Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ

Մտորումներ Հրանդ Դինքի սպանության առթիվ


Հրանտ Դինքի սպանությունը պարզապես օրինաչափություն է և ոչ թե օրինաչափությունից շեղում, ինչպես ոմանք ներկայացրին և շարունակում են ներկայացնել: Հետաքրքրական է այն, որ առերևույթ հայտնաբերված մարդասպանը` տասնյոթը տարեկան ինչ-որ մի լամուկ, փաստորեն կազմավորվել է հենց այն տարիներին, երբ Թուրքիայի Եվրամիության անդամակցության թեկնածությունը հաստատվել էր: Սա մի անգամ ևս հաստատում է, որ թուրքը չի փոխվում, թուրքը մնում է թուրք, եվրոպացի՞ լինի, թե ասիացի, մուսուլմանությո՞ւն խաղա, թե արևմտամետություն… Դա կարելի է հասկանալ, եթե գիտենք էթնոհոգեբանության տարրական սկզբունքները: Այստեղ նոր հեծանիվ հայտնաբերելու կարիքը չկա. թուրքը սկզբից ունեցել է,- Շահան Նաթալիի արտահայտությամբ,- հայությանը և Հայաստանին վերացնելու պետական և ազգային հստակ ծրագիր (որը ուժի մեջ մնում է նաև այսօր), իսկ մենք չունենք այդ ծրագրի հավանականությունը գիտակցելու տարրական մոտեցում: Եվ դրա արդյունքներն են լինում իրար հաջորդող ջարդերը` Արևմտահայաստանի, Ստամբուլի և այլ վայրերի 1894-96 թթ. կոտորածները, Կիլիկիայի և Հալեպի վիլայեթի հայկական բնակավայրերի 1909-ի սպանդը, Մեծ եղեռնը, Արևելահայաստանում կատարվածները 1918-21 թվականներին, 1918-ի սեպտեմբերի Բաքուն, 1920-ի գարնան Շուշին, 1988-ի փետրվարյան Սումգայիթն ու նոյեմբերյան Կիրովաբադը, նորից Բաքուն 1990-ի հունվարին, «Ադրբեջանի ազգային հերոսի» սարքած Բուդապեշտյան կացնահարումը…: Ո՞ր մեկը թվենք: Եվ այս մեկն էլ` նորից Ստամբուլը:

Սա արդեն օրինաչափություն է և ոչ թե պատահական միջադեպերի` մեզ համար ապերջանիկ զուգադիպություններ:

Այն, որ օտար ազգի անդամի արյան հեղումը թուրքական հոգեկերտվածքի անբաժան մասն է, բազմիցս ապացուցվել է: Դա արել եւ անում են հենց իրենք` թուրքերը: Բավարարվենք այն փաստով, որ յաթաղանակիր ենիչերիների տողաններն ու պարերը մնայուն տեղ ունեն թուրքական ազգագրության մեջ: Այսպես, 1971 թվականին ֆրանսիական Նիցցա քաղաքում 19 տարբեր ազգերի ազգագրական պարերի փառատոնին թուրքերը մասնակցեցին ձեռքներին յաթաղանը ճոճող, ենիչերիների տարազ հագած պարողներով: Իսկ անցյալ տարի, ապրիլի 24-ին, Լիբանանի հայության մոտ 50 հազարանոց խաղաղ երթից ընդամենը երկու օր հետո, Լիբանանի երկրորդ մեծ քաղաք Տրիպոլիի կենտրոնական հրապարակը սուլթան Աբոդուլ Համիդ երկրորդի անունով վերանվանելու առթիվ Կիլիկիայի Այնթապ քաղաքից ժամանած թուրքական ազգագրական պարախումբը հանդիսությունն ավարտեց ենիչերիական պարերով եւ տողանով, ձեռքներին ունենալով օսմանյան-թուրքական իսկական, ամենահարազատ խորհրդանիշը` յաթաղանը…

