Թուրքիան հայերեն իմացող լրտեսներ է պատրաստում… Թուրքական բուժում. Հայրը մեռավ – կեցցե՛ հարսը…

Կին լրտեսներ թուրքերը չե՞ն ընտրի
 

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ մասնագետներ ընդունելիս պարտադիր պայման է տղամարդ լինելը: Մրցույթ է անցկացնում շուրջ 10 լեզուների փորձառու մասնագետներ ընդունելու համար, որին, այլեւս պարզ է, կարող են մասնակցել միայն տղամարդիկ:

Նախորդ տարի եւս կանանց մուտքն այդ կառույց սահմանափակված է եղել, եւ նույնիսկ Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովներից մեկի ղեկավարը նամակ է հղել այդ գերատեսչությանը: ԱՀԿ-ից պատասխանել են, որ կանայք դժվարին իրավիճակներում շուտ են բացահայտվում:

2011թ. հուլիս ամսվա դրությամբ ԱՀԿ-ի անձնակազմի 81,1%-ը կազմել են տղամարդիկ, 18,9%-ը՝ կանայք: Անձնակազմի 78,5%-ը բարձրագույն կրթություն ունեն:

Մինչեւ նախորդ տարի կանայք նույնիսկ բարձր պաշտոններ են զբաղեցրել, օրինակ՝ ԱՀԿ-ի ղեկավարի օգնական, Ռազմավարական հետախուզության վարչությունում:

Միայն տղամարդ հետախույզ-լրտեսների «շահագործումը» եւս մեկ նիշ է ավելացնում այն համոզմունքին, որ Անկարան մտադրվել է իր հետախույզներին գործուղել տարբեր երկրներ նաեւ այնտեղ բնավորվելու համար: Իսկ այս դեպքում կանանց ներդրումը վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ կին հետախույզը պետք է ընտանիք կազմի, երեխաներ ունենա եւ ծառայի հանուն իր երկրի՝ ընդդեմ իր երեխաների… Ինչը թուրքերը քիչ հավանական են համարում: Կարծում են՝ տղամարդիկ ավելի ազատ ու անկախ կլինեն նման հոգսերից…
Թուրքիան հայերեն իմացող լրտեսներ է պատրաստում
 

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) փնտրում է առնվազն 1 օտար լեզվի հրաշալի տիրապետող մինչեւ 35 տարեկան անձանց՝ հետախույզի օգնական լինելու համար: Ինչպես տեղեկացնում է «Milliyet»-ը՝ MIT-ը աշխարհի տարբեր պետություններ գործուղելու համար կազմակերպել է հետախույզի օգնականի ընդունելություն: Դիմորդները պետք է լինեն Թուրքիայի հանրապետության քաղաքացի:

Նշվում է, որ քաղաքացիական ծառայողների համար նախատեսված քննություններին համապատասխան միավորներ չհավաքած դիմորդներն ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնած, քանի որ նրանք պիտի տիրապետեն հայերեն, արաբերեն, ռուսերեն, սերբերեն, վրացերեն, եբրայերեն եւ չինարեն լեզուներից որեւէ մեկին:

Նշված լեզուների թվարկումից պարզ է դառնում, թե թուրքական հետախուզությունը հատկապես ինչ ուղղություններով է լրտեսելու: Մեզ իհարկե զգոնության է մղում այն փաստը, որ շուտով Հայաստանում կհանդիպենք պարզ հայերենով խոսացող թուրքերի կամ թուրքահպատակ հայերի (չպետք է բացառել), ովքեր առաջին հայացքից հաստատ որեւէ կասկած չեն հարուցի:

Իսկ վտանգը կավելանա եւ  թուրքերը ոչ միայն հետախուզական տվյալներ կհավաքեն, այլ հետզհետե կներդրվեն մեր կյանքում եւ կդառնան ոչ միայն հետախույզ-լրտեսներ, այլ կմասնակցեն մեր պետական ու ազգային իրադարձություններին.

1. Տարիներ անց դառնալով ՀՀ քաղաքացիներ՝

ա/ Հայերենին ու հայկական իրականությանը արդեն լավ տիրապետելով.

