Հայաստանի ազգայնական ուժերին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի ազգայնական ուժերի


Հայաստանի Հանրապետության վերաանկախացումից սկսյալ հայ ազգայնական ուժերը հայտնվել են դժվարին եւ բարդ իրավիճակում, նաեւ այն պատճառով, որ ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, լծվելով եվրաարժեհամակարգի ներդրման «սուրբ» գործին, եվրադրամաշնորհներից «արբեցած» աշխարհաքաղաքացիական, ժողովրդավարական անդեմ Հայաստան են կերտում…
Հատկապես այս արհեստական ու հակազգային միջավայրի առկայությամբ հայ ազգայնականներն արդեն ավելի քան 15 տարի պայքարում են ՀՀ հասարակական-քաղաքական ոլորտում իրենց ուրույն տեղն ու դերն ունենալու, հայոց հայրենիքը հայացնելու համար: Այդ գործընթացն ընթանում է վայրիվերումներով, որովհետեւ ներկայիս հասարակարգում բազմաթիվ են պատեհապաշտները, իսկ մարդկանց մեծամասնության աստվածը, ցավոք, փողն է:

Հայ ազգայնականները տարիներ շարունակ փորձում են բոլոր հնարավոր ձեւերով (ընտրություններին մասնակցություն, օրենսդրական եւ իրավական դաշտի ձեւավորում, սոցիալական արդարության կիրառում, ազգային արժեքների վերահաստատում…) նպաստել մեր պետականության կայացմանն ու կայունացմանը: Սակայն, նախկին ու ներկա, իսկ իրականում` շարունակականության մեջ միեւնույն իշխանությունները, հետզհետե ապազգայնացման, հետեւաբար կործանման են տանում մեր ազգն ու պետությունը: Արդեն որերորդ ընտրությունն է, որ անց  է կացվում կեղծիքով ու բռնարարքներով: Սա հայ ժողովրդի մեջ հաստատել է անվստահության, մասնատման ու անբարո կեցվածքի իշխանություն…
Այժմ էլ իշխանական վերնախավը որոշ «ընդդիմադիր» ուժերի (իրենց կողմից սատարվող) ղեկավարների հետ փոխհամագործակցած նախապատրաստում են նոր «ընտրություններ», որտեղ 100% ընտրաձայներն արդեն բաժանված են՝ ըստ այդմ՝ կանխավ կեղծված: Մնում է այն ներկայացնել «ԱԺ ընտրություններ» բեմականացումից հետո: Մարդկանց անձնագրային տվյալները, կյանքից ու երկրից բացակա անձանց ցուցակներն արդեն վաղուց են կազմված  ու բաշխված: Ամիսներ առաջ եւ հիմա էլ կազմակերպված ըnթանում են ընտրակաշառքների  (բնամթերքի, փողի կամ այլ տեսքով) բաժանում ու ընտրաձայների հավաքագրում, իսկ այդ մասին ահազանգերն անտեսվում ու ծաղրուծանակի են արժանանում:
Հայ ազգայնականները բազմիցս արտահայտվել են այս եւ նման անբարո, հակաիրավական ու հակազգային երեւույթների դեմ, բայց` ապարդյուն: Նախորդ ժամանակներում մենք թերեւս հույս էինք տածում, թե անցումային փուլ ասածն իրոք կանցնի-կփոխվի կայացման փուլի, սակայն, գնալով վիճակն ավելի է վատթարանում` վերաճելով ավատատեր (իշխանություն) – ճորտ (ժողովուրդ) հարաբերության: Ընտրողի արժանապատվությունը հաշվարկված է փողով, աշխատանքի տեղավորման եւ նյութական այլ կաշառքով: Սա դաժան իրականություն է, որի մասին, ցավոք, բոլորը կսկսեն խոսել միայն ընտրություններից հետո:
Ուստի, հաշվի առնելով ինչպես այս հանգամանքը, այնպես էլ իշխանական վերնախավի ու մի շարք, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի ղեկավարների դավադիր համագործակցությունն ընտրություններից առաջ, մինչեւ ընտրությունները կատարված ու կատարվող օրինախախտումները, արդեն երեւակվող քրեական ու հանցագործ տարրերի ներթափանցումն ու ներազդումը ապագա ընտրությունների արդյունքներին, հայ ազգայնականները`
1. Անիմաստ են համարում իրենց թեկնածությունները դնել այս նվաստացուցիչ ընտրություններում՝ հասկանալով, որ արդյունքները կանխավ որոշված են ու նման մասնակցությունն ընդամենը մաս կկազմի նախատեսված ներկայացման:
2. Հրաժարվում են համագործակցել որեւէ ուժի կամ պատգամավորության թեկնածու անհատի հետ՝ ընդսմին նրանց զգուշացնելով, որ միեւնույնն է, ընտրակեղծիքներից հետո նրանք զղջալու են մասնակցության համար կամ ուշացած բողոքարկելու են:
3. Կոչ են անում բոլոր իրական (ոչ իշխանությունների կողմից պաշտպանվող) ընդդիմադիր ուժերին` հրաժարվել ԱԺ ընտրություններին մասնակցելուց՝ այդ «պատիվը» թողնելով միայն իշխանական կուսակցություններին, որից ավելի կթուլանա ավատատիրական վարչակարգը, որը է’լ ավելի կփտի ներսից:
Այս կոչը մենք հիմնավորում ենք այն գիտակցումով, ու 5%-ի արգելանքն անցած 1-2 այսպես ասած ընդդիմադիր կազմակերպություններն ի վիճակի չեն լինելու փոխել իրավիճակը եւ կամ նախորդ ընդդիմության պես լքելու են խորհրդարանի նիստերի դահլիճը, կամ էլ դառնալու են օտար տերությունների կցորդ` իշխանություններին «հալածելու» համար…
4. Հայտարարում են, որ այս ապօրինությունների բոլոր մասնակիցները, լինեն քաղաքական ուժեր թե անհատներ, անպայմանորեն պատասխանատվության են ենթարկվելու եւ խստորեն պատժվելու՝ որքան էլ ժամանակը դրանք հետ գցի:
Հայ ազգայնականները վստահ են, որ այս տեսակետները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալու, սակայն, համոզված են, որ ԱԺ «ընտրություններից» հետո կապացուցվի սույն հայտարարության ճշմարտությունը: Իսկ այն համեստ միջոցները, որոնք պիտի դրվեին նախընտրական գործընթացում, մենք կօգտագործենք մեր նպատակների իմաստային իրականացման համար: 
Ինչ մնում է օտարերկրյա դիտորդներին կամ նրանց հայաստանյան կցորդներին, ապա նրանք վերոնշյալ ընտրախաղ-ներկայացմանը մասնակցում են միմիայն սեփական երկրի խնդիրները մեր ազգի հաշվին կարգավորելու համար…

Հայ Արիական Միաբանություն
«Հանուն Հայրենիքի» հայրենասիրական կազմակերպություն
«Հայրենիք-Սփյուռք» միություն
Աբովյանի ազգային ուժերի միացյալ դաշինք

06.03.2007թ. – ք.Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։