Իսրայելը, Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանի դեմ… Ով ումից ինչ է պահանջում

Ով  ումից է ինչ  պահանջում

Երեւանում օգոստոսի վերջերին կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իսկ գլխավոր հարցը դեռ առկախ է՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեն Հայաստանն ու Իսրայելը:

Երբ 2011թ. հունիսի 2-րդ կեսին Երեւան ժամանեց պաղեստինյան «Ֆաթհ» կազմակերպության արտաքին հարաբերություննները համակարգող Նաբիլ Շաատը, հասկանալի եղավ, որ քննարկվում է աշնանը Պաղեստինի ճանաչման հարցը, ինչը այդ ինքնավարության ղեկավարությունը բարձրացնելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովում: Հանդիպումները ՀՀ ԱԳՆ-ում եւ դրան հաջորդած արձագանքները զլմ-ներում վկայեցին, որ Հայաստանը համաձայնել է ճանաչել Պաղեստին պետությունը: Իսրայելական մամուլը մեզ «տեղավորել» է այն երկրների ցանկում, որոնք համարվում էին Պաղեստին պետության ճանաչման համար 100%-ով խոստում տված երկրներ: Իսրայելի ԱԳՆ-ն հատուկ նամակ է հղել բոլոր այն երկրների ԱԳՆ-երին, որոնք «խոստացել» են ճանաչել Պաղեստին պետությունը: Նամակում բացատրված է, որ առանց տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատման, միակողմանի Պաղեստին պետության հռչակումը կարող է խաթարել տարածաշրջանի անվտանգությունը եւ հանգեցնել նոր ռազմական բախումների:

ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի հայտարարել, արդյո՞ք ստացել է այդ նամակը եւ ի՞նչ պատասխան է հղել, եթե ստացել է:

Հայ-իսրայելական քննարկման ժամանակ, անգամ վերոնշյալ մտահոգություններն ունենալով, Իսրայելը չի փոխել իր դիրքորոշումը ԼՂՀ հարցում, եւ ինչպես տեղեկացնում է այդ երկրի ԱԳՆ-ն, Իսրայելը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ ուժի մեջ է թողնում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու միակողմանի դիրքորոշումը՝ երբեք չհիշատակելով ինքնորոշման իրավունքը:

Հետաքրքիր է, թե այս դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է հրեական պետությունն իրեն իրավունք վերապահում պահանջներ ներկայացնել մեզ Պաղեստինի հարցում:

Իհարկե հայտնի չէ, թե ինչպես կքվեարկի Երեւանը ՄԱԿ-ում՝ Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, որն ամեն կերպ Արեւմուտքը ձգձգում է, բայց մի բան հստակ է՝ երկրների վրա ճնշումներ կլինեն: Վերջերս «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերում նշված էր, որ «ԱՄՆ-ի կարգադրությամբ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել հակաիսրայելական մի բանաձեւի»: Գաղտնազերծած փաստաթղթերից մեկն անդրադառնում է ամերիկացի դիվանագետ, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի եւ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանի միջեւ 2007թ. տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ կողմերը զրուցել են «ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հակաիսրայելական բանաձեւերի շուրջ գալիք քվեարկության մասին» եւ Փենինգթոնը խնդրել է, որպեսզի այդ բանաձեւերին ( 61/22, 61/116, 61/23) Հայաստանը կամ «դեմ», կամ «ձեռնպահ» քվեարկի՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք «նորացված մանդատները կարող են առաջացնել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացը վերսկսելու ուղղությամբ ԱՄՆ-ի եւ միջազգային ուժերի կողմից տարվող աշխատանքների ճանապարհին»: Ձ. Աղաջանյանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ-ն, հաշվի առնելով ԱՄՆ–ի կարգադրությունը, որոշել էր «ձեռնպահ» քվեարկել Իսրայելի վերաբերյալ 61/23 բանաձեւին, բայց չի կարող փոխել իր դիրքորոշումը («այո»-ն) մյուս 2 բանաձեւերի առնչությամբ 2 հիմնական պատճառով՝ 1. հաշվի առնելով Պաղեստինի չլուծված հարցի եւ ԼՂ կարգավիճակի նմանությունը՝ Հայաստանը չի կարող դեմ լինել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, 2. հաշվի առնելով «Իրաքի ազատության օպերացիային» Հայաստանի օժանդակությունը, ինչի հետեւանքով արաբական աշխարհում հայերի նկատմամբ բացասական վերաբերմունք է ձեւավորվում, ըստ հայկական կողմի, անհրաժեշտ է, որ մյուս 2 բանաձեւերին Հայաստանը «այո» ասի:

Սա  գոնե հույս է տալիս կարծելու, որ ՀՀ իշխանությունները Իսրայելի հետ հարաբերություններում չեն դադարի հետամուտ լինել Արցախի անկախության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին, նաեւ չեն վտանգի հարաբերությունները Իրանի եւ արաբական աշխարհի հետ:

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Մեկ այլ տեսակետով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման տապալումն է նպաստում հայ-իսրայելական դիվանագիտության կապերի աշխուժացմանը: Ինչպես ասում են՝ Թուրքիան մեռա՛վ, կեցցե՛ Իսրայելը… Սակայն չպետք է մոռանալ, որ թուրք-իսրայելական դաշինքը դարերի փորձ ունի, իսկ վերջին ժամանակներս մի քանի անգամ սրվելուց հետո՝ կարծես նորից կարգավորվում է:

Վրացերենի ուսուցու՞մ, թե՞ հերթական վրացականացում

Վրաստանում այլեւս որոշել են հայերի ու ադրբեջանցիների երեխաներին վրացերեն սովորեցնել հատուկ «Այբբենարան»-ներով: Նոր չափանիշներով վրացերենի «Դեդա էնա» («Մայրենի լեզու») «Այբենարան»-ը առաջին անգամ ստեղծվել է Վրաստանում ապրող հայ եւ ադրբեջանցի քաղաքացիների համար: Ըստ «Գռուզիա օնլայն»-ի, «այդ այբբենարանի ստեղծման գործում մասնակցել են ինչպես արտասահմանցի, այնպես էլ վրացի մասնագետներ: Դա ժամանակակից դասագիրք է՝ իր լսա-տեսանյութերով»:

Սեպտեմբերի 15-ից վրացերենի մանկավարժները կմեկնեն Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի շրջաններ, որտեղ բնակվում են ազգությամբ հայ եւ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիներ ու կսկսեն երեխաներին սովորեցնել վրացերեն……Վրաստանում, ինչպես ասում են, հրաժեշտ են տալիս ռուսերեն լեզվին, իսկ ահա, նոր ուսումնական տարում դպրոցներում կաշխատեն մոտ 1.500 անգլերենի ուսուցիչներ արտերկրից: Այս երկրում կտրուկ նվազել է ռուսերեն լեզվի ուսուցումը, փակվել են բոլոր ռուսական դպրոցները:

Այդ կապակցությամբ Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը նշել է, որ 1 տարվա ընթացքում «լեզվաբանական հեղափոխություն» է եղել: Այս տարի Վրաստան կժամանեն ուսուցիչներ Իտալիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից եւս:

Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել նաեւ քաղ.օրենսգրքում՝ մասնակիորեն վերացնելով նախկինում կրոնական մի շարք համայնքների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցուն տրված կարգավիճակը: Նոր փոփոխություններով՝ կրոնական համայնքներն իրավունք են ստանում գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ, իսկ նախկինում տրված լայն լիազորությունները չեղյալ են համարվել, դրանով լուրջ հարված է հասցվել Հայ առաքելական եկեղեցուն, որն արդեն չի կարող հայկական եկեղեցիների հետվերադարձման հայտ ներկայացնել, մինչդեռ նախկին փոփոխությունները նման հույսեր ներշնչում էին: Հակահայկական տրամադրությունների շեշտակի աճ գրանցվեց եւ միայն հայերի դեմ նման ալիք սկսվեց:

Մինչդեռ փոփոխությունները վերաբերվում էին նաեւ Կաթոլիկ եւ Բապտիստական եկեղեցիներին, Հրեական ու Մահմեդական համայնքներին:

Թբիլիսին որոշել է, որ կոնկորդատ կարող է ձեւակերպվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:
  Նարե Մշեցյան
 

