Վրաստանում հրաժարվում են լսել հայ քաղբանտարկյալների բողոքը
Ջավախքահայությանը հուզող բոլոր խնդիրներին պետք է տրվեն միջազգային նորմերի ոգուց բխող լուծումներ. ասել է անազատության մեջ գտնվող ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը՝ իր տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Վրաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է Չախալյանի հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի եւ նրա գործն ընդունել վարույթ՝ թողնելով իրենց նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ:
«Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները: Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին:
Հայ քաղբանտարկյալը գրում է նաեւ, որ վերահաստատում է իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը եւ պահանջում է դադարեցնել ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումները:
Վ. Չախալյանը հայտարարում է, որ Վրաստանի հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը պետք է կասեցվեն: «Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ եւ լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը եւ անկանխատեսելի զարգացումների հավանականությունը»,- ասված է Չախալյանի հայտարարությունում:
Վահագն Նանյան
Հ.Գ. – Մենք՝ «Լուսանցք»-ի խմբագրակազմը, նաեւ Հայ Արիական Միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ), շարունակում ենք պահանջել Վահագն Չախալյանին ու Վրաստանում բոլոր հայ քաղբանտարկյալներին արդարացնելու եւ ազատ արձակելու մեր պնդումները:
* * *
Կիրառվում են հակահայ քաղաքականության նոր մեթոդներ
«Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը ջավախահայության նկատմամբ «սպիտակ եղեռն» է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում վրացական իշխանության կողմից կիրառվող հակահայ քաղաքականության նոր մեթոդներին:
«Վրաստանի իշխանությունը Ջավախքի հայկական դպրոցներում նվազեցրել է հայերենի դասաժամերի քանակը: Այսուհետեւ շաբաթական ընդամենը 2 դասաժամ է տրամադրվելու հայերենին»,- նշել է նա եւ հավելել, որ «Ես կարծում եմ, որ այն հարցերը, որոնք առանձնակի շեշտադրումով են ներկայացվում Հայաստանում, որպես ջավախահայության ինքնության վտանգված խնդիրներ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում»:
Սամցխե-Ջավախքում լույս տեսնող «Հարավային դարպաս» երկլեզու շաբաթաթերթի լրագրող Քրիստինե Մարաբյանը նշել է, որ Ջավախքում իհարկե կան խնդիրներ, որոնք անտեսել պետք չէ, սակայն չպետք է նաեւ անտեսել, որ «ջավախահայերը Վրաստանի, եւ` ոչ Հայա
սատանի քաղաքացիներ են»: Անդրադառնալով վրաց լեզուն ջավախահայերին սովորել պարտադրելու խնդիրներին` լրագրողը նկատում է. «Եթե վրացական կառավարությունը փորձեր է կատարում հայ համայնքին վրացերեն լեզուն սովորացնել, ես չեմ կարծում, որ դրա մեջ անպայման չարիք է թաքնված: Եթե չես ցանկանում սովորել այն լեզուն, որտեղ ապրում ես, ընդամենը ինքդ քեզ ես մեկուսացնում, եւ բնականաբար հետագայում մեծ հաջողությունների հասնել չես կարող»,- ասել է նա:
Ի հակադրություն դրական որոշ փոփոխությունների, որոնք, ըստ մեկնաբանողների, ակնհայտ են, ինչպես քաղաքի բարեկարգումը, ճանապարհաշինությունը, դպրոցների վերանորոգումը եւ այլն, լխոսվեց նաեւ բացթողումների մասին, հատկապես մատնացույց արվեց Հայ Առաքելական եկեղեցու անորոշ դերը:
Նշվեց, որ Առաքելական եկեղեցու խնդիրը Վրաստանում բավական մտահոգիչ է մեզ համար, քանի որ այն ոչ մի ստատուս չունի, չնայած վերանորոգվում են նաեւ որոշ հայկական եկեղեցիներ: Մտահոգիչ է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարական աշխատանքներին հայերը ներգրավված չեն: Երբ փորձում են պարզել, թե ինչու՞, պատճառաբանում են` իբրեւ լեզվի չիմացությունը, նաեւ փորձի պակասը, որն իհարկե անհիմն է, ինչպես անհիմն են հայերին հասարակական եւ քաղաքական ակտիվ կյանքից դուրս թողնելու բոլոր վրացական պատճառաբանությունները…
Արտակ Հայոցյան
* * *
Էմիգրանտական խնդիրներ
Հայ էմիգրանտների խոսքերով, ամեն քայլափոխի խախտվում են իրենց իրավունքները օտար երկրներում: Աշխատանքի մեկնած էմիգրանտների իրավունքները պաշտպանված են միայն այն դեպքում, եթե միգրացիոն քարտ ունեն, եթե ոչ` ապա վտանգ կա նաեւ վտարման: Իսկ քարտ ձեռք բերելը շատ դժվար է, երկար ժամանակ է պահանջվում: Եվ բացի այդ` մեծ գումարների հետ է կապված: Բայց քարտը անհրաժեշտ է, քանի որ հնարավորություններ է բացում, ինչը անաշխատանք մնալուց լավ է:
ՄԱԿ-ի «Բոլոր աշխատավոր միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի» վավերացման 20-յակին նվիրված ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում անցկացվեց քննարկում: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային միգրացիոն իրավունքի գլխավոր վարչության ծրագրերի պատասխանատու Պաոլա Պասեի, բոլոր միգրանտները բացի քաղաքական իրավունքներից ունեն նույն իրավունքները, ինչ տեղացիները:
Ըստ ՀՀ պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի, ամբողջ աշխարհում ավելի քան 200 մլն. մարդ միգրանտներ են: «Հայ էմիգրանտների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 800.000 մարդ, բնակչության 26,9%-ը: Նրանցից մոտ 600.000-ը արտագաղթել են ընտանիքներով, իսկ մյուս մասը` մոտ 80.000-ը մեկնում են սեզոնային աշխատանքի»,- նշում է Գ. Եգանյանը եւ ավելացնում, թե քանի որ հայ միգրանտները հիմնականում Ռուսաստան են մեկնում աշխատանքի, ուստի արդեն իսկ ստեղծվել է միգրացիայի կարգավորման հայ-ռուսական աշխատանքային խումբ, որը կփորձի հստակ ծառայություն մատուցել որոշակի միգրանտների համար:
Գոհար Վանեսյան
«Իսկ, ե՞րբ ենք մենք հնարավորություն ունենալու վերադառնալ մեր տները»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մուսկոկյան հայտարարությունից հետո Միգրացիայի պետական գործակալությանը ադրբեջանական տեղահանումներից տուժած փախստականներ շատ են սկսել դիմել: «Հայտարարությունը մեծ ուշադրության է արժանացել Ադրբեջանից բռնի բռնագաղթածների շրջանում եւ նրանցից շատերը դիմում են, որպեսզի տեղյակ լինեն` երբ, ինչպես ու ինչպիսի մեխանիզմներով է կյանքի կոչվելու այդ վերադարձը, քանի որ նրանք ցանկություն ունեն վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը»,- հայտարարել է Միգրացիայի պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով, հատկապես դիմում են Ադրբեջանի կողմից բռնազավթած Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի շրջաններից ու Մարտունաշենի ենթաշրջանից Հայաստան բռնագաղթած փախստականները: Գ. Եգանյանի տվյալներով, ադրբեջանական իշխանությունների էթնիկական զտումների արդյունքում 1988-1992 թթ. շուրջ կես միլիոն հայ է վտ
արվել ու տեղահանվել իր մշտական բնակության վայրից, նրանցից 408 հազարը բռնագաղթել է ՀՀ` դառնալով փախստական: Այդ փախստականներից 18 հազարը ԼՂՀ Շահումյանի շրջանից են եղել, իսկ 14 հազարը` Գետաշենի շրջանից ու Մարտունաշենի ենթաշրջանից, 16 հազարն էլ` Մարտակերտի շրջանից:
«Նշված հայտարարությունը հենց այդ բնակավայրերի փախստականների շրջանում է ավելի մեծ արձագանք առաջացրել»,- նկատել է Գ. Եգանյանը` միաժամանակ նշելով, որ կան նաեւ իրենց դիմող Ադրբեջանի քաղաքաբնակ փախստականներ:
Օրինակ` Գրիգորի Այվազյանը, ով ղեկավարում է «Ադրբեջանահայերի ասամբլեա» կազմակերպությունը ու «անչափ շատ է ուզում» վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է: Ավելին, ասուլիսում նա հարցով դիմեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին. «Իսկ ե՞րբ ենք մենք հնարավորություն ունենալու վերադառնալ մեր տները»: Նա նաև Ալիեւին «բռնազավթված ուեցվածքը հետ վերադարձնելուե կոչ արեց»:
Իսկ թե ինչպե՞ս կարելի է համարձակվել վերադառնալ Ադրբեջան՝ հիշելով այն ամենը, ինչ արել են նրանք հայերի հետ հարցին Գ. Այվազյանը ուներ իր պատասխանը. «Մենք ոչ ոքից չենք վախենում: Եթե թուրքը չի վախենում հայկական սրբազան հողում ապրել, ուրեմն մենք էլ չենք վախենում Ադրբեջանում ապրել»:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի մուսկոկյան հայտարարության մեջ այլ սկզբունքների շարքում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` «նրա բնակիչների` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակության վայրը վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները` ներառյալ խաղաղարար գործողությունը»: «Եթե հայտարարության մեջ խոսք է գնում փախստականների վերադարձի վերաբերյալ, ապա դա նախ և առաջ հայկական կողմին է վերաբերում, որովհետեւ Ադրբեջանը չունի փախստականի կարգավիճակով անձինք»,- նկատել է Գ. Այվազյանը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



