Ձեռքներդ հեռու՛ ատոմակայանից

Սենսացիա-մոլությունը զավեշտալի իրավիճակների է հանգեցնում

Ատոմակայանին առնչվող յուրաքանչյուր թեմա միշտ է իմ ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ հետեւում եմ միջուկային տերությունների քայլերին,  որորտում ձեռնարկվող այս կամ այն ծրագրերին: Ու միշտ լավ եմ զգացել, որ մեր փոքրիկ հանրապետությունը համարվում է միջուկային տերության մաս: Սա նշանակում է, որ մեր հայրենիքի այս հատվածը՝ ՀՀ-ն, ունի համապատասխան մասնագիտական դպրոց, որակյալ գիտական ներուժ: Նոր ատոմակայանի կառուցման պատրաստակամությունը նշանակում է, որ մենք շարունակելու ենք զարգացնել դպրոցը, ունենալու ենք 4-րդ սերնդի ԱԷԿ, կարողանալու ենք ավելի լավ ապահովել մեր էներգետիկ անվտանգությունն ու, բառիս բուն իմաստով, երկրի անկախության աստիճանն ենք բարձրացնելու:

Կուզի՞ Թուրքիան սա: Բնականաբար՝ ո՛չ: Բայց քանի որ քաջ գիտակցում է, թե ինչ է ԱԷԿ-ը, միջուկային էներգետիկայի ոլորտում փորձ չունենալով, ատոմային կայանի կառուցում է նախաձեռնել՝ հասկանալի է՝ բոլոր մասնագետներին արտերկրից հրավիրելով: Այլ կերպ՝ պատրաստ է անպատմելի ծախսեր անելու՝ միլիարդավոր դոլարների, միայն թե հասնի իր ուզածին: Դրա համար էլ անընդհատ ասում է, թե Մեծամորի ատոմակայանը վտանգավոր է, ու ավելին՝ պետք է փակել աշխարհի բոլոր ատոմակայանները: Մեր լրագրողների, որոշ բնապահպանների, հկ-ների համար սա դառնում է սենսացիա, թե տեսե՜ք, հայկական ԱԷԿ-ը վտանգավոր է: Աղաղակողները երբեմն նաեւ նրանք են, ովքեր ԱԷԿ-ը միայն հեռվից են տեսել, այնքան հեռվից, որ նկարներում ԱԷԿ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը կարող են միմյանցից չտարբերել, որովհետեւ… «տրուբեքն են նույնը» (մեկի շուրթերից դուրս պրծած արտահայտություն է): Անկեղծ ասած՝ այդ աղաղակն էլ է պետք, բայց միայն եթե աղաղակողը նաեւ հարցնի թուրքական կողմին՝ իսկ ինչու՞ են նրա՛նք ուզում ԱԷԿ կառուցել, չէ՞ որ ԱԷԿ-ը կոշիկի արտադրամաս չէ, որ վնասի դեպքում միայն փոքրիկ շառավղով շրջակա տարածքը վնասի, այնպես որ, այդ հայկակա՛ն կողմը պետք է արգելի ԱԷԿ ունենալ մեկի, ով ընդհանրապես չգիտի, թե ինչ է ատոմային կայանը եւ այլն:

Բացատրեմ՝ ինչու նախաբանս երկար սկսեցի: Երբ մանրամասն ներկայացվում էր, թե ինչու է անհրաժեշտ նոր ԱԷԿ-ը, շատերը դեմ կանգնեցին, թե մեզ ԱԷԿ պետք չէ, թունավորվում ենք, ծնելիությունն է նվազում եւ այսպիսի բաներ: Իսկ վերջերս, երբ ՀԱԷԿ-ի աշխատակիցները աշխատանքից ազատվելու դիմում էին գրել եւ առանց նրանց հնարավոր չէր վերալիցքավորումից հետո շահագործել ԱԷԿ-ը, նույն այդ շատերը գրում էին, թե պետք է բարձրացնել նրանց աշխատավարձը, որպեսզի կարողանան աշխատեցնել հայկական ատոմային կայանը, քանզի այն ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Ահա թե ինչ զավեշտալի իրավիճակների է հանգեցնում սենսացիա-մոլությունը: Սենսացիան, ի դեպ, վատ բան չէ, բայց այն հարկ է հնարամտորեն կիրառել, այլապես անհեթեթության է վերածվում, որ կարող է անգամ վտանգել ինչ-որ լուրջ մի բան: Իսկ սենսացիա սարքել այնպիսի մի թեմայից, որն անմիջականորեն առնչվում է ռազմավարական այնպիսի օբյեկտի, ինչպիսին ատոմակայանն է, անթույլատրելի է:

Գամ բուն թեմային: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Լուսանցք»-ին հայտնեցին, որ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձը բարձրացնել 10 տոկոսով: Ի դեպ, աշխատավարձի ավելացմանը կուղղվեն էլկայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարները: Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում էին ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը՝ խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես կազատվեն աշխատանքից: ՀԱԷԿ-ի աշխատակիցները պատճառաբանել էին, թե գների թանկացման պայմաններում նրանք ի վիճակի չեն գոյատեւել: Անկեղծ ասած, գների թանկացման պայմաններում շատերն ի վիճակի չեն գոյատեւել, բայց ատոմակայանի աշխատակիցները ճիշտ են, քանզի նրանց աշխատանքը բավականին լարված է, բարդ, պատասխանատու: Եվ կարծում եմ, աշխատակիցները դա ամենաշատն են հասկանում, որովհետեւ 50 տոկոսով էին բարձրացում ուզում, բայց 10 տոկոսին էլ համաձայնեցին: Եվ ապրեն նրանք, քանզի հասկանում են, որ իրենց աշխատանքը ազգին է պետք: Նաեւ ասեմ, որ եթե նույնիսկ գումար իրոք չկար, ապա հայթայթել էր պետք: Որովհետեւ սեպտեմբերի 11-ից ՀԱԷԿ-ում դադարեցվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը. այստեղ վերալիցքավորման եւ պլանային նորոգման աշխատանքներ էին իրականացվում: Եվ եթե աշխատավարձը չբարձրացվեր, ապա առանց օպերատիվ անձնակազմի ՀԱԷԿ-ը չէր միանա էներգաարտադրության ցանցին: Իսկ այժմ այդ մտավախությունը չկա:

Ասեմ նաեւ, որ համաձայն չեմ այն տեսակետին, թե հաշվի առնելով իրենց կարեւորությունը, մարդիկ շահարկել են այն ու աշխատավարձի բարձրացում ուզել: Շահարկողը 50 տոկոսի փոխարեն 10-ին չէր համաձայնի: Որպեսզի խոսքս էլ սուբյեկտիվ չհնչի, ասեմ, որ ԱԷԿ-ում աշխատող հարազատ կամ բարեկամ չունեմ: Բայց չեմ հերքում, որ շատ կարեւոր (ռազմավարական, պաշտպանական) գործ անողներ էլ կարող են աշխատավարձի բարձրացում ուզել: Եվ դատապարտելի ոչինչ չկա: Նրանք, ովքեր ամեն օր ու ամեն ժամ պաշտպանում են երկիրը, նրանք, ում կյանքը ամեն վայրկյան վտանգված է, պետք է լավ վարձատրվեն:

Հաշվի առնենք նաեւ մի բան. ՀԱԷԿ-ը էներգետիկ անկախության (ասել է թե՝ նաեւ երկրի) խնդիր է լուծում: Բացի այդ՝ մենք նոր ԱԷԿ կառուցելու խնդիր ունենք, այն է՝‘մեզ մեր մասնագետները շատ են պետք: Արտերկրից մասնագետ հրավիրելը միշտ թանկ է: Եվ ինչու հրավիրել, եթե ունենք մերը: Բացի այդ՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք կբարձրաձայնենք հարկ եղած պարագայում, երբ արդեն կրքերը հանդարտված կլինեն ու թեմայից խոսելը շահարկում չի լինի: Առանց այն էլ այդ շահարկումներից ամենաշատն օգտվում է Թուրքիան:

Վերջինս օրերս նույնիսկ սեփական դժբախտությունը փորձեց ծառայեցնել ՀԱԷԿ-ի վարկանիշին վնասելուն (Թուրքիան լավ է հասկանում, որ ՀՀ-ն միջուկային տերության մաս է եւ՝ լավ վարկանիշով): Թուրքական զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր հոկտեմբերի 23-ին Արեւմտյան Հայաստանի Վանի տարածքում (դեռ ներկայիս Թուրքիա) տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վնասվել է հայկական ատոմակայանը, եւ ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել: Ի պատասխան  սրա՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն եւ Հայաստանի  ատոմային  էլեկտրակայանը հայտարարում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Հայկական ԱԷԿ-ի արտադրական տարածքում  ցնցումը եղել է ընդամենը 3 բալ, որը  «ՀԱԷԿ-ին որեւէ վնասվածք պատճառել չէր կարող»: Ինչպես մինչեւ երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի  անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով եւ կանոններով սահմանված մակարդակի վրա, եւ «որեւէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Հ.Գ. – Այնուամենայնիվ, մի տեսակ հավատս չի գալիս, որ 158 աշխատակիցների հետեւում ոչ ոք կանգնած չէր, ու նրանք բոլորն իրարից անկախ ու միասին որոշել էին աշխատանքից ազատման դիմում գրել ու միաբերան պնդել, թե իրենք կգնան եւ այլ երկրների ատոմակայաններում կաշխատեն: Ո՞վ էր նրանց տվել այդ հույսը: Հարեւան Ռուսաստա՞նը: Հազիվ թե այս պահին դա աներ, քանզի ՀԱԷԿ-ը ռուսական կառավարման է հանձնված եւ նրանց գոնե այս պահին ձեռնտու չէր հայկական ատոմային կայանի չաշխատելը: Տարածաշրջանում մյուս երկիրը, որ ԱԷԿ ունի, Իրանն է, որ վերջերս է գործարկել: Բայց նա էլ մասնագետներ ունի: Մի տեսակ խճճված է իրավիճակը, այնպես որ, միանշանակ ոչինչ պնդել չենք կարող, քանի դեռ հաստատ տվյալներ չունենք: Իսկ ենթադրությունների մակարդակին մնալն էլ մեր թերթի սկզբունքներից չի բխում:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։