Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սնկով ու սերուցքով հավ

Բաղադրությունը

Հավի 4 կտոր փափկամիս – 600 գրամ

ալյուր – 60 գրամ

բուսայուղ – 50 գրամ

սունկ (շամպինիոն) – 200 գրամ

օսլա – 20 գրամ

սպիտակ գինի – 200 գրամ

աղ,

սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Փափկամիսը համեմել, ալրապատել եւ երկկողմանի տապակել նախօրոք տաքացրած թավայում: Վրան ավելացնել գինին, հետո՝ սունկը:

Այնուհետեւ օսլան 1 սուրճի բաժակ սառը ջրով բացել եւ լցնել փափկամսի վրա: Մատուցելիս հավելել մի քիչ կաթի սերուցք:

Մեր այս ուտեստը, որ եւ՛ արագ է պատրաստվում, եւ՛ դյուրամարս է, կարող է պատվավոր տեղ զբաղեցնել նաեւ տոնական սեղաններին: Շատացրե՛ք ձեր տոնական օրերը եւ բարի՛ վայելում:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –  

* * *

2011թ. նոյեմբեր ամսին «Գիտակների հայկական ասոցիացիա» եւ «Քաղաքացիական ծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը զանգվածային լրատվամիջոցները ներկայացնող թիմերի միջեւ:

Սպորտը քաղաքականություն չէ՞ Մոսկվայի համար

Ռուսաստանի ԱՕԿ-ը կպաշտպանի Ադրբեջանի թեկնածությունը՝ կազմակերպելու 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը. այս մասին ադրբեջանական զլմ-ներից մեկին ասել է ՌԴ ԱՕԿ-ի գործադիր տնօրեն Մարատ Բարիեւը: Նրա խոսքերով՝ ռուսաստանյան կողմը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու ԱՕԿ-ի հետ՝ Օլիմպիական խաղերի կազմակերպման հարցում երկրի թեկնածության առաջադրման համար: ՌԴ-ն նման մարաթոնների մասնակցության հարուստ փորձ ունի եւ պատրաստ է օգնել: «Որպես հարեւան երկիր՝ մենք շահագրգռված կողմ ենք»,- ասել է Մ. Բարեեւը, ում կարծիքով Բաքուն վատ հնարավորություններ չունի՝ «ստանալու Օլիմպիադան»: 2020թ. Օլիմպիադայի կազմակերպման իրավունքի համար կպայքարեն նաեւ Մադրիդը, Հռոմը, Տոկիոն, Ստամբուլը եւ Դոհան:

Իսկ Հայաստանի ԱՕԿ-ը չի պատասխանել ադրբեջանական կողմի հրավերին: ՀԱՕԿ-ը հրավեր ստացել է՝ մասնակցելու ԱՊՀ եւ բալթյան երկրների ԱՕԿ-ների ղեկավարների՝ Բաքվում կայացած տարածաշրջանային ֆորումին: Այդ մասին զլմ-ներին ասել է այդ երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը՝ մեկնաբանելով, թե ինչու հայկական պատվիրակությունը չի մասնակցել վերը նշված միջոցառմանը: Նա նշել է, որ հայաստանյան կողմը որեւէ կերպ չի արձագանքել իրենց հրավերին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ԱՕԿ-ի ներկայացուցիչները նույնպես չեն մասնակցել այն ֆորումներին, որոնք 2 անգամ կազմակերպվել են Երեւանում:

* * *

2012թ. ամառային օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներին կմասնակցեն 98 մարզուհի եւ նույնքան մարզիկ: Այդ իրավունքը նվաճելու համար, մարմնամարզիկները պետք է հաղթահարեն վարկանիշային մրցաշարերի արգելքը: Վերջերս կայացած աշխարհի առաջնությունում արդեն հայտնի են դարձել օլիմպիական ուղեգրերի առաջին տերերը: Մնացածը խաղարկվելու են վարկանիշային վերջին մրցաշարում, որն անցկացվելու է 2012թ. հունվարի 7-10-ը, հենց օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տեղեկացմամբ, միջազգային ֆեդերացիան Հայաստանին թույլ է տվել 1 մարմնամարզիկ հայտավորել այդ մրցաշարում: Առայժմ հայտնի չէ, թե մեր մարմնամարզիկներից ով կմասնակցի այդ ստուգատեսին:

Հավելենք, որ լոնդոնյան ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է այդ մրցաշարում հայտնվել 1-25-րդ տեղերում:

Պարաօլիմպիկ խաղերում՝ 1 արծաթ

Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆական քաղաքում տեղի ունեցած հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցեցին մեր 2 բազմապրոֆիլ մա
րզիկներ՝ Գրետա Վարդանյանը՝ Գյումրիից եւ Սամվել Ասատրյանը՝ Ոսկեվազից: Մասնակցել են մարզիկներ աշխարհի 25 երկրներից: Գրետա Վարդանյանը մրցաշարում նվաճեց արծաթե մեդալ: 25-ամյա Գրետան հաշմանդամ է դարձել 1988թ. Երկրաշարժի հետեւանքով՝ զրկվելով երկու ոտքերից: 2007թ. Հունաստանում անցկացված Եվրոպայի բաց առաջնությունում նա կրկին արծաթե մեդալ էր նվաճել:

Հայաստանը պարաօլիմպիկ խաղերին մասնակցում է 1996թ.-ից: Մինչեւ օրս խաղերին մասնակցել են 11 հայ մարզիկներ՝ առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտի, լողի, թեթեւ աթլետիկայի, լեռնադահուկային մարզաձեւերի մրցույթներին:

Սամբոյի ավանդական մրցաշար՝ Վարազդատ արքայի հիշատակին

Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Անտիկ ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթող հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված հանրապետական սամբոյի ավանդական հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում են 1998թ. ծնված եւ փոքր տարիքի ավելի քան 120 մարզիկներ Երեւանից, Արտաշատից, Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճնից, Չարենցավանից ու Բյուրեղավանից: Մրցաշարի նպատակն է սամբո մարզաձեւի հանրահռչակումը, հեռանկարային մարզիկների խրախուսումը, մարզական փորձի հավելումը, մարզական բարեկամական կապերի ամրապնդումը՝ ՀՀ քաղաքների, մարզերի եւ մարզական կազմակերպությունների միջեւ: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները ստացան համապատասխան կարգի մեդալներ ու դիպլոմներ:

* * *

Մոսկվայում անցկացվեց «Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությունը: Մի շարք հաղթանակներից հետո, 1/8-րդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող «Զեյթուն» ակումբը պարտվեց ՌԴ Ադըղեյի «Չերկեսիա» թիմին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Եզրափակիչ հասան չեչենական «Շամսուդինա Ուվայսաեւա» եւ Նիժնի Նովոգորադի մարզի «Վիկսունեց» ակումբները:
Մասնակցություն նոր մարզաձեւում

Մոսկվայում ընթանում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է նաեւ Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 1992թ. ծնված, 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը: Ունիվերսալ մարտերը (կրճատ՝ Ունիմարտ) երիտասարդ մարզաձեւ է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում, եւ արդեն անցկացվում են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր: Սա մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն եւ ձեռնամարտ: Գոյություն ունի նաեւ «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաեւ դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա: Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հիմքի վրա:

Հ.Գ. -

Բրոնզե մեդալ` աշխարհի առաջնությունից – Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավեց 3-րդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: 63 կգ քաշային մարզուհին էջմիածինցի է, սովորում է Մոսկվայում: Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը: Մրցումները շարունակվում են:
Հայաստանի չեմպիոն «Ուլիս»-ը պարտվեց

Ֆուտբոլի ազգային առաջնության բարձրագույն խմբի նախավերջին փուլում չեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Ուլիս»-ը 0:3 անսպասելի պարտվեց «Միկա»-ին:

27 խաղից հետո թիմերի հավաքած միավորները. 1. Ուլիս՝ 52, 2. Գանձասար՝ 45, 3. Փյունիկ՝ 45, 4. Բանանց՝ 43, 5. Միկա՝ 43, 6. Իմպուլս՝ 36, 7. Շիրակ՝ 22, 8. Արարատ՝ 10:  

Անկայուն խաղ Թուրքիայում

Շախմատի ՀՀ պատանեկան հավաքականը փոփոխական խաղ ցուցադրեց Թուրքիայում կայացած շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում: Անգամ առաջատար լինելով՝ չկարողացավ պահպանել դիրքերը, եւ հաղթողի դափնին զիջեց Ռուսաստանին: Հայաստանն ու Իրանը հանգրվանեցին 2-3-րդ տեղերում:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի  համակարգող

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։