Ջավախքի դպրոցներում ուսուցիչներին կրճատում են

Ջավախքի դպրոցներում կատարվել են ուսուցիչների նոր կրճատումներ եւ Ախալքալաքի դպրոցների առանձին մանկավարժներ տեղեկացնում են, որ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցից (նախկին Հ. Թումանյանի անվան դպրոց) հեռացվել է 26 մանկավարժ. հայտնում է «Ա-ԻՆՖՈ»-ն ու հիշեցնում որ այս դպրոցի տնօրինությունն ու մանկավարժական կազմը մեկ անգամ արդեն որոշում էր կայացրել մանկավարժներին գործերից չհեռացնելու համար կրճատել աշխատվարձերը, գոնե այդ գնով նրանց միակ աշխատանքից չզրկելու համար: Թիվ 2 հանրակրթական դպրոցից (նախկին Ա. Մայակովսկու անվան) հեռացվել է 18 մանկավարժ: 16 հոգի էլ աշխատանքից հեռացվել է Ախալքալակի թիվ 4 հանրակրթկան դպրոցից (նախկին Դ. Դեմիրճյանի անվան): Իսկ թե ինչ սկզբունքով են ընտրում այն ուսուցիչներին, ում հեռացնում են աշխատանքից` անհայտ է:

Կարինե Թադեւոսյանը 24 տարվա մանկավարժական փորձ ունի, դասավանդում էր քիմիա եւ կենսբանություն: Սեպտեմբերի 14-ին տեղեկացրել են, որ հեռացվում է Ախալքալակի թիվ 4 հանրակրթական դպրոցից (նախկին Դ. Դեմիրճյանի անվան հայկական դպրոց): Դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ Թադևոսյանը նաեւ Վրաստանի Հայ Օգնության Միության ատենապետուհին է: Ուսուցչուհին սա ծիծաղելի է համարում, բացատրելով, որ Վրաստանի ՀՕՄ-ը բարեգործական կազմակերպություն է եւ ինքը չի վճարվում իր կատարած բարեգործական աշխատանքների համար, երբ, ի տարբերություն իրեն, այն ուսուցչուհին, ով պետք է փոխարինի, համապատասխան մասնագիտություն չունի: Կարինե Թադևոսյանը հենց իրեն աշխատանքից հեռացնելու հիմք տվող որեւէ լուրջ պատճառ չի գտնում ու մտադիր է պայքարել այս ամենի դեմ: Աշխատանքից հեռացնելու միակ պատճառը Վրաստանի ՀՕՄ-ում աշխատելու հանգամանքն է:

Նման վիճակ է նաեւ մնացած դպրոցներում, ինչն էլ ավելի է բարդացնում Ջավախքի սոցիալական ծանր վիճակը:  

Գոհար Վանեսյան

Ապատեղեկատվություն, անունդ Ադրբեջան է

Գողը միշտ առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին: Դե, հասկացաք. գողի ինչ կարգի մասին է խոսքը: Հիմա այդ նույն կարգի ամենաստորին աստիճանին է կանգնած, ոչ ավել, ոչ պակաս, պետություն: Ստեղծվել է ուրիշի տարածքի վրա, յուրացրել ուրիշի ամեն ինչը, ու աշխարհում ով ինչ անի՝ սա գոռում է՝ բռնեք գողին, տարավ իմը: Բայց ինքը ոչինչ չունի:

Խոսքս Ադրբեջանի մասին է:

Հատկապես վերջերս շատ է գազազել, աշխարհի գրեթե բոլոր փնտրողական կայքերին նամակ-սպառնալիքներ (առանց չափազանցության) է ուղղում. մեկին՝ թե փոխեք քարտեզները, Ղարաբաղը իմ կազմում է, ոչ թե Հայաստանի, մյուսին թե՝ եթե ԼՂ գաք, այլեւս Ադրբեջան չեք մտնի, մեկ ուրիշի էլ թե՝ Զանգեզուրն էլ է իմը: Եվ այս ամենն ուղարկում է իր կողմից առաջադրված թեմային վերաբերող լուսանկարով, վրան գրված՝ ապատեղեկատվություն:

Հոգեխեղված պետության հերթական թիրախը ռուսական մի ընկերություն է: Ադրբեջանական արշավն ուղղված է ռուսական հեռախոսակապի օպերատոր Pctel- ի դեմ այն բանի համար, որ վերջինս ծառայություններ է մատուցում «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» (տե՛ս արշավային լուսանկարը, որ տարածել են ադրբեջանական կայքերը): «Ռուսական օպերատորը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով զանգահարել Լեռնային Ղարաբաղ, եւ որ ամենազայրացուցիչն է՝ նույն սակագնային փաթեթով, ինչ Հայաստանի պարագայում է»,-գրում են ադբեջանական կայքերը: «Նրանք անօրինական գործունեություն են ծավալում, Լեռնային Ղարաբաղը ճանաչված պետություն չէ»:

Ստացվում է, Ադրբեջանի համար, երբ ձեռնտու է, Արցախը իրենց մասն է, երբ ձեռնտու չէ, չճանաչված պետություն է: Ընդամենը մեկ պարբերությոն հետո,  Pctel- ին ուղղված նամակում, day.az-ը հիշում է, որ «Ղարաբաղը իրենցն է, որ այժմ հայերի անհավատ ձեռքերում է»: «Իրեն հարգող ընկերությունը այդպիսի սխալներ թույլ չի տա, այլապես կվնասի իր վարկանիշը»,- շարունակվում է նամակում, որ վերջանում է հրամանով. «Դադարեցրե՛ք ձեր գործունեությունը Լեռնային Ղարաբաղում»:

Pctel-ը, բնականաբար, չի պատասխանել,  Ադրբեջանը դեռ ինքը պետք է կողմնորոշվի, հիմա «Ղարաբաղը չճանաչված պետությու՞ն» է, թե՞ իրենց մաս: Եվ քանի դեռ այս՝ ադրբեջանական պետությունը իրեն այնքան չի հարգում, որ նույն նամակում նույն բանի մասին երկու տարբեր տեղեկատվություն է մատուցում, ապա յուրաքանչյուր ընկերություն էլ կարող է չպատասխանել: Իսկ ինչ վերաբերում է վարկանիշային հարցերին, ապա Ադրբեջանը լավ կանի իր վարկանիշի մասին մտածի ոչ թե Հայաստանին ու Արցախին փնովելով, այլ՝ սեփական ապագայի մասին մտահոգվելով, քանզի արդեն արտերկրի գիտնականներն են անգամ խոսում, որ ադրբեջանցի ժողովուրդ որպես այդպիսին չկա եւ չի էլ եղել, եւ նրանք մոնղոլների, սելջուկյան, թուրքական եւ այլ ցեղերի խառնուրդ են: Ընդամենը: Ահա այսքանը:

Ի դեպ, դեռ մեկ  տարի առաջ  Ադրբեջանը տառացիորեն խռովել էր «Վիքիպեդիա» միջազգային էլեկտրոնային հանրագիտարանի պատասխանատուներից այն բանի համար, որ նրանք Ադրբեջանին համարել էին երիտասարդ հանրապետություն, այլ ոչ թե բերել էին պատմության խորքերից:

Իսկ բոլորովին վերջերս էլ «Google map»-ից Ադրբեջանը նեղացել էր այն պատճառով, որ վերջինս իր քարտեզներում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի ներառել, եւ ավելին՝ «ադրբեջանական հանգույն քաղաք Խանքենդիին» Ստեփանակերտ անունն է տվել, ու «աղավաղել է նաեւ Շուշա, Խոջավենդ» անունները եւ գրել «Շուշի, Մարտունի» եւ այլն:

«Մենք հուսով ենք, որ դուք կվերականգնեք ադրբեջանական անունները՝ դրանով վերականգնելով պատմական ճշմարտությունը»,- ասված է «Google map»-ին հղած նամակում, որ ստորագրված է իբրեւ «Google map»-ի քարտեզներից օգտվողների անունից: Այլապես այս օգտվողները կհամարեն, որ «Google map»-ը «ավելի է քաղցրացնում հայ օկուպանտների թեյը»:

«Google map»-ը չի պատասխանել եւ քարտեզներում «շտկում» չի մտցրել: Թեեւ եթե «Google map»-ը ստիպված լինի իրապես շտկումներ մտցնել՝ «պատմական ճշմարտությունը վերականգնելու նկատառումով», ապա… քարտեզներից կբացակայի Ադրբեջանը:

Կարծում եմ՝ Ադրբեջանի այս հոգեվիճակը կհետաքրքրի միայն աշխարհահռչակ լուրջ գիտնականների՝ հոգեբանների, հոբեբույժների, հոգեվերլուծողների, ովքեր նորանոր բացահայտումներ կարող են անել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։