Եկեղեցական տուր եւ առ

Այսօր մեր երկրում եթե մեկը խոսում է, ասենք, սիոնիզմի գաղափարախոսության դեմ ու թե ինչ փորձանքներ է դա բերել Հայաստանի գլխին ու դեռ բերելու, նրան անմիջապես հռչակում են «հակասեմիտ»: Հետո հա՜ քեզ ճղի, որ դու արաբների դեմ ոչինչ չունես, ասորիներին չես ատում, հրեաներին՝ առավելեւս, էնպես ինչպես «վելիկոռուսականության» դեմ խոսելիս ռուսներին չես ատում կամ՝ ամերիկանիզմի դեմ խոսելիս՝ ամերիկացիների դեմ ոչինչ չունես:

Կամ՝ եթե մեկը խոսում է այս կամ այն եկեղեցականի, նրա պահվածքի ու, մեղմ ասած, շվայտ կյանքի մասին, եկեղեցին  ու նրա հոտի ներկայացուցիչները այդ մարդուն համարում են Հայաստանյայց առաքելական եկեղեցին քանդող, պետության դավաճան, արտասահմանյան գործակալ, աղանդավոր, ազգի դավաճան: Այսքանից հետո ո՞վ կհամաձայնի ծպտուն հանել, ո՞վ կուզի այդ սահմռկեցուցիչ մեղադրանքներին արժանանալու հեռանկարը թեկուզ մի պահ պատկերացնել, ո՞վ կուզի եկեղեցու բանադրանքին ու նրա հոտի ատելությանն արժանանալ…

… Բայց, միեւնույնն է, որ չասեմ՝ սիրտս կպայթի: Համ էլ, մերպեսների եղածն ի՜նչ է որ, Խորենացու պես հային եկեղեցին բանադրեց, քաշվեց մի կողմ, մերպեսները հաստատ Խորենացու քաշը չունեն, ասել է թե՝ փրկվելու ձեւ կա:

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել նախագիծ, որով նախատեսվում է հարկային արտոնություններ տալ եկեղեցուն (ազատել գույքահարկից եւ հողի հարկից): Ի դեպ, օրինագծին կից խորհրդարան է ուղարկվել եկեղեցու սեփականությունների ցանկը, որը դեռ նախնական է ու որում ներառված է 286 օբյեկտ, այդ թվում՝ առանձնատներ, բնակելի տներ, վիլլա, սրճարան, ֆուտբոլի 11 մարզադաշտ, տրակտորային կայան, ատամնաբուժական դիսպանսեր, տմաներձ հողամասեր, ջրավազան, անասնաշենք եւ այլն:  Մի խոսքով, ես էլ եմ ուզում այսպիսի հոգեւոր կյանքով ապրել… Տեսնես Պապ թագավորը ժամանակին ինչու՞ փակեց անկելանոցները… Լավ, չշեղվենք, օրինագծում նշված է, որ հարկերից պիտի ազատվեն եկեղեցուն «սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր, մշակութային, կրթա-դաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները»:

Այս օրինագծի վրա մեր պատգամավորները մի լա՜վ տժժացին եւ… 74 «կողմ», 5 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեցին այն: Անկեղծ լինելու համար ասենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարակուսած էր, որովհետեւ եկեղեցուն գույքահարկից եւ հողահարկից ազատելը կազդի համայնքային բյուջեների վրա, որոնք հենց ա՛յդ հարկերից են ձեւավորվում:

Այս իրավիճակից մի բան է պարզվում. այսինքն՝ ցայսօր եկեղեցին խուսափել է հարկերը վճարելուց, հիմա ուղղակի այդ խուսափելը ուզում են օրինականացնել: Եթե մենք՝ հարկատուներս խուսափեինք, ի՞նչ կլիներ: Կտրվեր «հարկերից չարամտորեն խուսափում» ձեւակերպումը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Բացի այդ՝ օրինակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բառացիորեն ասել է. «ԱԺ նախագահը դիմեց, որ համապատասխան պատկան մարմինները մեզ վերջնական տեղեկատվություն տան, այլապես չգիտենք, թե ինչի մասին է խոսքը»:

Հարց է ծագում՝ բա որ չգիտեիք, ինչու՞ առաջին ընթերցմամբ ընդունեցիք օրինագիծը:

Ստացվում է՝ այն համայնքը, որ եկեղեցի ունի, քաշվեց, որովհետեւ պակասելու է համայնքային բյուջեն, որը կամ կլրացվի պետական սուբսիդիայի հաշվին, կամ՝ հարկատուների, կամ էլ՝ համայնքային շատ ծրագրեր կյանքի չեն կոչվի:

Մեկ այլ դիտարկում էլ. ի՞նչ է նշանակում «եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրություն». սա հասկացություն է, որի տակ մեր գործարար եկեղեցականները այնքա՜ն բան կմտցնեն: (Հետաքրքիր է, որ չեն հարկվում, բա մոմն ինչու՞ են ծախում, կնունքին, թաղումին, հարսանիքին ինչու՞ են ֆիքսված գներ ասում): Օրինակ, այսուհետ ծիսական պարագաներ կարող են լինել «Բենթլին», վիլլաները, զենքերը… հոգեւորականը պիտի գիշերը հանգստանա վիլլայում, ջրավազանում վայելքներ անի, հաջորդ օրը շքեղագույն մեքենայով մոտենա եկեղեցուն եւ, ի պատիվ հարս ու փեսայի, մի քանի անգամ սեփական զենքից օդ կրակի, ու աղոթի հանուն իր բարգավաճման:

Հա, լավ կանի հոտի համար աղոթելն էլ չմոռանա, քանզի հենց հոտի աչքերը բացվեցին, իր բարգավաճումը մահաբեր հեռանկար կունենա: Մանավանդ, որ եկեղեցու ու եկեղեցականի (կամ-ով չենք գրում, քանզի բնութագիրն արդեն ընդհանրական է) հարստությունից հոտը (ի միջի այլոց, սա Հայ եկեղեցու ձեւակերպումներից է) երբեք չի օգտվել: Բայց դա իր խնդիրն է, եթե ուզում է, թող այդպես էլ մնա:

Իսկ իմ խնդիրը բողոքելն է:

Որովհետեւ ես ուզում եմ, որ պետությու՛նը հզորանա՝ որպես մեկ միասնակա՛ն, ամբողջակա՛ն մարմին:

Ազգայի՛ն կենտրոնաձիգ պետությունը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»  շաբաթաթերթի գլխավոր  խմբագիր

Միայն կրոնական նշանակության շինությունների մասով

Եկեղեցին կազատվի գույքահարկից միայն կրոնական նշանակության շինությունների մասով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով «Գույքահարկի մասին» օրենքում խորհրդարանի առաջին ընթերցմամբ  ընդունված փոփոխությունները:

Օրենքի նախագծի համաձայն՝ վանական կառույցները, որոնք ընդգրկված չեն հանրապետության մշակութային արժեքների ցանկում, ինչպես նաեւ կրոնական նպատակների համար նախատեսված այլ շինությունները, հարկման ենթակա չեն:

«Օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են արդեն 2,5 տարի: Ավելի վաղ մենք ուշադրություն էինք դարձրել, որ որոշ եկեղեցիներ ոչ լավ վիճակում են գտնվում, եւ հարց բարձրացրեցինք, թե ինչու տերերը պատշաճ կերպով չեն հետեւում դրանց: Այդ ժամանակ մենք հանրությանը ներկայացանք խոստումով, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք դրա համար: Գույքահարկից ազատվող շինությունների ցանկը կհաստատի կառավարությունը, եւ այլ նշանակության շինություններ դրանում չեն ընդգրկվի», – հայտարարել է Տ. Սարգսյանը:

News.am

Եկեղեցին հզորացավ, պետությունը կթուլանա

Հայ Առաքելական եկեղեցուն շատ հողեր ու հարկային արտոնությունների տրամադրումը «բացարձակ հիմարություն է»: Հոկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում հատարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, «ինչքան շատ հզորանա եկեղեցին, այնքան պետությունը կթուլանա»: Որպես օրինակ նախկին վարչապետը նշել է հայ Արշակունիների թագավորությունը, որի կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էր:

Չի՞ վախենում Բագրատյանը  եկեղեցու բանադրանքից. հարցին ի պատասխան շեշտել է. «Մեկը լինի, իրենց բանադրի»: Բանախոսն անհրաժեշտ է համարել, որ  եկեղեցին հրապարակի իր «բալանսը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել: «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք հարկային այդ արտոնությունը նպաստելու հոգեւոր այն խնդիրներին, որոնք լուծելու է Մայր Աթոռը»,- տարակուսել է ԲՀԿ-ական պատգամավոր Ն. Զոհրաբյանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 37 (213), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։