Զարեին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում էր նշել, որ «ամեն օր կարելի է ականատես լինել Բաքվի պետական պաշտոնյաների կողմից ղեկավարվող ադրբեջանական զլմ-ներով թողարկվող շատ խիստ հակաիրանական հրապարակումների»:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։