Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Հատուկ առաջարկ՝ լոբիով

Բաղադրությունը
Խաշած կարմիր լոբի – 200 գրամ
լոբու ջուրը – 100 գրամ
սխտոր – 20 գրամ

քարի – 5 գրամ
թահին (քունջութի յուղ) – 3 ճաշի գդալ
ընկույզ – 80 գրամ
լիմոն – 1 հատ

Պատրաստման եղանակը
Խաշած լոբին ու լոբու ջուրը խառնիչով խփել, ավելացնել սխտորը, քարին, թահինը, քամած լիմոնի հյութը եւ ընկույզը:
Նորից հարել, համասեռ զանգված ստանալուց հետո թողնել 10-15 րոպե հանգստանա:
Դրանից հետո ձեւավորել, գդալով փոսիկներ անել ու դնել սառնարանում:
Մատուցելուց առաջ փոսիկների մեջ լցնել ձիթապտղի յուղ ու կարմիր պղպեղ:
Համն անմահական է: Ձեզ մնում է պատրաստել ու համտեսել:
Անու՛շ վայելեք:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Շախմատի չեմպիոնուհին
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կանանց շախմատի Հայաստանի 66-րդ առաջնությունը: Այն ավարտվեց Սիրանուշ Անդրիասյա-նի հաղթանակով, 9 հնարավորից նա վաստակեց 6 միավոր:
Հաղթողից 1,5-ական միավոր հետ մնացին Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Նարինե Գասպարյանը: Ա. Խառատյանը նվաճեց արծաթե, Լ. Մար-տիրոսյանը՝ բրոնզե մեդալը:
Չեմպիոնի տիտղոսից բացի Ս. Անդրիասյանը նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք:

Երկու առաջատար
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 3-րդ փուլից հետո աղյուսակը շարունակում են գլխավորել Հրանտ Մելքումյանն ու Արման Փա-շիկյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Արտաշես Մինասյանի եւ Ավետիք Գրիգորյանի հետ: Նրանք ունեն 2,5-ական միավոր: Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը ու Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 3-5-րդ տեղերը:

Առաջատարների մեջ են
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքի շախմատի 73-րդ սուպերմրցաշարի 5-րդ փուլում «A» խմբի կենտրոնականը կլինի Վլադիմիր Կրամնիկի եւ Լեւոն Արոնյանի մրցախաղը:
4 փուլից հետո 1-ին տեղը 3-ական միավորով կիսում են Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը: Կեսական միավոր են հետ Լեւոն Արոնյանը, Անիշ Գիրին եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը 4 փուլից հետո 2,5 միավորով կիսում է 2-րդ տեղը: Նույն արդյունքն ունեն եւս 3 շախմա-տիստներ: Առաջատարը 3,5 միավոր վաստակած Լյուք Մաքշեյնն է:

Հ.Գ.- Մեկօրյա ընդմիջումից հետո կրկին վերսկսեց հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի սուպերմրցաշարը: Լեւոն Արոնյա-նը 5-րդ փուլում ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ հավասարվեց առաջատարներին` Վիշվանաթան Անադին ու Հիկարու Նակամուրային, սակայն վերջիններս դեռ շարունակում են իրենց խաղե-րը:

Չեննայի մրցաշարում
Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող մրցաշարում 4 փուլից հետո ունի 2,5 միավոր: 7 մասնակիցներ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4-ական միավորով:

Կրկին ՀՀ դրոշի ներքո
Իտալական Ռեջիո Էմիլիայում ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով 2011թ.-ից կրկին հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո մինչ այդ նա ներկայացնում էր Սլովակիան, վաստակեց 5 միավոր եւ 1-ով ետ մնաց երկու առաջատարներից` Վալյեխոյից եւ Հաշիմովից, որոնք բաժանեցին պատվո 1-ին պատվանդանը: Ս. Մովսեսյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ բաժանեց 3-4-րդ -տեղերը: Հարկ է նշել, որ մեր շախմատիստը միակն էր մրցաշարում, որ չճաշակեց պարտության դառնությունը, սակայն նա 9 խաղերից միայն մեկում կարողացավ հաղթանակ տանել, իսկ 8-ում ոչ-ոքի խաղաց:

