Պետության գործերում մանրուքներ չկան:
Ամեն անհատին, ամեն ընտանիքին, շենքին, գյուղին, դպրոցին, մանկապարտեզին առնչվող՝ նույնիսկ ամենաաննշան թվացող խնդիրներն անգամ մանրուքներ չեն. դրանք քարեր են՝ մեծ, փոքր, ծանր կամ թեթեւ, քարեր, որոնք հիմքն են պետության: Ու ամեն մի քարի փլվելը խարխլում է մեր պետության հիմքը, ճաքեր է տալիս՝ լայն, թե նեղ, խորը թե մակերեսային, բայց տալիս է: Իսկ հիմքի համար ամեն ճաք էլ վնաս է:
Այդ հիմքը ճաք է տալիս ամեն հինգշաբթի, երբ սեւազգեստ մայրերը կառավարության շենքի դիմաց սպասում են գործադիրի նիստի ավարտին, որպեսզի կառավարության անդամներից պարզաբանումներ ստանան բանակից հետ չեկած իրենց որդիների գործերով: Այդ հիմքը ճաք է տալիս, երբ որդիների մայրերը, առանց չափազանցության, մասնագիտանում են մի բանում, որ պիտի քննիչը, տարատեսակ փորձագետներն ու մասնագետները եւ դատավորներն անեին: Երեկ կարդացի բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակը ՀՀ զինդատախազին: Անգամ չկատարված՝ հագուստի դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննությունից է խոսում, նամակում գործն այնքան մանրամասն է ներկայացրել, որ հասկանում ես՝ գործով ի՛նքն է զբաղվում, որովհետեւ չի՛ վստահում, որովհետեւ տեսնում է, որ անարդա՛ր են գործը նախաքննել: Չի՛ հավատում, ու ճիշտը ի՛նքն է, ու հիմքը ճաք է տալիս:
Այդ հիմքը ճաք է տալիս, երբ լսում ու տեսնում ես, որ մեր քաղաքում ասենք երթուղային տաքսի է պայթում: Ու զոհեր են լինում, որովհետեւ այդ երթուղային տաքսին տարիներով քշված է լինում՝ առանց իրապես տեխնիկական լուրջ զննության-վերանորոգման: Հո մարդ չի, որ դիմանա, հալից ընկնելով՝ մի օր էլ պայթում է: Բայց վայելում է գծի տերը, գծի տիրոջ տերը, տիրոջ մերը…
Կամ երբ ամեն օր երթեւեկում ես քամակդ մեկի դեմքին կամ դեմքդ մեկի քամակին ու լսում ես, որ քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ձեւավորելու համար, ինֆարկտից չմեռնելու միակ միջոցը հայհոյանքն է դառնում ասողի, ասողի տիրոջ, տիրոջ մոր հասցեցին: Ու ճաք է տալիս:
Այդ հիմքը ճաք է տալիս, երբ հասկանում ես, որ երբեմնի հարազատ Երեւանը թեկուզ մեկ բանդայի որջ է դարձել, մինչդեռ այնքան արագ կարելի է կարգավորել իրավիճակը:
Այդ հիմքը ճաք է տալիս, երբ հայը իր հայրենիքի մի հատվածում («Լուսանցք»-ը միշտ է ասում՝ հայի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է) ամեն օր պայքարում է, որպեսզի հայերենը իրապես պետական լեզվի կարգավիճակում լինի:
Այդ հիմքը ճաք է տալիս, երբ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է դառնում, իսկ իրապես ազգայնականներին ծայրահեղականներ են համարում:
Ճաք է տալիս, երբ մի ահագին խումբ ճառում է հանուն հայրենիքի արվելիք գործերից, բայց դա անելը թողնում է փոքրիկ խմբակի ուսերին:
Ճաք է տալիս, երբ սփյուռքահայը հայրենիքում ներդրած գումարը համարում է ոչ թե բիզնես, այլ՝ բարեգործություն: Ճաք է տալիս, երբ նույն սփյուռքահայը հայրենիքում ապրելով էլ չի կտրվում այն երկրի բարքերից, որտեղից եկել է:
Ճաք է տալիս, որովհետեւ պետական այրերը չեն հասկանում, որ պետությունը հենց ա՛յն բանի համար է, որ մտածի բոլոր մարդկանց բոլոր խնդիրների ու հենց թեկու՛զ մանրուքների մասին: Որովհետեւ պետակա՛ն գործերում մանրուքներ չե՜ն լինում: Հակառակը մտածողները ոչ թե այրեր են՝ այլ՝ մարդուկներ:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 33 (209), 2011թ.



