Արեւմուտքը Հայաստա՞նն է ընտրում

ԵԽԽՎ-ում  ադրբեջանական պատվիրակությունը դեմ է քվեարկել ՀՀ հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւի նախագծին, իսկ հայ պատվիրակները իրենց ելույթից հետո, ցուցադրաբար լքել են դահլիճը՝ նախընտրելով չլսել իրենցից հետո ելույթ ունեցող ադրբեջանցի պատվիրակներին:

Հայաստանի համազեկուցող Ջ. Պրեսկոտը դիմելով ադրբեջանցիներին՝ խորհուրդ է տվել. «Ուրիշի աչքի փուշը տեսնելու փոխարեն, ձեր աչքի գերանը հանեք: Այնպիսի տպավորություն է, որ ամենաժողովրդավարական երկիրն եք ներկայացնում»:

Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչներին դուր չի եկել, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է ՀՀ առաջընթացը ու առաջիկա անելիքները: Ամենաշատ արծարծվող թեման, որ հայերից շատ ադրբեջանցիներն էին քննարկում, 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ 10 մահվան դեպքերի բացահայտումն էր: ԵԽԽՎ-ն այս հարցն էլ է լուծված համարել (չնայած դա ՀԱԿ-ի եւ պաշտոնական Բաքվի սրտովը չէ):

Մարտյան իրադարձությունների հարցը կարելի է վերջապես փակված համարել Համաժողովի համար. հայտարարել է ԵԽԽՎ-ն, միեւնույն ժամանակ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերում՝  այդ թվում՝ 10 մահվան դեպքերի քննության հարցում ՀՀ պարտավորությունների դիտարկումը կշարունակվի: Վեհաժողովը նաեւ ողջունել է այն քաղաքական կամքը, որ «դրսեւորել են իշխանություններն ու քաղաքական մյուս ուժերը՝ հարցը Եվրոպայի խորհրդի չափորոշիչների ու առաջարկների համաձայն լուծելու ուղղությամբ»:

ԵԽԽՎ  ընդունած տեքստում ողջունվում է Վեհաժողովի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ սերտ ու կառուցողական համագործակցությունը, որը նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում օրինակելի համագործակցություն է որակվել: Եվ այսպես՝ ԵԽԽՎ-ն փակեց «Մարտի 1-ի էջը»՝ որոշ վերապահումով:

Ժամանակ առաջ, մեկ այլ եվրակառույցի՝ Եվրանեսթի առաջին լիագումար նիստում հայկական պատվիրակությունը նույնպես գործել է ակտիվ եւ օգտվել է վետո կիրառելու իր իրավունքից: Ադրբեջանական եւ վրացական կողմերը քաղաքական հանձնաժողովում կայացած նիստի ժամանակ մի տեքստ են ներկայացրել զեկույցում ընդգրկելու համար, որում շեշտվում է, թե անդամ պետությունները պետք է հարգեն մյուսների տարածքային ամբողջականությունը: Սա այն դեպքում, որ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքները այդ տեքստում ներառված չէին եւ հայկական կողմը ստիպված վետո է կիրառել:

Դրանից հետո Եվրանեսթի Բյուրոն նիստ է հրավիրել՝ ադրբեջանական կողմին առաջարկելով կամ հանել տեքստը, կամ մտցնել հայկական կողմի ներկայացրած փոփոխությունները: Ադրբեջանական կողմը մերժել է, ինչի պատճառով Եվրանեսթի լիագումար նիստի ամփոփիչ զեկույցը չի ընդունվել:

Եվրանեսթում փոխզիջումը խաթարվել է ադրբեջական եւ վրացական պատվիրակությունների ոչ կառուցողական գործելաոճի պատճառով: Ստրասբուրգում կայացած նորաստեղծ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը ի վերջո ներկայացվել է Վարշավայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որը նպաստավոր ձեւակերպումներ է ունեցել մեզ համար:

Արեւելյան գործընկերության գլխավոր նպատակը Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Բելառուսի մերձեցումն է Եվրամիության քաղաքական դիրքորոշումներին ու տնտեսական ձեւաչափերին:

Իսկ Եվրանեսթի արեւմտյան ու արեւելյան բաղադրիչների, արեւելյան գործընկերների պատվիրակությունների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների միջեւ եղած տարաձայնությունները Եվրանեսթի գործընկերության սկզբունքների, օրակարգի եւ ապագա նպատակների շուրջ դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չեն:

Հետաքրքիր է, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցելու ցանկություն հայտնած ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը նույնպես նշել է, որ Հայաստանը կարեւոր առաջընթաց է ունեցել, ինչը նկատելի է, եւ «Միացյալ Նահանգները արժեւորում է Հայաստանի հետ ունեցած գործընկերությունը եւ մշակութային ու պատմական կապերը, որոնք միացնում են մեր ժողովուրդներին»,- ասել է նա՝ արտահայտվելով եվրակառույցների դիրքորոշումներին համահուչ:

Արման Դավթյան

* * *

Աշխարհի ամենալավ գործը…

«Երբ դու ԱՄՆ-ի  նախագահն ես, քեզ պատասխանատու ես զգում ամեն ինչի համար… Սա աշխարհի ամենալավ գործն է: Չնայած, որ մենք ստիպված ենք լինում լուծել բազմաթիվ բարդ հարցեր»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով, ամենահաճելին եւ արժեքավորն այս պաշտոնում մեծ թվով մարդկանց հետ աշխատելու եւ շփվելու հնարավորությունն է:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ամենադժվարը նախագահի
համար, զոհված զինվորների բարեկամների հետ հանդիպումներն են:

Կարեն Բալյան
 

«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.