Շագրենի կաշին – Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է մեր պետական բյուջեն

Այսօր մեր պետությունն ավելի շատ պարտք է, քան կա իր գանձարանում:

Սա արդեն ռիսկային է: Առանց չափազանցության: Ի դեպ ասեմ, որ այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր վստահ են, թե ՀՀ-ն առանց արտաքին պարտքեր ներգրավելու, կարող էր շատ հարցեր լուծել: Բայց նաեւ այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են, թե պարտքեր ունենալը աշխարհում սովորական երեւույթ է, վտանգավոր չէ եւ վտանգավոր չի լինի նույնիսկ այն դեպքում, եթե պարտքի չափը գերազանցի  ՀՆԱ-ի 60 տոկոսը: Փոխարենը այս երկու կողմերի տեսակետներից տարբերվող հաստատուն դիրքորոշում ունեմ. պարտքեր պետք է ներգրավել միայն ծայրահեղ դեպքում, ամեն կոպեկը նպատակային ու արդյունավետ ծախսել՝ դրանով  արդարացնելով պարտք վերցնելու անհրաժեշտությունն ու երաշխավորելով պարտքի վերադարձելիությունը եւ խստորեն պատժել ներգրաված միջոցների մսխումը՝ այն համարելով պետական դավաճանություն: Հավատացած եմ՝ սա բնավ խիստ մոտեցում չէ:

Ինչեւէ: Ինչ ունենք այսօր:

2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 3,299 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ 2011թ. պետական բյուջեով արտաքին աղբյուրներից նախատեսված վարկային միջոցները ամբողջությամբ ստանալու դեպքում, ինչպես նաեւ հաշվի առնելով 2011թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ճշտված պլանի համեմատությամբ առանձին վարկային ծրագրերի գծով արձանագրված գերակատարումները, «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով չնախատեսված եւ 2011թ. ընթացքում փաստացի ստացված վարկերը, Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը  (ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի վարկային պարտավորություններ եւ վերջիններիս կողմից տրամադրված արտաքին երաշխիքներ) 2011թ. տարեվերջին կկազմի մոտ 3,805 մլն ԱՄՆ դոլար:

2011թ. ընթացքում արտաքին պարտավորությունների գծով կստացվի մոտ 438 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 345 մլն ԱՄՆ դոլար եւ ԿԲ-ի գծով մոտ 93 մլն ԱՄՆ դոլար, եւ կկատարվի մոտ 52 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում (այդ թվում 28 մլն ԱՄՆ դոլար ՀՀ կառավարության պարտավորությունների գծով): 2010թ. տարեվերջի համեմատ ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 506 մլն ԱՄՆ դոլարով:

2011թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ընդհանուր սպասարկումը կկազմի մոտ 103 մլն ԱՄՆ դոլար: Միայն ՀՀ կառավարության գծով 2011թ. այն կկազմի մոտ 70 մլն ԱՄՆ դոլար, որից 28 մլն ԱՄՆ դոլար՝ մարում եւ 42 մլն ԱՄՆ դոլար՝ տոկոսավճար:

2012թ. ընթացքում, ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 506 մլն ԱՄՆ դոլար՝ այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով 331  մլն ԱՄՆ դոլարի արտաքին միջոցներ:

2012թ. ընթացքում ԱՊՊ գծով նախատեսվում է սպասարկել մոտ 265.3 մլն ԱՄՆ դոլար՝ 193.7 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 71.6 մլն ԱՄՆ դոլար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտավորությունների գծով  մոտ 72.4 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում եւ 57.7 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Հաշվի առնելով վերը նշվածը՝ 2012թ. տարեվերջին ՀՀ ԱՊՊ կկազմի մոտ 4,117 մլն ԱՄՆ դոլար:

2011-2012թթ. արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշները հիմնականում կգտնվեն նվազ եւ միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում:

Դարձյալ գանք նյութի սկզբին.  օրինակ՝ ԱՄՆ-ի նման պետության համար վտանգավոր չէ, եթե արտաքին պարտքը նույնիսկ հավասար լինի ՀՆԱ-ին, բայց մեր պարագայում շատ մասնագետներ վտանգավոր են համարում նույնիսկ պարտքի՝ ՀՆԱ-ի 40 տոկոսը լինելու ցուցանիշը: Բացատրությունը այնքան պարզ է, որ փակագծերը բացելու կարիք չկա:

Բայց մի խնդիր  էլ կա. ՀՀ-ն այլընտանքային բյուջե չի կազմում, ինչպես ասենք անում է Ռուսաստանը: Իսկ այդ այլընտրանքային բյուջեն շատ կարեւոր է հատկապես այս իրավիճակներում, երբ աշխարհից տարատեսակ ճգնաժամերի ալիքը դեռ չի անցել: Համապատկերում այլընտրանքային բյուջե չունենալը նշանակում է պատրաստ չլինել՝ չնախատեսված դեպքերում գործելու համար:

Սա է խնդիրը, մինչդեռ մեր կառավարությունում մտածում են, որ այլընտրանքային բյուջե պետք չէ, քանզի ճգնաժամը պրծավ, եւ երկրորդ կամ երրորդ ալիք մեզ չի խփի: Հիշեցնենք ոչ վաղ անցյալը. ամբողջ աշխարհը խոսում էր ճգնաժամից, արդեն հակաճգնաժամային քայլեր էին ձեռնարկվում, իսկ մեր վարչապետը ջղայնանում էր մասնագետների ու լրագրողների վրա, թե մի խոսեք, որովհետեւ խուճապ է լինում, իսկ խուճապները հարուցում են ճգնաժամեր:

Պատրա՞ստ ենք արդյոք ճգնաժամի երկրորդ ալիքին: Չենք խոսում, թե չէ հանկարծ կստացվի, որ խոսել ենք ու հարուցել ենք ճգնաժամը:

Անի Մարության

«ԱրմենՏե՞լ»-ն  է բյուջեին խնայել թույլ տալիս

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ‘նախարարություններին կոչ արեց օգտվել «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթից: Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստի ավարտից հետո:

Սակագնային փաթեթը հանձնաժողովն, ի դեպ, հաստատել է 2 օր առաջ:

Փաթեթից օգտվելը  պարտադիր չէ, սակայն կարող է զգալի խնայողություններ ապահովել այն գերատեսչությունների համար, որոնք, գործի բնույթով պայմանավորված, շատ են օգտվում միջքաղաքային հեռախոսակապից:

Փաթեթով «ԱրմենՏելը»  նվազեցնում է դեպի բջջային եւ միջքաղաքային զանգերի սակագինը, փոխարենը նվազեցվում է նաեւ տեղական զանգերի անվճար մասը: Մասնավորապես՝ իրավաբանական անձանց համար միջքաղաքային 20 դրամ ելքային սակագինը իջեցվում է մինչեւ 15 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ ֆիզիկական անձանց համար՝ մինչեւ 10 դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց նախարարություններին՝ 2012թ. բյուջեն ծրագրելիս հաշվի առնել խնայողություն կատարելու հնարավորությունը:

Գոհար Վանեսյան

Էլցանցերը նվազեցրել են ՀՀ վարկանիշը

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business 2012» զեկույցի մեթոդոլոգիայում կատարվել է նորամուծություն: Հաշվառվում է նոր գործակից՝ էլեկտրականության ստացում:

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջի տեղակալ Կարինե Մինասյանը:

Էլեկտրականության ստացման գործակիցը ցույց է տալիս, թե գործարարները ինչքան ժամանակում եւ ինչ ծախսերով կարող են միանալ էլեկտրացանցին:

Ցավոք, Հայաստանի դիրքն այս առումով «Doing Business 2012»-ում բավական ցածր է: Իսկ ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն 150-րդ տեղն է զբաղեցնում 180 երկրների շարքում:

Կ. Մինասյանն այս իրավիճակը պարզաբանեց այն հանգամանքով, որ զեկույցը հաշվի է առել մինչեւ 2011թ. մայիսի դրությամբ իրավիճակը: Մինչդեռ ընթացիկ տարվա մայիսի վերջին իրականացվել են կարեւոր փոփոխություններ:

Այսպես՝ կառավարության մայիսի 28-ի որոշմամբ էլեկտրացանցերին միացման ժամկետը 9 ամսից կրճատվել է մինչեւ 90 օր, ինչը հաջորդ զեկույցում էապես կբարելավի մեր ցուցանիշը: Էժանացվել է նաեւ միացման գինը:

Համապատկերում նկատենք, որ նշված զեկույցում Հայաստանն ընդհանրապես բարելավել է իր վարկանիշը 6 կետով՝ զբաղեցնելով 55-րդ տեղը:

Համեմատության համար նշենք, որ ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ն 2-րդն է՝ Ղազախստանից հետո:  

Նարե  Մշեցյան

«Լուսանցք» թիվ 36 (212), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.