Ակնթարթն անգամ միջազգային նշանակություն ունի. Գերտերությունների բախումները մեր տարածաշրջանում… ՀԱՄ

Ակնթարթն անգամ միջազգային նշանակություն ունի

ՌԴ – ԱՄՆ հակասություններ մեր տարածաշրջանում

Օրերս, Ուրուգվայի ԱԳ նախարարը, այդ երկրի խորհրդարանում Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա նաեւ ողջունելի է, որովհետեւ ԱԳ նախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչելու հարցը. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայսատանին: Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»,- հայտնել է Մոնտեվիդեոի արտաքին ոլորտի պատասխանատուն: Հիշեցնենք, որ Ուրուգվայն այն երկիրն է, որն առաջինը պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Սա, իհարկե, նոր հիստերիայի առիթ է տվել պաշտոնական Բաքվին: Հարցը մտահոգել է նաեւ Անկարային, քանի որ հայ-թուրքական կոչված արձանագրությունների տապալումը նույնպես առնչվում է Արցախի խնդրին: Թուրքիան իր եղբայր Ադրբեջանի հարցը փորձեց դարձնել համաթրքական, սակայն ինքը տապալվեց արձանագրությունների հարցում: Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Թուրքիայում փորձել է պարզել, թե արձանագրություններն ինչու չեն վավերացվում: Նա Լիբիայի հարցով շփման խմբի երկրների արտգործնախարների 4-րդ ժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Անկարա եւ հանդիպումներ ունեցել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են նաեւ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, թուրք-իսրայելական հարաբերություննների ներկա վիճակին առնչվող հարցեր: Հիլարի Քլինթոնը հայ-թուրքական կարգավորման գործընթացի ձախողման մեջ մեղադրել է Թուրքիայի ընդդիմությանը` ասելով հետեւյալը. «Երբ հանդիպումներիս ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրեցի, թե ինչու արձանագրությունները խորհրդարանի օրակարգ չեն ներառվում, ինձ պատասխանեցին, թե դրան դեմ է ընդդիմությունը, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»: Սակայն ընդդիմադիրները զարմացել են, եւ ասել. «Կառավարոթյունն արձանագրությունների վերաբերյալ մեզ որեւէ տեղեկություն չի տալիս: Արձանագրությունների բովանդակությանն էլ ծանոթ ենք մամուլի միջոցով: Իսկ իշխող կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Եթե նրանք ցանկանան, արձանագրությունները խորհրդարանի օրակարգ կբերեն»:

Այսպես ամերիկյան դիվանագիտությունը հերթական անգամ փորձում է կոծկել թուրքական արհամարհական քաղաքականությունը՝ իր պարտավորությունների չկատարման առումով, որպեսզի արեւմտյան գործընկերներն ու Հայաստանը առավել խիստ արտահայտվելու առիթ չունենան: Երբ Հայաստանում արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի ալիք բարձրացավ, ՀՀ իշխանությունները չկարողացան դա օգտագործել որպես դրդապատճառ, կամ էլ շահագրգիռ երկրները հասկացրեցին, թե իրենց հետաքրքիր չէ հայության կարծիքը… Իսկ հիմա, երբ թուրքական ընդդիմությունը անգամ տեղյակ չէ Անկարայի մերժման քաղաքականության մանրամասներին, պաշտոնական Վաշինգտոնն է դարձել Թուրքիայի իրավապաշտպանը: Ամերիկյան հերթական կեղտոտ քաղաքականության դրսեւորմանն ենք ականատես լինում:

Սա պետք է զգուշացում լինի ՀՀ իշխանություններին եւ հայությանը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ինչ-որ բաներ է խոստացել Թուրքիային: Վստահաբար, դա նախ եւ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի սառեցումն է Կոնգրեսում: Բայց գիտենք, որ տարածաշրջանային բազում խնդիրներ կան նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պարտավորվում է կատարել Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Դրանցից մեկն այն է, որ պաշտոնական Անկարան առաջիկայում մի լուրջ խնդիր պետք է լուծի՝ Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան եռանկյունու հետ իր հարաբերություններում, Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադարների տեղակայման հարցը պետք է կարգավորի: Թուրքիային թերեւս դժվար լինի այս անգամ իրեն բնորոշ ոճով մանեւրել այդ հարաբերություններում, որովհետեւ հենց հայ-թուրքական արձանագրություններում «թուրքական մեղքի» բացակայությունը պայման է եղել: Արդեն կան տվյալներ, որ ՆԱՏՕ-ական ռադարները կարող են տեղակայվել Թուրքիայի արեւելյան շրջաններում, մասնավորապես Դիարբեքիրի շրջակայքում, ինչը, փաստորեն, գտնվում է իրանական սահմանին մոտ: Ակնհայտ է, որ այդ համակարգերն առաջին հերթին պայմանավորված են իրանական գործոնով, բայց կարող են օգտագործվել նաեւ Հայաստանի դեմ:

ԱՄՆ-ի  մտադրությունը՝ Թուրքիայում տեղադրել հակահրթիռային պաշտպանության համակարգը, կարող է ադրբեջանական Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի  շուրջ նոր գործընթացների հանգեցնել: Փորձագետներն անգամ ենթադրում են, որ տեղի ունեցող զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ Մոսկվան հրաժարվի կայանը շահագործման հանձնել:

Երկարաձգման պատճառներից մեկը  ԱՄՆ
-ի ծրագրերի շուրջ ստեղծված լարվածությունն է, ըստ որի պետք է հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել Եվրոպայում: Բայց Մոսկվան նաեւ հասկանում է, որ եթե դադարեցնի ռադար կայանի շահագործումը, ապա չի կարող առաջարկել ԱՄՆ-ին՝ համատեղ ստեղծել հակահրթիռային պաշտապնության համակարգ եւ չի կարող պահանջներ ունենալ Վաշինգտոնի նկատմամբ՝ հրաժարվել այլ ծրագրից: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ծրագրել է Թուրքիայում տեղադրել հրթիռային ռմբակոծության նախազգուշացման ռադարներ: Այս համակարգն, ինչպես եւ ենթադրվում է, կուժեղացնի ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորությունը: ՌԴ-ն խիստ է արձագանքել, նախազգուշացրել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, որ հակահրթիռային պաշտպանական համակարգի անսահմանափակ ընդլայնումը կհանգեցնի Մոսկվայի համապատասխան քայլերի ձեռնարկմանը, քանի որ մտահոգություն կա, որ Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղադրումը Եվրոպայում կարող է ՌԴ ռազմավարական միջուկային ուժերի համար սպառնալիք հանդիսանալ:

Այս առումով պարբերաբար հայտարարվում է նաեւ ՀՀ ԶՈւ բարձր պատրաստականության եւ ընթացիկ զինման մասին: Գուցե նաեւ այս առումով է, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե պարտադիր զինծառայության ժամկետները կարող են փոփոխվել: Նա վստահեցրեց, որ տեսանելի ապագայում բանակում ժամկետային ծառայությունը մնալու է անփոփոխ՝ 2 տարի: Միաժամանակ, նախարարի խոսքերով՝ ՊՆ-ն փորձում է խթանել պրոֆեսիոնալ զինծառայության անցնելու գործընթացը, ինչն իրապես կարեւոր է մեր դեպքում եւ լարվող տարածաշրջանում: «Այժմ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության զգալի մասն իրականացնում են պայմանագրային զինծառայողները: Դրանով մենք փորձում ենք նաեւ սոցիալական խնդիր լուծել»,- այսպես է մեկնաբանել Ս. Օհանյանը:

Իսկ Թուրքիայիում ՆԱՏՕ-ի ՀՀՊ ռադարների տեղակայման հարցին զուգահեռ Հայաստանում, մոտ ապագայում ռուսական C-300 հակահրթիռային համակարգերը կփոխարինվեն ավելի արդիական C-400 համակարգերով: Այս մասին նույնպես տեղեկացրել է պաշտպանության նախարարը, ինչը, կարծում ենք, Ռուսաստանի դեռ առաջին արձագանքն է ՆԱՏՕ-ի ձգտումներին: Ավելին՝ հայկական կողմը արդեն առավել կտրուկ հայտարարություններ է անում արցախյան ճակատում: «Հարկ եղած դեպքում ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ կբացի: Պատերազմն անցած հրամանատարները հաճախ շատ ավելի նվիրված զինվորականներ են, քան երիտասարդ սերնդի սպաները, եւ հարկ եղած դեպքում նրանք կապացուցեն այդ»,- ասել է Ս. Օհանյանը: Նրա խոսքերով՝ այսօր ՀՀ 26 բնակավայր գտնվում է ադրբեջանական զենքերի հասանելիության գոտում, որոնք պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների, բայց 30 ադրբեջանական բնակավայրեր էլ գտնվում են ՀՀ ԶՈւ կրակի հասանելիության գոտում: Ի տարբերություն ադրբեջանցիների, մենք չենք չարաշահում այդ հանգամանքը, բայց ՀՀ ՊՆ-ն արդեն խոսում է նախահարձակ լինելու դիրքերից… Կարծում ենք, սա էլ ՀՀ-ՌԴ համագործակցության արդյունք է:

Վերջերս Երեւանում կազմակերպվեց միջազգային համաժողով՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՄԱԿ գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Արեւելյան գործընկերությանը վերաբերող եւ այլ խնդիրների քննարկմանը: Բայց վստահաբար ՀՀ ԱԱԽ քարտուղարը քննարկել է նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Օգոստոսի վերջին մեր ՊՆ-ում անցկացվեցին ՌԴ ԶՈւ եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններ, որին մասնակցել է ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի եւ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը:

Մինչ այդ ԱԱԽ  քարտուղար Ա. Բաղդասարյանն ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությունը: Երկուստեք նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետորեն զարգանում է եւ անդրադարձել են Աֆղանստանում տեղակայված հայկական զինուժի փաստին:

ՆԱՏՕ-ի պաշտոնյային ԱԱԽ քարտուղարը մատնացույց է արել նաեւ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը:

Բարձրաստիճան հյուրն արտահայտել է իր

գոհունակությունը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքի վերաբերյալ, ինչին համաձայնել է Ա. Բաղդասարյանը, եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում նշել է, որ անընդունելի եւ ոչ կառուցողական է նաեւ Ադրբեջանի դիրքորոշումը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում… Իսկ Թուրքիան սառեցնելով հարաբերությունների կարգավորման նպատ
ակով ստորագրված արձանագրությունների վավերացումը՝ փորձում է խոսել նախապայմանների լեզվով:

Հայաստանը հավատարիմ է մնում է իր կառուցողական մոտեցումներին, բայց դա կարծես միակողմանի բնույթ է կրում: Իսկ Ադրբեջանը, հետեւելով Թուրքիային, իր տարածաշրջանային քաղաքականությունը նույնպես երկերեսանիության դրսեւորումների վրա է կառուցում:

ՆԱՏՕ-ն չի մոռանում նաեւ Վրաստանը: Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նոյեմբերին կայցելելի Թբիլիսի: Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նույնպես կսրեն ՌԴ-ԱՄՆ հակամարտությունը տարածաշրջանում:

Դառնալով հայկական կողմի հայտարարությունների կտրուկ ընթացքին՝ նշենք, որ առայժմ ոչ պաշտոնապես, բայց մի շարք պաշտոնյաների կողմից հայտարարություններ են լինում, որ եթե մեզ պարտադրվի պատերազմ, ապա հայկական առաջնային գծերը կհասնեն ընդհուպ մինչեւ Քուռ գետ… Արցախում հասկանում են, որ խաղաղությունը պետք է պահպանվի, բայց հստակ պատկերացնում են, որ ոչ մի թիզ հող չի կարելի զիջել: Արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է միջազգային ատյաններում բարձրաձայնում, որ վաղ թե ուշ Արցախը ճանաչվելու է որպես անկախ պետություն այսօրվա սահմաններում, որոնք ամրագրված են նաեւ Արցախի սահմանադրության մեջ:

Իսկ Մոսկվան հաճախ է ռուս-վրացական պատերազմի «լուրջ դասերից» խոսում, որը Մոսկվայի տեսակետից Հայաստանի ու Ադրբեջանի համար լավ օրինակ է: Սա առավելապես զգուշացում է Ադրբեջանի նախագահին, ով ռազմատենչ հայտարարություններով արդեն ձանձրացրել էր: Հաճախակի է խոսվում նաեւՀայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափը Արցախ-Ադրբեջան ձեւաչափով փոխարինելու մասին, ինչը մեր դիրքերն ավելի կամրապնդի եւ կմոտեցնի Արցախի անկախության միջազգային ճանաչումը:

ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան, ռազմավարական հարցերով իրանցի փորձագետ Մ. Ն. Քոլեյնին նշել է, որ Ադրբեջանը խույս է տալիս լուծումներից եւ ջանքեր է գործադրում, որպեսզի նոր ուղիներ փնտրի Եվրամիության շրջանակներում: Նախկին դեսպանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ճիգեր են գործադրվում, սակայն Ադրբեջանը որոշ հանգամանքներում հուսահատ վերաբերմունք է դրսեւորում եռակողմ քաղաքականության նկատմամբ»: Իսկ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Ս. Ա. Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ Իրանի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:

Ավելի կտրուկ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքը. «Արցախը չի ցանկանում, որ իր ճակատագրով զբաղվի մեկ ուրիշը» եւ պատրաստ է Բաքվի հետ ուղիղ բանակցելուն: «Սակայն, Ադրբեջանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ լուծել Ղարաբաղի ճակատագրի հարցը, ուստի պատրաստ չէ վարել բանակցությունները մեզ հետ»,- հավելել է Արցախի նախագահը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես արտահայտվել է, եւ նշել, որ Ադրբեջանի մերժողական եւ ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել եւ համաձայնել է ՀՀ նախագահի հետ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանն Ադրբեջանին կրկին խաղաղություն կպարտադրի:

Երբ վերլուծում ենք վերջին ժամանակների «հայ-ռուս-ադրբեջանական եռանկյունում» կատարված զարգացումները, ապա այստեղ էլ են որոշ փոփոխություններ ի հայտ գալիս: Սկզբում ՌԴ նախագահ Մեդվեդեւի առաջարկները եղան երկու կողմերին, խայտառակ առաջարկություններ, քանի որ պիտի պարտավորություն ստանձնեինք հանձնել Քարվաճառը, Վարանդան եւ Կովսականը՝ «Լաչինի միջանցքի» դիմաց: Հետո եղան Դ. Մեդվեդեւ – Ի. Ալիեվ եւ Դ. Մեդվեդեւ – Ս. Սարգսյան հանդիպումները, ապա միայն Դ. Մեդվեդեւ – Ի. Ալիեւ հանդիպումը, ինչը հավաստեց, որ այս եռանկյունու թերեւս ամենադժգոհը Ադրբեջանի նախագահն է: Հասկանալի է, որ Մոսկվան ցուցադրաբար առավելապես միակողմանի ճնշման գնաց, քանզի պաշտոնական Բաքուն ակնհայտ դժգոհ է ռուսաստանյան հանդիպումներից:

Սրան գումարվեց վերոնշյալ՝ Ուրուգվայի ԱԳ նախարարի արցախանպաստ հայտարարությունը, ինչպեսեւ Ֆրանսիայի պատգամավորների կոչը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Սա Ադրբեջանին արդեն խուճապի մեջ է գցել: Խնդիրն այն է, որ ֆրանսիացի մի շարք պաշտոնյաներ կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն: Այս մտածողությունը կարծես թափանցում է Եվրոպա, վերջերս Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում միջազգային միջոցառումների, ցուցադրումների ժամանակ հայկական թեմաներին անդրադառնալիս ներկայացվել է նաեւ Արցախը՝ նշելով, որ ԼՂՀ-ն արդեն 20-ամյա անկախություն ունի… Լեհաստանում, Սլովակիայում եւ այլ երկրներում նույնպես հարցը արծարծվում է:

Միջազգային այս փոփոխություններին պետք է արագ արձագանքել եւ չկորցնել հարմար պահը՝ Արցախի անկախությ
ունը ճանաչելու կամ Հայաստան-Արցախ վերամիավորումը պաշտոնապես ճանաչելու համար:

Արամ Ավետյան

*  *  *

Արցախը եւ մեզ բարեկամ ու չարակամ երկրները

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Ուրուգվայի նախաձեռնությունը‘ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախությունը ճանաչելու մասին: Մենք՝ որպես հայ արիականներ, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուրուգվայի իշխանություններին եւ ժողովրդին, որ իրենց երկիրը շարունակում է հանդես գալ պատմական արդարության եւ ճշմարտության վերականգնման դիրքերից:

Ուրուգվայն այն պետությունն է, որ պետականորեն նախաձեռնեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը, որը շարունակական ընթացք ունեցավ աշխարհում եւ ավելի քան 20 պետություն հետեւեցին ուրուգվայցիներին: Այժմ, Արցախ-ԼՂՀ անկախության պետականորեն ճանաչումը կարող է նոր ընթացք հաղորդել հիմնահարցին: Հուսանք, որ պաշտոնական Մոնտեվիդեոն արագ կնախաձեռնի այն քայլերը, որը նշել է Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն, այն է՝ վերականգնել պատմական արդարությունը՝ ճանաչել Արցախի անկախությունը այնքան ժամանակ, մինչեւ կայանա Հայաստան-Արցախ վերամիավորումը: Այս տեսակետը լիովին համընկնում է Հայ Արիական Միաբանության քաղաքականությանը, ինչը մեզ համար կրկնակի ողջունելի է դարձնում Ուրուգվայի դիրքորոշումը:

Սա  լուրջ խթան է նաեւ Հայաստանի իշխանությունների համար՝ Արցախի անկախությունը ճանաչելու եւ ընթացքում երկու հայկական պետությունների վերամիավորման հարցը լուծելու համար: Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պարզաբանումներ կմտցնի որոշ հարցերում, դիցուք՝ կապված եղբայրական կոչված Վրաստանի արձագանքի հետ, որը Ադրբեջանի թշնամիներին սեփական թշնամի է որակում… Եղբայրական կոչված Ռուսաստանի արձագանքի հետ, որն էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մեկ այլ եղբայրական խաղերի մեջ է… Եվ այսպես շարունակ:

Հայաստանն ու հայությունը պետք է հայապահպան հարցերի արծարծումով ի վերջո հստակեցնեն բարեկամ եւ չարակամ երկրների ու ժողովուրդների ցանկը, նախանշեն հայկական կողմնորոշումների նոր ընթացքը:

Հայ Արիական Միաբանությունը շնորհավորում է հայությանը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հիմնադրման եւ անկախության 20-ամյակները եւ ցանկանում է սեպտեմբերի 21-ին լսել պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի համատեղ հայտարարությունը՝ կա՛մ Արցախի անկախության ճանաչման, կամ՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման:

Մեր հարցերը մե՛նք ենք լուծելու եւ ապավինե՛նք նախ մեր ուժին ու կամքին:  

Հայ Արիական Միաբանություն, 13.09.2011թ.

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։