Ու՞ր են Բաքվի, Սումգայիթի հայերը… Իսկ առայժմ աղ ցանենք մեր վերքերին եւ… Թող վերքը սպի չդառնա…

Իսկ առայժմ ա՛ղ ցանենք մեր վերքերին…Զբոսաշրջային շատ կազմակերպություններ որոճում են՝ այցելե՜ք Թուրքիա, լավագույն դեպքում հավելում՝ Պատմական Հայաստան եւ՝ ուրիշ ոչինչ:

Շատ զբոսաշրջիկներ գնում-գալիս են ու հորթի հրճվանք ապրում. «Սիրուն էր, լավ էր, տեսանք, թե որտեղ են ապրել մեր պապերը», եւ՝ ուրիշ ոչինչ:

Ու քանի որ հիմա Թուրքիան ողորմում է, որ գնանք ու մեր իսկ տանը մոմ վառենք, արդեն բավարարված ենք զգում…

… Ու մեր երկիրը մեզ համար կամաց-կամաց պատմության խորքերն է անցնում:

Որովհետեւ չենք ուզում, որ պապերից հետո թոռներն էլ ապրեն:

Որովհետեւ բավարարվում ենք պապերի ապրածով ու ներկայիս վառած մոմերով:

Որ վառում ենք, մեզ հարց չե՞նք տալիս, թե Հայի Աստծուն պե՞տք է էդ մոմը, երբ հայի տանն ուրիշն է ապրում:

Չե՜նք հարցնում:

Որովհետեւ դա մեզ պետք չէ՝ ո՛չ հարցը, ո՛չ՝ պատասխանը:

Որովհետեւ էդ մոմը որ վառում ենք, մեր սրտերում ոչինչ չի վառվում:

Չէ, վառվու՜մ է՝ տարատեսակ մոմաչափ ցանկություններ միայն, որ սահմանափակվում է… լափելով ու թրքելով: Մեկ էլ՝ մի քանի լուսանկար է ավելանում ֆոտոալբոմում… պապերի էրգրից:

Որովհետեւ էդ մոմը որ վառում ենք, տեղ չի հասնում. եթե հայի տանը հայ չի ապրում, Հայի Աստվածն էլ անտեր է:

Էդ մոմն ենք վառում, որովհետեւ մոմավառ ենք: Մեջներս կրա՛կ չկա:

Վրե՛ժ չկա:

Պայքա՛ր չկա:

Նպատա՛կ չկա:

Արդարությունը վերականգնելու ջի՛ղ չկա:

Սեփական տանը տանտեր զգալու կա՛մք չկա:

Մոտներս գոնե դանա՛կ չկա՞…

Դանակ բռնելու համար մկաններում ու՛ժ է պետք:

Մոմ վառողի մկաններին ու՜ժն ինչի՞ է պետք…

Անուժ հային Հայրենի՜քն ինչի՞ է պետք:

…Պե՛տք է: Մկաններում՝ ու՛ժ, ձեռքերում՝ դանակ դնելու  համար:

Մեջները վրե՛ժ դնելու համար:

Ներսները հոգի՛ դնելու համար:

Մատներին կա՛յծ տալու համար:

Որ մոմի փոխարեն կրա՜կ վառեն: Որ էդ կրակից վերքը բորբոքվի՝ լափի քեզ, սպի չդառնա: Հայրենիքը կորցնելու վերքը:

Հենց սպի դարձավ, երբեմնի վերքի տեղն էլ կմոռանանք:  Հայրենիքի տեղը կմոռանանք:

(… Զբոսաշրջիկների համար ամեն տեղ էլ սիրուն է…)

Վերքը պիտի բորբոքվի, որ  բուժենք: Ճիշտ բուժման համար պատճա՛ռը պիտի վերացնենք:

Որ վերադա՛րձ լինի:

Վերքը պիտի մրմռա, որ Վերադարձը լինի Հայի:

