Սահակաշվիլու մասոնական «գյուտը» եւ վրացական երկերեսանիությունը… Հայերին ու հրեաներին չեն սիրու՞մ..

Սահակաշվիլու հերթական «գյուտը» –
Նստավայրում՝ մասոնական արձան
 

Մեր հարեւան Վրաստանում կատարվում են զարմանահրաշ դեպքեր, որոնք այդ երկիրը դարձնում են հրաշքների եւ պարադոքսների վայր: «Ղվելա սիախլե» շաբաթաթերթը ¥31.03.-07.04.2011¤ մի ապշեցուցիչ լուր հայտնեց: Պարզվեց, որ երկրի նախագահի՝ Հավլաբարում գտնվող նստավայրի բակում հանկարծ հայտնվեց… մասոնական հուշարձան: Դրա հեղինակն է Ավստրիայի իշխանուհի Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը ¥հեղինակը այդ գաղափարը արդարացնում է, որ իբր այն նվիրված է «երեք իշխանությանը»¤: Կոթողը 11 մետր երկարություն եւ 25 տոննա կշիռ ունի:

Այս արտառոց փաստը երկրի ազգային շահերով ապրող մարդկանց շրջանում լուրջ անհանգստություն եւ մտահոգություն առաջացրեց: Եվ ոչ պատահականորեն: Այսպես, հրապարակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլիզբար Ջավելիձեն հայտնում է իր խիստ կասկածները երկրի ապագայի հարցում: Սահակաշվիլու պալատի բակում կանգնեցված հուշակոթողը ներկայացնում է շուռ տված եռանկյուն բուրգ, որը շրջանակված է ձողակարկինով: Սա մասոնների խորհրդանիշն էր:

Մի բան հասկանալի չէ. նախագահը արդյո՞ք չի հասկանում այս ամենը, թե՞ պարզապես հարկադրված է կատարել ուրիշի պահանջը: Հավանական է՝ մասոնական այդ հուշարձանը Միշան կանգնեցրեց, որ մասոններին հավաստիացնի, որ Վրաստանը ենթարկվում է իրենց: Իմիջիայլոց, սա մասոնական խորհրդանիշներով կերտված ապակե նորակառույց կամուրջ է: Վերջինս դրվել է իր նստավայրի ստորին մասի զառիթափին, նախկին Պեսկի թաղից դեպի սբ Սիոն տանող ուղղությամբ: Այն ժողովրդի մեջ կոչվում է «Սահակաշվիլու սողաշոր»: Ուշադիր զննելիս կամուրջը հիշեցնում է օձի մարմին, այսինքն՝ մենք պետք է ճանաչենք օձի իմաստնությունը: Երեւի սա է խորհուրդը:

Չմոռանանք, որ մասոնները ամենից շատ պայքարում են ուղղափառության դեմ, որին նպաստում է հենց Միշան: Այս վարքագծի անմիջական հետեւանքով երկիրը ողողվել է աղանդավորներով, ովքեր իրենց շատ ազատ են զգում: Իսկ մեր անտեղյակ եւ միամիտ հասարակության կարծիքով իբր մասոններ չկան:  

Ռ. Զուրիկյան

Վրացական երկերեսանիություն –

Միխեիլը պատի՞վ կհամարեր հայ լինելը

Վրաստանի նախագահը մեկնաբանել է վերջերս ընդունված «Կրոնական միավորումների մասին» օրենքը՝ նշելով, թե այն կընդունվեր, նույնիսկ, եթե փողոց դուրս գար 100.000 մարդ, քանի որ Վրաստանը մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր է:

«Հայկական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձանից հարցազրույց վերցնելու եւ ինձ ասացին, թե տեղյակ են իմ հայկական ծագման մասին՝ հավելելով, թե վախենում են այդ առնչությամբ ինձ մոտ բարդույթներ առաջանան: Ես նրանց պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը, սակայն միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- ասել է Սահակաշվիլին:

Հայ լինելը պատիվ համարող Սահակաշվիլին «The Business Year» ամսագրի հատուկ «The Business Year – Azerbaijan 2011» համարին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի թշնամին նաեւ Վրաստանի թշնամին է. «Երկու երկրներն էլ լուրջ խնդիրներ ունեն՝ կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա լոկ խոսքեր չեն, այլ՝ իրականություն»,- ասել է նա:

Վրաստանի նախագահը նշել է. որ ովքեր ձգտում են խաթարել Ադրբեջանի ու Վրաստանի միասնությունը, դեմ են ռազմավարական երկկողմանի գործընկերությամբ ամրապնդված՝ երկու երկրների ազգային շահերին. «Վրաստանն ու Ադրբեջանը պիտի նեցուկ լինեն իրար՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու ընդհանուր պատմությունը: Մենք ընդհանուր հայացքներ ենք կիսում, ամուր կապեր ունենք: Ես համոզված եմ, որ շնորհիվ մեր միասնության ու լավ հարաբերությունների, ինչպես նաեւ ընդհանուր ջանքերով գրանցված հաջողությունների՝ մեր երկրները կկարողանան լավագույն ապագա կերտել»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլի-Ալիեւ իրարից չտարբերվող զույգը անգամ քննարկել է Վրաստան-Ադրբեջան միասնական պետություն ստեղծելու հեռանկարը:

Վրաստանի ղեկավարը հատուկ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նշանակությունը, որ այս նախագիծը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի մասին. «Ըստ էության, «Մետաքսի ճանապարհի» ժամանակակից տարբերակն է ստեղծվում»,- հայտնել է Վրաստանի նախագահը:

Հայ լինելը պատիվ համարող Սահակաշվիլին եթե անգամ ազգափոխ ու դավանափոխ հայ է (ինչպես տասնյակ հազարավոր հայեր Վրաստանում), ապա նա վստահաբար ցեղասպանության տարիներին հայ երեխաներից Թուրքիայում ձեւավորած լամուկներից չի տարբերվում, ովքեր կարծելով թե թուրք են՝ վրեժխնդիր էին լինում հայերից…

Արտակ Հայոցյան
Հրեաներին էլ չեն սիրու՞մ
 

«Մեծ քաղաքակրթություն ունեցող» Վրաստանում գտնվող իսրայելցի մի շարք բանտարկյալների պատճառով Իսրայելն ու Վրաստանը գտնվում են միջպետական սկանդալի շեմին: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դմիտրի Լորդկիպանիձեն դիմել է խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին, որպեսզի վերջինս թույլտվություն տա նրան այցելել բանտախցում գտնվող իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուկսային եւ Զեւվա Ֆրենկելիային, որոնց ձերբակալել են Վրաստանի պաշտոնատար անձանց կաշառելու փորձ կատարելու համար: Անցյալ տարի նրանց 6,5 տարի ազատազրկման են դատապարտել:

Հիշեցնենք, որ Վրաստանում Իսրայելի դեսպանատունը Վրաստանի ԱԳՆ-ին, Արդարադատության նախարարությանը բողոք նամակ էր ուղարկել: Այդ նամակում նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել՝ գործարարների նկատմամբ «ոչ ադեկվատ վերաբերմունք» ցուցաբերելու կապակցությամբ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.