բ/ Հայ աղջիկների հետ նպատակայնորեն ամուսնանալով, ընտանիք կազմելով (ցանկացած օտարի մոտ վազող աղջիկներ, ցավոք, կան մեզանում, անբարո կանանց մասին էլ չենք խոսում, ովքեր այսօր էլ Թուրքիայում եւ այլուր «բիզնես» են անում…).

2. Անկարայից (գուցե նաեւ Բաքվից) մեծաքանակ գումարներ ստանալով (իհարկե ոչ թուրքի անվան տակ)՝ հանգիստ կաշառելով պետական եւ այլ գործիչների, արդեն որպես ՀՀ քաղաքացիներ կհասնեն բարձր պաշտոնների ու դիրքերի, որից հետո ՀՀ ապագան խիստ հարցականի տակ կդրվի… Այլ վտանգների մասին դեռ չենք խոսում:
Հայկ  Թորգոմյան
 

Թյուրքական բուժում –

Հայրը մեռավ, կեցցե՛ հարսը

Փաշաեւները ծրագրել են իրենց վերհսկողության տակ վերցնել Ադրբեջանի ամբողջ առողջապահական ոլորտը, եւ դա նրանց ծրագրի առաջին մասն է:

Այս մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, որ վկայակոչում է առողջապահական համակարգի իր աղբյուրները: Ի դեպ, Փաշաեւները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ կնոջ՝ Մեհրիբան Փաշաեւայի հայրական ընտանիքն է:

«Ենի Մուսավաթ»-ի աղբյուրը հայտնում է նաեւ, որ Փաշաեւները գործողության  սցենար են արդեն մշակել: Նախ՝ նրանք  առողջապահական համարկարգը կվերցնեն ներկայիս «տերերից» եւ կենթարկեն իրենց վերահսկողությանը: Որոշ ժամանակ անց, երբ արդեն կգա երկրորդ փուլի պահը, Փաշաեւները կսեփականեն այդ հիմնարկները:

Ովքե՞ր են առողջապահության ոլորտի ներկայիս «տերերը»: «Ենի Մուսավաթ»-ը այս մասով էլ տեղեկատվություն ունի. առողջապահական հիմնարկները գտնվում են ադրբեջանցի օլիգարխների իրավական վերահսկողության ներքո: «Դեմիր յոլ»-ի հիվանդանոցը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին, «Մերքեզի Նեֆթչիլեր»-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւին, «Գյոմրուք» հոսպիտալը՝ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովին, «Մերքեզի Դենիզչիլեր» հիվանդանոցը՝ Կասպից ծովի նավատորմի ղեկավար Այդըն Բաշիրովին եւ այլն:

Այսինքն՝ հնարավոր է, որ երբ Փաշաեւները գործողությունը սկսեն, բախումներն անխուսափելի լինեն: Օրինակ, «կորած մարդ» չէ պետական նավթային ընկերության ղեկավարը:

Այս նավթային ընկերությունը 10 դիագնոստիկ կենտրոններ է կառուցել եւ վերահսկում է դրանք, իսկ Փաշաեւները ցանկանում են այդ բոլորի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Հասկանալի է, որ դրանով նրանք լրջորեն սասանում են հզորագույն օլիգարխների դիրքերը:

Տեղեկացնենք, որ Փաշաեւները Ադրբեջանի երկրորդ ազդեցիկ ընտանիքն են համարվում՝ իհարկե Ալիեւներից հետո: Եվ գուցե հենց Փաշաեւների վերջին աշխուժացումներն են պատճառը, որ ադրբեջանական որոշ զլմ-ներ գրում են, թե Փաշաեւները հայկական ծագում ունեն, սերում են Փաշայաններ հայտնի տոհմից, ուստի պետք չէ նրանց այդքան արտոնություններ տալ: Պետական քարոզչամեքենան փակում է այլախոհ զլմ-ների բերանը՝ Փաշաեւները «դարավոր ադրբեջանական տոհմից են»:

Այստեղ են ասել՝ տկլոր ջաններին կատու շալակելն էր պակասում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.