«Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր»,- «The Business Year Azerbaijan 2011» ամսագրի Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի համար մեկնաբանություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա կարծիքով՝ 2 պետությունները լուրջ խնդիրներ ունեն՝ կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ «Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»: Չբավարարվելով միասնական պետություն ստեղծելու գաղափարով (Վրաստան+Ադրբեջան), համայն վրացիների ու համայն ադրբեջանցիների «կնքահայրեր» Սաակաշվիլին ու Ալիեւը առիթը բաց չեն թողնում «Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս-թշնամու» մասին ճամարտակելու…
Եթե իրապես Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է, ապա ինչու են ամիսը մի քանի անգամ վրացի ղեկավարներն այցելում թշնամական Հայաստան ու տարաբնույթ համագործակցության եզրեր փնտրում:
Վրացական պատվիրակությունը վերջերս նորից վազել էր Երեւան՝ քննարկելու միջազգային ավտոմոբիլային ուղեւորատար եւ բեռնատար փոխադրումների հեշտացման հետ կապված հարցերը: Իսկ եթե Սաակաշվիլին պարզապես ցանկանում է անիմաստ խոսող պետությունների նախագահների շարքում Ալիեւից առաջ անցնել, ապա գոնե պետք է հայկական կողմին «իշմար» տա…
Վրաստանի համար ամենամեծ խնդիրը, անշուշտ, Ռուսաստանն է եւ կարծիք կա, որ Սաակաշվիլիի հայտարարությունները այդ երկրի դեմ են ուղղված, բայց ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ ՌԴ քաղաքական ու քաղաքացիական ուժերը վրացիների կամ գուշակների ցանկությամբ չէ, որ մտածում են:
Իսկ, ասենք, եթե հայ-ռուսական հարաբերությունները խանգարում են Վրաստանի կայացմանը, ապա հայ-վրացական հակասությունները կարող են այն աստիճան լարվել, որ Վրաստանից միայն Թբիլիսիի նահանգը կմնա… այն էլ՝ լավագույն դեպքում:
Տեսաբանները կարծում են, որ այսօրվա Վրաստանի քաղաքականությունը 1918-20թթ. Վրաստանի քաղաքականության օրգանական շարունակուկթյունն է: Պարզապես մեկ անգամ պետք է հասկացնել վրացիներին, որ Հայաստանի հետագա թուլացումը ապագայում կբերի Վրաստանի կործանմանը թուրք-ադրբեջանական դաշինքի ձեռքին:
ՀՀ ԱԳՆ-ն այս հարցերում պիտի այլեւս բաց աշխատի հայության համար եւ ոչ թե գաղտնի ու մութ գործեր անի՝ իբր դիվանագիտական գաղտնիքը պահելու նպատակով: Վրաստանի խորհրդարանում մարդուն վիրավորելու համար ասում են «սոմեխի», այսինքն՝ հայ, իսկ Հայաստանից՝ ոչ մի պատասխան: Այսպես է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարաններում…
Իսկ թուրք-ադրբեջանական համագործակցությունը նոր զարգացումներ է ապրում: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կիլիջը հայտնել է, որ ծրագրվում է ադրբեջանական գազն արտահանել Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով: Նախատեսվում է տարեկան 10 մլրդ. խմ գազ արտահանել Եվրոպա: Ադրբեջանի պետական նավթային ընկերության օտարերկրյա ներդրումների կենտրոնի ղեկավար Վագիֆ Ալիեւը տեղեկացրել է, որ պայմանագրի մանրամասներն արդեն հաստատվել են, սակայն իրավաբանական խնդիրները դեռեւս լուծված չեն: Հաշվի առնելով, որ խողովակաշարի շինարարությունը մոտ 25-30 մլրդ. դոլար ներդրում է պահանջում, ադրբեջանական կողմը ապահովագրական երաշխիք է ակնկալում:
Վերջերս կրկին քննարկումներ են լինում՝ աշխարհաքաղաքականության մեջ Հարավային Կովկասի տեղի ու դերի վերաբերյալ: Հարավային Կովկասը՝ պարփակված 2 ծովերի արանքում, հյուսիսային ցամաքային սահմանագծով Ռուսաստանի հետ առնչվում է Կովկասյան լեռնաշղթայի ընձեռած հարմար բնական պատնեշով, իսկ հարավում՝ Թուրքիայի եւ Իրանի հետ Արաքսի գետային ցանցով: Պատմական հենքի վրա ձեւավորված ներկա քաղաքական հարաբերություններում կովկասյան յուրաքանչյուր հանրապետություն լրջագույն խնդիրներ ունի իրեն սահմանակից 2 պետություններից մեկի հետ: Վրաստանը սահմանակցում է Թուրքիային, Հայաստանին եւ Ռուսաստանին եւ վերջինիս հետ ունի սրված ռազմաքաղաքական հակասություններ: Հայաստանը սահմանակցում է Վրաստանին, Իրանին, Ադրբեջանին եւ Թուրքիային եւ վերջին երկուսի հետ ունի խորը հակասություններ: Միաժամանակ, յուրաքանչյուր երկիր ուղղակի կապ չունենալով Հարավային Կովկասին սահմանակցած յուրաքանչյուր երրորդ տերության հետ, վերջինիս հետ ռազմավարական դաշնակցային կամ բարիդրացիական տիրույթում է: Հատկապես Ադրբեջան-Թուրքիա եւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործակցությունները հնարավորություն են տվել վերջին 2 տասնամյակում պահել ուժերի հավասարակշռությունը Կովկասում: Սա հնարավորություն է տալիս կովկասյան այս եռանկյունին մշտապես պահել ոչ թե վերբեռնման-բաժանման, այլ հավասարակշռման տիրույթում. այսպես են մտածում միջազգային վերլուծաբանները:
Դառնալով վրացական թեմային՝ նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, բայց բացառված են նախագահ Սաակաշվիլիի հետ որեւէ ձեւաչափի շփումները: «Այն մարդու հետ, ով հանցագործ հրաման է տվել սպանել խաղաղապահներին, խաղաղ բնակիչներին… մենք գործ չենք ունենալու»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը եւ հավելել, որ Մոսկվան ամենեւին էլ չի նույնացնում Սաակաշվիլիին վրաց ժողովրդի հետ:
Ավելի կտրուկ է խոսել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. «Սաակաշվիլին արժանի է միջազգային դատարանի: Հարձակումը Հարավային Օսիայի վրա միջազգային նորմերի կոպիտ խախտում էր եւ դա է պատճառը, որ ես կողմ եմ արտահայտվում Սաակաշվիլիին դատելուն»:
Վրաստանի նախագահը նաեւ ազգային փոքրամասնություններին ճնշելու մեջ է մեղադրվում. «Քսենոֆոբիայի օրինակները երկրում ակնհայտ են»,- ասել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Վրաստանի ներկայիս նախագահի կողմից ռուս ժողովրդի հասցեին հնչեցված վիրավորական խոսքերի, ռուսաց լեզվով կինոնկարների կամ երգերի հեռարձակման արգելքի, ինչպես նաեւ Մոսկվա այցելող Վրաստանի քաղաքացիներին՝ դավաճան որակելու համար, պատասխան է տալու ամբողջ երկիրը,- նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ ոտնահարվում են անգամ հայերի ու ադրբեջանցիների որոշ իրավունքներ:
Վահագն Նանյան
* * *
Ջավախքը նախ ազատության կարիք ունի
Ջավախահայ գործիչ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի ընտանիքը շարունակում է ապրել Ախալքալաքում՝ սակայն չի մասնակցում տեղի քաղաքական եւ ազգամիջյան խնդիրների քննարկմանը: Վահագնի հայրը՝ Ռուբեն Չախալյանը, ոչ մեծ ցանկությամբ է պատասխանում հարցերին՝ նշելով, որ անհանգստանում է ոչ թե իր, այլ կրտսեր որդու՝ Արմեն Չախալյանի համար, ում նկատմամբ եւս տարիներ առաջ մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերքի պահման համար, բայց գրավով ազատ է արձակվել:
Իսկ ահա, Վ. Չախալյանը թեեւ անազատության մեջ է, սակայն շարունակում է իր նպատակներին հավատարիմ մնալ: Երբ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը նրան առաջարկել է ստորագրել, որ մեղավոր է եւ նա ազատ կարձակվի ու կարող է գնալ տուն, Վահագնը հրաժարվել է… Այստեղ է, որ Վ. Չախալյանի ընտանիքը նեղսրտում է, թե չկա Հայաստանի աջակցությունը եւ ազգային խնդիրների արծարծման համար բանտարկված հայորդին շարունակում է մնալ ճաղերի հետեւում:
Չախալյանները նշում են, որ Ջավախքում, մասնավորապես Ախալքալաքում, արտաքնապես բարեփոխումներն ակնհայտ են, սակայն իրականում այստեղ ժողովրդին շարունակում են պահել վախի մթնոլորտում: Այսօր վրացական իշխանություններից գոհ են միայն նրանք, ովքեր աշխատանք ունեն: Ջավախքի ժողովրդի մեծ մասը, մասնավորապես երիտասարդների, տարբեր քրեական հոդվածներ ունեն իրենց վրա, դա անգամ կարող է լինել նաեւ այն բանի համար, որ ջավախքահայը փորձի պաշտպանել իր մարդկային իրավունքները՝ ազգային իրավունքից չխոսելով անգամ…
Այո՛, Ջավախքը նախ ազատության կարիք ունի, հետո միայն ազատագրության:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.



