Վերջերս աշխուժացել են աղանդների գործունեության դեմ կամ ի պաշտպանություն դրանց հանդես եկողները: Նաեւ հայ հանրությունն է ցուցաբերում անհանգստություն:
Սոցիալական կայքերն անգամ հետեւողական պայքար են ծավալել:
ՀՀ իշխանություններն էլ կարծես սկսել են հրապարակային պայքար՝ հատկապես քայքայիչ աղանդների դեմ: ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք ձեռնամուխ ենք եղել քայքայիչ աղանդներից պաշտպանվելու ռազմավարության մշակմանը»՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում պաշտպանվում են, հարգվում են մարդու եւ քաղաքացու կրոնական խղճի, դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով:
Իշխանությունները կարծում են, որ պետությունը բռնել է հոգեւոր զարթոնքի եւ ժողովրդավարական զարգացման ուղին, իսկ աղանդները կարող են կործանարար ազդեցություն ունենալ հայ ընտանիքի, հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների վրա: Այս պայքարը Ա. Բաղդասարյանը պատճառաբանեց այն բանով, որ Եվրամիության երկրները նույնպես պայքարում են աղանդների դեմ. «Լիտվայում իրավական անձի կարգավիճակ են ստանում բացառապես այն կրոնական կազմակերպությունները, որոնք ճանաչված են որպես Լիտվայի պատմական, հոգեւոր եւ սոցիալական ժառանգության անբաժանելի մաս»:
Իհարկե «եվրաձայները» պետք է արձագանքեին, եւ այդպես էլ եղավ: ԵԽ Վենետիկի հանձնաժողովը «Խղճի եւ դավանանքի ազատությունների մասին» Հայաստանի օրենքի նախագիծը կքննարկի հոկտեմբերի վերջին: Ինչպես միշտ մեզ խորհուրդ կտրվի հանդուրժել աղանդավորներին:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն արդեն իսկ նկատել է, որ կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն հանդուրժողականության հիման վրա. «Նրանց հոգիներ են պետք, իրենք իրավունք ունեն տեղ հասցնել իրենց կրոնական համոզմունքները»: Ըստ Բուքիքիոյի, ավելի էական է, որ նրանք դա չանեն մյուսների իրավունքները ոտնահարելով:
Հանձնաժողովը կարծում է, որ միաժամանակ հարաբերվում են հավասարակշռությունը եւ հանդուրժողականությունը՝ մեկն ունի ազատություն խոսելու իր համոզմունքներից, մյուսը՝ չհամաձայնելու նրա մտքերի հետ:Իսկ պետական ու ազգային անվտանգության մասին ոչ մի խոսք:
Ջ. Բուքիքիոն անգամ հավաստելով, որ Հայաստանում տարածված երեւույթ է, երբ որեւէ կազմակերպության ներկայացուցիչ իր համոզմունքը ներկայացնում է բնակիչների դռները բախելով, ասել է՝ բայց «Ի՞նչ կարող է անել բնակիչը՝ պետք է հանդուրժի»:
Ա՜յ քեզ բան…
Իսկ ո՞վ են բուքիքիոները կամ նմանները, որ իրենք պետք է որոշեն՝ թե ՀՀ բնակիչն իր իրավունքները ինչպես պետք է պաշտպանի: Երբ ոմն հոգեխեղ կամ նմանի պատվերով գործող մեկն իրեն իրավունք է վերապահում համառորեն թակել մարդկանց դռները եւ բառացիորեն հոգեւորսությամբ զբաղվել (ու դա՝ եվրաիրավունք է), ապա այդ մարդիկ էլ իրավունք ունեն իրենց որսն անելու (ու դա՝ մարդկային բնական իրավունք է, եթե անգամ հասու չէ եվրագլուխներին)… Այդ իրավունքը մարդիկ կբանեցնեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ պաշտպանելով իրե՛նց «Խղճի եւ դավանանքի ազատությունը»…
Իսկ երբ այդ աղանդավորականները հանդես են գալիս ՀՀ բանակում չծառայելու, պետության գոյությանը սպառնացող այլ հակազգային դրսեւորումներով, ապա հենց պետությունն էլ իրավունք ունի իր որսն անելու… Քանզի այս դեպքում կամ որս ես կամ՝ որսորդ…
Հային ու հայի պետությանը որս լինելը ձեռնտու չէ: Ուրեմն, բուքիքիոները պետք է Հայաստանին ու հայությանը որսորդ դիտարկեն, եւ դրա համար օրենքն ու իրավունքը փոխելը պետք է տատանումների տեղիք չտա երբեք՝ հանուն ինչ-որ օտարի «սիրուն աչքերի»…
Հայկ Թորգոմյան
Աղճատված կրոնը
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը խոսելով վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին՝ նշել է, որ աղանդները նաեւ քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը: Նրա խոսքերով՝ 19-րդ դարից սկսած աղճատվել է կրոնը եւ ստեղծվել են ճյուղավորումներ, բոլոր այն խմբերը, որոնք այլ կերպ են մեկնաբանում «Աստվածաշունչ»-ը, աղանդներ են: Սակայն, ըստ վարդապետի, դրանցից ոչ մեկը հայկական չէ, բայց շատ հայեր «ատամներով են պաշտպանում նրանց»:
«Այս մասին զգուշացվում էր նաեւ «Աստվածաշունչ»-ում, որ գալու են սուտ մարգարեներ՝ գառան դիմակով եւ ասելու, որ իրենք են Քրիստոսը: Իսկ մենք, որտեղ աղբանյութ կա, դիմադր
ելու եւ ոչնչացնելու փոխարեն, գնում, գրկախառնվում ենք»,- ընդգծել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Ըստ նրա՝ թեեւ աղանդները հիմնականում արեւմտյան երկրների ծնունդ են, այդուհանդերձ եվրոպական երկրներում դրանց զսպելու միջոցները ավելի զորեղ են. «Որովհետեւ եվրոպացին հստակ գիտի, ինչ է նշանակում եվրոպացի, իսկ մենք չգիտենք: Մենք Եվրոպայից միայն վատ, մարմնական երեւույթներն ենք ընդունում: Իսկ իրականում եվրոպացի նշանակում է մակարդակ՝ իր հոգեւոր ու մշակութային արժեքներով»,- ասել է հոգեւորականը:
Իսկ Եսայի քահանա Արթենյանը խոսել է «Կրոնի եւ խղճի ազատության մասին» օրենքի նոր նախագծից եւ նշել, որ դա «մի տեսակ երկակի սրի պես բան է՝ այնտեղ կարելի է գտնել եւ՛ դրական, եւ՛ բացասական բաներ»…
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 35 (211), 2011թ.



