Հավատամքի այբբենարանը -

Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34-37-ում

5. Միհր Աստվածը

Միհրը հայոց դիցարանում Արարչական արարումը, Արայից սերված ամենայնը՝ բնական տեսակները, մարդկանց ծագումը, արյունը… պահպանող-հովանավորող օրենք-օրինաչափության, արդարության Աստվածն է: Հիրավի, թե չլինի Միհրական աստվածադիր Օրենք-օրինաչափությունը, արդարությունը՝ Արարչական զորությունների համակարգությունը կփլուզվի, կվերանա. այն պահել-պահպանելու՝ Արարչից բխած այդ անհրաժեշտությունն է հենց մարմնավորում Միհր Աստվածը:

Լեզվաբանորեն Միհր խորհուրդը կազմված է Մ (պահել-պահպանել) հունչարմատից, Իհ/Ահ (զորություն) եւ Ըր/Ար (Արարում, սերում) բառարմատներից:

Հայոց ավանդույթներում Միհրը երբեմն նույնանում է Արտավազդին, որ նշանակում է Արտ-ի (օրենք-օրինաչափության, արդարության) Աստված: Եվ երբեմն այդ երկու խորհուրդները գործածվում են միասին (տե՛ս Հայոց լեզվի խորհրդարան (Աստվածաշունչ)):

Այսպես ուրեմն՝ Հայոց դիցարանում Միհրը մարմնավորում է Արարչից բխած Տիեզերական օրենք-օրինաչափությունը, կամ այլ կերպ ասած՝ Տիեզերական արդարությունը, որով է կերտվում ու պահպանվում Արարչական բացարձակությունը թե՛ երկնքում եւ թե՛ երկրի վրա: Բյուրաչյա մեր Միհր Աստվածն է գիշեր ու զօր հսկում Արարչի կամքով իր հաստատած բացարձակ Օրենք-օրինաչափության կիրառումն ու պահպանումը տիեզերական անսահմանության մեջ:

Մարդկանցս մեջ Արդարը՝ դա Միհրական Օրենք-օրինաչափության գիտակցումն է մեր մեջ եւ դրանով ապրումը: «Եվ հենց ըստ Արտի՝ բացարձակն է արդար: Իսկ բացարձակ է զորությունը լոկ: Զորությունների հարաբերություն է Բնությունն արար՝ Արտի Օրենքով: Իսկ տկարությունը՝ Արտից կտրված անօրինության ծնունդ է միայն» (տե՛ս Ուխտագիրք): Ըստ Միհրական Օրենքի՝ զորավորն է լինում միայն Արդար, ու նա է միայն սիրով ապրում: Իսկ տկարը, թույլը սիրո, արդարության, բարու… կարգախոսներ է միայն ստեղծում, ինքը լինելով անարդար, չսիրող, չար… Թուլությունն արդեն իսկ ոճիր է, իսկ նրա «օրենքը» անօրինությունն է միայն:

Հարց է առաջանում. ինչո՞վ բացատրել այն, որ մարդկության պատմության ինչ-որ ժամանակից սկսած մարդիկ մեծամասամբ դադարեցին Միհրական Օրենքներով ապրելը: «Եվ Արարչական կամքին հակառակ, Արտավազդ Միհրի աչքերից հեռու, աշխարհի խավար, մութ ծերպերի մեջ, Չարի թունավոր շնչով արբեցած, անօրինություն նյութեցին մարդիկ՝ անօրինություն օրենքի ձեւով: Եվ տկարները իրենց իսկ վախից հորինեցին օրենքներ բազում՝ օրենք ոճիրի, օրենք բռնության, օրենք պատժելու… Եվ մարդը մարդուն պատժում է անվերջ» (Ուխտագիրք): Դա էլ է Միհրական Օրենք-օրինաչափությամբ բացատրվում: Բանն այն է, որ նույն այդ անհրաժեշտության բերումով երկրի վրա պարբերաբար՝ 10-12 հազար տարին մեկ Տիեզերական ձմեռ է հաստատվում, որի ընթացքում մոլորակի վրա Տիեզերական հողի բացասական էներգիան մարմնավորող Վիշապն ու նրա երկրային արբանյակ հողածինն են գլուխ բարձրացնում, իսկ Տիեզերական Հուր Զորություն Վահագնի ու նրա երկրային եղբայր Արիի ազդեցությունը երկրի վրա թուլանում է: Իսկ երկրի վրա Միհրական Օրենք-օրինաչափության հաստատումը պայմանավորված է Վահագնական ու Վահագնի եղբայր Արիի հուր զորությամբ: Ահա եւ Տիեզերական ձմռանը նրանց այդ զորության նվազումը հանգեցնում է այն բանին, որ այդ ընթացքում Վիշապն ու վիշապազուններն են երկրի վրա զորեղանում, որոնք էլ իրենց վիշապային «օրենքը», ճշգրիտ ասած՝ քաոսն ու անօրինությունն են հաստատում ժամանակավորապես իրենց տիրապետության տակ հայտնված երկիր մոլորակում, հիրավի՝ մոլոր-ակում: Բայց նույն Միհրական Օրենք-օրինաչափությամբ՝ երկրի վրա Տիեզերական ձմեռը (մեր էպոսի լեզվով ասած՝ «աշխարհքի քանդումը») միշտ անցնում է, եւ դարձյալ Տիեզերական գարուն է գալիս (էպոսի լեզվով ասած՝ «աշխարհքը դարձյալ շինվում է»): Տիեզերական հուր-զորություն Վահագն է վերածնվում: Եվ վերածնվելով՝ իր հերթական վիշապաքաղն է անում: Որից էլ Միհրն ու նրա երկրային եղբայրը՝ Արին երկրի վրա զորեղանում են ու վերստին հաստատում իրենց Արտի օրենքը:

Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ  

«Լուսանցք» թիվ 38 (214), 2011թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։