Օտարներն արդեն ՀՀ նախագահ են ընտրում
Անկատար քաղաքական ոլորտը՝ ներազգային վտանգ
Իշխանական կոալիցիայի հետ բանակցություններն առկախելուց հետո ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գաղտնազերծեց բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, հրապարակման ենթակա չէին: Դա նաեւ խուլիգանության մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններին էր վերաբերում, որոնք իբր իշխանական կողմը դրժել էր: Սա կարծես զայրացրեց իշխանություններին, եւ նրանք եւս բանակցությունների վերաբերյալ գաղտնազերծումներ կատարեցին: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց եւ անուղղակի հասկացրեց, թե նոր խորհրդարանում ՀԱԿ-ին առաջարկվել է ունենալ 8-10 պատգամավոր: Վերլուծաբանները նշում են, որ դա չի բավարարել ՀԱԿ-ին, քանզի անգամ 15-20 մանդատը ընդդիմադիր այս դաշինքը քիչ է համարել…
Այսպես, ՀԱԿ ակտիվիստների ոստիկանության հետ միջադեպից հետո, նրանցից մեկի՝ Տիգրան Առաքելյանին ազատ չարձակելու պատճառաբանությունն ընդամենը պատրվակ էր՝ բանակցություններից հրաժարվելու համար (սադրանքն էլ հենց նպատակային արվեց), իսկ իրական պատճառն այն է, որ ՀԱԿ-ին չի բավարարում կոալիցիայի առաջարկած 8-10 մանդատը, եւ այս միջադեպը ընտրա«բազար» անելու նոր առիթ պիտի դառնար: Սակայն իշխանական կոալիցիան չգնաց զիջումների, գոնե մինչ այժմ:
Կոալիցիան իր հակափաստարկներն ունի՝ ՀԱԿ-ին անդամակցող բազմաթիվ հեղինակավոր անհատներ, գործարարներ եւ գործիչներ վաղուց հեռացել են այդ կառույցից, եւ ըստ ՀՀԿ ներկայացուցչի, այնտեղ մնացել են քիչ հեղինակավոր մարդիկ, որոնց իմաստ ունի պատգամավորական մանդատ տալ, եւ ահա նշվել է 8-10 մարդու եւ մանդատի մասին: Իշխանությունն արձանագրել է, որ ՀԱԿ վարկանիշը, ըստ այդմ՝ ընտրազանգվածը, զգալիորեն նվազել է եւ հնարավոր է հենց դա էլ ընտրա«բազար»ից հրաժարվելու պատճառ է դարձել: Այսինքն՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այլեւս չի հավակնում լինել միացյալ ընդդիմության առաջնորդը, ինչն էլ հասկանում են նաեւ ՀԱԿ-ում:
Սա աշխուժանալու նոր լիցք է հաղորդել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Համացանցում անգամ լուրեր սփռվեցին, թե «չնայած Քոչարյանը շրջապատված էր սաբոտաժնիկներով, սիոնիստներով, հանձնարարություն չկատարող նախարարներով, բայց դրական հետք թողեց իրենից հետո…»: Խոսքը նրա որոշակի կամային դրսեւորումների մասին է: Եվ հանկարծ հրապարակվեցին «Wikileaks»-ի այն նյութերը, թե 2005թ. ապրիլի 25-ին Քոչարյանը ինչ պատասխան նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Վերջինս առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար 1915թ. իրադարձությունները: «Wikileaks»-ը հրապարակել էր Քոչարյանի նամակի տեքստը, որն այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջ. Էվանսն ուղարկել է ԱՄՆ-ի պետքարտուղարություն՝ դրան կցելով ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունները. «Հարգելի վարչապետ, – գրել է նախագահ Քոչարյանը,- ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես 2 հարեւաններ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու մեր երկրների ու ժողովուրդների միջեւ»: Այս փաստաթղթին ՀՀ-ում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ջ. Էվանսը կցել է նաեւ ՀՀ ԱԳՆ «ոչ-թղթային» տեսակետը էրդողանի նամակի վերաբերյալ: Այնտեղ ասվում է, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ՝ 1915թ. դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից՝ հակազդելու համար ցեղասպանության ճանաչմանը, հատկապես երբ միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունը ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ: Այդուհանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն նշում էր, որ առաջին անգամն է, որ նման