Հայ ազգայնականությունը ինտերնետ-համացանցում

Ինչ են գրում ինտերնետային օտարալեզու քննարկումներում հայ արիների մասին

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է հայ ազգայնականությանը, առհասարակ ազգայնական թեմաներին, տեսակետներին, համոզմունքներին: Ու քանի որ վերջերս անընդհատ գրում էի, թե ազգայնականության արժեւորման անհրաժեշտությունն ու կարիքը կա, ինձ հետաքրքրում էր՝ հայ ազգայնականության մասին ինչ է տալիս համացանցը (ինտերնետ): Սկսեցի ուսումնասիրել թուրքական եւ ադրբեջանական (առաջին հերթին՝ թշնամու), վրացական, ամերիկյան, ֆրանսիական, հրեական… ռուսական կայքէջերը, տարբեր ֆորումները, անգամ՝ գրադարանները, տարբեր մասնագետների ու փորձագետների կարծիքները… Մի ամբողջ արխիվ հավաքեցի. տեսնողը կասի՝ տարիներ շարունակ աշխատել ու կուտակել եմ: Միով բանիվ՝ համացանցը մատուցում է, որ Հայաստանի ազգայնական ուժերն են Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ): Դաշնակցության մասին խոսելիս գրում են «ռազմատենչ Դրաստամատ Կանայան»-ի մասին, նաեւ՝ Գարեգին Նժդեհին են հիշում ու ասում, որ «Հայաստանում այսօր Նժդեհի գաղափարները դավանում է նաեւ խորհրդարանական իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն»: Հակիրճ՝ առանցքը սա է: Սրան հավելած՝ հայանպաստ որոշ հայտարարություններ:

 Ինձ համար տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ, ուրախալի  էր, որ հազարաթերթ տեղեկություններ կան մի ուժի մասին՝ ՀԱՄ-ի, որին մեր՝ հայաստանյան մամուլը գրեթե տեղ չի տալիս 2005թ. ՀԱՄ առաջնորդի աղմկահարույց դատավարությունից հետո: Անկեղծ լինելու համար իհարկե ասեմ, որ խոսքս էլեկտրոնային մամուլին չի վերաբերում. վերջինս պարբերաբար ՀԱՄ-ի գոնե հայտարարությունները ներկայացնում է, եւ դա արձանագրված փաստ է:
Ինչեւէ, ինչ է գրում համացանցը ՀԱՄ-ի մասին: Իմ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կայքէջեր ազգայնականությունն ու ազգայնամոլությունը (նացիոնալիզմն ու շովինիզմը) չգիտակցված խառնում են իրար: Դա պարզ է դառնում, երբ նույն հրապարակումում հայ արիներին մեկ համարում են ազգայնականներ, մեկ էլ՝ ազգայնամոլներ (էլ չեմ ասում որոշ հրապարակումներում նաեւ՝ նացիստներ կամ ֆաշիստներ): Այս երեւույթը հիմնականում նկատվում է, այսպես ասած, ոչ մասնագիտական, այլ՝ անհատական կայքէջերում, ֆորումներում: Շատ կայքէջեր էլ (հիմնականում՝ թուրքական ու իսրայելական) այդ երկու հասկացությունները միտումնավոր են «շփոթում»՝ հայ արիներին համարելով շովինիստներ, ֆաշիստներ… Անգամ անթաքույց ուրախություն են հայտնում եւ միմյանց «բարի լուր բերում», որ, տեսեք, ազգայնական այս ուժը Հայաստանի խորհրդարանում ոչ մի աթոռ չի զբաղեցնում (այս «բարի լուրն» ավետում է եվրոպական երկրների սեռական փոքրամասնությունների միացյալ կայքէջը, որը նաեւ «բարի լուր» էր նկատել Արմեն Ավետիսյանի հետ կատարված, այսպես կոչված, վրաերթը): Իսկ մասնագիտական ֆորումներում, որտեղ իրապես քննարկումներ են լինում, այլ ոչ թե զազրախոսություններ, նույնիսկ անդրադառնում են ՀԱՄ ստեղծման պատմությանը՝ հղումներ անելով էլեկտրոնային գրադարանների եւ ՀԱՄ պաշտոնական կայքէջին՝ hayary.org-ին: Փակագծերում նշեմ, որ ուսումնասիրածս կայքէջերի հասցեները տեղի սղության պատճառով չեմ նշում: Համացանցից օգտվողները դրանք կարող են գտնել:
ՀԱՄ-ի պատմությունից հիշատակում են հատկապես այն, որ միաբանության ղեկավարը անցել է Արցախյան ազատամարտի բովով, Հայոց ազգային բանակի (անգլերեն հապավումն էլ հայերեն են տվել՝ ՀԱԲ,-հեղ.) հրամանատարներից է եղել, որ «կրոնական հայացքներով արիական է» (ձեւակերպումը նրանցն է,-հեղ.), եւ որ երեք դուստրերի անուններն էլ բացառապես հայերեն անուններ են (Անի, Արաքս, Արփի): ՀԱՄ-ը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին եւ ոչ մի անգամ ՀՀ-ի խորհրդարան չմտնելով՝ ընդհատակ չի անցել, «շարունակել է պայքարել հանուն ազգային նպատակների»: Շուրջ 7 տարվա հասարակական եւ քաղաքական գործունեության արդյունքում ՀԱՄ-ը որպես միասնական կառույց սկսեց հանդես գալ 2000թ.