Հայոց ցեղասպանության հարցը կլսվի՞ Հաագայի միջազգային դատարանում

ՀՀ-ն հարցը կներկայացնի՞ Հաագայի դատարանում

Երեւանում տեղի ունեցած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիա-յի ընդունմանը, մասնակցել են բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճա-նաչված հեղինակություններ, ինչպիսիք են Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը եւ այլոք: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ ու եղեւնի տնկել Հիշողության պուրակում:

Միջազգային գիտաժողովում ելույթներ ունեցան նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական եւ մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը: Եվ մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից՝ խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողա-կանությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն»,- ասել է ՀՀ նախագահն ու հավելել, որ որպես ցեղասպանություն վերապրած ժո-ղովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը՝ հանուն ամբողջ մարդկության եւ քաղաքակիրթ աշ-խարհի, որպեսզի մեր մոլորակը զերծ մնա նման համամարդկային աղետներից: «Պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված եւ միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտե-ցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձեւակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառ-նալով նման երեւույթի առաջացման տարբեր դրդապատճառներին՝ միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղաս-պանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է եւ ո՛չ էլ՝ դիվանագիտություն… Կոծկել սեփական մեղքը եւ կատարած հանցագործությունը, նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել եւ դեռեւս շարունակում է վճարել»:
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի նախա-պատմությունն առնչվում է հայ ժողովուրդի ամենաողբերգական էջին: Ըստ  ԱԳ նախարար Է. Նալբանդյանի, Հայոց ցեղասպանության դատապարտ-ման եւ հետեւանքների վերացման բացակայությունն էր, որ 1921թ. պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրո-ֆեսորին, թե ինչո՞ւ հայերը չեն դիմում Հայոց Եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար եւ հարցին ի պատասխան, պրոֆե-սորն ասում է, որ «Որեւէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել»: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկի-նին թողնել բանասիրությունը եւ ընկղմվել միջազգային իրավունքի մեջ՝ նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ու-սումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948թ. կոնվենցիայի ընդունման համար: ԱԳ նախարարը խորհրդանշական է համարել միջազգային այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, որին մասնակցում են Ֆրանսիայից, Արգենտինայից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Հունաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Կանադա-յից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իսրայելից եւ Ճապոնիայից ժամանած հեղինակավոր գիտնականներ եւ փորձագետներ:
Իսկ թուրքերը ոչ միայն փորձում են հերքել ցեղասպանության փաստը, այլեւ բացել են հատուկ կայքէջ՝ Արմենոցիդի (Հայոց ցեղասպա-նության) դեմ: Նրանք նաեւ Էրզրումի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող թուրքական կեղծարար կազմակերպության անունից, արձագանքելով հայկական սփյուռքին, պատասխան արշավ են նախաձեռնել, թուրքերին կոչ են արել բողոքի էլեկտ-րոնային նամակներ հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Ամերիկացիներին զգուշացվում է, որ ԱՄՆ-ն առանց Թուրքիայի աջակցության մեծ դժվարությունների կհանդիպի մերձավո-րարեւելյան, կովկասյան եւ արեւելաեվրոպական տարածաշրջաններում:
Այս կերպ փորձում են հակադարձել վերջին օրերին ամերիկահայության ձեռնարկած նոր արշավին, որով Փելոսիին կոչ է արվում ընթացիկ տարվա մարտին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության N 252 բանա-ձեւը բերել լիագումար նիստի օրակարգ: Մասնավորապես Քիմ Քարդաշյանը «Twitter» սոց.ցանցի իր ավելի քան 5,5 մլն. հետեւորդներին կոչ էր արել վերը նշված պահանջով դիմել Նենսի Փելոսիին:
Իսկ ահա Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը օրերս անդրադարձել է հայ-թուրքական հարա-բերությունների կարգավորման գործընթացին: «Հայ-թուրքական հաշտեցման փշրված հույսերը» վերտառությամբ հոդվածում ինստիտուտի հետա-զոտողներն անդրադարձել են ոչ միայն առկա իրավիճակին, այլեւ փակուղուց դուրս գալու ելքեր են մատնանշել: «Արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց փաստաթղթերը դեռ չեն վավերացվել, իսկ երկու երկրների միջեւ սահմանը շարունակում է փակ մնալ: Չնայած ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ԵՄ ջանքերին՝ կարճաժամկետ հատվածում վավերացման հեռանկարները դժգույն են»,- նշում են ՌՀՄԻ վերլուծաբաններն ու արձանագ-րում, որ վավերացման հիմնական խոչընդոտները երկուսն են. «Թուրքիան Ադրբեջանին խոստացել է սահմանը չբացել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել ԼՂ հարակից շրջանները վերահսկելուց եւ Օսմանյան զորքերի կողմից 1915թ. հայերի ջարդը որպես «ցեղասպանութ-յուն» ճանաչելու միջազգային արշավից»: Բրիտանացի փորձագետների պնդմամբ՝ այս ամենից զատ՝ դիվանագիտական հաշտեցման յուրաքանչյուր հաջողություն պահանջում է, որպեսզի սահմանի երկու կողմերում նաեւ հանրային կարծիքի փոփոխություն տեղի ունենա, հատկապես, որ 2015-ը՝ հայ-թուրքական հաշտեցման վերջնաժամկետը կդառնա…
Մեկնաբանելով ԱՄՆ-ի 9-րդ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ այժմ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգները կարող են փոխհատուցում ստանալ իրենց հարազատներին կյանքի ապահովագրություն վաճառած ընկերություննե-րից՝ Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը նշել է. «ԱՀԱԿ-ն ողջունում է դատարանի որոշումը փոխել իր նախկին ոչ սահմանադրական որոշումը: Կալիֆորնիա նահանգի օրենսդրությունը թույլ է տալիս բավարարել Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում արված ապահովագրությունների փոխհատուցման պահանջը»:
Անկարան այստեղ էլ է արագ արձագանքել. Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքմենստան մեկնելիս օդանավում, լրագրողներից մեկի հարցին, թե Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են հատուցման պահանջով դատական հայց ներկայացնել ապահովագրական ընկերությունների դեմ, պատասխանել է. «Իրավական գործընթաց կար, որի ժամանակ երկուսից մեկը փոխեց իր տեսակետը: Ինչու՞ փոխեց, անհ-րաժեշտ է պարզել: Գործընթացը վերջնականացված չէ»: Դավութօղլուն նաեւ նշել է, որ ցեղասպանության հարցում սենատից եւ նախագահից այդ-պիսի պահվածք չէր սպասում:
«Թուրքիան եւ նրա արտգործնախարարը շարունակում են ստի եւ կեղծիքի վրա հիմնված գեբելսյան քաղաքականությունը ու զարմանալի է, որ տա-րածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքից խոսում է մի երկրի ԱԳ նախարար, որն օրը ցերեկով ոտնձգություն է կատա-րել հարեւան Կիպրոսի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ մինչեւ այժմ օկուպացված է պահում այդ երկրի տարածքի 35%-ը»,-անդրա-դառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի մեկ այլ հայտարարության՝ ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է դուրս գան օկուպացված տարածքներից:
Դավութօղլուն նաեւ նշել էր, թե որեւէ մեկը չի կարող ապացուցել, որ 1915թ. ցեղասպանություն է եղել, որին նույնպես արձագանքել է ԱԺ պատգամավորը. «Դեռեւս 1919թ., Օսմանյան կայսրության բարձր դատարանը մահապատժի էր ենթարկել հայերի զանգվածային կոտորածի կազմա-կերպիչներին՝ Թալեաթին, Ջեմալին, Էնվերին եւ մի շարք այլ հանցագործների: Դա ոչ թե միջազգային, այլ հենց թուրքական դատարանի վճիռն էր: Ավելի լավ կլիներ աննպատակ խոսելու փոխարեն, իմանալ այդ դատական վճռի մասին… Թե՛ Հոլոքոստը, թե՛ Հայոց ցեղասպանությու-նը, թե՛ հույների ու ասորիների ցեղասպանությունը, դրանք 20-րդ դարի մարդկության ամոթն են