Խոհերի եւ խոհերով արարման արվեստը… Խորովածի փառատոնի հաղթողը… Հայկական խոհանոց – Ուրֆա խորոված..

Քաղաքականություն եւ մշակույթ -

Խոհերի ու խոհերով արարման արվեստը

Վերջերս հեռուստաեթերում մի կին էր խոսում այն մասին, թե խոհարարությունը խորհելով, խոկալով արարելն է՝ խոհ-արարել: Մտքումս ավելացրի՝ դե ուրեմն, եթե խոհերը մաքուր են, անհնար է համեղ չպատրաստելը: Սեպտեմբերի 18-ին դրանում համոզվեցի Ախթալայում կայացած խորովածի համահայկական 3-րդ փառատոնում: Այստեղ գլխավոր մրցանակի արժանացավ «Արվասար» ռեստորանը, որի տնօրենը, ինչպես տեսա, հենց նշածս տիկինն էր՝ Ռուզաննա Նահապետյանը:  Ի դեպ, Ախթալայում իմացա, որ նախորդ փառատոնին նույնպես «Արվասար»-ն էր հաղթել: Ես, իհարկե, սովորական համտեսող էի, ինձ համար բոլոր խորովածներն էլ համեղ էին: Բայց պրոֆեսիոնալ ժյուրին այս էլ երկրորդ տարին անընդմեջ հաղթական գավաթը հանձնեց «Արվասար»-ին: Իսկապես փառատոն էր, ուրախություն:

Ասեմ, որ խորովածի այնպիսի տեսակներ կային, որոնց առաջին անգամ էի ծանոթանում: Վրաստանից էլ հյուրեր կային: Վրացիները, որ շատ բաներ սեփականելու սովորույթն ունեն, եւ միշտ ասում են, թե խորովածն իրենցն է, զարմացած էին: Այս փառատոնից հետո, կարծում եմ, գոնե հայ ազգային որոշ ուտեստներ սեփականելուց առաջ քիչ ավելի զգուշավոր կլինեն:

Փառատոնին անդրադարձել էին նաեւ ռուսական լրատվամիջոցները:

Բանն այն է, որ Ախթալա քաղաքում անցկացված խորովածի միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաեւ Արմեն Ջիգարխանյանի արձանի բացման արարողությունը: Ջիգարխանյանի փոխարեն, սակայն, արձանի բացումը կատարեց հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Ջիգարխանյանը վատառողջության պատճառով Հայաստան չէր ժամանել: Ըստ ռուսական զլմ-ների, հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդացել է (հեւոց, բարձր ջերմություն) եւ նրան շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Երեք տարի առաջ Ջիգարխանյանն ինսուլտ է ստացել:

Newsliga.ru կայքի համաձայն, դերասանը օստեոխոնդրոզ ունի, շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ: Ռուսական լրատվամիջոցները նաեւ պատմում են, թե փառատոնը կրում է «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագիրը:

Համանուն հայտնի ֆիլմում Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայի բազմաբնակարան շենքերից մեկի պատշգամբում խորոված է անում եւ համտեսելու հրավիրում հարեւաններին նաեւ:

Ախթալայում էլ Արմեն Ջիգարխանյանի արձանը հենց խորոված անելիս է:

Փառատոնի նպատակը, ինչպես կազմակերպիչներն են (Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ, աջակիցներ՝ էկոնոմիկայի նախարարություն, Լոռու մարզպետարան, Ախթալայի քաղաքապետարան, «Արվասար» ռեստորան, «Լոռվա ձոր» հայրենակցական միություն…) ասում, ճիշտ սնվելու մեր մշակույթը վերհանելն է, հայկական ավանդական խոհանոցի մասին պատմելը, այն ցուցադրելը:

Խոհանոցը մշակութային արժեք է, մի մեծ շտեմարան, որ ցույց է տալիս, թե, ասենք, ինչպես են սնվել հայերը տվյալ ժամանակաշրջանում կամ, մասնավորապես, ցուցանում է նույնիսկ, թե հայության  այս կամ այն հատվածը՝ սասունցիները, մշեցիները, ինչն են գերակշռել իրենց խոհանոցում, ինչ խոհանոցներից են փոխներգործվել եւ այլն:

Ի վերջո, խոհանոցը կենցաղ է, որ շատ բաների մասին է պատմում եւ շատ գիտությունների է զուգակցված:   

Հրաչուհի Փահլեւանյան

ԵՊՃՇՀ ուսանող

Հ.Գ. – Թե փառատոնում խորովածի որ տեսակն է «Արվասար»-ին հաղթող դարձրել, տե՛ս ներքեւում.

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Ուրֆա խորոված

Բաղադրությունը

Սմբուկ – 300 գ

սոխ – 200 գ

հորթի փափուկ միս – 0.5կգ

գառան դմակ – 200 գ

«Անահիտ» սորտի լոլիկ – 150 գ

հոտավետ պղպեղ, աղ, դարչին, սպիտակ պղպեղ եւ կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկները շերտատել կլորավուն, հորթի միսը մանր կտրատել եւ փակիչով փակել (նախկինում միսը ծեծել են քարի կամ սալի վրա): Սոխը մանր կտրատել, դմակը աղալ (տնային տնտեսուհիների համար է հարմար) կամ մանր կտրատել: Սոխը լցնել մսի վրա, համեմել համեմունքներով՝ աղով, պղպեղով, դարչինով……

Մսից պատրաստել 30 գրամանոց գնդիկներ:

Հետո փայտիկի կամ շամփուրի վրա շարել հերթականությամբ՝ սմբուկը եւ միսը, ծայրերում թողնել սմբուկները:

Սա դնել կրակի ցանցի վրա, խորովելուց հետո դնել թավայի մեջ, վրան լցնել 1 սուրճի գավաթ աղաջուր, եփել 5 րոպե:

Հնում խորովածի այս տեսակը պատրաստել են հովիվները, ովքեր տեւական ժամանակ սարերում են եղել: Հարմար է եղել եւ՛ պատրաստելը եւ՛ վայելելը:

Անու՛շ արեք եւ Դուք էլ Ձեզ հաղթող զգացեք՝ ինչպես մենք:

«Լուսանցք» թիվ 32 (208), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։