Վերջերս իմ գործընկերներից մի քանիսը ինձ տառացիորեն մեղադրում են այն բանում, որ շատ երեւույթների եւ պետական ու քաղաքական այրերի ասածի ու գործունեության հանդեպ մեր թերթը այլ՝ մյուս զլմ-ներից տարբերվող տեսակետներ ունի: Գործընկերներիցս մեկը նույնիսկ զայրույթը չկարողացավ թաքցնել: «Ի՞նչ եք սպիտակ ագռավի կեցվածք ընդունել»,- ասաց նա: Ու քանի որ նմանատիպ՝ անհասկանալիորեն ջղագրգիռ արտահայտություններ էլի եմ լսել, երեւի թե այս անգամ անդրադառնամ խնդրո առարկային:
Նախ ասեմ, որ ներքո շարադրյալը բացատրություն չէ, այլ՝ յուրօրինակ արձանագրում, որպեսզի ամեն անգամ ժամանակ չկորցնեմ եւ առանձին-առանձին չպարզաբանեմ, այլ ուղղակիորեն նյարդայնացածներին ուղղորդեմ թերթի այս թողարկումը կարդալու:
Առաջին՝ հարգելիներս, թերթը պե՛տք է սեփական տեսակետ ունենա՝ ֆինանսավորմամբ չպայմանավորված տեսակետ: Եվ եթե թերթը ոչ պողոսի գործն է հավանում, ոչ պետրոսի, բայց խնդիրն օդում չի ճոճում ու առաջարկում է լուծման ի՛ր տարբերակը, դուք, որպես մասնագետներ, հարկ է, որ ուրախանաք, այլ ոչ թե ջղային բնութագրումներ անեք:
Երկրորդ՝ գոնե դուք, մեզ սպիտակ ագռավի տեղ դնողներդ, ծպտուն մի՛ հանեք, որովհետեւ գեղից մարդ կա. մենք ենք, որ ճանաչում ենք ձեզ ու լա՜վ ենք ճանաչում:
Երրորդ՝ ի տարբերություն ձեզ, սեւ ագռավներիդ, կարծում ենք, որ լավ գործ եք անում՝ ամեն մեկդ յուրովի: Կարդում ենք բոլորիդ գործերը եւ իրականը գտնում միջինացված հայտարարում: Թեեւ բոլորդ նման եք իրար՝ սանձարձակ եք եւ ոչ թե ազատամիտ, գավառամիտ եք եւ ոչ թե պահպանողական, «մուննաթ» եք եւ ոչ թե լրջախոհ: Ու երբ ամեն օր, թեկուզ ձեր մի նյութիկում իսկապես ազատամիտ, իսկապես պահպանողական կամ իսկապես լրջախոհ միտք ենք տեսնում, ուրախանում ենք, որովհետեւ լրատվական գունապնակն է հարստանում:
Չորրորդ՝ մենք տարբեր չենք, պարզապես դուք մեդալի երկու կողմն եք նայում, մենք՝ նաեւ եզրերը, որովհետեւ այդ եզրերն են «որոշում», թե մեդալը որ կողմի վրա է շուռ գալու:
Եվ հենց այդ եզրերն են, որ մեզ ստիպում են մահապատժի վերացումը ափսոսալ, որովհետեւ իսկապես ծանրագույն ճղճիմ հանցագործը պետք է մահապատժի դատապարտվի, ոչ թե ցմահ հարկատուներիս վզին նստած լինի:
Այդ եզրերն են, որ մեզ ստիպում են լպիրշացած ու գիրացած սպաներին հրապարակավ ու խստիվ պատժելու կոչ անել, քանզի դրանց ճարպերը բանակում ու պետությունում ճենճահոտ են գցում, բանակի հարգը ոտատակ անում ու մխտռում երկրի օդը:
Այդ եզրերն են, որ մեզ ստիպում են մանկապիղծներին իրենց արածին համարժեք՝ նաեւ չգրվա՛ծ օրենքներին համապատասխան պատժելուն կողմ լինել ու դրան զուգահեռ պղծված երեխայի ծնողի ծնողական իրավունքն էլ քննարկել այն բանի համար, որ դպրոցական երեխայի ձեռքին հարյուր հազարներ է տեսել ու ձայն չի հանել՝ բարի քեռիներին իբր հավատալով:
Այդ եզրերն են, որ մեզ ստիպում են բնական աղետ սողանքից հետո ոչ թե գրասենյակում նստել ու կանխատեսումներ անելով մեղավորներ փնտրել, այլ գնալ հենց տեղում տեսնել՝ հողը դեռ սահու՞մ է, թե՞ ոչ, այդտեղ ծանր տեխնիկա կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ, ի՞նչ տեխնիկա է աշխատում եւ ի՛նքդ ինչո՞վ կարող ես օգնել: Այդ եզրերն են, որ մեզ ստիպում են (ինչը եւ պահանջում է շաբաթաթերթը) հապճեպ եզրակացություններ չանել՝ հարցը թողնելով համակողմանի եւ խորը վերլուծություններին:
