Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ… Հայ գեղեցկուհու հաղթանակը…

Երբ խոսքն արժեք ունենա, տոնը՝ իմաստ

Մարտի 8 – ապրիլի 7: Ընդունված է ասել՝ կանանց միամսյակ: Մեր տղամարդիկ բարձրաձայնում են, որ ամեն օրն էլ իրենց համար կանանց տոնն է, բայց դե՜, ասելով չի լինում: Ովքեր հնարավորություններ ունեն՝ անիմաստ շքեղություններից հոգնել են, ովքեր չունեն՝ հոգնել են միայն խոսելուց…
Ինչպես մյուս պետական տոները, նաեւ կանանց միամսյակն անցավ առանց համաժողովրդական տոնակատարությունների, իսկ նեղշրջանակային տոնախմ-բությունները հաստատ համապետական չեն ընկալվում… Մեզանում կարծես մոռացության է մատնվել պետական տոներն ազգովի տոնելը: Նույնիսկ խորհրդային տարիներին ազգային տոները զանգվածային բնույթ են կրել: Այժմ այդպես չէ:

Կառավարական որոշումներն ավելի շատ մեռելոցներին են վերաբերում, քան տոներ իրականացնելուն: Քավ լիցի, մենք երբեք դեմ չենք նախնյաց հիշատակը հարգելուն, բայց ապրողներին նույնպես հարգել է պետք, ուշադրության արժանացնել է պետք, տոնական միջոցառումներով հոգսերը գոնե առժամանակ մոռացնել տալ է պետք… եւ ոչ միայն տոնից տոն, այլ ամեն օր մարդկանց կյանքն արժեւորել է պետք:
Որ հայ տղամարդկանց ասած՝ «ամեն օրն էլ կանանց տոնն է» խոսքը արժեքավոր հնչի, իսկ ամեն օրն էլ հայի համար իր հայրենիքում ապրելը արժեք ընկալվի:
Իսկ Մայրության եւ գեղեցկության ապրիլյան տոնին թող մայրության եւ պտղաբերումի Հայ Աստվածուհու՝ Մայր Անահիտի սերն ու հմայքը պարուրի հայ մայրերին ու կանանց:
Եվ թող նրանք իրենց երկրային կյանքում երկնային անարատ սիրո եւ նվիրական ուշադրության արժանանան այսուհետ:

Վահագն Նանյան

* * *

«Գեղեցկությունից մինչ խենթություն»

Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկութ-յունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաեւ աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մա-նուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը:

* * *

Առաջին հայուհու հաղթական մասնակցությունը

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում կայացավ «Միսիս Միլենիում» ամենամյա գեղեցկության մրցույթը: Հա-յաստանից մասնակցեց Նաիրա Մովսիսյանը եւ նա էլ արժանացավ գլխավոր մրցանակին:
Մրցույթին մասնակցում էին 70 երկրների գեղեցկուհիներ:
Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին, որի ժամանակ գեղեցկուհիները ներկայացել են ազգային տարազներով, լողազգեստ-ներով եւ երեկոյան զգեստներով: Արդյունքների վրա ազդել է նաեւ մրցույթի վերջին օրը ժյուրիի՝ մասնակիցների հետ անցկացրած հարցազ-րույցը:
Ի դեպ, մրցույթի առաջին օրն անցկացվել է «Faishon մոդել» ցուցադրություն, որի ժամանակ Նաիրան արժանացել է նաեւ «Լավագույն մոդել» տիտղոսին:
Հայ գեղեցկուհին արդեն մայիսին հրավիրված է որպես ժյուրիի անդամ մասնակցելու թուրքական Բոդրում քաղաքում կայանալիք մանկական «Little miss», «Little mister» մրցույթ փառատոնին:
Բացի այդ, այս տարի «Միսս Տիեզերք» մրցույթին հենց նա կներկայացնի Հայաստանը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.