եւ դրանց միմյանցից անջատումը, կար-ծում եմ, սխալ է, քանի որ եթե ժամանակին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտեին եւ հանցագործները պատժվեին, ապա համոզված եմ, որ 1930-ականներին Հիտլերը որեւէ հիմք չէր ունենա ասելու, թե «ո՞վ է այսօր հիշում հայերի Ցեղասպանության մա-սին» եւ հանգիստ իրականացներ հրեա ժողովրդի ցեղասպանությունը… Դավութօղլուն տարբերակո՞ւմ է մտցնում Հոլոքոստի եւ Հայոց ցե-ղասպանության միջեւ, եթե նա նկատի ունի այն, որ հրեաների ցեղասպանությունը տեղի է ունեցել այլ երկրի տարածքում, իսկ հայերի-նը՝ բուն իրենց բնօրրանում, ապա այդ տարբերակում նոր միայն հասկանալի կլինի»:
«Ցեղասպանություն» բառը միայն երաշխավորում է բանտարկում կամ մահապատիժ Թուրքիայում, եւ հայկական ծագմամբ թուրք լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դա է հավաստում: Բայց, չնայած վտանգներին, 2010թ. ապրիլին հայկական ջարդերի տարելիցի առիթով հարյուրավոր թուր-քերի առաջին անգամ թույլատրվեց հավաքվել Ստամբուլում ու Անկարայում, իսկ ցեղասպանության հարցն ու հարաբերությունների կարգա-վորման անհրաժեշտությունն առավել լայն ու բաց հանրային քննարկումների է արժանանում:
Թեեւ պաշտոնական առումով փոփոխություն չկա: Եվ դա հավաստում է նաեւ թուրք փաստաբան Հաքան Հանլըն, ով ասել է, որ «ԱՄՆ-ի 9-րդ Դաշնային
վերաքննիչ դատարանի կայացրած այդ վճիռը, ըստ էության, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման մասին վճիռ է: Միջազգային հա-րաբերությունների մեր ֆակուլտետներում այդ որոշումը որպես դաս թերեւս պետք է ընթերցվի»: Նրա համոզմամբ՝ թուրքերը սխալ մարտավարություն են ընտրել եւ տարիներ շարունակ այդ սխալով են առաջնորդվում: Դա այն է, որ երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պա-լատում Ցեղասպանության հարցն է բարձրացվում, Թուրքիան միշտ ընդամենը մեկ թեզ է առաջ քաշում. Թուրքիան անհրաժեշտ դաշնակից է, ու նրա դեմ այդպիսի որոշում անհնար է, որ ընդունվի: Թուրք փաստաբանը նշում է, որ թուրքերն իսկապես կոտորել են հայերին, բայց հարցն այն է՝ այդ մասին խոսելը ընդառա՞ջ է, թե հակասում է ամերիկյան շահերին…
Վերջերս շատ էր խոսվում ԱՄՆ-ի հրեական լոբբիի թուրքանպաստ քայլերի մասին, սակայն Գազային օգնելու հարցում թուրք-իսրայելական հակամարտությունը որոշակիորեն փոխել է իրավիճակը: Նույնիսկ Հայաստանում Իսրայելի դեսպան Ն. Գ. Շմուել Մեյրոմին ասել է, թե ԱՄՆ-ում հայկական եւ հրեական լոբբիների միջեւ դիմակայություն չկա. «ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի մի շարք նշանավոր անդամներ հրեաներ են, հայկական լոբբիում կան հրեաներ: Ես կարծում եմ՝ երկու լոբբիները չեն հակամարտում, այլ համագործակ-ցում են՝ նույնիսկ բավական հաջող»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսում «ամենամեծ հայը» Ադամ Շիֆն է, ով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի հեղինակն է եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախկին ղեկավարը, եւ ազգությամբ հրեա է: Իսկ «The New York Times»-ը վերջերս գրել է, թե «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան պետք է ընդօրինակի Գերմանիային»:
Բեռլինում էլ բացվել է «Բեռլինյան բացահայտում. հիտլերյան պատերազմից պահպանված արվեստի նմուշներ» խորագրով ցուցահանդեսը, ուր ներկայացված են Գերմանիայում նացիստական ռեժիմից պահպանված արվեստի նմուշներ, ներկայումս այդ արվեստը կոչում են «դեգեներատիվ ար-վեստ»: Այս ցուցահանդեսը ներկայիս Գերմանիայի անկեղծ ցանկությունն է առերեսվելու սեփական պատմության ցավոտ անցյալին: Հոլոքոստի ճանաչումը եւ սեփական անցյալի համար պատասխանատվությունը ուղի հարթեց Գերմանիայի համար դեպի պատվավոր ապագա: Զլմ-ները շեշտում են, որ ներկայումս 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից խուսափող Թուրքիայի Հանրապետությունը պետք է հետեւի Գերմանիայի օրինակին:
Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ում ասել է, որ թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջեւ խնդիրներ են առաջա-ցել, 1915թ. ցեղասպանության պատճառը տեսնում է «Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվաց-մամբ»: Իրադարձություններից ընդամենը 1 տարի առաջ, այսինքն՝ 1914թ., Դավութօղլուի խոսքերով, Թուրքիայում հայ նախարարներ կա-յին, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբ-յուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»: «1915-ը կարեւոր տարեթիվ է հայերի համար, սակայն պետք է հիշել, որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250.000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաեւ պապ-ս»,- «հուզվել» է թուրք նախարարը:
Նա չի ցանկացել արդարացնել որեւէ սխալ. «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել»: Բայց պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ամբողջ տարածքում:
Դավութօղլուն այնքան է խառնվել իր «ցեղասպանագիտական» մտքերի մեջ, որ բացահայտ հայտարարել է, թե հայ-թուրքական համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել ԼՂ հարցում: Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա «իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը»…
Դառնալով Երեւանում կայացած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, նշենք, որ Ծիծեռնակաբերդում արդեն երրորդ անգամ եղած ազգությամբ թուրք պատմագիր, գիտնական Թաներ Աքչամը հայտնել է. «Հայոց ցեղասպանության 95-ամյա ժխտողականությունից հետո, չեմ կարծում, որ Թուրքիան կարող է լավ ժողովրդավարութ-յուն ստեղծել: Ես միայնակ չեմ, որ խնդրում եմ իմ պետության կառավարությանը փոխվել: Պատմությանը դեմ առ դեմ կանգնելը մի տեսակ ա-նիրական բան է, բայց ես լիահույս եմ, որ մի օր այդ օրը կգա»:
Արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին էլ նկատել է. «Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունե-ցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք եւ ինձ այստեղ բերեցին»:
Իսկ իսրայելացի գիտնական Իսրայել Չառնին էլ թե՝ «Ազգերը պետք է ճանաչեն մյուս ազգերի ցեղասպանությունները: Հայկական ցեղաս-պանությունը ագրեսիա էր կյանքի դեմ»: Նա իր «Կյանքի իրավունքը» անվանումով զեկույցը ներկայացնելիս հայտարարեց, որ իրենք՝ հրեաները իրենց լավ չեն դրսեւորել այլ ազգերի ցեղասպանությունները ճանաչելու հարցում, նույնիսկ վիրավորեց իր երկրի կառավա-րությանը՝ «տխմար» որակելով Իսրայելի կառավարության պատասխան հայտարարությունները Հայոց ցեղասպանության փաստի մասին իսրա-յելացի տարբեր գիտնականների գիտական աշխատություններին ու հայտարարություններին: «Առաջարկում եմ, որ մենք մի քայլ ձեռնար-կենք՝ ճանաչել մեր համազոհերին: Պետք է ճանաչենք շատ այլ ազգերի ցեղասպանություններն ու խոսենք դրանց մասին: Շատ քիչ մարդիկ Իսրայելում գիտեն Կամբոջայի ցեղասպանության մասին, քչերը գիտեն նաեւ հայերի ցեղասպանության մասին»,- հավելեց իսրայելացի հյուրը՝ աննորմալ համարելով շատ իսրայելցիների այն հայտարարությունները, թե հրեաների ողջակիզումից բացի, այլ ցեղասպա-նություն չի եղել աշխարհում: Ցեղասպանությունը ֆաշիզմ է, խոշտանգում, զանգվածային ոչնչացում, սեր մահվան հանդեպ: Ցեղասպա-նությունը ժողովրդավարության հակաթեզն է, կյանքի, սիրո հակաթեզն է: Պետք է աշխատենք առաջ քաշել կյանքի հանդեպ հարգանքը, հայկական ցեղասպանությունը ագրեսիա էր կյանքի դեմ, ջիհադի կոչ էր…: Շատ հրաշալի առաջընթաց եղավ այս տարի,- ավարտել է խոսքը հրեա գիտնականը,- երբ Իսրայելի Կնեսետի օրակարգ ընդգրկվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»:
Ի դեպ, թուրք Աքչամը ընդգծել է. «Մարդկանց ուծացման են ենթարկել, աղջիկներին մայրերից խլել ու տղաներին կոտորել: Մենք պետք է փորձենք մշակել ցեղասպանության մի սահմանում, որն ավելի մոտ է արվեստին: Հրեական ողջակիզումը այժմ հասարակագետների ուշադ-րության կենտրոնում է, մինչդեռ 1915-ի դեպքերի շատ ասպեկտներ ուսումնասիրված չեն: Մինչ այժմ ցեղասպանությունը սահմանելիս նկատի է առնվել միայն զանգվածային կոտորածն ու բռնի վերաբնակեցումը: Առաջարկում եմ մշակել ավելի դինամիկ կոնցեպցիա, որն ընդգրկի դավա-նափոխությունը, երեխաներին խլելը եւ վերաբնակեցման քաղաքականությունը»:
Այսպես տարեվերջին կարծես մի ամփոփում եղավ. ՀՀ իշխանությունները վերջին ամիսներին հստակ հայկական ազգային քաղաքական ուղի բռնեցին եւ հայ-թուրքական կոչված հարաբերությունների, Արցախի հիմնախնդրի (որոշակիորեն նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի) ու Հա-յոց ցեղասպանության դատապարտման հարցերում տարեվերջյան լուրջ քայլեր կատարեցին միջազգային ասպարեզում:
Իհարկե սպասումներն ավելի շատ էին, սակայն այս տոնայնությամբ էլ շարունակությունը նույնպես քիչ թե շատ բավարար կարելի է համա-րել: Թեկուզ այս պահին…
Իսկ Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող գերմանացի Թեսսա Հոֆմանը հայտարարել է. «Եթե Հայաստանը ցանկանա, կարող է հայկական ցեղաս-պանության հարցը Արդարադատության միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել… Սպանություն, ուծացում, ոչնչացում. այս ամենն առկա է Օսմանյան կայսրության կազմակերպած գործողություններում», եւ «սառը ցեղասպանության» գործերը եւս կարող են ներկայացվել Հաա-գայի միջազգային դատարանում: Դեռ 2005թ.-ից գերմանական խորհրդարանում կան 3 միջնորդություններ՝ հայկական ցեղասպանության ճանաչ-ման վերաբերյալ, սակայն, դրանք ընթացք չեն ունեցել: Մեր երկրի կառավարությունն այժմ, ավելի քան երբեւէ, հավատարիմ է իր դիրքորոշ-մանը՝ կտրուկ մերժելով, որ կատարվածը ցեղասպանություն է… Գերմանական կառավարության մերժողականությունը բխում է այն բանից, որ ի-րենք այս հարցով իրենց համապատասխանատու են համարում»:
Հայոց ցեղասպանության ծրագրավորողներն ու կատարողները հայտնի են, սակայն թե ինչ գաղտնի ուժեր էին կանգնած թուրքերի թիկունքում (նաեւ այսօր)՝ քչերին է հայտնի…

Հայկ Թորգոմյան

*  *  *
Իսպանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հռչակագիր է ընդունվել
Իսպանիայի Բալեարես կղզիները 1915-1921թթ. հայ ժողովրիդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ճանաչել են որպես ցեղասպանություն, որը համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության մասին կոնվենցիային: Հայոց ցեղասպանության մասին ընդունված այդ որոշումը հռչակագրի բնույթ ունի եւ ոչ դեռեւս օրենսդրական ակտի: Նշենք, որ այդ որոշումը Բա-լեարես կղզիների շրջանային խորհրդարանում ընդունվել է միաձայն: Խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես իրազե-կել է Իսպանիայի հայկական դեսպանությանը:

*  *  *
«Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է հենց Թուրքիային»
Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վերաբերյալ Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (վերջին ժամանակներս հայոց պատմության հարցերում տխրահռչակ) Ռիչարդ Հովհաննիսյանը ասել է. «Եթե մեզ համար ցե-ղասպանության ճանաչումն ու նրա հետեւանքների մեղմացումը կարեւոր է, ապա դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետեւ դիմացինը պատրաստ չէ ճանաչելու ցեղասպանությունը եւ որեւէ ձեւով մեղմելու այդ ցավը: Ոմանք կարծում են, թե ճանաչման փուլը վերջացած է, եւ մենք մտել ենք հատուցման փուլ: Ես դա համարում եմ ռոմանտիկ տեսակետ: Ճանաչման փուլն ավարտված չէ: Հակառակը` տես-նում ենք, թե թուրքական լոբբին ինչպես է օգտագործում եւ՛ օտար գիտնականներին, եւ՛ ամբողջական ընկերությունների` իր մերժողական քաղաքականությունն առաջ տանելու համար»:
Ռ. Հովհաննիսյանի կարծիքով` իր անցյալի մեղքերն ընդունելը նպաստավոր է բուն Թուրքիայի համար. «Կմաքրվի վրան եղած պատմական բիծը, ու այլեւս վերապահումով չի ընկալվի Եվրոպայի կողմից: Ինչպես գերմանացիներն ընդունեցին հրեաների դեմ գործած սեփական մեղքը` ի շահ իրենց ու իրենց ապագայի: Ի դեպ, մեր առաջադեմ թուրք, թեկուզ փոքրաթիվ գործընկերները, եւս դա են ասում, որ Հայոց ցեղասպա-նության ճանաչման ուղղությամբ իրենց պայքարը հայերի համար չէ, այլ հենց Թուրքիայի համար»…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 44 (175), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։