առաջարկն արվում է գրավոր ու ամենաբարձր մակարդակով՝ միեւնույն ժամանակ լուրջ մտահոգություն հայտնելով Էրդողանի նամակի լրջության եւ անկեղծության կապակցությամբ: Որպես ասվածի ապացույց, ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ մինչեւ Երեւան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Նաեւ անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում՝ ցույց տալու համար, որ մերձեցման եւ հաշտեցման գործընթաց է ընթանում ու ԱՄՆ-ի որեւէ գործողության, ինչպես եւ Կոնգրեսի որեւէ բանաձեւի անհրաժեշտությունը չկա: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, եւ հույս է հայտնվում, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին՝ նորմալացնելու հարաբերությունները:
«Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված՝ Հայաստանին վերաբերող շուրջ 1000 դիվանագիտական փաստաթղթերի թվում է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության 2008թ. ապրիլի 9-ի հաղորդագրությունը, որում դեսպանատան գործերի հավատարմատար Ջ. Փենինգթոնը ամփոփում է մարտի 1-ի իրադարձություններին հետեւած զարգացումները: Հիմնական իրողությունը, որն արձանագրում է ամերիկացի դիվանագետը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հետ կապված դժվարություններն են: Նշված է, որ լիարժեք, հրապարակային տեղեկատվության բացակայությունը նպաստում է լուրերի տարածմանը, որոնց համաձայն զոհերի թիվը շատ ավելի մեծ է, իսկ կառավարությունը ցանկանում է թաքցնել փաստերը: «Լայնորեն տարածված խոսակցություններից եւս մեկի համաձայն, կառավարությունը մարդկանց սպանությունները նախապես է ծրագրել՝ հետագայում արտակարգ դրություն մտցնելու, ընդդիմությանը ճնշելու, ընդդիմության առաջնորդներին՝ նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վարկաբեկելու նպատակով,- գրում է Ջ. Փենինգթոնը՝ նկատելով,- այն հանգամանքը, որ զոհվածների հարազատների մեծ մասը խուսափում է հրապարակել մահվան հանգամանքներին վերաբերող մանրամասները, էլ ավելի է արժեւորում շրջանառվող այս լուրերը… Լուրեր էին շրջանառվում նաեւ ծպտված դիպուկահարների մասին, որոնք սպանում էին ցուցարարներին, որպեսզի հետագայում իշխանությունները կարողանան արտակարգ դրություն մտցնել՝ այդ քայլը պատճառաբանելով հետագա զոհերը կանխելու ցանկությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 1-ի դեպքերի բացահայտումները մի փորձ են՝ թուլացնելու ՀՀ 2-րդ նախագահի դիրքերը, քանզի Արեւմուտքն ի դեմս Ռ. Քոչարյանի տեսնում է ռուսաստանյան կողմի հետ համագործակցողի, ով կարող է խոչընդոտել ՀՀ 1-ի եւ 3-րդ նախագահների համագործակցությունը՝ իշխանություն-ընդդիմություն նախատեսված ծրագրում… «Wikileaks»-ն անգամ արձանագրել է, որ «ՀՀ 2-րդ նախագահի վրա ներազդելն անհնար է: Նախագահ Քոչարյանը մերձավորների նեղ շրջանակ ունի, որոնք նրա հետ հանդիպելու պաշտոնական թույլտվություն ունեն եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերում նրա կարծիքի վրա ազդելու պոտենցիալ»,- դեռ 2004թ. ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված նամակում գրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Օրդուեյը եւ հավելում, որ այդ նեղ շրջանակի անդամներն են այդ ժամանակվա ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը: Վերջինս նրա առաջին օգնականն է եւ մշտապես Քոչարյանի կողքին է: Չնայած այն հանգամանքին, որ Քոչարյանի հետ նրա շփվելու հնարավորությունը անհամեմատ մեծ է, եւ շատերն են նրան Երեւանում «գորշ կարդինալ» համարում, այդուհանդերձ, նրա ազդեցությունը Քոչարյանի վրա մեծ չէ, նա ավելի շուտ ծառայում է որպես ֆոն»: Անդրադառնալով Ս. Սարգսյանին՝ դեսպանը գրում է. «Նրա կապերը զինված ուժերի հետ վճռորոշ նշանակություն ունեն Քոչարյանի քաղաքական հենարանի համար, նրա ու Քոչարյանի համոզմունքները