-ին, սակայն, վերջնականապես ձեւավորվեց ու կազմակերպվեց 2002թ. հունվարին՝ ստեղծելով իր Գերագույն Խորհուրդն ու Ազգային Խորհուրդը: Մինչ այդ, 1999թ. սկզբներին հռչակված Հայ Արիական բռունցքը նույնպես նպաստեց ՀԱՄ-ի ստեղծմանը: «ՀԱՄ-ն ընդգծված Հայկականությամբ եւ Համաարիականությամբ առաջնորդվող Հայկական արմատական-ազգայնական կառույց է, որն առավելապես հայ բնախոսական կեցվածք եւ ուղղվածություն ունի»: ՀԱՄ-ը քաղաքականապես պաշտպանում է Հայ դասական ազգայնականության շահերը: 2002թ. փետրվարից ՀԱՄ-ը որպես իր պարբերական հրատարակում է «Հայ-Արիներ» ամսաթերթը, իսկ մարտից՝ նրա եռամսյա հավելված «Հայեր»-ը (1998թ. թողարկվեց «Հայ-Արիա» ամսագիրը, որի հրատարակումը դադարեց), որոնք մեծապես նպաստեցին հայ ազգայնական գաղափարների տարածմանը: ՀԱՄ-ի կառույցում ընդգրկված են Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցությունը (ՀԱՑԿ, վերագրանցումից հետո՝ Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն (ՀՀԱԿ)), Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպությունը, Հայ-Արիական կենտրոնը՝ մարտարվեստների, մարմնակրթական եւ ստեղծագործական խմբերով, Հոգեւոր խորհուրդը, որը ներառում է քրմական դասը… Այստեղ է, որ շրջանառում են նաեւ այն ծեսերը (տեքստային եւ վիդեո տարբերակները), որ հայ արիները տոնում են Գառնո հեթանոսական տաճարում, Զվարթնոցի տաճարում, Կարմիր բլուրում, Էրեբունիում եւ Մեծամորում… Սա (հեթանոսական ծեսերը նշելը) հիմք էր տվել ֆրանսիական մի կայքի մտածելու, թե հայ արիներն անաստված են (այդպես էին գուցե ընկալել «հեթանոս» բառը): Ինչին ի պատասխան իսպանական Բարսելոնից մի այցելու նախ մանրամասն սկսել էր բացատրել, թե ինչ է հեթանոս-ը եւ հետո թե՝ հայ արիները ոչ միայն անաստված չեն, այլեւ մի քանի աստվածներ ունեն՝ «պատերազմի աստված Վահագնը, անձրեւի աստված Անահիտը եւ սիրո ու պտղաբերումի աստված Աստղիկը» (ձեւակերպումները նրանցն են, ընդունել ճիշտը՝ ռազմի աստված Վահագն, մայրության եւ պտղաբերումի աստված Մայր Անահիտ եւ սիրո աստվածուհի Աստղիկ,-հեղ.): Եվ վերջում հավելել էր, թե (հղում անելով hayary.org-ին) հայ արիներն ասում են այն, ինչ բոլոր ազգերը: Այցելուն գրել էր՝ հայ արիներն ասում են. «Հայ ազգն առաջնորդվում է հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգեւոր կերտվածքի եւ Հայ ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա» (ի դեպ, հայերենից անգլերեն թարգմանությունը բավականին լավ էր արված,-հեղ.), «Հայ ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը», «Հայ ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ», «Հայ ազգը դատապարտում է ու չի ճանաչում իրեն պարտադրվող եւ Ազգի ու Հայրենիքի շահերը նսեմացնող կամ վնասող ցանկացած որոշում կամ փաստաթուղթ», «Հայ ազգը պայքարում է իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, պահանջատեր է իր մասնատված հայրենիքի բոլոր տարածքների վերադարձման խնդրում եւ պատրաստ է պայքարի ու արդար վրիժառության»…
Սրան յուրօրինակ պատասխան է տալիս ադրբեջանական կայքէջերից մեկը՝ գրելով, թե պետք չէ վախենալ «հայ արի հեթանոսներից», որովհետեւ Հայաստանում առաքելական քրիստոնեական եկեղեցին թույլ չի տա նրանց (իմա՝ հայ արիների,-հեղ.) տարածումը: Թուրքական կայքէջերը անդրադառնում են այն ամենին, ինչ հայ արիների մասին գրում են իսրայելական կայքերը (հիմնականում՝ իբր հակահրեականության թեմայով):
Միով բանիվ՝ անվերջ կարող ենք շարունակել, բայց հստակ է մի բան՝ դիտարկումս վկայում է, որ համացանցում հայ արիականությունն ընկալվում է իբրեւ հայ արմատական ազգայնականություն: Բայց արդեն այլ խնդիր է, թե որ երկիրը ինչպես է դրան վերաբերում…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Թուրքական կայքէջերից թարգմանություններ անելու համար շնորհակալություն եմ հայտնում ընկերոջս պապիկին՝ Արտավազդ Գասպարյանին, իսկ անգլերեն եւ ֆրանսերեն կայքերից թարգմանությունների համար՝ ընկերոջս՝ կրտսեր Արտավազդ Գասպարյանին:

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

* * *

Այս ստորեւ դրված շարքը ավելացվել է հատուկ ՀԱՄ www.hayary.org կայքի «Լուսանցք»-ի ընթերցողների համար, ՀԱՄ ինտերնետային որոշ նյութերի առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

* * *

ՀԱՄ-ը՝ հայ ազգայնական կառույց
Հայ Արիական միաբանության կամ նրա առաջնորդի «Որոնում»-ները ինտերնետ-համացանցում (հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով) հավաստում են ՀԱՄ-ի՝ ճանաչված հայ ազգայնական կառույց լինելու տեսակետի հավաստիությունը, իսկ ՀԱՄ www.hayary.org կայքէջի շուրջ 100 երկրներից այցելությունները վերջնականապես հաստատում են այդ կառույցի վաստակած եւ ընդգծված հայ ազգայնական կազմակերպության դերը…

ՀԱՄ ստեղծման պատմությունից
1988-1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաեւ Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում՝ ազգային-ազատագրական պայքարը) եւ ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաեւ խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը …
Պատմական անխուսափելի եւ օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, եւ իրար հաջորդելով՝ մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու որոշակի ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետեւանքով թուլանում էր եւ՛ Արցախյան շարժումը, եւ՛ Անկախության համար մղվող պայքարը…
Պառակտման ալիքը ցնցեց նաեւ պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի ազգային անկախություն կուսակցության (ՀԱԱԿ) հիմքերը եւ այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին եւ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել «Հայ ցեղակրոնների ուխտ» (ՀՑՈւ) կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը՝ քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաեւ՝ սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին եւ Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈւ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, եւ մասնատված ՀԱԱԿ-ի թեւերից մեկում, Հայ ազգային կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ ցեղակրոնների կուսակցություն (ՀՑԿ, պաշտոնաթերթը՝ «Արյան Կանչ»), բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, եւ Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց…
1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը՝ հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարն ու կոմիսարը նույնպես նախաձեռնեցին այդ գործը, արդեն կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության (եւ Ցեղակրոն բանակ ունենալու) առաջընթացը…
Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ եւ նրանցից մեկի՝ Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցության (ՀԱՑԿ) հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին (ՀԱՄ հիմնադրելու նպատակով): Սակայն դաշնակցական, ռամկավարական, համայնավարական, հհշական եւ այլ կուսակցական ու անկուսակցական մի շարք (մոտ 10) թերթերին ուղարկված հռչակագրի եւ ծրագրային հիմնադրույթների շարադրանքը չտպվեց: Միայն 1995թ. հուլիսի 21-ին, Աբովյանի շրջանային «Կոտայք» թերթում (թիվ 8 (6079)) ՀԱՑԴ-ի (մինչ այդ ՀԱՑԿ-ն դաշինքի էր վերածվել) ներկայացուցիչների ջանքերով տպագրվեցին ՀԱՑԴ-ի հռչակագիրը եւ հիմնարար հատվածներ ծրագրից…
Շուտով անվանափոխված ՀԱՑԴ-ն՝ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինքը (հռչակագրում, ծրագրում եւ կենսաօրենքներում որոշ լրացումներ կատարելուց հետո) համալրվեց, եւ 1996թ. փետրվարի 12-ին մի քանի ընտանիք կազմավորեց ՀԱՑԴ-ի Գերագույն Խորհուրդը (ԳԽ), որն էլ արագորեն սկսեց զբաղվել նպատակային գործունեությամբ…
Մինչեւ 1996թ. ՀԱՑԴ-ում կար մեկ Ցեղապաշտ ընտանիք, որը գործում էր բազմաթիվ համակիրների (ընտանիքների) օժանդակությամբ: 1995թ. համագործակցելով, իսկ 1996թ. համալրելով ՀԱՑԴ-ն՝ այդ ընտանիքները նույն թվականին կազմավորեցին ՀԱՑԴ-ի Աբովյան քաղաքի եւ Կոտայքի շրջանի, հետագայում՝ Կոտայքի մարզի համայնքը…
1996-1997թթ. ՀԱՑԴ-ն ներգրավվեց ինչպես Աբովյանի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զանազան ոլորտներում եւ նպատակաուղղված հարաբերություններ սկսեց ամենատարբեր քաղաքական, հատկապես՝ հայ ազգայնական, արիական, նաեւ այլ ուղղվածությամբ գործուն ուժերի հետ: Սերտորեն համագործակցելով մի քանի ազգային-ազգայնական եւ այլ խմբավորումների ու կազմակերպությունների հետ, Երեւանում ՀԱՑԴ-ն մասնակցեց (Աբովյանում նախաձեռնեց) Հայոց պատմության ուսումնասիրման եւ ազգային միասնական Հայկական գաղափարախոսության մշակման աշխատանքին՝ «Արարչական Դաշտ» (Հայ-Արիական գաղափարախոսության ուսումնասիրում), «Ազգային Դաշտ» (Ցեղակրոն ուսմունքի ուսումնասիրում) միավորումներում, եւ այլ կառույցներում (Տարոնականության, Հայկական ծագումնաբանության, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության… ուսումնասիրում):
1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած՝ ՀԱՑԴ-ն 7 անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցում ստանալու համար, եւ միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Իսկ 1998թ. մարտին գրանցվեց նաեւ Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՀԱՑԴ հասարակական կազմակերպության անդամներն էին: ՀԱՑԿ-ն, թեեւ ուներ իր կանոնադրությունը, որպես գաղափարախոսական հիմք ընդունեց ՀԱՑԴ-ի գաղափարական հիմնադրույթները, նպատակներն ու խնդիրները:
1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաեւ ՀԱՑԴ հասարակական եւ ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը՝ «Հայ-Արիա» շաբաթաթերթը (թեեւ նախատեսվում էր որպես ամսագիր):
…1998թ. ապրիլին, Երեւանում ՀԱՑԴ-ն մասնակցեց Հայ ազգայնական դաշինքի (ՀԱԴ) ձեւավորմանն ու հիմնադրմանը, որին այնուհետեւ (քաղաքական խնդիրներում) միացավ ՀԱՑԿ-ն: ՀԱԴ-ն իր տեսակի մեջ եղավ Հայ ազգայնականներին համախմբած (միեւնույն գաղափարական հիմնադրույթների, նպատակների եւ կանոնագրի շուրջ) առաջին միավորումը եւ այս հաջողված փորձը ՀԱԴ-ի հետ համագործակցելու լուրջ հիմք տվեց տարբեր ազգային-ազգայնական ուժերին, ինչպես առանձին կազմակերպություններին, այնպես էլ՝ անհատներին: Միեւնույն ժամանակ Աբովյանում (Կոտայքի մարզում բանակցությունները որոշ ժամանակով ձգձգվեցին) ՀԱՑԴ-ն, ապա նաեւ՝ ՀԱՑԿ-ն, նախաձեռնեցին եւ մասնակցեցին Ազգային ուժերի միացյալ դաշինքի (ԱՈւՄԴ) հիմնադրմանը, որը կարճ ժամանակում համախմբեց քաղաքում գործող մոտ 20 հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների: ԱՈւՄԴ-ն եռանդուն ու նպատակային գործունեություն ծավալեց Աբովյանում՝ կարողանալով ազդել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ու այլ իրադարձությունների վրա:
Այնուհետեւ, 1998թ. կեսերին ՀԱՑԿ-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական պայքարի ճակատի (ՄՊՃ), իսկ 1999թ. հունվարին՝ Երեւանում՝ Հայ Արիական (Արիների) բռունցքի (ՀԱԲ) հռչակումը, որոնք էլ իրենց դերակատարումն ունեցան հանրապետության հասարակական ու քաղաքական կյանքում: ՄՊՃ-ն Աբովյանում մինչեւ տարեվերջ ղեկավարեց սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական բարեփոխումների շարժումը՝ այդ ընթացքում քաղաքում անցկացնելով հանրահավաքներ, ուղիղ հեռուստաեթերներ ու այլ միջոցառումներ, իսկ ՀԱԲ-ը, նախկին Հայոց ազգային բանակի հիմքի վրա, կազմակերպեց Ցեղակրոն եւ Արիական մի շարք ուժերի համախմբումը… ՀԱԲ, նույնպես քաղաքական-գաղափարախոսական միավորում, որի հիմնադիրներն էին ՀԱՑԿ-ն եւ նախկինում՝ 1989-1990թթ. Հայաստանում գործող (Հայաստանի անկախացմանը մեծապես նպաստած, տարածքային ամբողջականությունը պաշտպանած) Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման հրամանատարական կազմը: Շատ արագ այս դաշինքին միացան մի քանի կազմակերպություններ (հիմնականում՝ Արցախյան պատերազմում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով զբաղվող):
2000թ.-ին ստեղծվեց նաեւ ի ակզբանե նախատեսված Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ), քանզի ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն ակնկալում էին հետագայում ՀԱԴ-ի, ՀԱԲ-ի եւ ՀԱՄ-ի միավորմամբ Հայաստանում ստեղծել ազգայնական հզոր քաղաքական-գաղափարական ուժ:
ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն առաջնորդվում են Հայկականության եւ Արիականության (Համաարիականության) գաղափարախոսությամբ եւ համագործակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի տարբեր ուժերի հետ, որոնց դիրքորոշումներն ու նպատակները չեն հակասում Հայաստանի ու հայության շահերին: 2000թ. սեպտեմբերի 15-ին ՀԱՑԴ-ն եւ «Էություն» ազգային իմաստության տաճարը (ԱԻՏ) համախոհների հետ հայտնեցին Հայաստանում Ազգային Ոգեղեն-Գաղափարական Զարթոնք նախաձեռնելու մասին, որը պիտի վերածվեր Հայոց Վերածնունդն իրականացնող շարժման: 1999թ. ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ առաջադրելով ԱԺ պատգամավորի, Աբովյանի քաղաքապետի, ավագանու անդամների, եւ մի քանի մարզերում գյուղապետերի ու ավագանու անդամների  թեկնածուներ, իսկ 2000թ.՝ Աբովյանի ԱՈւՄԴ-ի հետ՝ ՀՀ նախագահի ընտրություններին: 2002-2003թթ.-ին եւ հետագայում անցկացվող ընտրություններին մասնակցեց արդեն ձեւավորված ՀԱՄ կառույցը՝ առաջադրելով, պաշտպանելով համայնքի ղեկավար (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ, ՀՀ նախագահի եւ ԱԺ պատգամավորի թեկնածուների:
… 2000-2002թթ. ՀԱՑԿ-ն իր գործունեությամբ հաստատուն եւ ուրույն տեղ գրավեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ որպես ազգայնական գործուն կառույց, եւ «Ազգայնական ակումբ»-ի, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության ու «Հայ դատ» կազմակերպության հետ որոշակիացրեց Հայաստանի դասական ազգայնական դաշտը: Սերտ համագործակցություն ծավալվեց նաեւ ՀՀ «Հայ-Արիներ» Հայկազունների ազգային (սկաուտական) միության, «Արորդաց Ուխտ» համայնքի, Հայաստանի ժողովրդային շարժման (ՀԱՀԳԲ-ի (ASALA) հասարակական-քաղաքական թեւ), «Մաշտոց միավորման» հետ՝ Հայաստանի հանրակրթական ու այլ ուսումնական հաստատություններին, հայագիտության եւ լեզվաքաղաքականության ոլորտին առնչվող հարցերում: Ամենատարբեր կազմակերպությունների հետ մասնակցեց ՀՀ կյանքի տարաբնույթ անցուդարձին (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իրավական եւ սոցիալական պաշտպանության հարցեր, տոնակատարություններ, գիտաժողովներ, ասուլիսներ եւ այլ միջոցառումներ, որոնցից նշանակալիցը՝ հազարամյակներ հետո Արագածից (Արեգակից բռնկված) բերված Նավասարդյան խաղերի կրակն էր եւ Հայաստանի Արիական ուժերի գիտապատմամշակութային համաժողովը): Առավել աշխույժ գործունեություն ծավալվեց նաեւ՝ ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության եւ սփյուռքահայ շրջանակների հետ:
ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր եւ օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երեւան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր-Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Գորիս եւ այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու եւ այլ մարզերում, նաեւ՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ), Վրաստան (Ջավախք) եւ սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, եւ այլն): Ներկայումս այս բոլոր կառույցները մտել են Հայ Արիական միաբանության մեջ:
Շուրջ 7 տարվա հասարակական եւ քաղաքական գործունեության արդյունքում ՀԱՄ-ը որպես միասնական կառույց սկսեց հանդես գալ 2000թ.-ին, սակայն, վերջնականապես ձեւավորվեց ու կազմակերպվեց 2002թ. հունվարին՝ ստեղծելով իր Գերագույն Խորհուրդն ու Ազգային Խորհուրդը: Մինչ այդ, 1999թ. սկզբներին հռչակված Հայ Արիական բռունցքը նույնպես նպաստեց ՀԱՄ-ի ստեղծմանը: ՀԱՄ-ն ընդգծված Հայկականությամբ եւ Համաարիականությամբ առաջնորդվող Հայկական արմատական-ազգայնական կառույց է, որն առավելապես հայ անիշխանական (անարխիստական) – բնախոսական կեցվածք եւ ուղղվածություն ունի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, մարդկային, ազգային եւ համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա եւ ոչ՝ իրավիճակային մարդադիր-մարդատյաց օրենքների, ուստի բխում է անկասելի եւ շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքից՝ Բնակրոնությունից (բնակրոն՝ բնությունը (բնական-տիեզերական  օրենքները) կրող, ինչպես ցեղակրոնության դեպքում՝ ցեղակրոն՝ ցեղը (գենը) կրող):
ՀԱՄ-ը որդեգրել է զուտ Հայկական ավանդական ազգայնական գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ Նժդեհյան Ցեղակրոնությունը եւ քաղաքականապես պաշտպանում է Հայ Դասական Ազգայնականության շահերը: 2002թ. փետրվարից ՀԱՄ-ը որպես իր պարբերական հրատարակում է «Հայ-Արիներ» ամսաթերթը, իսկ մարտից՝ նրա եռամսյա հավելված «Հայեր»-ը (1998թ. թողարկվեց «Հայ-Արիա» ամսագիրը, որի հրատարակումը դադարեց), որոնք մեծապես նպաստեցին հայ ազգայնական գաղափարների տարածմանը:

ՀԱՄ-ի կառույցում ընդգրկված են.
1. Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցությունը (ՀԱՑԿ, վերագրանցումից հետո՝ Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն (ՀԱԿ)).
2. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական եւ ստեղծագործական խմբերով.
4. «Հայ-Արիա» ամսագիրը (ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).
5. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ).
6. «Հայ-Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.
7. Հայ-Արիական «Ոգու պահապաններ» ուսանողական ակումբը.
8. Հայ-Արիներ երիտասարդական ակումբը.
9. Հայ-Արորդիներ մանկապատանեկան ակումբը.
10. ՀԱՑԿ -ՀԱՑԴ-ի «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը.
11. Արիական հետազոտությունների կենտրոնը.
12. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը.
13. Հոգեւոր հանձնախումբ – Քրմական դաս: (այսօր՝ 04.10.2014թ. դրությամբ՝ շուրջ 30 կառույց, տե՛ս՝ http://www.hayary.org/wph/?p=33)

ՀԱՄ-ը ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր եւ օժանդակ լայն շրջանակներ:
ՀԱՄ-ը որպես կայացած կառույց առաջին անգամ լրջորեն դրսեւորվեց 2003թ. ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում: Մինչ այդ, մի փորձ եղավ ազգայնական ուժերին համախմբելով մասնակցել ՀՀ նախագահական ընտրություններին, սակայն, դրամական միջոցների եւ որոշակի այլ պատճառներով դա տեղի չունեցավ: Չնայած համախմբվել էին բազմաթիվ ուժեր՝ Հայ Արիական միաբանություն, «Հայ դատ» կազմակերպություն, «Ազգային վերածննդի», «Նժդեհյան ցեղակրոն», «Նոր երկիր», «Հայհավաք» կուսակցություններ, «Ազգայնական աակումբ», «Մաշտոց միավորում», Աբովյանի Ազգային ուժերի միացյալ դաշինք, Հայ կանանց դաշինք, Հայկական ժողովրդային շարժում եւ այլն:
2003թ. հունիսի 16-ին ՀԱՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ), որում ընդգրկվեցին՝ Հայ Արիական միաբանությունը, Հայարիական միասնական բռունցքը, Հայաստանի ազգայնական կուսակցությունը, «Մեկ ազգ» կուսակցությունը, «Մաշտոց միավորում» կազմակերպությունը, Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինքը, Երիտասարդական ռազմահայրենասիրական միությունը, «Կոմանդոս» հ/կ-ի խորհրդի անդամներ: ՀԱՃ-ը ուներ «Հայրենիք-Սփյուռք կապերի» հանձնաժողով, Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդ, երիտասարդական խորհուրդ, ակումբ (որտեղ հավաքվում էին անհատ ազգայնականներ) եւ աշխատանքային հանձնաժողովներ: Իսկ հունիսի 26-ին ՀԱՄ-ը նախաձեռնեց Ազգային համաձայնության խորհրդարանի (ԱՀԽ) ստեղծումը, որի մեջ ընդգրկվեցին՝ Հայ Արիական միաբանությունը, Հայարիական միասնական բռունցքը, «Մաշտոց միավորում» կազմակերպությունը, Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինքը, Հայաստանի կոմունիստների միություն կուսակցությունը, Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի եւ աշխատանքի վետերանների միությունը, Հայ ժողովրդի փրկության կոմիտեն, «Ինտելեկտ ասոցիացիա» կազմակերպությունը, Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցությունը, Հիմնարար գիտությունների Հայկական կենտրոնը, Մշակույթի աջակցման եւ ռազմավարության կենտրոնը, Ծխելու դեմ պայքարող միությունը, Հայաստանի ազգայնական կուսակցությունը, «Մեկ ազգ» կուսակցությունը, Երիտասարդական ռազմահայրենասիրական միությունը, «Փառապանծ մարտիկներ» ռազմահայրենասիրական միությունը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը, ԱՀԽ երիտասարդական կազմակերպությունը: ԱՀԽ-ն փորձեց ծավալվել նաեւ որպես շարժում եւ ստեղծեց «Զարթոնք» Ազգային Շարժում (ԱՇ), որն էլ ձևավորեց ԱՇ «Զարթոնք» կոմիտե (Արմեն Ավետիսյան, Սիմոն Կամսարական, Սամվել Հարությունյան): Ազգային Շարժումը չծավալվեց, սակայն ԱՀԽ-ն շարունակեց երկար գործել: Այստեղ ընդգրկված էին ուժեր, որոնք գաղափարապես եւ սոցիալ-տնտեսական մոտեցումներում ամբողջացնում են հայոց քաղաքական դաշտը. ազգայնականներ, ժողովրդավարներ, ռազմա-հայրենասիրական ուղղության ներկայացուցիչներ, կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալ-ազատականներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
2003թ.-ի նոյեմբերի 22-ին Հայ Արիական միաբանությունը, Բազմաճյուղ երիտասարդական («ԲԵՄ») միավորումը եւ «Ավետյաց Երկիր» հասարակական կազմակերպությունը ազդարարեցին «Գալիս ենք ազգային գիտակցության» (ԳԱՀ) Մտավորական Շարժումը, որը քննարկումների արդյունքում վերածվեց «Գիտակից ազգային համաձայնություն»-ով: Դեկտեմբերին ԳԱՀ-ին միացան նաեւ Երիտասարդ կինոգործիչների միությունը, Ազգային համաձայնության խորհրդարանը եւ անհատ մտավորականներ: Այժմ ԳԱՀ-ի անդամներն ավելի շատ անհատ մտավորականների հետ են հարաբերվում:
2004թ.-ին էլ ՀԱՄ-ը՝ ի դեմս Հայաստանի Հայ-Արիական կուսակցության, շարունակում է Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնական կառույցների համախմբման աշխատանքները՝ «Հայ դատ» կազմակերպության, «Ազգային վերածննդի» կուսակցության, Հայրենիք-Սփյուռք միության, «Մաշտոց միավորում» կազմակերպության, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության, «Հանուն հայրենիքի» եւ այլ ուժերի հետ: Իր հասարակական-քաղաքական, գաղափարախոսական գործունեությանը ՀԱՄ-ն ավելացրել է նաեւ իրավապաշտպանական ու հոգեւոր-հավատամքային գործունեությունը: Այս առումով ՀԱՄ-ը մեծ պայքար է ծավալել սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման՝ մարդկանց համարակալման («Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքների) դեմ եւ 2004թ. հունվարին ստեղծվեց «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը (Հայ Արիական միաբանություն, «Մխիթարիչ» հասարակական բարեգործական կազմակերպություն, Հայաստանի հակագլոբալիստական միավորման, Արթուր Հովհաննիսյան – լրագրող, Սուրեն Պողոսյան – ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, «Գոյ» բարեգործական հիմնադրամ, Հայաստանի սոցիալ-էկոլոգիական կուսակցություն, Հայ եկեղեցասիրաց տիկնանց պատմամշակութային միություն, Հայ կանանց դաշինք, «Քարավան-88» հասարակական բարեգործական կազմակերպություն, «Հայոց Տուն» միություն, «Խաղաղության ավետիս» հասարակական կազմակերպություն, «Հայկական սահմանադրական իրավունք» միություն…), որը ՀՀ բնակչությունից հավաքեց ավելի քան 100.000 ընդդեմ համարակալման ստրոագրություն: ՀԱՄ-ը նախաձեռնել է նաեւ զոհված, վիրավոր եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների սոցիալական եւ իրավական պաշտպանության նախաձեռնող խմբի ստեղծումը եւ այլն:
2005թ. ՀԱՄ-ը նախաձեռնել է Ազգային արժեքների պաշտպանության, հայկական դիմադրական շարժման ստեղծումը, ՀՀ քաղաքական դաշտի բարոյականացման գործընթացը: Առավել նպատակային գործունեություն է ծավալվել նաեւ ՀՀ եւ Սփյուռքի ազգայնական քաղաքական դաշտում:
2006թ. ՀԱՄ-ը կարեւորել է հատկապես ազգի սոցիալական պաշտպանվածության խնդիրը, իր գրասենյակում պարբերաբար հավաքներ է կազմակերպել ի պաշտպանություն Հյուսիսային պողոտայի, Կոնդի, Բուզանդի փողոցի, Կոզեռն թաղամասի, Դալմայի այգիների տարածքի բնակիչների, ինչպես նաեւ տարբեր կարգի ազատամարտիկների ու «թափառող բրոքերներից» տուժած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ այլ նմանատիպ խնդիրների համար:
2007-2008թթ. ՀԱՄ-ը գործել է առավել եռանդուն ազգային արժեքների պաշտպանության, վերաարժեւորման ոլորտներում: Նախաձեռնել է Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) ստեղծումը:
2008-2009թթ. ՀԱՄ-ը նախաձեռնել է Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) ստեղծումը, որին մասնակցել եւ 2010թ.-ին շարունակում են համալրել ինչպես հայաստանյան (նաեւ՝ Արցախի եւ Ջավախքի), այնպես էլ սփյուռքի ազգայնական կառույցներ ու անհատներ:

Ստորեւ ներկայացրած գաղափարներն ու տեսակետները առաջադրվել են դեռ 1993-1995թթ.:
ՀԱՄ հռչակագրային մեկնաբանությունից
Հսկաների ցեղը՝ Մարդ-Աստվածները՝ հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում, ու Սրբազան Արարատ Լեռան հովանավորության ներքո…
«Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի կրողի առաքելությամբ Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատեւման համար…
Ճանաչելով համատիեզերական օրինաչափություններն ու տիրապետելով տարածության եւ ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը (հայ քրմերը)՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու մարդկային, կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձեւավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր չորս Ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց աստվածայնության, իսկ էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները, զրկվելով աստվածայինից եւ չունենալով երկրացու էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի վրա…
Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ Ցեղերի մեջ (այդ թվում՝ նաեւ Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ բոլոր Ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսեւորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաեւ հզոր Հայարիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու արիական-ցեղապաշտական (իմա՝ հայկական-ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց հային եւ արիացուն Բնությունից եւ իրենց Էությունից՝ վտանգելով նաեւ Հայքի սահմանները…     
Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատեւ ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետեւանքով Հայարիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
Թեեւ շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի կողմից (դրանք, լինելով այլամերժ եւ չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական բարձրավանդակ, գոյատեւում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ եւ ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…
Ավերումներն ու մասնատումները, ներքին պառակտումներն ու անհաշտությունները Հայարիացիներին օրինաչափորեն մղեցին առավել համախմբվելու եւ ինքնությունը պահպանելու: Ու հինավուրց ցեղը հզորանալով ձեռք բերեց նոր որակ, որը ձեւավորվեց ինչպես ինքնատիպ ներազգային ավանդույթներով, այնպես էլ նախնիների ներցեղային օրենքներով՝ նպաստելով Հայ ազգի կազմակերպմանն ու սրընթաց առաջընթացին…
Սակայն այդ որակական զարգացմանը զուգընթաց, պատմական որոշ տարածքներում տեղի էր ունենում Հայ ցեղի մի հատվածի բարոյական անկում՝ հոգեմարմնական այլասերում: Այդ դարավոր փորձությունների ընթացքում ձեւավորվեց նաեւ հայության մի այլ զանգված՝ Հայ ժողովուրդ, որը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ պահպանել Հայ ցեղի բացառիկ Գենը եւ նրա անջնջելի հիշողությունը…
Վերջին հարյուրամյակներում, չունենալով որեւէ պետական կազմավորում եւ պարբերաբար ենթարկվելով կոտորածների եւ ցեղասպանության, Հայ ժողովուրդը գրեթե դատապարտվել էր վերածվելու խառնամբոխի, որն էությամբ ապազգային ու ցեղամերժ լինելով, պիտի ինքնասպառմամբ ոչնչացներ Հայարիների Գենը…
Ինչպես դարեր առաջ… ասուրա-բաբելական, հռոմեական, բյուզանդական, մոնղոլ-թաթարական… եւ այլ երկրների ու ազգերի վայրագ եւ ավերիչ միջամտություններից է տուժել Հայ ազգը, այնպես էլ վերջին ժամանակներս թուրքական ու ռուսական զավթողական, նենգ ու դավադիր միջամտություններից եւ արեւմուտքի պետությունների այլասերված դիվանագիտությունից են տառապել Հայությունն ու Հայաստանը…
Այս երկու կայսրությունների մեծապետական ձգտումների եւ արեւմտյան պետությունների ծավալապաշտական դիվանագիտական  խաղերի հետեւանքն էր նաեւ 1918-1921թթ. նորաստեղծ առաջին ՀՀ կործանումը, որից հետո Հայաստանը կրկին բաժանվեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Հայ ազգի համար սկսվեց հալածանքի, տառապանքի ու մասնատման դժվարին ժամանակաշրջան, երբ բարոյահոգեբանական ոչ պակաս վտանգավոր էր տեսակի անհետացման վտանգը՝ թուրքացմամբ ու խորհրդային ժողովուրդ-ամբոխի կերտմամբ…
Եվ այսօր, մեր Արյան ու գերագույն ճիգերի գնով ստեղծվել է նոր Հայկական պետություն, իսկ Հայ ազգն իր ազատատենչ ու ռազմաշունչ Ոգով հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն գոյատեւելու, այլեւ իրականացնելու իր Գերագույն Նպատակը՝ վերատիրելու ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը: Վաստակել է նաեւ ազգային ու բարոյական նկարագրին, ներազգային ավանդույթներին ու արժեքներին տեր լինելու իրավունք, իրականություն դարձնելով «մեկ Ազգ՝ մեկ Հայրենիք» գաղափարը, որը կնպաստի Հայարիական ներցեղային օրենքների եւ արիական-ցեղապաշտական (իմա՝ հայկական-ցեղապահպանական) կացութաձեւի վերականգնմանը եւ Հայ ցեղի վերահաստատմանը իր Արարչական Բնօրրանում՝ Հայքում…
Հայաստանում ստեղծված եւ գործող ազգային կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները փորձում են համախմբել հայությանը եւ կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգվածին Ցեղի եւ Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է. դա հնարավոր է միայն Ազգային Ոգու արթնացմամբ: Իսկ արդ, Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի հետ:
Այս պատմական իրականությունից եւ Հայարիական մտածողությունից թելադրված՝ անհրաժեշտություն ծագեց կազմավորելու Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ):
ՀԱՄ-ի նպատակն է իր շուրջը համախմբել Ցեղապաշտին հատուկ գաղափարներով առաջնորդվող եւ Ամբողջական Հայաստանի վերատիրման համար անձնվիրաբար պայքարող Հայ ազգի նվիրյալներին, որոնք  իրենց համարում են Հայ ցեղի սերունդ, Հայարիական Ոգու կրող, չեն հանդուրժում ոչ մի այլ ազգի ու պետության դավանանք ու համոզմունք, պաշտում են Հայրենիքի գաղափարը եւ իրենց գործունեությամբ հենվում են Ազգի Ներուժի վրա: ՀԱՄ-ը համագործակցում է բոլոր ազգանվեր ուժերի հետ, որոնք առաջնորդվում են դարերի ընթացքում ձեւավորված սեփական ազգային գաղափարախոսությամբ ու մտածողությամբ, կացութաձեւով, Հայարիացուն հատուկ Էությամբ ու Զորությամբ: ՀԱՄ-ի, որպես արդեն միասնական ու ձեւավորված կառույցի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական կենտրոնում:

ՀԱՄ Ծրագրային դրույթներից

ՀԱՄ նշանաբանը
Հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուչիչ սկզբունքային է համարում իր Ազգի միասնությունն ու Արյան մաքրությունը, բուն Հայարիական Ակունք-Արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ամբողջականությունն ու հզորությունը եւ բոլոր ուժերով ու միջոցներով պայքարում է հանուն  այս Սուրբ Նպատակների իրականացման:

Ընդհանուր դրույթներ
Պատմականորեն անխուսափելի արցախյան շարժման հզոր ալիքը Հայ ազգի նոր զարթոնքի, ալեկոծման սկիզբը եղավ: Բուռն պոռթկումը Հայ ազգի մեջ արթնացրեց Հայ ցեղի բացառիկ Գենը եւ ՀայԱրիացիների  քաջարի (արի), ազատատենչ Ոգին…
Արցախյան ազատամարտը Հայ ազգի հայրենասիրական զգացմունքները վերափոխեց հայրենապաշտականի ու հայրենատիրականի, եւ Հայ ազգային ազատագրական պայքարը թեւակոխեց նոր փուլ, որն ավարտվեց Հայաստանի (նաեւ Արցախի) անկախացմամբ:
Անկախության ձեռք բերումից հետո, պահանջվեց ուժերի գերագույն լարում եւ առավել կազմակերպվածություն ու կարգապահություն՝ մեր հիմնական նպատակներին հասնելու համար:
Անցած հազարամյակների ու ներկա պայքարի փորձը, Հայաստանում առկա իրադրությունը հանգեցրել են Ազգի ինքնահաստատմանը եւ Հայ Տեսակի արարող արմատներին վերադառնալու գաղափարին: Առաջացել են բարդ ու տարաբնույթ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրը Հայ Ազգի գոյատեւման, ազատ, անկախ զարգացման, Հայրենիքի միասնության համար կարևոր են ու սկզբունքային…
Այսօր պետք է կերտվի այն հայը, որի ամուր ձեռքերում է լինելու Ազգի ու Հայրենիքի ապագան: Այդ հայը պետք է դառնա իր Ակունքներին եւ բազմադարյան իմաստությամբ ու հզորությամբ վերատիրի Ամբողջական Հայաստանին՝ կազմակերպելով Հայ ազգի համախմբումը հզոր Միացյալ Հայրենիքում:
Ազատ, անկախ  ու միացյալ Հայաստանի վերակերտումը, հայերի բնօրրանի վերատիրումը (Արցախ (Լեռնային եւ Դաշտային), Նախիջեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա…)  պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանում պատմական պահի, Հայաստանի դիրքն ու կարողությունները, եւ քաղաքական-տնտեսական, կրոնական-գաղափարախոսական ոլորտներում նաեւ միջազգային շահերի նպաստավոր լինելու հանգամանքը…
ՀԱՄ-ը աջակցություն է ցույց տալիս այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք գործում են բացառապես Ազգի ու Հայրենիքի շահերից ելնելով, եւ առաջնորդվում են անցյալի պատմական հիշողությամբ ու չեն անտեսում ազգային ավանդույթներն ու արժեքները, չեն աղճատում հայի ազգային ու բարոյական նկարագիրը:
ՀԱՄ-ը կողմնակից է բազմակուսակցականությանն ու բազմակարծությանը (սակայն, ոչ երբեք հակաազգային ու հակապետական քարոզչությանը) եւ որպես քաղաքական ուժ եւ ուղղություն՝ առաջնորդվում է ազգային-ազգայնական գաղափարախոսությամբ:

ՀԱՄ-ը հիմնվում եւ գործում է
1. Ներքին հանգստությունն ու անկողմնակալ մտածողությունը երաշխավորում են ազգի շարունակական օրինաչափ առաջընթացը, ապահովում հաղթանակը, իսկ հանդարտությունն ու քաղաքական իրատեսությունը՝ երկրի զարգացումը:
2. Իրականությունը պետք է ընկալել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է:
3. Գլխավորը երկրորդականից տարբերելու գիտակցությունն ու կարողությունը անհրաժեշտ են՝ իրադարձություններից մշտապես առնվազն մեկ քայլ առաջ գտնվելու համար:
4. Տարբեր տեսակետներից դժվարությունները տեսնելը եւ դրանց հաղթահարման հնարավորությունը ստեղծելը՝ հաջողության հասնելու կայուն նախապայման են:
5. Իրադարձությունների վրա ազդելու կարողությունը առավելություն է, անփոխարինելի գերհզոր զենք:
6. Պատրաստվածությունը՝ դիմագրավելու հնարավոր անսպասելի կամ կանխատեսելի իրադարձություններին, կանխում կամ նվազագույնի է հասցնում անցանկալի պատահականությունները:
7. Դժվարին իրավիճակները հաղթահարելու ձգտումը իմաստավորում է կյանքը:
8. Դիտողականությունը անսխալ վերլուծելու եւ իրատեսորեն գործելու երաշխիք է:
9. Հեռատեսությունը նպատակների և խնդիրների իրականացման աներեւույթ, սակայն ապահով արահետ է:
10. Նախազգացողությունն ու ընկալունակությունը նպաստավոր պայման են՝ իրադարձությունների հետագա ընթացքի վրա արագորեն  ներգործելու համար:
11. Ամենատարբեր իրադարձություններից դրականփորձի ձեռքբերման ունակությունը հզորացնում եւ իմաստավորում է :
12. Ուրիշին լսելու, հասկանալու եւ օգնելու ձգտումը ուժեղի կեցվածք է: Այն երկխոսության, փոխըմբռնման եւ հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց է:
   
