Վրացական ձեռագիր. ամեն ինչ 2-ժամյա գործողությամբ

ԱԺ ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը կառավարությանը հիշեցրեց Տավուշի մարզի սողանքից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Հայաստանի մասին արած վերջին հայտարարությունը, թե սողանքն իրենց մոտ եթե լիներ, 2 ժամում տարածքը կմաքրվեր: Պատգամավորը դա անթույլատրելի է համարել: ՀՀ վարչապետը արձագանքել է հարցին եւ նշել, որ ԱԺ ամբիոնից նման հայտարարություններ անելը ճիշտ չէ, եւ մինչեւ որեւէ մեկնաբանություն տալը պետք է մանրակրկիտ ուսումնասիրել հարեւան երկրի նախագահի հայտարարությունը:

Թե ինչու նման հայտարարություն անելը ճիշտ չէ, կարող ենք միանգամից նշել, որ ՀՀ իշխանությունները շատ են սիրում տունտունիկ խաղալ վրացական կողմի հետ:

Պաշտոնական Թբիլիսին ճնշում է ջավախքահայությանը, խաթարում հայեցի կրթություն ստանալուն՝ ուստիեւ հայ մնալուն՝ չի կարելի ԱԺ ամբիոնից ասել այդ մասին.- ո՜նց կարելի է այլ երկրի գործերին խառնվել: Ադրբեջանի թշնամիներին Վրաստանի թշնամիներ է հռչակում՝ չի կարելի պատասխանել.- բա ամոթ չի՞, հարեւան ենք: Տարածաշրջանային բոլոր ծրագրերում աջակցում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ լռել է պետք. – կնեղացնե՜նք եղբայրական վրացիներին՝ բա որ մեր ճանապարհը փակեն:  Հայերին ստիպել եւ ստիպում է հայկական եկեղեցիները վրացական ճանաչել եւ անգամ ազգափոխվել, որպեսզի պաշտոններ ստանան՝ չի կարելի բարձրաձայնել.- հո բռի չենք… Ու էլի նման բաներ: Եվ մենք ժողովրդավարաբար եւ եվրաարժեքներին համահունչ լռում ենք:

Իսկ ինչ մնում  է Վրաստանի նախագահի հայտարարությունը մանրակրկիտ ուսումնասիրելուն, ապա դա պիտի արվեր հենց Սաակաշվիլիի «ելույթից» անմիջապես հետո, թե՞ մեր իշխանությունները շրջափակված են, չունեն համապատասխան ծառայություններ:…

ՀՀ վարչապետը այդ օրը հանդես եկավ վրացիների պաշտպանության դերով՝ նշելով, թե նման հայտարարությունները չեն նպաստում հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, իսկ կառավարությունն անում է ամեն ինչ՝ հարեւան երկրի հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար. «Հայաստանը պետք է անի հնարավորը հայ-վրացական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Ուստի մեր կողմից նպատակահարմար չէ հակառակ հայտարարություններն անելը: Վրաստանի քաղաքական իշխանության հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք եւ մտադիր ենք հետայսու եւս զարգացնել դրանք»:

Քիչ է մնում Վրաստանի նախագահին մի ուղերձ անենք, որ եթե կարող եք 2 ժամում սողանքը մաքրել, ապա թող բնությունը Վրաստանում դրա ապացուցման հնարավորությունը ձեզ ընձեռնի եւ՝ կտեսնենք:

Թբիլիսին այսքանով չի բավարարվում, եւ Վրաստանի ԱԳ նախարարը  ԼՂ հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու պատրաստակամություն է հայտնել: Ըստ երեւույթին՝ Ադրբեջանի թշնամիներին, որ իր երկրի թշնամիներն են նաեւ, խաբելու ձեւ է գտել: Այդ հայտարարությունը արվել է Բաքվում, եւ քանի որ Թբիլիսին էլ տարածքային խնդիրներ ունի, գուցե ենթադրում է, որ Ադրբեջանն էլ Վրաստանի թշնամիներին կճանաչի իր թշնամիներ, եւ քայլեր կձեռնարկի:

Եթե Վրաստանը փորձում է Ադրբեջանին ծառայություններ մատուցել, ապա այդ միջնորդությունը հաստատ Հայաստանի ու Արցախի սրտովը չէ:

Գանք նյութի սկզբին եւ, իբրեւ հայկական կողմի «ներկայացուցիչ», պատասխանենք Սաակաշվիլիին. «Ճիշտ է, դուք ամեն ինչ 2 ժամում եք անում, տարիներ առաջ 2 ժամում էլ ավարտեցիք ռուս-վրացական պատերազմը խայտառակ պարտությամբ…»:  

Վահագն Նանյան

Իսրայելը մե՞զ, թե՞ ու՛մ է ինչ հասկացնում

Իսրայելական պարբերականը Ադրբեջանն ու Վրաստանը համարում է հայկական տարածք:

Իսրայելում մի թերթ Ադրբեջանը եւ Վրաստանը ներկայացրել է որպես Հայաստանի տարածք, ահազանգում է «Վեստի ազ» լրատվական գործակալությունը:  Բաքվում երեւի թե զարմացած են վերջին ժամանակներս ռազմավարական գործընկեր դարձած Իսրայելի նման թողտվությամբ:

«Պոսլեդնայա ինֆորմացիա» անունը կրող իսրայելական թերթի լրագրող Դանիելա Բատինին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ հրապարակել է մի հոդված, որում Վան քաղաքը ներկայացվել է որպես հայկական քաղաք: Ըստ ադրբեջանական կայքի, թերթում տպագրվել է քարտեզ, որտեղ նույնպես Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացվել են որպես Հայաստանի տարածքներ:

Հետաքրքիր է, որ իրանական մի քարտեզում էլ Նախիջեւանն էր ներկայացված որպես Հայաստանի մաս, Թուրքիայում մի գիրք է հրատարակվել, որում Արարատը (Մասիսները) պատկանել են Հայաստանի Հանրապետությանը:

Գուցե մոտենու՞մ են ժամանակները պատմական արդարության…

Արտակ Հայոցյան

Թուրքերին հասկացնողը մե՛նք ենք

«Թուրքական իշխանությունները հուշարձանների վերականգնման
անվան տակ ոչնչացնում են հուշարձանների հայկական նշանները»,- հայտնել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Սակայն ոչ հայկական, ոչ էլ միջազգային պատկան մարմինները չեն արձագանքում համարժեքորեն: Եթե հուշարձանների վերականգմանը հրավիրվեն հայ մասնագետներ, ապա հնարավոր կլինի դիմակայել թուրքերի կողմից իրականացվող խեղաթյուրումներին, բայց դրա համար պայքարել է պետք:

Իսկ թուրքական իշխանությունները հետեւողական աշխատանք են տանում Արեւմտյան Հայաստանում գտնվող հուշարձանները իբրեւ թուրքական ներկայացնելու, ուստի պետք է վերացնել հայկական հետքերը:

Այդ հուշարձանների մասին պատմող ցուցանակներում մի բառով անգամ հիշատակված չէ դրանց հայկական ինքնությունը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։