որպես կանոն համընկնում են»: Ա. Հարությունյանի առնչությամբ դեսպանը գրում է, որ նա Քոչարյանի հավատարիմ, երկար տարիների ընկերն է. «Թեեւ համարվում է, որ աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը Քոչարյանի մոտ ընկերն է ու կարող է սահմանափակել մյուսների մատչելիությունը, այդուհանդերձ ինքին մեծ ազդեցություն չի գործում»,- ընդգծել է դեսպանը: Իսկ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, «չնայած սահամանփակ ազդեցություն ունի Քոչարյանի կարծիքի վրա, այդուհանդերձ, համարվում է, որ առնվազն կարողանում է տեղ հասցնել արտաքին քաղաքականության մեսիջների տոնը եւ բովանդակությունը»,- հաղորդում է դեսպանը՝ մեջբերելով Քոչարյանի տնտեսական հարցերով խորհրդական Վ. Ներսիսյանցի այն խոսքերը, թե «Քոչարյանը որեւէ մեկին չի լսում»… Ահա այսպես մի քաղաքական մրցակցություն է վերսկսվել ՀՀ 3 նախագահների միջեւ, սակայն դրանում պակաս շահագրգռված չեն Արեւմուտքն ու Ռուսաստանը եւս:
Կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունից դուրս մնացած կուսակցությունների ներսում նույնպես թեժ կրքեր են եռում: ՀՅԴ-ի վարկանիշը եւս խիստ ընկել է վերջին Ընդհանուր ժողովի անբավարար արդյունքների պատճառով, նաեւ այն բանից հետո, երբ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հրաժարվեց մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին: Բացի այդ՝ ՀՅԴ-ն մտածելու այլ բան ունի: Կոնգրեսի ակտիվիստ Վլադիմիր Կարապետյանը վերջերս հայտարարեց, որ ամենակոռումպացված նախարարները ՀՅԴ-ականներ են եղել, այնինչ 2007թ. աշնանը դաշնակցականները ողջունեցին նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն:
Բայց ՀՅԴ-ն փորձում է հետ չմնալ եւ նախահարձակ լինել իշխանության վրա: Քաղաքական մեծամասնությունը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի, ձախողել է երկրի առջեւ իր ստանձնած պարտականությունները: Այդ պատճառով ՀՅԴ-ն հանրահավաքներ է սկսել եւ պահանջելու է կառավարության, առավելապես՝ վարչապետի հրաժարականը: «Կառավարությունը տնտեսական բոլոր կանխատեսումներում ձախողել է. մեզ խոստանում էր 4%-ոց գնաճ, սակայն գնաճն իրականում լինում էր 18-20%: Իսկ տնտեսական բարեփոխումները հանգեցնում են օլիգոպոլիաների էլ ավելի բեւեռացմանը»,- ասել է ՀՅԴ պատգամավորը: Հանրահավաքների սկիզբը դրվեց Շիրակի մարզում, Գյումրիում, այն շարունակական բնույթ է կրելու, անցկացվելու է բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա ՀՅԴ-ն չի բացառում դրանց հնարավորությունը, սակայն կարծում է, որ մեր ազգային օրակարգում կարեւորագույն խնդիրը արդար ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք ունենալն է: ՀՅԴ նախաձեռնած «Քվեն ուժ է» նախագծին միացել էին հազարից ավելի քաղաքացիներ, սակայն հանրահավաքին ներկա էին ընդամենը մի քանի հարյուրը:
Թերեւս ամենաշատը քննարկվում է կոալիցիա-կոնգրես բանակցության դադարեցման խնդիրը եւ կարծիք կա նաեւ, որ ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ էլ կոալիցիան այլեւս չեն վերսկսի երկխոսությունը: Անգամ տեսակետ է հնչում, թե երկուսն էլ արդեն ստացել են այն, ինչին ձգտում էին, սակայն ՀԱԿ-ը եւ կոալիցիան լավ չեն հաշվարկել իրենց քայլերը, ՀՀ-ում շատ քիչ մարդ կգտնվի, ովքեր պատրաստ կլինեն ամբողջովին ընթերցել 130-150 տպագիր էջ պարունակող ՀԱԿ լրամշակված փաստարկները եւ ամենաքիչը 200 տպագիր էջից բաղկացած կոալիցիայի հակափաստարկները: Ավելի լավ կլիներ, եթե ՀԱԿ-ը եւ իշխանությունն այդ տպագրական ծախսերը գործածեն Հայաստանում առավել կարեւոր նպատակների համար:
«Wikileaks»-ի թարմ բացահայտումների շարքում տեղ է գտել կոնգրեսի եւ ՀՀ 1-ին նախագահ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ նամակը, որը Վաշինգտոն էր ուղարկվել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից: Նամակը վերնագրված է. «ԼՏՊ-ի ՀԱԿ-ին վերջնական մահ է սպառնո՞ւմ» եւ թվագրվում է 2010թ. հունվարի 4-ին: «ՀԱԿ-ը ստեղծվել է 2008թ. մայիսին: Այն ներառում է 17 ընդդիմադիր կուսակցություն: ՀԱԿ-ն առաջին օրվանից նպատակ է դրել տապալել գործող իշխանությանը: Այն գլխավորում է Լ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ 1-ին նախագահն ու 2008թ, ընտրությունների գլխավոր ձախողակը: Այժմ ՀԱԿ-ի անդամները հիասթափած են, բաժանված եւ քիչ են հավատարիմ իրենց առաջնորդին: Կկարողանա՞ արդյոք այս քաղաքական բլոկը գոյատեւել, որն իրեն համարում է Հայաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը»,- նշվում է փաստաթղթի նախաբանում: ՀԱԿ-ի ներսում ԱՄՆ դեսպանատան աղբյուրները նշում են, որ կոնգրեսում 4 հիմնական գործոնները ստեղծում են հիասթափության մթնոլորտ:
Դրանք են «ԼՏՊ-ի վերաբերմունքը նախագահ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, կոնգրեսի ներսում ժողովրդավարության մակարդակը, իրենց առջեւ դրված նպատակներին հասնելու մարտավարությունը եւ ֆինանսական աղբյուրները: Այս գործոնների պատճառով ՀԱԿ-ի անդամ 17 կուսակցությունների շարքերում անհամաձայնություն եւ խորը հիասթափություն է առաջացել: Նրանք այժմ ճանապարհ են փնտրում լքելու ՀԱԿ-ը եւ նրա վրեժխնդիր ու եսակենտրոն առաջնորդ ԼՏՊ-ին»,- նշված է նամակում, որում նաեւ տեղեկատվություն է տրված, որ «ՀԱԿ-ի առավել ազգայնական շրջանները համաձայն չեն ԼՏՊ-ի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախյան հակամարտության վերաբերյալ ցուցաբերած մոտեցմանը: Այս խումբը դեմ է ԼՏՊ-ի՝ նախագահ Սարգսյանին ցուցաբերած աջակցությանը վերոհիշյալ գործընթացներում: Մասնավորապես, ՀԱԿ-ի ամենազգայնական ուժի՝ Հնչակյան կուսակցության ներսում երկար ժամանակ շարունակվող լարվածությունը ԼՏՊ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ կեցվածքի պատճառով հասավ գագաթնակետին, եւ կուսակցությունը հունվարի 9-ի ժողովի ժամանակ դուրս եկավ ՀԱԿ-ից ու փոխեց ղեկավարությանը: ՀԱԿ-ի գոյության հիմնական պատճառը ներկայիս իշխանություններից դժգոհությունն է: Շատերը ԼՏՊ-ի մեջ տեսնում են մի մարդու, ով կկարողանա փոխել ստեղծված իրավիճակը: Սակայն նրանց մի մասին վանում է ԼՏՊ-ի ունայնությունը, ավտորիտարիզմը եւ անձնականացված քաղաքականությունը»:
Կկարողանա՞ կոնգրեսն ապրել մինչ հաջորդ ընտրությունները, որոնք կայանալու են 2012թ.,- սա հարցադրում է նամակի վերջում եւ այս մտահոգությունից է գուցե, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության 1-ին փուլում արդեն ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ ստեղծվեց եւս մեկ ընդդիմադիր կառույց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ ՀՀՇ-ՀԱԿ-ից հեռացածներից: Սակայն այստեղ էլ խնդիրներ կան: Ասում են՝ ընդհատակ է անցել «Ազատ դեմոկրատներ»-ի ակտիվիստ, նախկին ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը, ով դեռեւս հրաժարվել է որեւէ մեկնաբանություն անել, բայց լուրեր են պտտվում, թե կուսակցության ներսում փողի կռիվ է, նախկին ԱԳ նախարար ՀՀՇ-ական Ալիկ Արզումանյանի անդամակցությանն ակտիվորեն ընդդիմացող Անուշ Առաքելյանն արդեն իր ձեռքն է վերցրել կուսակցության փողերի մեծ մասը…
Այս վերջաբանը ցայտուն ի ցույց է դնում հայ քաղաքական դաշտի ներկայիս իրական պատկերը եւ շատերի կերպարը, ինչից ազատվելու համար միայն բազմաբնույթ եւ բազմաբեւեռ քաղաքական ոլորտի ինքնաբավ հաստատում է անհրաժեշտ: Երբ համայնավարը համայնավար է, ժողովրդավարը՝ ժողովրդավար, ազգայնականն՝ ազգայնական, եւ այսպես շարունակ, այլ ոչ թե՝ նախկին հավատավոր համայնավարը արդեն ժողովրդավար է եւ պատրաստվում է դառնալ ազգայնական… կամ նախկին հավատավոր անհավատ համայնավարն այլեւս քրիստոնյա է եւ պատրաստվում է հեթանոս էլ լինել…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.