Եվ վերջապես այդ եզրերն են, որ մեզ պարտադրում են տուրք չտալ կեղծ բարոյականությանը, կեղծ ներողամտությանը ու հանրային սխալ կարծիքին, ինչ է թե հանրային է:
Չմոռանանք՝ մամուլը նրա համար է, որ ոչ թե կամ ոչ միայն հանրային ճաշակի հետեւից ընկնի, այլ ի՛նքը հանրային ճաշակ ձեւավորի:
Իսկ այսպես շատ բարդ է. բարեկամներ չես ունենում, հակառակորդներ՝ ինչքան ուզես: Բայց վերջնակետը նույնն է՝ ոչ բարեկամը գիտի՝ ինչու է բարեկամ, ոչ հակառակորդն է հասկանում իր թշնամանքի պատճառը: Որովհետեւ երկուսն էլ մեր ասածը մեդալի ոչ մի կողմում չեն տեսնում: Ու նրանց դուր գալու համար «Լուսանցք»-ն ամենեւին էլ չի պատրաստվում եզրերն անտեսել, քանզի, միեւնույնն է, դրանք են որոշում, թե մեդալը ո՜ր կողմի վրա է շուռ գալու:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
* * *
Ում հաշվին են հավաքվելու հարկերը
2012թ. պետբյուջեի նախագծում եկամուտների աննախադեպ չափ է ընդունվել՝ 96%
2012թ. պետբյուջեի նախագծում ընդհանուր եկամուտներում հարկային եկամուտների աննախադեպ չափ է ընդունվել՝ 96 տոկոս:
Ու՞մ հաշվին է դա հավաքվելու: Հարկատուների բնականաբար: Ու քանի որ խոշորն իր հարցերը այսպես թե այնպես լուծում է, ճկռողը դարձյալ փոքր ու միջին ձեռնարկատերերն են լինելո
ւ: Ու ՓՄՁ-ն իրավունք ունի մտահոգվելու: Թեեւ վարչապետը վստահեցրել է, որ «փաստացի՝ հարկերն ավելանալու են խոշոր բիզնեսի համար», այնուամենայնիվ, փոքրերն ու միջինները հանգիստ լինել չեն կարող:
Ճիշտ է, գործադիրը վստահեցնում է, որ հարկային լրացուցիչ մուտքերն ավելանալու են ստվերային տնտեսության եւ վարչարարական միջոցառումների շնորհիվ, բայց արի ու տես, որ խոշորն էլ հանգիստ չէ: Ստացվում է՝ խոշորը «հարկային տեռորի» է սպասում, փոքրը՝ «հարկային տեռորիկի»: Հետաքրքիրն այն է, որ մուտքերի այդ ծավալը նաեւ պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանին էր անակնկալի բերել ու նա ֆինանսների նախարարությունից խնդրել էր ավելի մանրամասնել, թե կառավարությունը ինչ ուղղություններով է զարգացնելու տնտեսությունը (դե, որպեսզի եկամտային ուղղություններն ավելի պարզ դառնան):
Մենք առայժմ կսպասենք՝ տեսնելու, թե ինչ կորոշի օրենսդիր մարմինը. ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկումները շատ բան կհստակեցնեն: Իսկ առայժմ տեղեկացնենք, թե որ հարկատեսակի գծով ինչքան մուտքեր են ակնկալվում:
Ըստ ֆինանսների նախարարության, 2012թ. պետբյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 910.0 մլրդ դրամի չափով կամ 2011թ. համար հաստատված 852.4 մլրդ դրամ, 2010թ. փաստացի ստացված 759.7 մլրդ դրամ համադրելի գումարների համեմատությամբ համապատասխանաբար 6.8%-ով եւ 19.8%-ով ավելի:
2012թ. պետբյուջեի մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները՝ 96.1% (այդ թվում՝ հարկերը եւ պետական տուրքերը կազմում են 80.5%), պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի համապատասխանաբար 1.6%-ը եւ 2.3%-ը: «Ակնկալվում է, որ 2012թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.57%՝ 2011թ. ծրագրային 22.65%-ի, սպասողական 22.07%-ի եւ 2010թ. փաստացի 21.7%-ի դիմաց:
Ի դեպ, օրենսդրական փոփոխությունների եւ վարչարարական միջոցառումների իրականացումից 2012թ. ակնկալվում է հավաքագրել 39.7 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ, ավելացված արժեքի հարկի գծով 2012թ. բյուջետային մուտքերը կանխատեսվել են 343.2 մլրդ դրամի չափով, որը 53.6 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. համադրելի փաստացի մակարդակը: Ակցիզային հարկի գծով 2012թ. բյուջետային մուտքերը գնահատվել են 43.6 մլրդ դրամի չափով, որը 9.7 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը: Շահութահարկի գծով 2012թ. բյուջետային մուտքերը կանխատեսվել են 107.2 մլրդ դրամի չափով, որը 29.4 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը: Եկամտահարկի գծով 2012թ. բյուջետային մուտքերը կանխատեսվել են 91.2 մլրդ դրամի չափով, որը 17.2 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը: Իսկ բյուջետային մուտքերը մաքսատուրքի գծով գնահատվել են 39.3 մլրդ դրամի չափով, որը 9.9 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը: Ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարի գծով 2012թ. համար ծրագրվել է 29.3 մլրդ դրամի չափով մուտքեր, որը 1.0 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը:
Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարների գծով 2012թ. գանձվելիք գումարները ծրագրվել են 22.5 մլրդ դրամի չափով, որը 0.5 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը: Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով մուտքերը կանխատեսվել են 14.1 մլրդ դրամի չափով, որը 5.0 մլրդ դրամով գերազանցում է 2010թ. փաստացի մակարդակը:
Այլ հարկային եկամուտների գծով հաջորդ տարի գանձվելիք գումարները ծրագրվել են 2010թ.մակարդակին մոտ‘ 10.5 մլրդ դրամի չափով:
Իսկ պետական տուրքերի գծով մուտքերը ծրագրվել են 21,148.3 մլն դրամի չափով՝ 2011թ. համար հաստատված 20,745.8 մլն դրամի եւ 2010թ. փաստացի ստացված 19,623.2 մլն դրամի դիմաց: Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով մուտքերը նախատեսվել են 142.1 մլրդ դրամի չափով, 2011թ. համար հաստատված 123.4 մլրդ դրամի եւ 2010թ. փաստացի ստացված 105.3 մլրդ դրամի դիմաց:
Ինչպես եւ նախորդ տարիներին, 2012թ. հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով տարեկան ցուցանիշը ծրագրվել է ըստ նախորդ տարիների հավաքագրման եւ մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների, օրենսդրական փոփոխությունների, վարչարարական միջոցառումների իրականացումից ակնկալվող լրացուցիչ մուտքերի.- այսպես համենայնդեպս վստահեցնում է ֆինանսների փոխնախարար, երկրի գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը:
Ու քանի որ այս «վարչարարական միջոցառումներ» ասվածը շատ է շահարկվում, մենք հաջորդ համարում կներկայացնենք այդ վարչարարականի մեխանիզմը՝ մի քանի հարկատուների օրինակով:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 34 (210), 2011թ.



