Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Հավատամքի այբբենարանը

Սկիզբը՝ թիվ 34-36-ում

4. Աստղիկ խորհուրդը

Արայից՝ Արարչից է գալիս Սերն ու Գեղեցկությունը, որոնք անընդհատ նորոգում է Անահիտ Մեծամայրը: Եվ Աստղիկ դիցուհին է Արարչական Սիրո ու Գեղեցկության գերագույն խորհուրդը մարմնավորում:

Աստղիկ բառ – խորհուրդը լեզվաբանորեն կազմված է Աստ (Գերագույն խորհուրդ) բառով, Աղ (սեր, հաճելի, գեղեցիկ, դուրեկան) բառարմատով եւ իկ քնքշացնող մասնիկով՝ Աստ-Ըղ (Աղ)-իկ: Հայոց հավատքում Աստղիկը որպես Գերագույն Սիրո ու Գեղեցկության մարմնավորում՝ ճանաչված է Սիրո ու Գեղեցկության Աստվածուհի: Եվ նա է մշտապես բորբոքում ու հովանավորում հայ արիների գեղեցկությունն ու սերը, դրանք պահում որպես բացարձակ զգացողություններ:

Նկատվել է արդեն, որ կատարյալ է Հայոց Հավատքը, այն Տիեզերական զորությունների իսկը արտապատկերումն է: Հայոց Հավատքի համար ինքնին հասկանալի է, որ Արարիչն իր անվերջ արարումներով մշտապես իր ամբողջությունն է հաստատում: Եվ հաստատում է սիրով, Նա «իր բոլոր բնական Տեսակներով է ամբողջանում, եւ իր Տեսակներին նա որոնում է անվերջ. Նա իր բոլոր Տեսակների մեջ իր արյունն է զգում, իր ոգին է զգում, իր որակներն է զգում: Նա սիրում է բոլորին, պահպանում է բոլորին. նորոգում է բոլորին եւ այդ բոլորով իր հավերժությունն է հաստատում… Եվ իր արարչագործությամբ Արարիչը մշտապես իր Սերն է նորոգում իր բոլոր բնական մասերի մեջ» (տե՛ս Ուխտագիրք): Իսկ Հայոց Հավատքում Արարիչն իր այդ բացարձակ Սիրո կամքն արտահայտում է իր դստեր՝ Աստղիկ Դիցուհու օգնությամբ: Ով էլ Արարչական Սերը սերմանում է բոլոր բնական Տեսակների մեջ. այդ ամենը սիրով են ծնվում, ապրում, մեռնում, ապա կրկին կրկնելով այդ ընթացքը:

Աստղկյան Սերը մարդ արարածներից բացարձակորեն, առանց ստվերի, տրված է միայն Արարչի երկրային որդուն՝ Արիին: Ով էլ այդ սիրո կրողն է: Իսկ Աստղիկը՝ նրա, միայն նրա Աստվածուհին ու երկնային քույրը (հույների Աֆրոդիտեին, սեմականների Աստարտային ու Իշտարին չշփոթել Հայոց դիցարանի Աստղիկի հետ): Եվ Աստղկյան Սիրով ապրող արին գիտի (տե՛ս Ուխտագիրք), որ Հայր Արան Աստղիկ Դիցուհու օգնությամբ հաստատելով Սերը իր մեջ՝ իր եսը բաժանել է բազմաթիվ ես-երի, որոնք բոլորն իր ես-ն են, իր ամբողջության մասերն են տարբեր անհատների մեջ: Եվ Հայր Արայի կամքով Արին մշտապես որոնում է իր ես-ի ամբողջությունը տարբեր անհատների ու բնօրրանի մասերի մեջ. «Ես կամ իմ եղբոր մեջ, իմ զավակի մեջ, իմ նախնիների մեջ, իմ հարեւանի մեջ, ընկերոջ մեջ, իմ բնաշխարհի մեջ… Այդ բոլորը իմ ամբողջության մասերն են: Եվ ամբողջանալով միայն ես կհասնեմ կատարելության, կհասնեմ աստվածայնության»,- ասում է Արիի Սերը իրեն: Ինչպես նաեւ, որ «Սերը դա Ես-ի ամբողջության որոնումն է. դա Սերն է դեպի ինքն իրեն՝ իր ամբողջության մեջ: Ես ինքս ինձ տեսնում եմ բոլորի մեջ, որ իմն են, որ ինքս եմ: Եվ ես նվիրվում եմ նրանց, պահպանում եմ նրանց, կարոտում եմ նրանց, զորացնում եմ նրանց»: Սիրելով՝ Արին իրեն զգում է իր Բացարձակ Հոր՝ Արայի արյունը: Իսկ զգալով՝ իրեն միաձուլված է տեսնում այն ամենի հետ, ինչ Արարչից է գալիս: Դրանում է հենց կայանում Արիի երջանկությունը*:

Հայոց Հավատքում Սերը նաեւ Արարող Զորության աղբյուր է, ինչպես նաեւ՝ վերջինս էլ՝ սիրո պատվարը: Սեր եւ Զորություն, երկուսն էլ՝ Արայի շնորհ, իրար լրացնող ու իրար կերտող, իրարից անկախ լինել չեն կարող: Ընդ որում, եթե Սերն առանց Զորության է՝ այն կործանվող է (թույլը, տկարը երբեք չի կարող սիրել), իսկ եթե Զորությունն է առանց Սիրո՝ այն կործանող է (բոլոր բռի ուժերը առանց սիրո են իրենց ավերն արել): Սերն ու Զորությունը Հայոց հավատամքում միասնաբար են հանդես գալիս. երջանիկ՝ Արարչավայել կյանքը այդ միասնությամբ է պայմանավորված: Ահա թե ինչու Հայոց Հավատքի աստվածաբանական հարթությունում Հրե Զորությունը՝ Վահագնը եւ Սիրո ու Գեղեցկության Աստվածուհին՝ Աստղիկը, միասնաբար են հանդես գալիս ու մեկը մյուսի զորությունը իմաստավորում: Հայոց հավատամքում այդ միասնությունն է արտահայտում «Վահագնի սենյակ» խորհուրդը:

Հայի մեջ այդ միասնության խաթարումը հղի է պես-պես վտանգներով ու ինքնակործան ելքերով: Հիրավի, հայի մեջ Արարող Զորությունը Սիրով է լիցքավորվում: Եվ եթե նա մարի իր մեջ Աստղկյան Սերը, ապա դրանով նա կմարի իր Վահագնական Հուրը, եւ մարելով՝ կդառնա անպաշտպան, խեղճ, չ-արիին՝ գերի (դարեր ի վեր քրիստոնյա՝ չ-աստծուն հավատացող հայը այդպես է ապրել): Մյուս կողմից, եթե հայը ուրանա իրեն շնորհված իր Դիցուհու Սերը, ապա դրանով նրանում կյանքի Սիրո փոխարեն ատելության «սերը» կհաստատվի, նա մահը կյանքից կգերադասի, կդառնա անհանդուրժող, հարազատին դավող, նա չի սիրի, չի ձգտի ամբողջանալուն, իրենում՝ աստվածայնության հաստատումին, եւ այդպես իր անկատարությամբ կատի թե՛ իրեն, թե՛ այլոց (սա հոգեբանության մեջ հայտնի է «անլիարժեքության բարդույթ» անվամբ), իր արիությունը կհալածի իր իսկ
  միջից, կդառնա տկարության պաշտամունքն ունեցող, որով էլ ամեն մի չը-ար ուժի պարարտ կեր կդառնա (իր Սիրո Աստվածուհուն ուրացող հայը այդ օրը չի՞ ընկել):

Արարչատու պարգեւ է հայի մեջ Աստղկյան Սերը: Այն պետք է պահել-պահպանել, ու նորոգել:

Հայոց տոնացույցում Աստղիկ դիցուհուն նվիրված տոներից է Վարդավառը: Եվ Վարդավառն է Աստղկյան Սիրո նորոգումը հայի մեջ: Ինչպես եւ Վարդավառ բառն է այդ մասին մեզ ասում՝ Վ (գերագույն)- Արդ (Սիրո խորհուրդ)-Վառ (վառվել, օծվել)՝ Գերագույն սիրո խորհրդով օծվել, վառվել: Եվ Վարդավառով է Աստղիկը օծում հայ արիների սերը, այդպես նրանց խորհուրդ տալով ապրել, արարել սիրով, եւ ոչինչ՝ առանց սիրո:

Հեթանոսական՝ ազգային կյանքով լիաբուռն ապրելու ժամանակներում Հայաստանում Աստղիկ դիցուհուն նվիրված բազմաթիվ մեհյաններ՝ Աստղկյան սիրո հոգեւոր կենտրոններ կային, որոնք Արարչատու այդ պարգեւը պահել-պահպանելու, այն ազգի մեջ միշտ վառ պահելու առաքելությունն ունեին: Եվ այդ մեհյանների ավերումը ազգի սիրո եղեռն էր: 301թ.-ից սկսվեց հայի Սիրո բուռն հալածանքը: Այդ սիրո բքաշունչ ձմեռը սկսվեց: Բայց Տիեզերական գարնանը, ասում է ավանդույթը, Վահագն ազատելու է չարի Վիշապի կողմից գերված Աստղիկ Դիցուհուն: Եվ Նրան նվիրված մեհյանները նրա սիրելի աշխարհում դարձյալ վերածնվելու են:

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

* Ենթադրության կարգով ասենք, որ երջանկություն բառն էլ է հենց այդ մասին ասում. Եր/Ար (ա)-Ջան-ություն:

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։