Վերքը պիտի ցավեցնի, որ հայի տունը լցվի: Էն ժամանակ մոմ վառել էլ պետք չի լինի.-Հայի Աստվածը Հայի տանը կլինի:

Ա՛յ էն ժամանակ վերքը սպի կդառնա: Ու թո՛ղ դառնա:

Իսկ առայժմ… ա՛ղ ցանենք մեր վերքերին…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր  խմբագիր

Հ.Գ. - Զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավարը իմ վաղեմի ընկերներից է: Այս ամռանը հրավիրեց (իր միջոցներով) այժմյան Թուրքիա գնալ:

Կոպտորեն մերժեցի: Զարմացավ: Մեր ընկերությունն էլ խափանվեց:

Ո՜նց բացատրեի, որ անաղ մարդկանց է՛լ չեմ հանդուրժելու: Թերթի այս համարից կուղարկեմ նրան՝ իբրեւ բացատրություն: Հուսով եմ՝ կհասկանա ինձ:

* * *
Թող վերքը սպի չդառնա

1989թ. հունվարի 28-ին 46 նախիջեւանցիներ վերադարձան հայրենի Ցղնա

(Տպագրվում է  ի լրումն խմբագրականի, որ արխիվից է՝ հրապարակված դեռ 2000թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Տեքստը ներկայացնում ենք առանց որեւիցե կրճատման)

Լեռը կոչվում է «Գալիս եմ, գալիս եմ»: Ըստ ավանդույթի՝ լեռան ստորոտում գյուղ է եղել՝ վատ բարքի տեր բնակիչներով: Լեռը նրանց կարգի հրավիրելու համար ձայնել է՝ գալի՜ս եմ: Գյուղացիներն, իբր ուշադրություն չեն դարձրել, եւ քարաժայռը փլվել-ավերել է գյուղը:

Բոլու լեռը հաճախ  Օձասարի հետ են շփոթել: Շրջակա գյուղերը Բոլուին «Հարս ու փեսի» սար են ասել:

Օձասարի կողքի լեռանն էլ Սրբերի քարանձավ անունն են տվել. լեռնալանջի բնական քարանձավներից մեկում կաթոցներով աղբյուր կա:

…Ընկուզաձոր, Կորեկաձոր… Աղասարի դաշտ, Ճահճուկի  դաշտ……Կապույտ լճակ, Սալվարդի լճակ, Մեսրոպավան գետ, Կամրջաթաղ գետակ… Գժի աղբյուր, Խաչի աղբյուր…

Տեղ լիներ, բոլորը կթվեի, հերթով՝ լեռներով, ծաղիկներով, կենդանիներով: Որ ցավը շա՛տ լինի: Որ վերքը լա՜վ մրմռա: Որ վերքը սպի չդառնա, սպի դարձավ՝ կհարմարվենք, վերքի պատճառատիրոջը կմոռանանք, ու մեր ճակատագիրն էլի լամուկը կտնօրինի: Ճակատագիր տվողն էլ կասի «Խե՛ղճ ես, մեջդ վրեժ չկա»:

Ու անվրեժ, հող տալու «սովորույթից» չազատված՝ Նախիջեւանն էլ… Ընկուզաձորն էլ… Կորեկաձորն էլ…


Թիկունքում «ժողճակատն» էր

1988թ. նոյեմբերի 23-ին հայրենի գյուղից վտարվեցին ցղնեցիները: 1989թ. հունվարի 28-ին 46 ցղնեցիներ գյուղ վերադարձան: Բաքվի «Կոմունիստ» թերթում տպագրված «Մեր ճակատագիրն ու հողը ընդհանուր են» հրապարակման մեջ Ազերինֆորմի թղթակիցը նշում է. «Արդեն 35 ընտանիք վերադարձել են տուն… Կուսակցության Օրդուբադի շրջանի 1-ին քարտուղար Շ. Ալեսկերովն ասում է. «Մեր շրջանի աշխատավորները խորապես համոզված են, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բոլոր վիրավորանքները կմոռացվեն… Եթե ոմանք կասկածում են՝ վերադառնալ թե ոչ՝ կպատախանեմ՝ իհարկե, վերադարձեք:  Ձեզ այստեղ հիշում են եւ սպասում»»:

Թե իրականում ինչպես էին սպասում, թողենք վերջին:

Մինչ այդ.