ՀԱՄ-Ը առաջնորդվում է
1. Հայ ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ ցեղի Գենի եւ Ինքնության միակ ժառանգական կրողն է:
2. Հայ ազգն ինքն է իր Ճակատագրի ու Հայրենիքի տերը:
3. Հայ ազգն առաջնորդվում է հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգեւոր կերտվածքի եւ Հայ ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:
4. Հայ ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:
5. Հայ ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսեւորում եւ առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:
6. Հայ ազգն իր հոգեւոր, մտավոր, տնտեսական եւ այլ կարողությունները ուղղում է Ազգի ու Հայրենիքի բարօրությանն ու հզորությանը:
7. Հայ ազգի գոյատեւումը, առաջադիմությունը հնարավոր է միայն ազատ, անկախ զարգացման պայմաններում:
8. Հայ ազգը մերժում է օտար գաղափարախոսությունների եւ կրոնների մուտքը Հայաստան:
9. Հայ  ազգը դատապարտում է ու չի  ճանաչում իրեն պարտադրվող եւ Ազգի ու Հայրենիքի շահերը նսեմացնող կամ վնասող ցանկացած որոշում կամ փաստաթուղթ:
10. Հայ ազգը չի ընդունում որեւէ ազգի կամ պետության գերիշխանությունը եւ պատրաստ է համագործակցության հավասարի կարգավիճակով:
11. Հայ ազգը պայքարում է իր նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, պահանջատեր է իր մասնատված հայրենիքի բոլոր տարածքների վերադարձման խնդրում եւ պատրաստ է պայքարի ու արդար վրիժառության:
12. Հայ ազգն ընդունում է պայքարի այն բոլոր ձեւերը, որոնք անհրաժեշտ եւ օգտակար են Ազգի ու Հայրենիքի շահերը պաշտպանելու համար:
13. Յուրաքանչյուր ազգ ունի պատմական հիշողություն, այդ հիշողությամբ առաջնորդվելու իրավունք եւ տերն է իր պատմական անցյալի:
14. Հայ ազգը չունի մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, սակայն, առաջնորդվում է պատմական փորձառությամբ:
15. Ազգի կամքի անտեսումը՝ բռնություն է:
16. Միայն ազգային անկախ պետականությունն է ազգերի հարատեւման գրավականը:
17. Յուրաքանչյուր ազգ ինքն է տերն իր Պատմական Հայրենիքի՝ Բնօրրանի, ու պետք է ապրի իր Պատմական Հայրենիքում:
18. Յուրաքանչյուր ազգ ունի ինքնորոշման իրավունք իր Պատմական Հայրենիքի տարածքի վրա:

ՀԱՄ-ի նպատակներն ու խնդիրները
ՀԱՄ Գերագույն Նպատակներն են ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի՝ Հայքի վերականգնումը, Հայ ազգի համախմբումը իր Հայրենիք-Բնօրրանում եւ արիական-ցեղապաշտական (որն է՝ հայկական-ցեղապահպանական) ապրելակերպի առաջընթացը, որը կնպաստի Աստվածայինի՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի՝ ԱՐԱՐՉԱԿԱՐԳ-ի վերահաստատմանը:
Դրանք իրականացնելու համար ՀԱՄ-ը հետեւողականորեն՝
1. Նպաստում է Հայաստանում ազգային պետականության կայացմանն ու ամրապնդմանը, տնտեսության հզորացմանը:
2. Մասնակցում է Հայ ազգի միասնությանն ու համախմբմանը, Հայարիական մտածողության ձեւավորմանը եւ արիական-ցեղապաշտական, նույնն է՝ հայկական-ցեղապահպանական ապրելակերպի աստիճանական վերահաստատմանը:
3. Ձգտում է Հայոց արժեքային համակարգի՝ հավիտենարժեք սրբությունների եւ ազգային ու բարոյական գաղափարախոսությունների  պետական քաղաքականության հիմք դառնալուն:
4. Մասնակցում է ավանդական, ազգային, մշակութային՝ հոգեւոր արժեքների, պատմական հուշարձանների եւ այլ շինությունների վերականգնմանը եւ վերաարժեքավորմանը:
5. Ձգտում է ազգային կրթական, մարզական եւ առողջապահական բնագավառների անվճար սպասարկման, ինչպես նաեւ՝ Հայ ազգի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության հաստատմանը:
6. Նպաստում է Հայոց պետության եւ Հայ ազգի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
7. Ձգտում է հոգեւոր, մտավոր ու գիտական արժեքները ազգային հարստություն համարելուն:
ՀԱՄ-ը այս խնդիրների իրականացումը կարեւոր եւ անհրաժեշտ է համարում՝ Գերագույն Նպատակներին հասնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
ՀԱՄ-ը նաեւ չի բացառում միջազգային կամ ներազգային քաղաքականության մեջ անսպասելի, կտրուկ շրջադարձների հնարավորությունը, որի ժամանակ կարող են ծագել այլ նպատակներ ու խնդիրներ, որոնք այդ պահին կհամարվեն ավելի կենսական:
ՀԱՄ-ը ունի նաեւ ավելի քան 150 ինքնատիպ կենսադրույթներ, Հայ ցեղի, ազգի եւ ժողովրդի եւ Արիական տեսակի յուրօրինակ մեկնաբանություններ եւ կյանքի բոլոր բնագավառներին առնչվող տեսակետներ, որոնց գուցե անդրադառնանք այլ առիթով եւ անհրաժեշտության դեպքում:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։