Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից… ՀԱՄ կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Աշնանային ուտեստ

Բաղադրությունը

Գառան միս – 0.5 կգ

սոխ – 100 գ

դմակ – 200 գ

խակ հոն՝ կտահան արած – 100 գ

ձու – 1 հատ

կանաչ լոբի – 1 կգ

թարմ կարմիր պղպեղ – 100 գ

Համեմունքներից՝ դարչին, հոտավետ պղպեղ, սպիտակ, կարմիր պղպեղ,

Կանաչիներից՝ չոր ծիթրոն, սամիթ

Պատրաստման եղանակը

Միսը, սոխը, 100 գ դմակը եւ թարմ պղպեղը մսաղացով անցկացնել, ավելացնել համեմունքները, հոնը: Խառնել, թողնել սառնարանում 1,5 ժամ:

Ջեռոցի թավայի մեջ ավելացնել 1 սուրճի գավաթ ջուր, թավայում դնել 100 գ դմակը, նաեւ՝ պատրաստված երկարավուն մսագնդիկները: Թավան դնել ջեռոցը 2000-ի տակ 20 րոպեի չափ:

Մինչ սա պատրաստ կլինի, կանաչ լոբին խաշել եւ տապակել 200 գրամ սամիթով:

Ջեռոցից հանված մսագնդիկները մատուցել մեծ ափսեի կենտրոնում, կողքերին էլ՝ լոբին:

Վայելե՛ք աշնանային այս ուտեստը:

* * *  

Շաբաթվա մարզական կյանքից –  

Ֆուտբոլի ազգային առաջնությունում

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ փուլը: Իսկ մինչ այդ, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն չեղյալ է համարել «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպման արդյունքը (1:0) եւ որոշել այն վերախաղարկել: ՀՖՖ-ի գործկոմն արդեն հաստատել է այդ որոշումը: Սա նշանակում է, որ առաջնության առաջատար «Ուլիս»-ը կրկին 8 միավորով գերազանցում է հանրապետության չեմպիոնին՝ «Փյունիկ»-ին: Չնայած, որ վերջինս մեկ խաղ պակաս է խաղացել եւ հաղթանակի դեպքում կարող է կրճատել տարբերությունը:

Մրցաշարային աղյուսակը 23 փուլից հետո այսպիսին է («Փյունիկ»-ն ու «Իմպուլս»-ը 22 խաղ են խաղացել). 1. «Ուլիս»՝ 47, 2. «Փյունիկ»՝ 39, 3. «Գանձասար»՝ 39, 4. «Միկա»՝ 34, 5. «Իմպուլս»՝ 32, 6. «Բանանց»՝ 31, 7. «Շիրակ»՝ 17 եւ 8. «Արարատ»՝ 10 միավոր:

«Փյունիկ»-ի հեթ-տրիկը

Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը 8-րդ անգամ տիրեց հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում 2010թ. չեմպիոն «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց այդ տարվա գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասնակից «Բանանց»-ին: Գոլի հեղինակներ դարձան Արամ Հովսեփյանը (18-րդ րոպե), Դավիթ Մինասյանը (42) եւ Վարդան Բակալյանը (64):

Այդպիսով, «Փյունիկ»-ը 2010թ. հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:
Շախմատային խաչմերուկ. առաջատարների մեջ են

Երեւանի «Միկա»-ի շախմատի կանանց եւ տղամարդկանց թիմերը շարունակում են հաջողությամբ հանդես գալ Սլովենիայում ընթացող Եվրոպայի ակումբային առաջնությունում: Կանանց թիմը առաջատարների շարքում է, 3-րդ փուլից հետո Ռումինիայի «ԱԵՄ Տիմիշուարա., Մոնակոյի «Սերքլ դը՛Չես» եւ Ռուսաստանի «ԱՎՍ» ու «Գիպրոռեչտրանս» ակումբների հետ հավաքել է 6-ական միավոր:

Տղամարդկանց մեր թիմը 3 հանդիպումներում նույնպես 6 միավոր է վաստակել եւ առաջատարների ութնյակում է՝ Ռուսաստանի «Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիա» եւ Սարատովի «Էկոնոմիստ», Գերմանիայի «Բադեն-Բադեն», Բոսնիայի «Բոսնիա», ինչպես նաեւ ռուսաստանյան «ՇՍՄ-64», «Յուգրա» եւ «Տոմսկ-400» թիմերի հետ:

* * *

Բրազիլիայում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլից հետո Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ուկրաինացի Իվանչուկի հետ վաստակել է 4-ական միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդում են Կառլսենը (Նորվեգիա), Նակամուրան (ԱՄՆ) եւ աշխարհի չեմպիոն Անանդը (Հնդկաստան)՝ 2-ական միավորով, իսկ իսպանացի Վալիեխոն ունի 0 միավոր: Այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:
Ինչու չկան հովանավորներ

Հայաստանը պարալիմպիկ խաղերում, որը կկայանա 2012թ. Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, կներկայանա 2 մարզիկով: Պատճառը սուղ դրամական միջոցներն են: Իսկ խաղերում հանդես կգան հաշմանդամ ծանրորդներ Սամվել Ասատրյանը եւ Գրետա Վարդանյանը:  

Անհաջող մեկնարկ Բաքվում

Բոլորս անհամբերությամբ էինք սպասում Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցում են Հայաստանի 7 բռնցքամարտիկներ: Ցավոք նրանցից 2-ը՝ Հովհաննես Բոչկովը (56 կգ) եւ Հակոբ Աբրահամյանը (81 կգ) պարտվեցին մենամարտերը հենց 1/32 եզրափակչում՝ մոնղոլ եւ իրանցի մարզիկներին, եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը առաջիկայում ուժերը կչափի Ադրբեջանի նույն տարիքային ընտրանու հետ

Երկու երկրների՝ մինչեւ 21 տարեկան բասկետբոլիստների մրցավեճը տեղի կունենա Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարի շրջանակում, որը կկայանա Թբիլիսիում, հոկտեմբերի 5-8-ը: Բացի վերը նշված երկրներից, մրցաշարին կմասնակցեն նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները: Նշենք, որ անցած տարի նմանատիպ մրցաշար անցկացվել էր Բաթումում:  

Հ.Գ. – Ավելի ուշ լուր տրվեց, որ Սլովենիայում՝ շախմատի Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությանը, 4-րդ փուլում Երեւանի «Միկա» կանանց թիմը առաջին պարտությունը կրեց՝ 1,5:2,5 հաշվով զիջելով ռումինական «Լյուքսեն»-ին: Այժմ մեր թիմը 6 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: Երեկ կայացել է 5-րդ փուլը, մեր շախմատիստուհիները մրցեցին Ռուսաստանի «Գիպրորեչտրանս»-ի հետ: Մեր տղամարդկանց թիմը նույնպես անհաջող հանդես եկավ եւ այս փուլում պարտվեց գերմանական «Բադեն Բադեն»-ին՝ 2:4 հաշվով: Այժմ մեր շախմատիստները 6 միավորով զբաղեցնում են 9-րդ տեղը: 5-րդ փուլում նրանք կմրցեն ռումինական «Գլասինաց Սոկոլաց» թիմի հետ:

– Լեւոն Արոնյանը նույնպես նահանջեց: Բրազիլական Սան Պաուլոյում ընթացող եզրափակիչ մրցաշարի 3-րդ փուլում նա միավոր կիսեց Նակամուրայի հետ: Այսպիսով՝ Արոնյանը վաստակել է 5 միավոր եւ 2-րդ տեղում է՝ 1-ին հորիզոնականում հաստատված Իվանչուկին զիջելով 2 միավորով:  

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել ,,hayaryan@gmail.com,, էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը ,,google,,-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.