-1988թ-ի նոյեմբերի 23-24-ին Օրդուբադի շրջանի կուսկոմիտեի առաջին քարտուղարը եւ գլխավոր դատախազը ոստիկանների ուղեկցությամբ սկսեցին շրջել հայկական գյուղերում՝ հայերին համոզելով հեռանալ՝ պատճառաբանելով՝ իբր իրենց երիտասարդները «շատ գազազած են», վերեւից էլ «ժողճակատն» է իշխում,- պատմում է Ցղնա վերադարձի կազմակերպիչներից Համլետ Գրիգորյանը (բնակվում է Երեւանում – Ա.Մ.): Մեզ հավատացրին՝ «Հենց դրությունը կարգավորվի, ձեզ հետ կբերենք»… Բոլոր գյուղերը, այդ թվում՝ Ցղնան, լցվեցին մեքենաներն ու… Շատերը մնացին Մեղրիում, շատերն էլ Երեւան եկան:

Ցղնեցիները, սակայն վերադառնալ ուզեցին: 71 ստորագրությամբ  դիմումներ հղեցին ԽՍՀՄ Գերագույն խորհդի նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին, ԽՍՀՄ գլխավոր դատախազին եւ ղեկավար այլ անձանց. «Նոյեմբերի 22-ին Օրդուբադի շրջանի ղեկավարությունը իրավապահ մարմինների հետ մեզ գյուղից դուրս հանեց… Հուսով ենք՝ կվերականգնվեն մեր սահմանադրական իրավունքները… (ստորագրված է՝ 18 դեկտեմբեր, 1988թ., Երեւան):