Արգենտինահայը հրաժարվեց
Արգենտինայի հավաքականի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով Ավստրալիայի բաց առաջնության 1-ին փուլում մեծ դժվարությամբ հաղթել էր ավստրալացի Լեյթոն Հյուիթին (3:6, 6:4, 3:6, 7:6, 9:7), 1/64 եզրափակիչում չկարողացավ ավարտել լիտվացի 20-ամյա թենիսիստ Ռիչարդ Բերան-կիսի հետ մրցախաղը: Հանդիպումից 58 րոպե անց նա հրաժարվեց պայքարից` պատճառաբանելով, որ այլեւս ի վիճակի չէ շարունակել պայքարը: Խաղից հետո Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ Լեյթոն Հյուիթի հետ հանդիպումը պարզապես հյուծել էր իրեն:
 
Ուղեգիր՝ միայն հաղթողին
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնել է Իսլանդիա, որտեղ կանցկացվի 2012թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախնական փուլի «B» խմբի մրցաշարը: Հանդիպումները տեղի կունենան հունվարի 21-ից 24-ը՝ Հայաստանի, Իսլանդիայի, Հունաստանի եւ Լատվիայի հավաքա-կանների միջեւ:
Միայն մրցաշարի հաղթողը կնվաճի հաջորդ փուլի ուղեգիրը:

Ցավալի պարտություն
Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ադրբեջանի չեմպիոն «Ինտեր»-ի հետ խաղում պարտվելով 0:4 հաշվով, Հայաստանի անցած առաջնության 4-րդ տեղը զբաղեցրած Երեւանի «Միկա»-ն դուրս մնաց հետագա պայքարից:
ՀՀ չեմպիոն «Փյունիկ»-ը (այս տարի նաեւ 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները) պարբերաբար խույս է տալիս այս գավաթի խաղարկությանը մասնակ-ցել, իսկ ահա «Միկա»-ն գոնե փորձարկեց իր ուժերը, ընդհանուր առմամբ վատ հանդես չեկավ, սակայն ցավալի էր խոշոր հաշվով պարտությունն ադր-բեջանցիներից:
Մինչ այդ «Միկա»-ն չեմպիոնների հետ փուլային խաղերում պարտվել էր Լատվիսյի «Սկոնտո»-ին, ոչ-ոքի խաղացել Ղազախստանի «Տոբոլ»-ի հետ եւ հաղթել Ուզբեկստանի «Բոնյուդկոր»-ին:

Թիմի ավագը հայ է
Իսլամական հեղափոխության հաղթանակից 30 տարի անց առաջին անգամ, լինելով իրանահայ, հանրահայտ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանի բա-զուկը զարդարեց թիմի ավագի բազկակապը: ԻԻՀ ազգային հավաքականի ավագը քրիստոնյա է: Երբ Իրանի ազգային հավաքականը արձանագրեց իր նոր հաղթանակը Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի դեմ՝ 3-0 հաշվով, հնչեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմ-ներգը եւ հայ մարզիկը խաչակնքեց հաղթանակի համար: Վերջին տարիներին Անդրանիկ Թեմուրյանը խաղում էր Մեծ Բրիտանիայի «Բոլտոն» եւ ա-պա «Ֆուլհամ» թիմերում, իսկ այժմ Թավրիզի «Տրակտոր»-ում:
 
Սահմանել է ՀՀ 2 նոր ռեկորդներ
Աթլետիկայի Սանկտ-Պետերբուրգի ձմեռային բաց առաջնությունում Ամալիյա Շառոյանը հաղթող է ճանաչվել 200 եւ 400 մ վազքերում` ցույց տալով համապատասխանաբար 24,94 եւ 55,64 արդյունքներ: Այդպիսով, նա թարմացրել է 400 մ տարածքում իրեն իսկ պատկանող ռեկորդը եւ բա-րելավել Մարինե Ղազարյանին 200 մ վազքում պատկանող ռեկորդը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 2 (178), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։