ՀՀ-ում կա՛ն ընդդիմադիրներ, սակայն չկա՛ ընդդիմություն… Մեր պետությունը հայաբնույթ չէ

ՀՀ-ում կա՛ն ընդդիմադիրներ, սակայն չկա՛ ընդդիմություն

Մեր պետությունը հայաբնույթ չէ

Բազմիցս անդրադարձել ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, դեռ երբ դրանք կարգավորված չէին եւ առճակատում կար, եթե չասենք՝ թշնամանք, ներքին բախումները հաճախ ճակատային գծերի էին վերածվում: Երբ դրանք կարգավորման ընթացք էին բռնել ու բանակցային ուղի կար: Նաեւ՝ երբ դրանք կարգազանց վիճակում հայտնվեցին ու շահադիտական ակնհայտ երեւակումներ եղան:

Մենք էլի անդրադառնալու ենք իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, քանզի ունենք այն, ինչ ունենք, եւ որքան կարեւոր է ներքաղաքական կյանքի մասին տեղեկություն ստանալը, այնքան կարեւոր է այդ կյանքում տեղ գտած երեւույթների վերլուծությունն ու մեկնաբանումը:

Սա նաեւ ելքերի ճար ու հնար է ստեղծում:

Երբ իշխանական կոալիցիա-ընդդիմադիր կոնգրես բանակցությունների առաջարկ եղավ, թե՛ քաղաքական, թե՛ լրատվական, թե՛ հանրային ու մշակութային եւ թե՛ մնացյալ ոլորտներում աշխուժություն առաջացավ, որ ահա երկրում կայունությունն ու առաջընթացը, համերաշխությունն ու փոխզիջումային քաղաքականությունը կդառնան չափորոշիչներ, եւ մեր հոգնատանջ ազգ-ժողովուրդը մի փոքր շունչ կքաշի:

Սակայն փոփոխությունների առաջին իսկ փուլում հասկանալի դարձավ, որ թե՛ իշխանության ներսում, թե՛ ընդդիմադիր շրջանակներում ուզողների ու չուզողների խմբակային տարաբնույթ շահեր կան, որը կարող էր եւ արագ ազդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ներքաղաքական կայունությանն ուղղված նախաձեռնության վրա: Թվում էր՝ ամենաբարձր մակարդակով արված առաջարկը ամենաբարձր մակարդակով էլ պաշտպանված կլինի: Բայց…

Բայց նախ ընդվզեց ընդդիմադիր դաշտը: Չի կարելի բացառել՝ գուցեւ տեղին: Քանզի կոալիցիա-կոնգրես բանակցությունները նախապես որակվեցին որպես ՀՀԿ-ՀԱԿ հանդիպում, ինչը մասմամբ նաեւ այդպես էր: Մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք նույնպես ողջունեցին ՀՀ նախագահի նախաձեռնությունը, իրենց չէին եւ չեն պատկերացնում որպես բանակցային կողմ՝ ՀԱԿ-ՀՀՇ-ի կողքին, առավել եւս՝ չեն պատկերացնում հաջորդ ընտրացուցակներում այս ուժի հետ միասնական հանդես գալու հնարավորությունը: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները սպասում էին կոալիցիա-ընդդիմադիր-1, կոալիցիա-ընդդիմադիր-2, կոալիցիա-ընդդիմադիր-3 եւ այսպես շարունակ բանակցային ձեւաչափի կիրառմանը, ինչից հաստատ խուսափելու էր իշխանությունը: Եվ գուցե խուսափելը այնքան ընդդիմադիրների ճակատին երես տալը չէր, որքան դա կարող էր առավել սրել իրավիճակը ներքաղաքական կյանքում, ընդդիմադիր դաշտում անգամ ավելի, քան՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:

Այո, այդ ժամանակ չէր բացառվի, որ ընդդիմադիր-1 կարգավիճակի համար ճակատային գծեր կառաջանար հենց ընդդիմության մեջ: Կարծում ենք՝ կոալիցիան փորձում էր կոնգրեսի հետ հարաբերվելով հասկանալ իշխանություն-ընդդիմություն համագործակցության բնույթը, որից հետո գուցեեւ նախաձեռնվեր «կլոր սեղան»-ային համագործակցություն՝ իշխանություն-ընդդիմություններ ձեւաչափով: Այս դեպքում չենք բացառում մեկ այլ ձեւաչափի առաջացումը, որը մեզ հետ զրույցում առաջարկեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Այն է. «Համագործակցություն ընդդիմադիր դաշինքների միջեւ, գուցե նախապես մեկ-մեկ եւ դեմ առ դեմ, ապա նաեւ ընդդիմադիր «կլոր սեղանի» պայմաններում»: Այնուհետեւ, ըստ ՀԱՄ ղեկավարի, կձեւավորվեր «միացյալ ընդդիմադիր դաշինք եւ սա էլ կբանակցեր իշխանության հետ»: Այսպես իրապես կլիներ իշխանություն-ընդդիմություն համագործակցություն եւ հարաբերությունների պարզաբանում: Այն ընդդիմադիր ուժերը, որոնք չէին ցանկանա միասնական ընդդիմադիր բանակցային պատվիրակությունում ընդգրկվել, դուրս կմնային, կամ իշխանական կոալիցիան ինքը կորոշեր դրանց հետ հարաբերվելու կամ չհարաբերվելու հարցը:

Վերը նշեցինք, որ կոալիցիա-կոնգրես բանակցությունները նմանեցնում էին ՀՀԿ-ՀԱԿ հարաբերություններին մասամբ, քանզի իշխանական կոալիցիան բանակցային պատվիրակների կազմում ներկա էին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ անդամները համամասնությամբ, սակայն քաղաքական վարագույրների հետեւում կամ ետնաբեմում խմորվում էր ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը՝ գալիք ՀՀ ԱԺ-ում տեղերի բաշխման առումով, եւ դա թուլացնում էր կոալիցիա հասկացությունը: Իհարկե, ՀՀԿ-ՕԵԿ խնդիր չառաջացավ, քանզի այս կուսակցությունների անդամները գրեթե սերտաճած են աշխատում ԱԺ-ում եւ կառավարությունում, բայց 2 առաջատար ուժերը կիսելու բան ըստ ամենայնի ունեն… Անգամ տեսակետ կար, որ ՀԱԿ-ի անդամների քանակը հաջորդ ԱԺ-ում պետք է ձեւավորվի ոչ միայն ներկայիս խորհրդարանական ընդդիմության, այլեւ՝ ԲՀԿ սպասվելիք մանդատների հաշվին:

Ահա այսպես չմիավորված ընդդիմադիր ճակատը եւ անմիասնական իշխանական վերնախավը եսակենտրոն մղումներով տապալեցին ամենաբարձր մակարդակով նախաձեռնած ներքաղաքական գործընթացները, որի սառեցումը տխուր փաստ է, իսկ վերացումը կդառնա նոր ալեկոծումների սկիզբ: Ինչպես սիրում են գործածել քաղաքական ոլորտում՝ կդառնա գունավոր եւ այլաբնույթ հեղափոխությունների կամ գարնանային ու աշնանային աշխուժացումների պատճառ:

Թվում էր՝ ամեն բան լավ է լինելու: ՀԱԿ-ՀՀՇ-ն վերջապես Սերժ Սարգսյանին գործող նախագահ էր կոչել, իսկ գործող 3-րդ նախագահն էլ 1-ին եւ 2-րդ նախագահների քաղաքական ասպարեզում գործելու իրավունք էր ճանաչել ու ընդդիմության գոյությունը երկրում արժեւորել… Բայց նորից ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը ավազակապետություն դարձավ, իսկ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակում է հեռվից իրականացնել իր նախընտրական ձգտումները: Սա արդեն լուրջ ահազանգ է, որ մեզանում նոր քաղաքական հակամարտություն է հասունանում եւ դա, ինչպես նախորդ դեպքերում, կարող է հրահրվել նաեւ դրսից…

Հիմա մեկ այլ տեսակետով էլ ամփոփենք այս թեման: ՀՀ-ում իրապես չկա ընդդիմություն: Խոսքը կազմակերպված եւ այլ համոզմունքների տեր ընդդիմության մասին է, որ իշխանությունների հետ ունենա հստակ տարաձայնություններ արտաքին եւ ներքին քաղաքական բազում հարցերում: Իհարկե, ՀՀ-ում կան ընդդիմադիր կազմակերպություններ, որ կրում են համայնավարական արժեքներ, ազգային որոշակի ոլորտներում ավանդապաշտ են ավելի՝ քան իշխանությունները եւ երեւացող ընդդիմադիրները, ազգայնականներ կան, որ տարբերվում են ոչ միայն քաղաքական հայացքներով, այլեւ՝ հավատքային, արիադավաններ են, բայց խոսքը արդեն ձեւավորված եւ որոշակի լծակներով ընդդիմադիր դաշինքների մասին է: Իսկ այդպիսիք դեռ չկան: Այդպիսիք կարելի է նախաձեռնել անգամ, հասկանալով կարեւորությունը, եւ սա կարող են անել թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանությունները: Իսկ այսօրվա «հաստատված» ընդդիմադիր ուժերը դավանում են նույն եվրաարժեքները, նույն պատկերացումներն ունեն գերտերությունների հետ հարաբերվելիս, նույն ներքաղաքական նկրտումները՝ սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային, լեզվա-քաղաքական,բարոյա-հոգեբանական եւ այլ բնագավառներում եւ այլն, ինչն ունեն իշխանությունները:

Անհասկանալի է, ի՞նչ պետք է փոխի ՀՀ 1-ին նախագահի թիմը, եթե նորից գա իշխանության, առավել եւս՝ 2-րդ նախագահի թիմը, որը գրեթե չի փոխվել 3-րդ նախագահի օրոք… Ո՞րն է նրանցից պատժվել կատարած անօրինական գործողությունների համար, որոնք այնքան ակնհայտ են, որ կույր պիտի լինել չտեսնելու համար… Ո՞վ է նրանցից ընդդիմանում օտար եւ «հարազատ»  տարաբնույթ մութ ու գաղտնի ուժերի եւ բարեկամ ու թշնամի գերպետությունների միջամտություններին…

Ստացվում է՝ իշխանափոխությունը դարձյալ աթոռափոխության է վերածվելու: Եվ իրապես հասկանալի է մարդկանց երկարատեւ ցասումն ու ոչ մեկին չհավատալու կերպը:

Բայց պե՛տք է հավատալ ու պայքարել: Հաստա՛տ պետք է: Անգամ եթե մտածումների վերջը չի՛ երեւում՝ պե՛տք է: Որովհետեւ մի բան անելը ոչինչ չանելուց լավ է: Նաեւ հետեւել է պետք՝ հաջորդ իշխանությունը ի՞նչ կարող է տալ… Նորից մնացող իշխանությունն ի՞նչ կարող է անել դեռ… Եվ հաստատ էլի՛ տարբերակներ կլինեն…
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։