Հանուն եւ ընդդեմ խմորումների փուլը

Կողմնորոշում. կլինի՞ նոր քաղաքական կոալիցիա

ՀԱԿ-ում դեռ  շաբաթներ առաջ առաջնային պայքար ծավալում էին Ռ. Քոչարյանի դեմ: Բայց երբ դադարեց երկխոսությունը իշխանությունների հետ, առաջնային դարձավ պայքարը Ս. Սարգսյանի դեմ: Այս իրավիճակային վարվելակերպը հասկանալ է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգությունների ու փնտրտուքների մեջ է եւ անհանգիստ է գալիք ԱԺ ընտրությունների համար: Այս մտահոգությունը արտահայտվեց նաեւ ՀՀ նախագահի՝ ՌԴ պետական այցի պատճառով: ՀԱԿ ներկայացուցիչ Վ. Կարապետյանը հայտնեց, թե չի բացառում, որ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահները քննարկեն Հայաստանի ներքաղաքական եւ ներիշխանական հարցեր. «Որեւէ արտառոց բան չկա, որ Ս. Սարգսյանը մեկնում է Մոսկվա: ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են, սակայն ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական հարցերի քննարկմանը, ինչի մասին խոսվում է մամուլում, ես բացասական եմ վերաբերում: 

Մեր ներքին հարցերը ՀՀ-ից դուրս որեւէ մեկի հետ չպետք են քննարկվեն»,- այսպես հերոսաբար ասել է Վ. Կարապետյանը՝ շատ արագ մոռանալով, թե Լ. Տեր-Պետրոսյանն ինչպես էր ՀՀ ներքին հարցերը քննարկում Արեւմուտքից ժամանած տարբեր եվրա-ամերիկյան ներկայացուցիչների հետ: Անգամ հանրահավաքների թեման էր քննարկվում: Բայց դե՜, ՀՀ 1-ին նախագահին կարելի է, չէ՞… Շատ էլ նա հիմա երկրի նախագահ չէ: Այ, Ս. Սարգսյանին, որ գործող նախագահ է, չգիտես ինչու չի կարելի քննարկել երկու երկրների ներքին ու արտաքին խնդիրները ՌԴ-ում, որի հետ «ռազմավարական հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են»՝ ըստ ՀԱԿ ներկայացուցչի: Իսկ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ՀԱԿ անդամները համարում են «ներկոալիցիոն գզվռտոց»: Այժմ, երբ անգամ ԵԽԽՎ-ում համարեցին «մարտիմեկյաան գործը» պարզաբանված, միեւնույնն է, ՀԱԿ-ում համարում են, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կապված են հենց դրա հետ, այսինքն՝ ՀՀԿ-ն լուրջ պատասխանատվություն է կրում «մարտի 1-ի սպանդի, կեղծված ընտրությունների, չբացահայտված 10 սպանությունների համար», եւ ԲՀԿ-ն ուզում է որոշակի հեռավորության վրա պահել իրեն վարկաբեկված կուսակցությունից: Ահա այն հանճարեղ մեկնաբանությունը, որը փորձում են այս ընդդիմադիրները դարձնել հանրության սեփականությունը:

Այսպես հերթը նաեւ ՕԵԿ-ին հասավ: Տեղեկատվություն է սփռվել, որ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ՕԵԿ նախագահ Ա. Բաղդասարյանը Լ. Տեր-Պետրոսյանին միանալու դիմաց նրանից վարչապետի պաշտոն է ուզել եւ, մերժում ստանալով, ի վերջո միացել է քաղաքական կոալիցիային:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրել է.«Բացառիկ սկզբունքայնություն է: Մարդը քաղաքական կոնկրետ ճամբարի միանալու դիմաց պաշտոն է ուզում, ու մերժում ստանալով՝ միանգամից անցնում է հակառակորդ ճամբարն ու այնտեղից սկսում է գոռգոռալ, թե ընդդիմությունն ընդամենը պաշտոնների համար է պայքարում: Սրա վրա կարելի էր ընդամենը ծիծաղել եւ այլեւս չհիշել, բայց պատկերացրեք՝ նման «սկզբունքայնության» տեր մարդը նշանակվում է Անվտանգության խորհրդի քարտուղար: Ավելին՝ նրա կուսակցական ընկերներն իրենց գլխին եկած այդ փորձանքը մանրամասն ներկայացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին: Այսինքն, հիմա արդեն նաեւ ամերիկացիները գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում ՀՀ Անվտանգության խորհուրդը: Զավեշտն է այն է, որ քաղաքական այդ ուժը մինչեւ հիմա իշխող կոալիցիայի անդամ է: Երեւի որեւէ մեկը վարչապետի պաշտոն չի առաջարկել»:

Ընդդիմադիրները այլեւս բացահայտ փորձում են նպաստել կոալիցիայի պառակտմանը, բայց երբ սպասվող ՀՀԿ-ԲՀԿ բախումը չեղավ, արձանագրվեց, որ «կոալիցիայի «ապահարզանը» հետաձգվեց»:

Իսկ ՀՀԿ-ից դեռ արձագանքում են, թե ՀՀԿ աշխատանքային խորհրդակցության ժամանակ կուսակցության կոալիցիոն գործընկերների հետ հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել. «Տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդակցություն Ս. Սարգսյանի գլխավորությամբ, որտեղ քննարկվել է հոկտեմբերի 30-ին կուսակցության կողմից կազմակերպվելիք տնտեսական համաժողովի հարցը, որտեղ հանրապետական նախարարները եւ տնտեսական գործիչները կներկայացնեն երկրի տնտեսությունում տեղի ունեցող բարեփոխումները եւ կանդրադառնան նաեւ մարտահրավերներին»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը՝ հավելելով, թե ԲՀԿ-ն շարունակում է մնալ մեր քաղաքական գործընկերը, ինչպես եւ ՕԵԿ-ը: ՀՀԿ այդ նիստին ներկա էին նաեւ վարչապետ Տ. Սարգսյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյանը եւ այլք:

Բացի այն, որ լուրեր են պտտվում իշխանական կոալիցիայի «ապահարզանի» մասին, տարածվում է նաեւ, որ ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը հնարավոր է միավորվեն: Ազատության հրապարակում ՀԱԿ քաղաքացիական ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին ՀԱԿ-ից Ն. Փաշինյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Ա. Արզուման
յանը, նման թեմա էր քննարկվում մարդկանց շրջանում: Ա. Արզումանյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տվել, որ արտահերթ ընտրություններ պահանջելն արդեն անիմաստ է եւ պետք է լրջորեն պատրաստվել հերթական ընտրություններին: Իսկ ՀԱԿ-ի եւ ԱԴԿ-ի միանալու մասին նա ասել է, որ, եթե ՀԱԿ-ի ղեկավարությունը համապատասխան առաջարկով դիմի «Ազատ դեմոկրատներին», ապա հնարավոր է քննարկումների արդյունքում միանալ:

Իսկ «Գոլոս Արմենիի»-ն անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հաֆերնի գործունեությանը՝ նշում է, որ դեռ դեսպան չնշանակված Հաֆերնը գոհունակություն հայտնեց ՀՀ ներքաղաքական հանդուրժողական մթնոլորտի առումով՝ շեշտելով, որ դա նաեւ նախկին դեսպան Մարի Յովանովիչի արժանիքն է: «Այսինքն՝ Հաֆերնն անձամբ հաստատեց, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ ներքաղաքական հարցերին է խառնվել, ինչն, իհարկե, չի մտնում դեսպանի պարտականությունների մեջ»,- նշում է թերթը եւ հիշեցնում, որ հենց Մարի Յովանովիչի ու Տեր-Պետրոսյանի հարաբերությունների վատթարացման պատճառով հայտնվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի հիմնական կազմում նախկին ՀՀՇ-ականներն են»: Նշվում է, որ «WikiLeaks»-ի վերջին հրապարակումներից մեկում էլ շեշտվում է, որ կարկառուն ՀՀՇ-ական Դ. Շահնազարյանն անձամբ հանդիպել է Յովանովիչին եւ փորձել համոզել նրան՝ «սրտին մոտ չընդունել Արեւմուտքի դեմ ուղղված Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, քանի որ դրանք արվում են ամբոխի պահանջները բավարարելու համար», բայց բացատրությունները բավարար չեն եղել եւ «Յովանովիչը ստեղծել է իր սեփական կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատներ»-ը»:

Այս խառնաշփոթը սպասելի էր, քանզի կոալիցիա-կոնգրես երկխոսությունն սկսելուց հետո ակնհայտ էր, որ բոլոր մյուս ընդդիմադիրներն ընդվզելու են, իսկ իշխանության ներսում անհավասարաչափ իրավիճակը տեղի է տալու: Ուստի ծավալումները ներիշխանական եւ ընդդիմադիր ոլորտներում դեռ շարունակական կլինեն:

Մյուս քաղաքական ուժերը շարունակում են ներկայացնել իրենց դիրքորոշումները, ինչը նույնպես վերջնագծին է մոտենում կողմնորոշվելու առումով: Նորովի հայտարարություն արեց ԱԻՄ նախագահ Պ. Հայրիկյանը, ով հայտնեց, որ «սառեցնում» է ԱԻՄ-ի գործունեությունը, առաջ է քաշում նախկին ԱՄԿ-ի վերագործարկելու անհրաժեշտությունը եւ իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին: Աջակցում է, քանի որ ԱԻՄ-ն ու ՀՀԿ-ն ԱՄԿ-ի «ծնունդն» են:

Իհարկե, ինչպես եւ սպասվում էր, շատերն արձագանքեցին, թե Հայրիկյանն ամեն ինչ անում է խորհրդարան մտնելու նպատակով: Ժամանակին, երբ նրան առաջարկ կար գլխավորել հանրային խորհուրդը, նա ասել էր, որ «ՀԽ-ն պետութենական քաղաքական գործիչների տեղը չէ», եւ Պ. Հայրիկյանը փորձում է վերադառնալ մեծ քաղաքականություն՝ պետական գործունեության հնարավորություն ստանալով:

Կարծում ենք՝ սա կարող է նախադեպ լինել: Վերջերս, ըստ լուրերի, նախագահ Ս. Սարգսյանը հայտնել է, որ եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, ապա ՀՀԿ-ն այն կհամալրի մի շարք փոքր կուսակցություններով, եւ դա կփոխարինի բացը: Եվ գուցե սա հենց այդ ահազանգն է՝ ուղղված ԲՀԿ-ին: Կարծում ենք՝ Պ. Հայրիկյանին կարող են հետեւել արդեն իսկ ՀՀԿ-ին պաշտպանած Խ. Հարությունյանը (ՀՔԴՄ), Վ. Մանուկյանը (ԱԺՄ), Գ. Արսենյանը (ՄԱԿ), Ա. Գեղամյանը (ԱՄ), Ա. Հարությունյանը (ԱՀԿ), Դ. Հակոբյանը (մարքսիստ) եւ այլք: Հետաքրքիր է, որ ՀԱՄ-ը նույնպես մինչ այժմ չի հերքել ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու հնարավորությունը, իհարկե որոշակի ճշտումներից հետո, իսկ ՀԱՄ առաջնորդ Ա. Ավետիսյանը ազգայնական ուժերի հավաքին նույնպես այսօրինակ տեսակետներ հնչեցրել է: Գուցե սա նաեւ պետական ընդգծված ծրագիր է՝ Եվրոպային եւ այլոց ցույց տալու ՀՀԿ-ի բազմակուսակցական ընտրացուցակը եւ վերաբերմունքը բազմակարծությանը: Հատկապես, որ տեղեկություններ կան, թե նախագահ Սարգսյանը փորձելու է գալիք խորհրդարանը զերծ պահել գործարարներից եւ ոչ քաղաքական դեմքերից:

Լրագրողների այն հարցին, թե ԱԻՄ նախագահ Պ. Հայրիկյանը շատ հնարավոր համարեց Հանրապետականին իր միանալը, ինչը հնարավոր է նաեւ Խ. Հարությունյանը եւ Ա. Գեղամյանի պարագայում, որ ՀՀԿ համամասնական ցուցակով մտնեն ԱԺ, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը պատասխանել է. «Դուք տվեցիք 3 անունը, բայց առնվազն տասնյակ քաղաքական գործիչների անուններ կան, որոնք ուզում են, պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ: Մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ մեր թիմի ղեկավարը` Ս. Սարգսյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ ՀՀԿ-ն համախմբող կուսակցություն է… ՀՀԿ-ն է լինելու համախմբող քաղաքական ուժը»: Հաջորդ հարցին՝ թե լուսանցքում հայտնված քաղաքական գործիչները կարող են բարձրացնե՞լ ՀՀԿ կշիռը, վարչապետը պատասխանեց, որ դրա գնահատականը կտա հանրությունը ընտրությունների միջոցով եւ հավելեց. «Մենք էլ ձեւավորում ենք մեր ցուցակը, հաշվի ենք առնում նաեւ, թե հանրության վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի
նկատմամբ ինչպիսին է: Իսկ այն անունները, որոնք թվարկեցիք, ունեն փորձ, հեղինակություն, անցել են մեծ ճանապարահ: Ավելին, շատ աշխարհահռչակ քաղաքական գործիչներ ընտրություններում պարտվել են՝ հազարամյակի լավագույն քաղաքական գործիչը՝ Չերչիլը պարտվել է, դ՛Գոլը Ֆրանսիայի ընտրություների ժամանակ պարտվել է: Դրանից ոչ մի ողբերգություն պետք չէ անել: Բայց նրանց գործունեությունը թերագանհատելը սխալ է»:

Գուցե այս իրողությունը նույնպե՞ս նպաստում է կոալիցիայի տարաձայնություններին, քանզի ընտրացուցակները կարող է եւ բոլորի սրտով չլինեն: Խորհրդարանի աշխատանքների մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը փորձել է արագ կազմակերպել մի քվեարկությունը, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վ. Բոստանջյանն անսպասելիորեն հայտարարել է. «Ստացվում է, որ կոալիցոն սկզբունքից ելնելով՝ պետք է քվեարկենք ախմախությանը կո՞ղմ»: Սրան ի պատասխան ԱԺ խոսնակն ասել է. «Եթե իմ կարծիքն է հետաքրքրում, ապա առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, ախմախություն եք ասում, թե ոչ, ի դեպ, որակումը կոռեկտ չէ, եւ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ խելամիտ առաջարկներ անել ու կառավարությանը հորդորել, որ ընդունեն»: Հասկանալի է, որ պատգամավորները սկսել են բարձրաձայն զրուցել, աղմկել, ինչին Հ. Աբրահամյանը զայրացած արձագանքել է. «Նախագահի համբերությունը չի կարելի չարաշահել, խնդրում եմ հարգեք ԱԺ-ն եւ ձեզ մի քիչ լուրջ պահեք: Եթե ավելի կարեւոր խոսակցություն ունեք, դահլիճից դուրս զրուցեք, թույլ տվեք աշխատենք»: Այս համապատկերում առավել ընդգծված են երեւացել ԱԺ նախագահի սիրալիր կատակները «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցության որոշ պատգամավորների հետ:

Իսկ ՀՀԿ ներսում վարչապետ Տ. Սարգսյանի, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի միջեւ տարաձայնությունների առկայության մասին հրապարակումները վարչապետը բամբասանք համարեց: Իսկ «բամբասանքներն» ասում են, որ Երեւանի քաղաքապետին 2 պաշտոններ են առաջարկել «Մոսկովյան միացյալ էլեկտրական ցանցեր» ընկերությունում եւ «Գազպրոմ էներգո»-ում: Իսկ մինչ նոր քաղաքապետի թեկնածությունը, ըստ ամենայնի, եւ «տեխնիկական պատճառներով»՝ ԺՊ-ն փոխքաղաքապետ Տ. Մարգարյանը կլինի: Եվ իբր այս ամենը ՀՀ եւ ՌԴ ղեկավարների մոսկովյան հանդիպման պայմանավորվածություններից է:

Նոյեմբերը, որպես աշնան վերջին ամիս, գուցե արդարացնի «թեժ աշնան» սպասելիքները…

Արամ Ավետյան

* * *

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը մինչ Մոսկվա մեկնելը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունները միշտ եղել են եղբայրության օրինակ: Իհարկե, մեր համատեղ պատմության ընթացքում կան արձանագրված եղբայրության ու բարեկամության օրինակելի դեպքեր, բայց կա նաեւ հակառակը: Մեր կարծիքով՝ այդ եղբայրությունը «մեծ ու փոքրի» տեսակավորումներ է ունենում հաճախ, ինչն էլ «մեծ ու փոքր» հարցեր է առաջացնում բուն ազգային շահերի ասպարեզում: Հարցեր, որոնց պատասխանները չեն տրվել բարձրաձայն:

Ինչեւէ, սա պետական այց էր, որ կարեւորվեց վերջերս Երեւան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի պետական այցից հետո: ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը հավաստեցին հայ-ռուսական ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը եւ փոխաջակցությունը տարաբնույթ հարցերում, հատկապես տարածաշրջանային խնդիրներում: Նախագահ Սարգսյանը հանդիպեց նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վ Պուտինին: Այս աշխատանքային հանդիպման ընթացքում շատերին է հուզում, թե արդյո՞ք խոսակցություն ծավալվել է ՀՀ ներքաղաքական կյանքի մասով: Սա հատկապես կարեւոր է համարվում Պուտին-Քոչարյան կապը եւ հնարավոր ծավալումները հաշվի առնելով: Կարծիք կա, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը նույնպես այս թեման քննարկվել է: Ինչեւէ, ամեն բան հստակ կլինի մոտ ժամանակներս, երբ նախընտրական նոր հայտարարություններ հնչեն ՀՀ գործող եւ նախկին նախագահների կողմից:

* * *

Դեռ կան թերամիտներ ու գործակալներ

«Այսօր անկախությունից խոսում են մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չունեն դրա կայացման հետ, իսկ 20 տարիների հիմնական բացթողումը եղավ այն, որ այդպես էլ չհարստացրինք մեր ներուժը»,- իր մտահոգությունը հայտնել է Պարույր Հայրիկյանը: Նա վստահ է՝ եթե ի սկզբանե դրվեին արտաքին ճիշտ քաղաքականության հիմքերը, ապա այսօր չէինք ունենա բացասական շատ երեւույթներ. «Անկախությունը ձվածեղ պատրաստել չէ՝ 1991թ. պետության գլուխ եկած մարդիկ պատկերացում չունեին ղեկավարելուց, որից էլ սկսվեցին մեր սխալները»:

Երբ դու քո պատմության նկատմամբ ուշադիր չես, բնականաբար, կրկնում ես անցյալում տեղի ունեցած սխալները…

«Դրա հետեւանքով տարբեր տեսակի բախտախնդիրներ, թերամիտներ, նաեւ բարոյական արժեքներից գաղափար չունեցող մարդիկ մեզ պարտադրում են, որ
այս անկախ ՀՀ-ն կոչենք հակասահմանադրական 3-րդ հանրապետություն»,- հավելել է ԱԻՄ ղեկավարը եւ նշել, թե դեռ կան բոլշեւիկյան պատկերացումները, ինչպես նաեւ՝ օտար պետությունների գործակալները»:

Արտակ Հայոցյան

Բացահայտումը՝ ապագայի երաշխիք

1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերից՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը վերջերս հայտնել է, որ կարծում է, թե այն փաստաբանները, ովքեր ահաբեկիչների անունից դիմում են դատարան եւ ակնկալում, որ իրենց նկատմամբ դատարանի վճիռը՝ ցմահ ազատազրկումը կարող է փոխարինվել 20 տարի ազատազրկմամբ, «կրակն են ընկել»: Քր.օր.-ում կատարված փոփոխությունները նման հնարավորություն տալիս են, բայց ոչ «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտվածներին, քանի որ նրանք արդեն դատապարտվել են ցմահ ազատազրկման: Փոփոխությունն այն է, որ 15 տարի ազատազրկումը կամ փոխվել է ցմահ ազատազրկման կամ 20 տարվա: Ըստ շահերի պաշտպանի, «այդ ահաբեկիչները՝ Նաիրի եւ Կարեն Հունանյանները, որոնք դիմել են դատարան եւ արդեն մերժվել, ինչպես նաեւ Էդիկ Գրիգորյանը, որը կդիմի դատարան, արդեն դատապարտված են ցմահ ազատազրկման: Նրանք այդ պահանջով որեւէ իրավական հիմք չունեն դատարան դիմելու եւ ուժի մեջ մտած քրեական ակտը փոխելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ա. Սարգսյանը:

Նա ընդհանրություններ է տեսնում «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1-ի» գործերի միջեւ՝ մինչեւ վերջ չբացահայտվելու առումով. «Կան շատ արհեստավարժ քննիչներ, օպերատիվ աշխատակիցներ, որոնք կարող են Հայաստանում կատարված ցանկացած հանցագործություն ժամանակին բացահայտել: Նրանց միայն թույլ տվող է պետք»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի 10 սպանությունները բացահայտելու վերաբերյալ նախագահ Ս. Սարգսյանի հրահանգին, ապա Ա. Սարգսյանն ասել է. «Հրահանգը տվել, իսկ արդյոք հետեւողակա՞ն է լինելու: Եթե քննիչը կամ դատախազը իմանար, որ ինչպես մյուս գործերով իրենց ասում են՝ կամ-կամ, այսինքն՝ եթե չեք բացահայտում, ձեր տեղում չեք լինի, 10 օրվա ընթացքում բոլոր սպանությունները կբացահայտվեն»:

Իսկ «Հոկտեմբերի 27-ի» դատավարության ընթացքում Ա. Սարգսյանն իր խոսքում մահապատիժ էր պահանջել ահաբեկիչների համար՝ շատ լավ իմանալով, որ այն ՀՀ-ում չի կիրառվի, քանի որ ԵԽ-ի առաջ պարտավորություն է ստանձնված վերացնել մահապատիժը. «Այո, ես նման պահանջ եմ ներկայացրել, որովհետեւ խնդիր կար բացահայտել ահաբեկիչների հետեւում կանգնած ուժերին, եւ այսօր էլ այդ խնդիրը կա»,- նշել է նա նշված հարցազրույցում:

Երեկ հոկտեմբերի 27-ն էր, եւ մենք նորից հիշում ենք ահաբեկչության զոհերին, պետական գործիչներին եւ բոլորիս մաղթում, որ այսուհետ զերծ մնանք ներազգային այսօրինակ դեպքերից:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։