-Դիմումները հասան Նախիջեւանի քաղկոմի 2-րդ քարտուղար Բոլոտինին,- շարունակում է Համլետ Գրիգորյանը: – Նա այդ ժամանակ ազգությունների խնդիրներով էր զբաղվում: Հեռախոսեցի Բոլոտինին: Սիրալիր էր, ասաց որ, իրենք ոչ միայն պատրաստ են ընդունել մեզ, այլեւ խնդրում են վերադառնալ… Դեկտեմբերի 24-ին ես, Վոլոդյա Գասպարյանը, Ցոլակ Գաբրիելյանը, Մարտին Օհանյանը, Ռոստոմ Շիկանյանը, Նավասարդ Հովհաննիսյանը հանդիպեցինք Օրդուբադի շրջկոմի քարտուղարին: Նրա աշխատասենյակում մեզ էին սպասում շրջանի դատախազը, շրջխորհրդի նախագահը, ոստիկանապետը: Բոլոտինը կարգադրել էր, որ մեզ տանեն ու տեղավորեն մեր տներում… Օրդուբադի շրջկոմի 1-ին քարտուղար Մամեդովն առաջարկեց Նոր տարին հանգիստ անցկացնելուց հետո գնալ Ցղնա: Խոստացավ ապահովել մեր ճանապարհային անվտանգությունը: Եվ այսպես, 1989թ. հունվարի 28-ին 46 հոգով մեկնեցինք մեր պայմանավորված խաչմերուկը՝ շրջանի ղեկավարությանը հանդիպելու: 15 րոպե ուշացել էինք: Մամեդովը չկար: Ավելին՝ նա շրջանի դատախազին պատվիրել էր թույլ տալ հայրենի գյուղ վերադառնալ այնտեղ մշտական գրանցում ունեցողներին միայն: Ես փորձեցի բացատրել, որ նախորդ բանակցություններում նման պայմանավորվածություն չի եղել: Ապարդյուն: Գնացինք Բոլոտինի մոտ: Ներկայացրի կատարվածը: «Ի՞նչ, ի՛մ կարգադրությունը չե՞ն կատարել»,- զարմացավ…(՞): Կանչեց դատախազին, ՆԳ նախարարին եւ էլի հինգ-վեց հոգու: Մի խոսքով, Նախիջեւանի ԻԽՍՀ ՆԳ նախարարին ուղեկցող չորս-հինգ ղեկավարների հետ ուղեւորվեցինք Ցղնա: Մեզ մեկ ժամ ժամանակ տվեցին՝ գույքագրում անելու եւ մեր տներում ջարդած-փշրածի մասին իրենց զեկուցելու համար: Գնացել էինք մեր հողու՜մ ապրելու, ի՞նչ գույքագրման մասին էր խոսքը… Իսկ մեր տանն արդեն ադրբեջանցի Թումարի յոթ հոգանոց ընտանիքն էր: Թումարը, որն ինձ անուն ազգանունով արդեն գիտեր, ասաց. «Եթե տունը ծախելու եք, կառնեմ»… Տունը լա՜վ թալանել էին, բայց ղեկավարներին ասացի, որ ընդամենը մի քանի ապակի են կոտրել եւ գյուղատնտեսական գործիքներ տարել: ՆԳ նախարարը գյուղի 13 ադրբեջանցի ընտանիքներին պատվիրեց 3 օրում ազատել մեր տները: Տեղավորեցինք մեր ծնողներին ու եկանք Երեւան՝ ամեն շաբաթ Ցղնա գնալու պայմանով: Մինչեւ հունիս այդպես էլ անում էինք: Բայց օդում ինչ-որ չարագուշակ բան կար. 25-30 ցղնեցիներ կամաց-կամաց հեռացան գյուղից: Հունիսի 13-ին Ցղնայում արդեն 7-ն էին մնացել՝ 6 կին եւ 1 տղամարդ՝ Հրաչիկ Հակոբյանը: 1 օր առաջ դիմակավորված մի խումբ ներխուժել էր Հրաչիկենց տուն՝ պահանջելով հեռանալ: Ու վերջին 7 հոգին էլ դուրս եկան… Հիմա անհամբեր սպասում ենք վերադարձին, թեկուզ մեկ օրով, թեկուզ որպես զբասաշրջիկ…

Վերադառնում են ընդմիշտ

Մեկ օրով վերադարձ չի լինում: Զբոսաշրջիկը չի՛ վերադառնում: Գնում է – այցելում է – ուղեւորվում է: Բայց չի՛ վերադառնում: Մեր պարագայում՝ որպես զբոսաշրջիկ անգամ այլեւս չպիտի գնանք: Հայրենիքում զբոսաշրջի՞կ կլինի: Բառից կառչել չեմ սիրում: Բայց էս դեպքում բառը հոգեբանություն է: Միս ու արյուն է: Էստեղից է «սովորույթը»՝ անվրեժի, «որտեղ հաց՝ էնտեղ կաց»-ի: Հարմարվելու: Հաշտվելու: Փաստորեն, Նախիջեւանի պատմությունը 2-րդ անգամ կրկնվեց: Քթներիս տակ: (Մեր պատմությունները կրկնվողներից են): «Ադրբեջանի ժողճակատն ասում էր՝ ինչի՞, մինչեւ հիմա Նախիջեւանում հայ կա՞»,- կպատմի Համլետ Գրիգորյանը: – Կողքի գյուղերը մեզ չհետեւեցին: Մենակ մնացինք: Մենք էլ, մարդ էինք, վախենում էինք, Սումգայիթի նախադեպը կար: Մեզ պաշտպանող չունեինք»…

Լեռը կոչվում է «Գալիս եմ, գալիս եմ»: Ո՞վ գիտի, հիմա ի՞նչ է կոչվում: Չէ՛, վերքը պիտի լա՜վ մրմռա: Վերքը պիտի սպի չդառնա: Ժառանգաբանական առումով: Թե չէ զբոսաշրջելու արդեն իսկ արմատավորվող ախտը կփակի ապագա տանող մեր ուղին:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր  խմբագիր