Իհարկե, խստագույնս դատապարտելի է Հրանտ Դինքի սպանության ոճիրը: Այդուհանդերձ, ինձ թող ներվի ասելը, թե սա ինքնասպանություն է այն իմաստով, որ Հրանտ Դինքը նաև թուրք-հայկական հաշտեցման ջատագովներից էր: Մինչ հենց իր սպանությունը հերքում է ի՛ր իսկ այդ` այսպես ասենք` համոզումը (չգիտեմ նա համոզվա՞ծ էր, թե պարզապես դա ցույց էր տալիս):

Դինքի սպանությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ նման հաշտություն չկա՛ և չի՛ էլ կարող լինել: Հանցագործություն են գործում հայկական միջավայրում բոլոր այն գործիչները,- պետական, կուսակցական, քաղաքական, գիտական և այլ,- ովքեր խոսում են հայ-թուրքական հաշտեցման, առավել ևս` երբևէ չեղած ու չլինելիք բարեկամության մասին: Դրանով իրենք ոչ թե թուրքերին «քաղաքակիրթ» են դարձնում, այլ հայերի մոտ բթացնում են զգոնությունը, որպեսզի կրկնվեն ու կրկնվեն սումգայիթները, կիրովաբադները, բուդապեշտները, ստամբուլները…

Հայ-թուրքական, ավելի շուտ` ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հարցում առկա է տրամաբանական հակասություն: Հենց հայկական միջավայրում խոսում են հայ-թուրքական բարեկամության (sic!), ՀՀ-Թուրքիա (ավելի շուտ` հայոց հայրենիքի գրավյալ տարածքներ) սահմանների բացման և Թուրքիայի հետ ՀՀ առանց նախապայմանների հարաբերության մասին: Մյուս կողմից, նույն այդ հայանուն և «խոհուն դիվանագետները» շեշտում են, որ Թուրքիան (երբեմն ասում են Օսմանյան Կայսրությունը, Օսմանյան Թուրքիան և այլն. դա նույն թուրքն է, նախկին, երեկ, այսօր, վաղը` դա տարբերություն չունի) գործել է ոչ միայն հանցագործություն, այլ ցեղասպանություն կոչվող հրեշավոր հանցագործությունը: Եվ փոխանակ հանցագործին ասեն` դու պարտավոր ես նախ ճանաչել քո հանցանքը, զղջալ դրա համար և ապաշխարել, այսինքն` նման հանցագործություն չգործելու իսկական կամք դրսևորել և հատուցում կատարել, մեկ խոսքով` նման նախապայման դնեն, ընդհակառակը, ասում են` ուզում ենք առանց նախապայմանների ձեր հետ հարաբերվել, ձեր հետ հարաբերություններն այսպես ասած բնականոնացնել (չափազանց հետաքրքրական է, որ դա ասում են այսօրվա ՀՀ-ի` իրենք իրենց ազգայնական ու նժդեհյան-ցեղակրոն հայտարարող իշխանավորները` իշխանական աթոռների պահպանման սիրույն ուրանալով Նժդեհի ու ՀՅԴ հիմնադիրների «Հայի թշնամին թուրքն է» և «Հարատև կռիվ» նշանախոսքերը): Մյուս կողմից, ՀՀ հետ հարաբերվելու համար թուրքերը մեր դիմաց դնում են որոշակի նախապայմաններ: Եվ նրանք ճիշտ էլ անում են: Նրանք հո … հիմարացած և հիմարացնող հայեր չեն, նժդեհականությունից ճառող, բայց այդ գաղափարախոսության դեմ գործող մարդիկ չեն:

Մենք ընդհանրապես պետք է անտեսենք ՀՀ-Թուրքիա սահմանի բացման խնդիրը, որովհետև հայ և թուրք ժողովուրդներն ան-հա-մա-տե-ղե-լի են: Թուրքերը մեզանից ավելի շուտ հասկացան, որ միևնույն տարածքի վրա երեք ժողովուրդների (թուրք, հայ և քուրդ) գոյակցությունն անհնար է: Հայերի հետ հարցերը լուծեցին թուրքավարի. Հայոց ցեղասպանությունը Հայկական հարցից ազատվելու թուրքական գլխավոր միջոցառումն էր: Դրանից հետո նրանք անցան Քրդական հարցի լուծմանը միևնույն` ցեղասպանական մեթոդով, որը մինչև այսօր շարունակվում է: Քրդերի ցեղասպանությունը Թուրքիայում (ավելի շուտ` Արևմտյան Հայստանում) մինչև այսօր շարունակվում է: Սա ևս օրինաչափ երևույթ է: Թուրքն այդպես էլ պիտի աներ. թուրքը պիտի անի իր թուրքությունը, ինչպես բորենին անում է իր բորենիությունը, ոչխարն էլ անում է իր ոչխարությունը: Հայն էլ պետք է անի իր հայությունը, ինչ որ չի անում, և դառնալով ոչխար` թուրք բորենու հերթական զոհն է դառնում: Այս համատեքստում եենք դիտարկում Հրանտ Դինքի հետ թուրքական հաշվեհարդարը:

Հիմարությո՞ւն չէ միթե այն, որ թուրքերը բացահայտորեն հայտարարում են, թե «իսկական ցեղասպանությունը դուք, հայերդ, սրանից հետո կտեսնեք», իսկ հայկական միջավայրում Դինքի սպանությունը միամիտների մի ստվար զանգվածի համար (իհարկե, կա նաև ՆԱՏՕ-ին, սիոնիզմին և առհասարակ հակահայկական կողմերին ծառայող «հինգերորդ զորասյուն») դարձավ առիթ` մի անգամ ևս շեփորելու հայ-թուրքական «հաշտեցման» մասին…

Մեր բարեմտությունը երբեմն հասնում է միամտության, իսկ շատ հաճախ` բթամտության, որի պատճառով էլ զոհ, ժողովրդական արտահայտությամբ` «էշ նահատակ» ենք դառնում:

Էթնիկական, հատկապես էթնոհոգեբանական հատկանիշները, ամենաիներտ, ամենադժվար փոփոխելի հատկանիշներից են: Էթնոհոգեբանական տեսանկյունից, մենք սկզբից այնպիսին եղել ենք ինչպես այսօր կանք` կրելով աննշան, ոչ էական փոփոխություններ: Մեզ մոտ քիչ բան է փոխվել դարերի ընթացքում: Պարզապես թուրքերը հայտնվել են այս տարածաշրջանում ու դարձել մեր հարևանները: Եթե մեր կողքին լինեին ուրիշ արժեհամակարգ ունեցող ազգեր, միգուցե մենք շատ ավելի լավ ապրեինք: Բայց թուրքերն իրե՛նք թելադրում են այն խաղի կանոնները, որով մենք պետք է առաջնորդվենք: Չի՛ կարելի բորենու հետ վարվել ոչխարի մտայնությամբ. բորենուն պիտի սպանես և … վե՛րջ, ուրիշ ելք չկա՛: Որքան էլ սա թվա դաժան, անմարդկային, 21-րդ դարու քաղաքակրթությանն անհարիր և այլն, մենք այլ ելք չունենք: Կա՛մ պիտի ապրենք մենք, կա՛մ` թուրքերը: Մենք չե՛նք կարող այս տարածաշրջանում գոյակցել: Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ուներ երկու բլոկների` սոցիալիստական և կապիտալիստական համակարգերի գոյակցության հիմնադրույթը, որը լայնորեն քարոզվում էր սոցիալիստական ճամբարում, իսկ Արևմուտքում բացահայտորեն քարոզում էին սոցիալիստական համակարգի կործանումը: Ի վերջո հաղթանակեց կապիտալիստական համակարգը (դա ճի՞շտ էր, թե սխալ, լա՞վ էր, թե վատ` ուրիշ հարց է): Նմանապես, ով քարոզում է թուրքերի և հայերի գոյակցությունը այս տարածաշրջանում, նա մեծագույն սխալ է գործում: Մեր թշնամին, ոխերի՛մ թշնամին, թուրքն է: Սա ասում են շատ շատերը: Հատկապես դա գիտականորեն ապացուցում է էթնոհոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Ալբերտ Նալչաջյանը:

Հրանդ Դինքի անարգ սպանությունը մի անգամ ևս ապացուցեց, որ չենք ճանաչել ընդհանրապես մեր հարևաններին, և հատկապես թուրքին, որը պատմության տարբեր իրադարձությունների բերումով հայտնվել է մեր տարածաշրջանում և դարձել մեր հայրենիքի մեծագույն հատվածի ժամանակավոր տերը:

Դինքի սպանությունը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունը համարել է «անակնկալ», իսկ պոլսահայ մյուս օրաթերթի` «Մարմարա»-ի խմբագիր Ռոբեր Հատտեջյանը այս սպանության առթիվ իր հուսախաբությունն է հայտնել: Սա ինձ նաև հիշեցրեց Կարսի 1920 թվականի հոկտեմբերի 30-ի խայտառակ անկումը հենց թուրքերի ձեռքը: Այս ամոթալի պարտության բոլոր հուշագիրները գրում են, որ անկումը «անակնկալ» էր, «անսպասելի» և այլն: Էլի նույն միամտությունը, էլի նույն բթամտությունը, էլի թշնամուն չճանաչելը:

Նախ պիտի ճանաչես քո թշնամուն, քո բարեկամին, որպեսզի կարողանաս համապատասխան վերաբերմունք ունենալ նրա նկատմամբ: Դժբախտաբար մենք ոչ միայն չենք ճանաչում մեր թշնամուն, այլև համառորեն չենք էլ ուզում ճանաչել: Միթե նույնը չեղա՞վ մեկ հարյուրամյակ առաջ` 1908 թվականին, երիտթուրքերի հեղաշրջումից անմիջապես հետո, երբ մեր բթամիտները գրկախառնվեցին թուրքերի հետ, քանի որ Օսմանյան սահմանադրությամբ հայի, թուրքի, արաբի ևն.-ի խնդիրը սահմանադրության կախարդական փայտիկով «վերացվեց» և հայն ու թուրքը «եղբայրացան»: Մեր սխալից չսովորեցինք նույնիսկ 1909-ի «մինի», «փորձնական փուչիկի» դեր կատարած կոտորածներից հետո, մինչև հասավ Մեծ եղեռնը: Դրանից հետո էլ չխրատվեցինք, դաս չքաղեցինք պատմական դառը փորձից, «Եղբայր դարձան Հայաստան, Ադրբեջան» երգեցինք: Հետևա՞նքը` 1988-1990 թթ. հակահայկական կոտորածները Ադրբեջանում:

«Ժամանակ»-ի եւ «Մարմարա»-ի խմբագիրներին կարելի է հասկանալ, ըմբռնումով մոտենալ նրանց այդ արտահայտություններին: Ի վերջո, նրանք ապրում են թուրքական բռնատիրության պայմաններում և որոշակի զգուշավորություն պիտի ցուցաբերեն, թեև նրանք իրավունք չունեն բթացնելու ազգի, թեկուզ Ստամբուլի հայերի զգոնությունը: Վրդովեցուցիչը, սակայն, այն է, որ նման մտքեր արտահայտում են ճանաչված մարդիկ` այլ տեղերում: Աշխարհահռչակ հայ դուդուկահարը (ընթերցողները կկռահեն նրա ինքնությունը) նման մտքեր արտահայտել էր Բեյրութում` «Ազդակ» օրաթերթի հետ հարցազրույցում, ասելով, թե ինքը արվեստի մարդ է, թե արվեստը պետք է ծառայի արվեստին, թե իրեն շատ լավ են ընդունել Թուրքիայում և այլն: Մեջբերում կատարեմ բրիտանական նշանավոր «Իքոնոմիստ» (The Economist) շաբաթաթերթում վերջերս լույս տեսած մի հրապարակումից, որի արևմտահայերեն թարգմանությունը լույս է տեսել Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի 2006 թ. դեկտեմբերի 22-ի համարում (էջ 4): Այնտեղ կա երկու վկայություն. մեկը հայաստանաբնակ (նախկի՞ն հայաստանաբնակ թե ներկա` չգիտեմ), հայի, մեկն էլ սփյուռքահայի: Ասվում է, որ Թուրքիայում արդեն 5 ամիս որպես հավաքարար ապօրինաբար աշխատող Մարինա Մարտիրոսյանը,- որը իբրև թե ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունից գնացած և այնտեղ աշխատող իր 40 հազար հայրենակիցների վիճակը,- «բավարարված է իր 300 դոլար աշխատավարձով և համոզված է, որ իր թուրք տանտերներն աշխարհի ամենաբարի մարդիկն են»: Իսկ մեկ ուրիշը` ամերիկահայ «արվեստագետ», թուրքահունչ երգերի կատարող Քարտաշ Օնիկը, որ նոր է վերադարձել Կարսում կազմակերպված փառատոնից, ասում է. «Երբեք չէի պատկերացնի, որ հայկական երգերը հայ երգչի կատարմամբ կրնան նման ջերմ մարդկային արձագանք գտնել: Ես շրջապատված էի թուրքերով, որոնք կպարեին հայկական մեղեդիի տակ: Ի՜նչ ուրախություն: Աչքերս արցունքով լեցված էին» (ընդգծումներն իմն են,- Գ. Յ.): Սա ուրախության արցունք չէ, սա հիմարությա՛ն արցունք է, որին հաջորդում են արդեն սուգի արցունքները, ինչպես թափվեցին և շարունակում են թափվել Հրանտ Դինքի համար: Ես ցավում եմ, որ այս մտայնության շարունակության դեպքում այդ արցունքները էլի դառնալու են առվակներ, գետակներ, 1894-96-ներ, 1909-ներ, 1915-ներ, 1988-եր, և ի վերջո չի մնալու մի տարի, որ մի սև օր չավելանա հայոց օրացույցում:

Եթե չունենանք այն գիտակցությունը, որ մեր թշնամին եղել է, մնում է ու մնալու է թուրքը,- անկախ նրանից, թե նա անդամակցում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությա՞նը, ՄԱԿ-ի՞ն, այլ կառույցների՞, վաղը կանդամակցի՞ թե չի անդամակցի Եվրամիությանը, և այլն,- որ թուրքը մնում է թուրք և մեզ համար ոխերիմ թշնամի, որ այս տարածաշրջանում մենք նրա հետ գոյակցելու ոչ մի հեռանկար չունենք, կորչելու ենք ուշ կամ կանուխ:

Սա չի նշանակում, որ մենք պետք է թողնենք մեր հայրենիքը ու հեռու գնանք եւ մեր հայրենիքը սկուտեղի վրա թշնամուն մատուցենք: Այլ ընդհակառակը, պիտի մտածենք, որ այսօր թեկուզ փոքրաքանակ ենք, մեր արևը ինչպե՞ս պահենք մեր գլխի վերև: Դա կարվի մեր քանակի բացասական գործոնը լրացնելով որակի շեշտակի բարձրացումով, մեր ազգային էությունից բխող ազգային ոգով:

Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի սպանության առթիվ Ստամբուլում, Մելիտինե-Մալաթիայում և այլուր կատարված բողոքի ցույցերին, կասկած չունեմ, որ դրանց մասնակիցների մի զգալի մասը իշխանությունների նախապես մշակված սցենարով է դուրս եկել, թեեւ այդ ցույցերին մասնակցել են նաև վրդովմունքից, անկեղծ բարկությունից առաջնորդված մարդիկ (ի դեպ, վերջիններիս մեծագույն տոկոսը հայեր են կամ քրդեր. ոչ մի «կարգին» թուրք «Մենք Հրանտ Դինք ենք, մենք հայ ենք» չի գոռա): Սակայն կասկած չկա, որ այս բոլորի ռեժիսորը թուրքական կառավարությունն է:

Թուրքական հատուկ սպասարկություններում (ՄԻԹ) կա մի հատուկ վարչություն` վեցերորդ վարչությունը կամ Հոգեբանական պաշտպանության գլխավոր վարչությունը: Նրա հիմնական գործառույթների մեջ մտնում է, ի շարս պատմության խեղաթյուրման և այլն, Թուրքիայի և ընդհանրապես թուրքազգիների (ոչ միայն Թուրքիայում բնակվողների, այլ, որն ավելի հետաքրքրական է, աշխարհում տարածված բոլոր թուրքազգիների) այսօրվա կամ հետագայում պոտենցիալ թշնամիների նկատմամբ հոգեբանական ճնշման, հոգեբանական ազդեցության մեխանիզմների կիրառումը: Այսինքն, նրանց մոտ այս հարցը բարձրացված է ոչ միայն պետական մակարդակի, այլև դրանով զբաղվում են հատուկ ծառայությունները (իսկ մենք չգիտենք, թե մեր Ազգային անվտանգության ծառայությունում նման կառույց կա՞ թե ոչ): Ամոթալի է արձանագրել այն փաստը, որ «Ազգային անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը գրվել է ՆԱՏՕ-ի, այսինքն` Թուրքիայի հետ համագործակցաբար, մինչդեռ ՀՀ իշխանավորները հպարտանում են այս խայտառակ փաստով: Այս հայեցակարգում ոչ մի բառով չի նշվում, ոչ մի բառով չի ակնարկվում, որ մեզ վտանգ է սպառնում Թուրքիայից կամ Ադրբեջանից: Չի նշվում, որ դրանք մեր թշնամիներն են: Սա ի՞նչ ազգային անվտանգության հայեցակարգ է: Սա պարզապես խայտառակություն է: Դա գրել են ամերիկացիներն ու մատուցել մեզ: Նրանք և ՀՀ իշխանավորները ո՞ր իրավունքով դա բերում են ու փաթաթում մեր վզին:

«Ազգային անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը հայության այսօրվա ամենամեծ հիմարությունն է:

Եթե մենք ենք թույլ տալիս հիմարություններ, խնդրեմ, թուրքն էլ անում է իր թուրքությունը:

Հրանտ Դինքի սպանության առնչված տեղակատվական պատերազմում թուրքը դուրս է գալու հաղթական, որովհետև մենք ենք թույլ տալիս, մենք մեր հիմարություններով ենք թույլ տալիս, որ նա հաղթի: Հայ-թուրքական հաշտեցման հիմար քարոզչությամբ թիկունքում նախապատրաստել ենք մեր հոգեբանական պարտությունը, մենք հոգեբանորեն պարտված վիճակում ենք, որի նյութականացումը միայն ժամանակի հարց է: Արցախյան պատերազմում հաղթել ենք, մղել ենք ազատամարտ, մեծ զոհողությունների գնով հաղթանակ ապահովել, բայց ազգն այսօր ապրում է պարտվողական հոգեբանությամբ:

Ինչո՞ւ:

Դա մեր մեղքն է: Այստեղ ո՛չ Եվրոպան մեղք ունի, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ մէկ ուրիշը: Իհարկե նրանք հայ-թուրքական «հաշտեցման» և «բարեկամության» բացիլներ ուղարկում են մեր վրա: Մեր դիմադրողականությունն էլ թող բարձր լինի ու այդ ախտահարուցիչները չընդունենք: Մինչդեռ մենք ոչ միայն դրանք ընդունում ենք, այլև դրանք բազմացնում մեր առողջ բջիջների հաշվին: Հիվանդությունը, մեր ողբերգությունների պատճառները փնտրենք հենց մե՛ր ներսում: Եթե շարունակենք հայ-թուրքական հաշտեցում, բարեկամություն և այլ նման հիմարություններ գովերգել ու դրանք տարածել նույնիսկ պետական լրատվամիջոցներով, մեր կործանումն անխուսափելի կլինի: Օրինակ, «Հայաստանի հանրային հեռուստատեսությունը», որը փաստորեն, պետական հեռուստատեսություն է, նույն հիմարություններն է կրկնում ամեն օր ու ժամ: Նրա լրատվական և այլ ծրագրերում «Հայկական ցեղասպանության ճանաչումը» արդեն հավասարվել է «Հայկական հարցի լուծման», ինչը ամենամեծ դավադրություններից մեկն է:

Այսքանից հետո, թուրքերն իհարկե պիտի հաղթեն տեղեկատվական պատերազմում: Էլ չեմ ասում, որ նրանց դեպքում, ինչպես նշել ենք, գործում է նաև պետական համակարգը, և պետական (ու ոչ միայն պետական, այլև հասարակական, կուսակցական, գիտական, կրթական և այլն) բոլոր միջոցները` լրատվամիջոցները, հատուկ ծառայությունները, բանակը ևն. ծառայում են միևնույն նպատակին: Նորից շեշտենք, որ հայերի և Հայաստանի վերացումը պետական և ազգային նպատակ է Թուրքիայի և թուրքերի համար:

Եթե որոշ հայեր ասում են, թե Հրանտ Դինքի սպանությունը «անակնկալ» էր, «անսպասելի», իրենք «հուսախաբ» են և այլն, դա նշանակում է, որ հույս են ունեցել, թե թուրքը կդառնա բարեկիրթ, կդառնա քաղաքակիրթ, կդառնա, ի վերջո, մարդ և ոչ թե կմնա մարդակերպ, հայակեր գազան: Շատ հստակ է ասել Նժդեհն այս մասին. կրթված, բարձրագույն կրթություն ստացած թուրքն ավելի վտանգավոր է, քան թուրք տգետ զանգվածը, որովհետև կրթվածներն գիտակցաբար են անում իրենց թուրքությունը: Օրինակ, Մեծ եղեռնի տարիներին, հայոց ցեղասպանության կազմակերպիչների մի կարևոր տոկոսն ունեցել է բարձրագույն կրթություն, բժիշկներ, իրավաբաններ, այլ գիտնականներ են եղել, բայց նրանք չխորշեցին ցեղասպանության ծրագրավորումից ու կազմակերպումից և ավելի դաժան գտնվեցին հայերի նկատմամբ:

Հրանտ Դինքի սպանությունը սթափության ահազանգ է թուրքերի բարիդրացնության, մարդացման նկատմամբ պատրանքներ սնուցողներին: Մենք չենք կարող այս հարցում շռայլ լինել, որովհետև հայրենիքի այս վերջին պատառն ու նրա վրա ապրող հայությունը կորցնելուց հետո վերականգնելու ոչ մի հույս չկա:

Ասված է` պատմությունը կրկնվում է նրանց համար, ովքեր նրանից դասեր չեն քաղում: Նույնպես ասված է, որ խելոքները դաս են քաղում ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական սխալներից: Հրանտ Դինքի սպանության հայկական արձագանքների վերլուծությունը մեզ հանգեցնում է տխուր եզրակացության` մենք դեռ չենք բարձրացել … նույնիսկ հիմարի մակարդակին:

Գևորգ Յազիչյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։