Հայաստանը՝ երկաթե օղակու՞մ


 

Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղին փորձում են դարձնել ՀՀ եւ ԼՂՀ շրջափակման խորհրդանիշը: Իհարկե, առանց այս երկաթուղու էլ ադրբեջանա-վրացա-թուրքական կապը միշտ փորձում է շրջանցել Հայաստանը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում:

Բայց վերոնշյալ նախագծից բացի, ապագայում սպասվում է Կարս-Իգդիր-Նախիջեւան եւ Աստարա-Ռեշտ-Ղազվին (Լենքորանի մոտակայքից մինչեւ Թեհրանի մատույցներ) գծերի կառուցումը, որոնցով այսպես կոչված «երկաթե օղակի» մտահաղացումը իրական կարող է դառնալ:

Մյուս տարի կբացվի 2007թ.-ից կառուցվող Ախալքալաք-Կարս գիծը (105 կիլոմետր): Սա էլ հենց «երկաթե օղակի» 1-ին փուլն է: Հաջորդը Կարս-Իգդիր-Նախիջեւանն է: Նախիջեւանի տարածքում դեռ անցած դարում կառուցված է երկաթգիծ, որը խորհրդային տարիներին Բաքուն կապում էր Երեւանին:

Նախատեսվում է Արաքսի վրա կառուցել կամուրջ, իսկ ահա Թուրքիայի տարածքում (Կարսից մինչեւ Արաքս՝ Նախիջեւանի սահման), կկազմի մոտ 130 կիլոմետր: 3-րդ փուլը Աստարա-Ռեշտ-Ղազվինն է: Աստարա անունով քաղաք կա եւ՛ Իրանում եւ՛ Ադրբեջանում: Բաքվից-Աստարա երկաթգիծը կառուցված է դեռ տասնամյակներ առաջ, իսկ ահա Իրանի տարածքում կառուցվում է մի քանի հարյուր կիլոմետրանոց հատված, որը կձգվի մինչեւ Ղազվին ու կմիանա Թավրիզ-Թեհրան գծին: Պատկերավոր, ահա այսպիսի տեսք կունենա ՀՀ-ԼՂՀ շրջափակման խորհդանիշ դարձող այդ «երկաթե օղակը»:   

Անի Մարության

Իսկ Երեւանը դեռ դանդաղում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական աճն Արցախում մշտապես 2 անգամ ավելի է, քան Հայաստանում: ԼՂՀ-ն զարգանում է դինամիկ տեմպով. նշել է վարչապետը Սանկտ-Պետերբուրգի ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանում, երբ ուսանողները ցանկացել են տեղեկանալ ԼՂՀ-ում կատարվող տնտեսական գործընթացներին: «ԼՂՀ-ում առկա է կազմակերպված քաղաքացիական հասարակություն: Երբեմն մենք նույնիսկ օրինակներ ենք վերցնում Արցախից՝ բարեփոխումների իրականացման տեսանկյունից»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նաեւ այս հանգամանքը «կստիպի հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ հանդիպել է ռուսաստանաբնակ հայ բարերար Կոնստանտին Մանուկյանին, քննարկվել են Շուշի քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր: Այնուհետեւ բարերարի եւ մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

ՀՀ վարչապետը մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին՝ կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Նա ներկայացրել է ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները: Քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ԵվրԱզԷՍ-ի անդամ-պետությունների համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ-ն ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու համար 2012թ. Ծաղկաձորում կանցկացվի «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովը, որն ստացել է «Հայկական Դավոս» 2-րդ անունը: Այն կանցկացվի 9-րդ անգամ, կդառնա ՀՀ գործարար կյանքի ամենանշանակալի իրադարձություններից մեկը: Ծաղկաձորը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի: Համաժողովի գլխավոր թեման է. «Նոր իրականության նոր մտածելակերպ»:  

Գոհար Վանեսյան

Ուժեղ տնտեսությունը՝ անկախության ուժեղ գործոն

Արցախի նախագահը հերթական անգամ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռ. Բրադկեին (ԱՄՆ), Ի. Պոպովին (ՌԴ) եւ Բ. Ֆասիեին (Ֆրանսիա), քննարկվել են ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող առաջնային հարցեր: Բ. Սահակյանն ընդգծել է, որ «Ադրբեջանը չի դադարում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանման համար»: Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված քայլերի իրականացումը:

ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ, որին մասնակցել են նաեւ համանախագահները: ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկումն արել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրշիկը, նրա դաշտային օգնականները: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԼՂՀ ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչները:

Իսկ իրանական զլմ-ները հայտնել են, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու ինքնաթիռներով հետախուզություն է իրականացնելու Հայաստանի, Արցախի եւ Իրանի սահմանում:

Հետախուզական գործունեություն է իրականացվելու նաեւ Իրանի արեւմտյան շրջաններում՝ Հայաստանի սահմանին, եւ հարավային շրջաններում՝ Իրանի սահմանին: Ադրբեջանի եւ Իսրայելի համապատասխան պաշտոնյաների միջեւ վերջերս հանդիպման ժամանակ պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի, ադրբեջանական կողմը Իսրայելից 60 միավոր անօդաչու հետախուզական ինքնաթիռ է գնելու: Համաձայն պայմանագրի՝ վերոնշյալ ինքնաթիռների արտադրման գործընթացի 30%-ն արվելու է Ադրբեջանում՝ «Ազադ Բաքու» ընկերության կողմից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Արցախի ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչացվեց ադրբեջանական զինուժին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու հետախուզական մի ինքնաթիռ:

Վերջերս Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը համոզմունք էր հայտնել, որ Ադրբեջանի տարածքից Իսրայելը կարող է նախազգուշական հարված հասցնել Իրանի միջուկային հաստատություններին: Նշվում էր, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող հետախուզական գործունեության մասին դեռ օգոստոսին Ադրբեջանի նախագահին ուղղված նախազգուշական հայտարարության մեջ ակնարկել էր նաեւ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետը:

Այս համապատկերին կրկին խաղաղ է հնչում ՄԽ համանախագահների ամփոփիչ հայտարարությունը. «Այցելության ընթացքում համանախագահները նկատեցին, որ անհրաժեշտ է նշանակալիորեն բարելավել բանակցությունների մթնոլորտը, մեծացնել վստահությունը եւ ամրապնդել հրադադարի ռեժիմը՝ հնարավոր դարձնելու համար խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա առաջընթացը»: Համաձայն հայտարարության, կողմերը սկզբունքորեն համաձայնվել են շփման գծում միջադեպերի հետաքննության համար անհրաժեշտ մեխանիզմների նախագծի հետ, որը ներկայացվել էր համանախագահների կոմից այս ապրիլին, եւ որի մասին մարտին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ պայմանավորվել էին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ի դեպ, համանախագահները վերջին 14 ամսում շփման գիծը ոտքով հատում են արդեն 4-րդ անգամ:

Արցախի նախագահն էլ այս ընթացքում շրջել է Արցախում, այցելել Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին, նաեւ հանդիպումներ ունեցել շրջանի համայնքներում եւ քննարկել խնդիրները, որոնց լուծում տալու համար նախագահի հետ շրջագայել են ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախում են հավաքվել նաեւ ՏՀՏ ոլորտի ղեկավարները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակում է իր ջանքերը՝ խթանելու տեխնոլոգիական զարգացումը ԼՂՀ-ում: Այդ նպատակով Ստեփանակերտում անցկացվեց «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում՝ նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին:

Շատ կարեւոր է Արցախի տնտեսական ինտեգրումը նաեւ տարածաշրջանային ծրագրերին, ինչը կխթանի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը:

Հայկ  Թորգոմյան

Ադրբեջանը խոսելու «թարմ ականջ» գտավ

Ադրբեջանն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ 2012-2013թթ.:

17 փուլանոց քվեարկությունից հետո Սլովենիան չկարողացավ հաղթահարել ադրբեջանական արգելքը:

Քվեարկության 16-րդ փուլում Ադրբեջանը հավաքել է 116 ձայն, իսկ Սլովենիան՝ 77 ձայն, որից հետո հանել է իր հայտը: Իսկ 17-րդ փուլում Ադրբեջանի օգտին քվեարկել են 155 երկիր, Սլովենիան ստացել է 13 ձայն: ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներ են ընտրվել նաեւ Գվատեմալան, Մարոկոն, Պակիստանն ու Տոգոն:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կազմված է 15 անդամ-երկրներից, 5 մշտական՝ ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, 10-ը՝ ոչ մշտական, ժամանակավոր, 2 տարով ընտրված: 5-ը ընտրվում են Աֆրիկայից ու Ասիայից, 2-ը՝ Լատինական Ամերիկայից ու Արեւմտյան Եվրոպայից, իսկ 1-ը՝ Արեւելյան Եվրոպայից:

Այսպես, հաջորդ տարվա սկզբին խորհուրդը ոչ մշտական անդամներից կլքեն Բոսնիան եւ Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանը, նաեւ Նիգերիան, իսկ 2013թ.՝ Գերմանիան, Հնդկաստանը, Պորտուգալիան, Հարավաֆրիկյան պետությունը:

Ոչ մշտական անդամ ընտրվելու համար տվյալ երկիրը պետք է ստանա ներկայացուցիչների ձայների 2/3-ը: Դա վերաբերում է նաեւ այն դեպքերին, երբ տվյալ տարածաշրջանից ընդամենը 1 երկիր է առաջադրված:
Կարեն Բալյան
 

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։