*  *  *
Իսկ ո՞ւր են Բաքվում… Սումգայիթում ապրած հայերը

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմատենչ հայտարարությունները փոխարինել է նեղացածի կեցվածքով: Նա նեղացել է միջազգային հանրությունից եւ երեւի մի քիչ էլ մեզանից… Ալիեւ կրտսերը անգամ չմասնակցեց ԱՊՀ 20-ամյակի գագաթաժողովին:

«Ադրբեջանի նախագահի դեմարշը կարող է մեկ բացատրություն ունենալ. վերջին շրջանում ադրբեջանական կողմի դրսեւորած ապակառուցողական մոտեցումները խիստ զայրացրել են միջնորդ երկրներին, ինչի պաճառով Ալիեւը ամեն կերպ խուսափում է ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հետ հանդիպումից: Մեկ անգամ չէ, որ նկատվել է, թե ինչպես է Ադրբեջանը անտեսում միջազգային հանրության հորդորները եւ հավատարիմ չի լինում ձեռք բերված պայմանավորվածություններին: Կազանում տեղի ունեցած հանդիպումը այս ամենի ամենավառ դրսեւորումն էր»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովին չմասնակցելու փաստին՝ «Panorama.am»-ին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ակնհայտ է, խուսափելուց խնդիրը չի լուծվում, հակառակը, այն առավելի է խորանում: ՀՀԿ պատգամավորն անդրադառնալով նաեւ Ադրբեջանի վարչապետի՝ ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում հնչեցրած այն մտքին, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի է դիմել, նշել է. «Չէի ցանկանա կոռեկտության սահմաններն անցել, պարզապես ասեմ, որ տպավորություն կա, թե ադրբեջանցի պաշտոնյաների մի մասը ուղղակի անգրագետ է եւ նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո չեն ծանոթանում կոնֆլիկտի պատմությանը կամ էլ հետեւողականորեն շարժվում են Օսմանյան Թուրքիայի կամ Նացիստական Գերմանիայի Գեբելսյան պրոպագանդայի սկզբունքներով: Ինչ վերաբերվում է ագրեսիային, ապա ադրբեջանի իրականացրած ագրեսիան տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ու դժվար թե 2 տասնամյակի ընթացքում այդ ամենը մոռացված լինի: Ագրեսիա, որն իրականացվեց իր բնական իրավունքները պահանջող Արցախի ժողովրդի նկատմամբ: Եթե հայկական կողմն էր դիմել ագրեսիայի, ապա ու՞ր են հիմա Բաքվում, Սումգայիթում ու մյուս ադրբեջանական քաղաքներում ապրող հայերը, ո՞ւր են»…
Կարեն Բալյան

Հ.Գ. - Կիսելով նյութում արծարծված մտահոգությունները, այնուամենայնիվ, մի հարցադրում էլ մենք հնչեցնենք. «Ու՞ր է հիմա Բաքվում, Սումգայիթում ու մյուս ադրբեջանական քաղաքներում ապրած հայերի…» մի զգալի մասը, ովքեր գաղթականներ ու փախստականներ դարձած եկան Հայաստան: Նրանց մեծ մասը մեկնեց հայրենիքից՝ կա՛մ չհարմարվելով հայկական կեցակարգին, կա՛մ՝ չհամակերպվելով սեփական կարգավիճակին: Բայց պետք էր պահել նրանց, պետք էր վերաբնակեցնել ազատագրված տարածքները, ինչի մասին խոսվեց տարիներ շարունակ: Եվ դա պետք է արվեր առանց այլեւայլության, առանց անհարկի եւ ցուցադրական բազմակարծության: Այն ժամանակ դա հնարավոր էր, եւ հիմա մենք այլ ժողովրդագրական տվյալներ կունենայինք եւ՛ ՀՀ-ում եւ՛ ԼՂՀ-ում եւ՛ ազատագրված տարածքներում…

«Լուսանցք» թիվ 31 (207), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։