Հերթում հայկական ընտրություններն են
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ինչպես սպասվում էր՝ վարչապետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց երկրի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 50,1%-ը: Այսպիսով՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 550 տեղից բաղկացած մեջլիսում կստանա 326 տեղ, ինչը հնարավորություն կընձեռի ԱԶԿ-ին կրկին ձեւավորել երկրի կառավարությունը, սակայն նոր Սահմանադրության ընդունման հարցում ստիպված է լինելու ստանալ ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը խորհրդարանում:
Ակնհայտ է, որ թուրքական քաղաքականությունը չի փոխվի, եւ Անկարան տարածաշրջանում կշարունակի իր խորամանկ բազմաբեւեռ դիվանագիտությունը: Թուրքիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որն ընդունվել է. «Մենք հրաժարական ենք ներկայացնում Գյուլին, որից հետո հանձնարարական կստանանք կազմելու նոր կառավարություն: Շարունակելու ենք մեր աշխատանքները»,- ասել է Էրդողանը: Ընտրություններում 3-րդ անգամ անընդմեջ հաղթանակած ԱԶԿ-ն կազմելու է իր 3-րդ, իսկ հանրապետական Թուրքիայի 61-րդ կառավարությունը:
Փորձագիտական որոշ շրջանակներում կարծիք կա, որ այս ընտրություններում իրականում վարչապետ Էրդողանի իշխանությունը պարտվել է, քանի որ նախկին խորհրդարանի համեմատ, այս խորհրդարանում ԱԶԿ պատգամավորների թիվը պակասել է 25-ով (նախկինում պատգամավորների թիվը 341-ն էր): Էրդողանը իրապես չի պարտվել, պատգամավորների թվով չնչին կորուստ է արձանագրվել, բայց վերջին ընտրությանն էլ 5 մլն-ով ավելի ձայներ է հավաքել իշխող կուսակցությունը, քան նախորդ տարիներին: Այսինքն՝ 5 մլն. մարդ եւս համակիր է դարձել թուրք վարչապետին:
Հայատյաց չեն հատկապես քրդական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, որոնց թիվն այս խորհրդարանում 36-ն է: Թուրքական խորհրդարանի շուրջ 60 տարվա պատմության մեջ 1 քրիստոնյա թեկնածու է անցել, ազգությամբ ասորի Էրոլ Դոռանը:
Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը վարչապետ Էրդողանի հաղթական հայտարարությունները որակել է որպես «պատերազմ քրդերի դեմ»: Նա մինչ այդ էլ կոչ էր արել ՔԲԿ-ին՝ շարունակել պայքարը թուրքական իշխանությունների դեմ, քանի որ քրդական հարցում իշխանությունների կողմից չկա լուծումներ գտնելու կամք ու մտադրություն: Իսկ Թուրքիայի վարչապետը քրդական հարցի կապակցությամբ արված մի քանի հայտարարություններում մեղադրել էր քրդական քաղաքական ուժերին եւ, մասնավորապես, ՔԲԿ-ին՝ երկրի ներքին իրավիճակն ապակայունացնելու համար:
Թուրքական ընտրությունները հավաստեցին, որ Անկարան շարունակելու է համաթուրքական քաղաքական գիծը, ինչն ընթանալու է հատկապես հակահայկական ու հակաքրդական դրսեւորումներով: Ըստ ամենայնի, կշարունակվեն նաեւ իսլամական եւ արաբական աշխարհի հետ մերձեցումները, որն էլ տարածաշրջանում կաշխուժացնի Իսրայելի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Եվրոպայի միջամտությունները:
Այս առումով կարող են լինել նաեւ անսպասելի ծավալումներ, ինչին պետք է պատրաստ լինի նաեւ Հայաստանը:
Հակահայկական դրսեւորումների համար Թուրքիայում պարարտ հող միշտ կա: Իսկ վերջերս էլ նորից աշխուժացել են հայկական վրիժառուական ԱՍԱԼԱ-ի անվան հետ կապված արծարծումները: Հիշում են Հայ գաղտնի բանակի անցած ուղին: Վրեժխնդրությունից խուսափած մի թուրք դիվնագետ հանկարծ ինքնասպան է եղել: Թուրք պաշտոնաթող կադրային դիվանագետ 77-ամյա Մուստաֆա Իլհան Օզբաբաջանը ատրճանակի կրակոցով սպանել է իր կնոջն ու նույն զենքով ինքնասպան եղել: Դիերը գտնվել են ծովափնյա գոտու ծառածածկ մի հատվածում: Նշվում է նաեւ, որ ինքնասպան եղած հիշյալ թուրք դիվանագետը 1997թ. Բեյրութի թուրքական դեսպանատանը պաշտոնավարելիս է եղել որպես վարչական հարցերով կցորդ (ատաշե): Նա եղել է Հայաստանի ազտագրության հայ գաղտնի բանակի վրեժխնդրական հարձակման թիրախներից, բայց կարողացել էր խուսափել ոչնչացումից… Հիշենք նաեւ նախընտրական շրջանում վարչապետ Էրդողանի հակահայ կեցվածքը համշենահայերի նկատմամբ, ձերբակալությունները եւ վտանգավոր հայտարարությունները: Սա պետք է հիշեն հատկապես նրանք (առավելապես Հայաստանից աղաղակող), ովքեր անպատասխանատու հայտարարություններ են անում իսլամացած հայերի նկատմամբ՝ իբր պետք է քրիստոնյա դառնան, որպեսզի հայ համարվեն: Երբ արիադավան-հեթանոս հայերը այսպիսիններին մեղադրում են հուդա-քրիստոնյա աստծու պաշտամունքն ունենալու մեջ, ուրեմն եւ՝ ոչ հայկական հավատ ունենալու ու քարոզելու համար, սրանք ընդվզում են: Բայց ոչ ոք նրանց չ-հայ չի ասում (հայը գեն է, կրոն կամ գաղափար չէ): Ուստի՝ համշենահայերի գլխին պետք չէ նոր ցեղասպանության վտանգ կախել՝ կրոնական ջերմեռանդությամբ……
Թուրքիայում հայկական ամեն բան խիստ հսկողության տակ է, այնպիսի արգելքներ կան, որ վերջերս այդ երկրի գլխավոր դատախազն էլ խոստովանել է, որ հայերեն երգեր կատարելու համար տարիներ առաջ կարող էր մարդ ձերբակալվել եւ իբր հիմա հային ու հայկականին խանգարող ոչին չկա: Սակայն այդպես չէ: Անգամ Ադրբեջանում են շարունակում թուրքական հայատյացության դասերը: Հայոց պատմության կամ մշակույթի աղավաղումների, տարածքների բռնազավթման մասին շատ է գրվել, չկրկնվենք, սակայն վերջերս մի նոր հարց գտան ադրբեջանցիները: Ադրբեջանի խոհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նիզամի Ջաֆարովը ասել է, որ երկրում անվանումների հետ կապված փոփոխություններ են լինելու: Արգելվելու են նաեւ «օկուպանտների» անունները՝ Հիտլերի, Ստալինի եւ զորավար Անդրանիկի. «Իհարկե, հնարավոր է նաեւ, որ արգելված անունների շարքում հայտնվի գեղեցիկ որեւէ անուն: Այդ դեպքում այդ անունը երեխային կարող է տրվել Գիտությունների ակադեմիայի հատուկ հանձնաժովի որոշմամբ»,- «գիտականորեն» ասել է Ն. Ջաֆարովը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ հունիսի 6-ին Երեւան պաշտոնական այցի հետաձգման պատճառների մասին էլ լուրեր կան, իբր արգելվել է Ահմադինեժադի շրջապատի երկու անձանց դուրս գալ երկրի տարածքից: Իսլամական Իրանի հոգեւոր եւ քաղաքական առաջնորդների հակամարտություն ամեն դեպքում կա: Հակամարտությունը գուցե զուտ կրոնական չէ, բայց կա. կան տասնյակ ձերբակալվածներ: Իսկ ահա «Իսլամական կոնֆերանսի» եւ «Արաբական լիգայի» գործերում առաջնային դիրքի համար Իրանը եւ Թուրքիան այսօր լրջորեն մրցակցում են: Տարաբնույթ խնդիրներ կան նաեւ իրանա-ադրբեջանական ճակատում:
Սակայն հնարավոր են տարածաշրջանային նոր ծավալումներ, ինչի մասին գուցեեւ կզրուցեն Ղազախստանի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահները Աստանայում: Չի բացառվում, որ սա կարող է արեւմտյան ուժերի նկատմամբ ռուսաստանյան կողմի հակակշիռ քայլերի հերթական նախաձեռնությունը լինել տարածաշրջանում:
Թուրք-վրացա-ադրբեջանական համագործակցությունը նույնպես կաշխուժանա հայ-վրացական ձեւական հարաբերությունների համապատկերին: Ջավախքի խնդիրն էլ որեւէ լուրջ ուշադրության չի արժանանում: Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի այցն էլ Վրաստան դժվար թե կարգավորի հայ-վրացական միջկրոնական խնդիրները, իսկ Թբիլիսիում Վրաստանի մուսուլմանների վարչությունն ընտրել է Վրաստանի գլխավոր մուֆթիին, շեյխին եւ իմամին: Վրաստանի սունիները եւ հիմնականում ազգությամբ ադրբեջանցի շիաները որոշել են ստեղծել միասնական վարչություն, որը կզբաղվի Վրաստանի մուսուլմանների հոգեւոր խնդիրների լուծմամբ:
Վրաստանի մուսուլմանների վարչությունը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ Թբիլիսիում, ինչի կապակցությամբ իր դժգոհությունն էր արտահայտել Բաքվում գտնվող Կովկասի մուսուլմանների վարչությունը, որը խորհրդային ժամանակներից ի վեր ներկայացրել է ամբողջ Կովկասի մուսուլմաններին: Սա էլ մեկ այլ հարթության խնդիր է:
Տարածաշրջանում դեռ չեն ավարտվել «արաբական հեղափոխությունները», եւ այստեղ էլ ծավալումներ կլինեն: Չի բացառվում նաեւ «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի հերթական փուլի կիրառումը՝ տարածաշրջանի պետությունների մասնատմամբ եւ նորերի առաջացմամբ: Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի տարածքները այդ առումով վտանգի տակ են՝ Քրդստանի, մեծ կոչված Ադրբեջանի կամ այլ պետությունների հնարավոր ստեղծմամբ պայմանավորված: Աշխուժացել է Պաղեստինի պետության ճանաչման խնդիրը: Հարավամերիկյան մի շարք երկրներ արդեն դա արել են, իսկ Ռուսաստանը կշարունակի սատարել պաղեստինցիներին անկախ պետության ստեղծման հարցում: «Մենք աջակցել ենք ու կաջակցենք պաղեստինի ժողովրդին՝ սեփական պետության ստեղծման հարցում, որը կլինի անկախ, միացյալ տարածքով, կենսունակ ու Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- ասել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպումից հետո:
Իսկ ամենազարմանալին այն է, որ մինչեւ 1967թ. սահմանները նահանջելու համար ԱՄՆ-ն է Իսրայելին կարճ ժամանակ տվել: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մերձավորարեւելյան բաժնի ղեկավար Սթիվեն Սայմոնը Հյուսիսային Ամերիկայի հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նրանց հասկացրել է, որ «Իսրայելին մնացել է ընդամենը մեկ ամիս, որպեսզի ընդունի Օբամայի առաջարկը», սակայն նաեւ հանգստացնող հայտարարություններ է արել:
Գուցե նաեւ սա է պատճառը, որ ԱՄՆ կոնգրեսը վերջնագիր է ներկայացրել Բ. Օբամային՝ լիբիական պատերազմի նպատակներն ու ծախսերը հրապարակելու պահանջով՝ երկիրը լիբիական պատերազմում ներքաշելու համար: Սակայն այդ պատերազմը ղեկավարում է Հյուսիս-ատլանտյան դաշինքը, իսկ ԱՄՆ-ի ներգրավվածությունը սահամանափակ է.- արձագանքել է Սպիտակ Տունը: Կոնգրեսում առաջ է քաշվել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձեւ: Հիշեցնենք, որ Իսրայելի քնեսեթում նույնպես այս հարցն արծարծվում է…
Եթե հավելենք նաեւ արցախյան պատերազմի վերսկսման հնարավորությունը, թուրք-ադրբեջանական ռազմատենչությունը, ԵԱՀԿ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մշտառկա մրցակցությունը նաեւ այս հարցում, Իրանի եւ Թուրքիայի, անգամ Վրաստանի համապատասխան շահագրգռվածությունները, ապա ինչպես Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ՝ Հայաստանինը կընթանա ո՛չ միայն ներազգային հիմնախնդիրների արծարծումներով:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



